«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում ուսումնական գործի կազմակերպման մի ձևի մասին

Ուսուցման կազմակերպման առաջարկվող ձևի հիմքում դրված են հետևյալ ելակետերը.

  • ավագ դպրոցում դասավանդողը իր ոլորտում գործող մասնագետ է՝ մասնագիտական իր հետաքրքրություններով և ծրագրերով.
  • ավագ դպրոցի սովորողն ունի ուսումնական նպատակներ և դրանց մի մասի համար որպես միջոց ընտրել է դպրոցը.
  • ավագ դպրոցի սովորողը ստանձնում է հանրակրթության պետական չափորոշիչով որոշված՝ միջնակարգ դպրոցի շրջանավարտին ներկայացվող պահանջները բավարարելու պարտավորությունը.
  • ուսուցումը արդյունավետ է դառնում համատեղ աշխատանքի դեպքում.
  • սովորողին պետք է օգնել, երբ նա դրա կարիքը զգում և դիմում է.
  • սովորելն արդյունավետ է, երբ սովորողը ցանկանում է սովորել:

Ավագ դպրոցը աշխատանքային-ուսումնական կաբինետների կենտրոն է: Յուրաքանչյուր դասավանդողի համար կաբինետն աշխատասենյակ է: Կազմվում է դասացուցակ, որտեղ նշվում են դասավանդողի աշխատանքային ժամերը և կաբինետը (ըստ ունեցած աշխատանքային ժամերի): Նշված ժամերի ընթացքում դասավանդողն աշխատում է այդ կաբինետում:
Դասավանդողը.

  • կատարում է իր մանագիտական, ստեղծական, հետազոտական աշխատանքը.
  • սովորողների միջև կատարում է աշխատանքի բաժանում.
  • անհրաժեշտության դեպքում (երբ սովորողը դիմում է) օգնում է սովորողին.
  • կազմակերպում է քննարկումներ (նախօրոք տեղեկացնելով այդ մասին).
  • վարում է իր ամենշաբաթյա սեմինարը (սեմինարի ընթացքում ներկայացվում են դասավանդողի, սովորողի կատարած աշխատանքները, վարպետության դասեր).
  • գրանցում է կաբինետից օգտվող սովորողներին:

Սովորողը դպրոց գալիս է, ինչպես աշխատանքի՝ որոշած, թե ինչ է անելու, երբ է անելու, որտեղ է անելու: Նա.

  • կաբինետ մտնում է  աշխատելու համար.
  • ունի անհատական աշխատանքային գործիք.
  • պահպանում է ընթերցարանային աշխատանքի կանոնները.
  • անհրաժեշտության դեպքում դիմում է ըկերոջ, դասավանդողի օգնությանը.
  • կաբինետից դուրս գալիս զգուշացնում է դասավանդողին.
  • գիտի, որ շաբաթվա ընթացքում պետք է լրացնի իր ուսումնական պլանով որոշված ժամաքանակը (կարևոր չէ, թե որ կաբինետում), տարվա ընթացքում պետք է իր ուսումնական պլանով որոշված դասընթացին նվազագույն  ժամաքանակ հատկացնի (անհատական ուսումնական պլանում որոշված են դասընթացները և դրանց հատկացվող տարեկան նվազագույն ժամաքանկը, սովորողը հնարավորություն ունի ավելի շատ հատկացնելու):

Դժվարություններ.

  • մասնագիտական, ստեղծական, հետազոտական աշխատանք կատարող դասավանդողների պակաս.
  • ուսուցչի (սովորեցնողի) կերպարից ձերբազատվելու և աշխատանքային խումբ ղեկավարելու կարողությունը դրսևորելու դժվարություն.
  • հանրակրթության պետական չափորփոշիչներով միջնակարգ դպրոցի շրջանավարտին ներկայացվող պահանջները կատարվող աշխատանքում ընդգրկելու դժվարություն.
  • կարող են լինել կաբինետներ, որտեղ սովորողներ չեն գնա (սովորողի ազատ ընտրության իրավունք). դասավանդողների բնական ընտրություն կկատարվի.
  • կարող է սովորող լինել, որ ոչ մի տեղ չգնա. սովորողների բնական ընտրություն (այդպիսի չսովորող «սովորողից» պետք է արագ ազատվել. հիմա էլ դասասենյակում քիչ չեն սովորողներ, ովքեր ֆիզիկապես են ներկա՝ նրանք կա՛մ ուրիշ գործով են զբաղված, կա՛մ խանգարում են ըկերներին և դասավանդողին):

Առավելություններ.

  • վերանում են դաս, դասամիջոց, ուշանալ, բացակայել հասկացությունները (վերանում է պարտադրանքը, որ սովորողների խումբ, որոշված ժամի, միասին պետք է զբաղվի որոշված դասընթացով և միասին էլ հանգստանա).
  • սովորողը վարժվում է սեփական ժամանակը արդյունավետ ծախսելուն (կարող է երկար ժամանակ միայն իրեն հետաքրքրող գործով զբաղվել՝ կախված իր ծրագրերից. օրինակ՝ 12-րդ դասարանցին, ով որոշել է Ամերիկյան համալսարան ընդունվել և դեկտեմբերին կամ հունվարին պետք է քննություններ հանձնի անգլերենից և մաթեմատիկայից, կարող է առաջին չորս ամիսը տրամադրել միայն այդ առարկաներին, երկրորդ կիսամյակում մնացածը լրացնելու վճռականությամբ).
  • գրանցվում են սովորողի արածները՝ եկավ, մասնակցեց, կատարեց (մենք հիմա չարածներն ենք գրանցում՝ ուշացավ, բացակայեց, չարեց, խանգարեց).
  • յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ստանում սեփական թափով աշխատելու.
  • հարմար է խմբերով աշխատելը.
  • դասավանդողը հնարավորություն է ստանում իր աշխատանքային պայմանագրով որոշված աշխատաժամանակն արդյունավետ օգտագործելու.
  • դասավանդողը հնարավորություն է ստանում մասնագիտական-հետազոտական աշխատանք կատարելու, այդ աշխատանքում սովորողներին ընդգրկելու, աշխատանքի արդյունքը հրապարակայնեցնելու:

Հ.Գ. 1։ Դժվարությունների և առավելությունների ցանկը լրիվ չեմ թվարկել, որպեսզի ընթերցողը ստեղծագործելու հնարավորություն ունենա:

Հ.Գ. 2։ 2015թ. վարժարանի ձմեռային ճամբարի (հունվարի 23-26) ընթացքում փորձեցինք այս ձևը կիրառել: Ճամբարի աշխատանքի վերլուծություն դեռ չի կատարվել, բայց ինձ համար ակնհայտ էր, որ դասավանդողներին լավ չէի ներկայացրել, նրանք նախապատրաստված չէին աշխատանքը նման ձևով կազմակերպելուն (տեսնում եմ միջանցքում, ասում է. «Դասամիջոց է»): Սովորողների զգալի մասը չունի ծրագրված անելիք (գործող ձևում մտածում են. «Դաս է էլի, թող ուսուցիչը մտածի և չարչարվի, թե ինչ եմ անելու», իսկ ներկայացվող ձևում նա պետք է նախoրոք որոշի իր անելիքը, ծրագրի, հետո գա «աշխատանքի»): Կային նաև դրական ազդակներ. 11-րդ դասարանցի Նարեկ Սահակյանը մի խումբ սովորողների անունից ափսոսանք հայտնեց, որ ստուգատեսային ճամբարը այդ ձևով չենք կազմակերպում: Յուրա Գանջալյանը 10-րդ դասարանցի Խաչատրյան Գոռի մասին գրում է. «Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում միակ սովորողն էր, որ այդ օրերը նպատակային օգտագործեց իր համար: Նա գալիս էր իմ կաբինետը, և 3-4 ժամ անգլերեն էինք խոսում: Մտածում էր, որ մյուս շաբաթ էլ մաթեմատիկայով է զբաղվելու»:

Քննարկումը՝ «Կլոր սեղան» բաժնում։

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский