Ծովային կաթնասուններն ու մոլորակի առողջությունը

Ինչպես կռահել է տալիս վերնագիրը, հոդվածը մոլորակի, այսինքն` բոլորիս առողջության մասին է: Սա չի կարող կայանալ առանց բոլորի և, հատկապես, սովորողների անմիջական մասնակցության: Երեխաները պիտի իմանան, որ բնությունն ամենապարփակ տիեզերք է, և որ բոլոր օղակներն այդ տիեզերքում գործում են փոխկապակցված. մեկն անջատելիս խախտվում է տիեզերքի ողջ ներդաշնակությունը: Մանկական ամենավաղ շրջանից երեխան պիտի սիրի սեփական բնաշխարհն ու երկիրը: Եվ եթե երեխան համապատասխանաբար վերաբերվեց բնությանը, միջավայրին, նա երբեք չի կարող հասարակության մեջ անպիտան մարդ լինել, չի վնասի ոչինչ, չի վնասի մարդուն, խնայողաբար կվերաբերվի բնության պաշարներին ու երբեք չի հանդգնի աղտոտել կամ մսխել դրանք:  

Անդրադառնում ենք էկո-մանկավարժության արտասահմանյան փորձին. կարծում ենք` հայաստանյան էկոլոգիական հասարակական կազմակերպություններին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և հանրապետության այլ էկո-հայրենագիտական ակումբներին հետաքրքիր կլինի փորձը,  զուգահեռներ կգտնեն իրենց և հոդվածում նկարագրված գործունեության միջև: Թարգմանելով հոդվածը` ցանկանում ենք ներկայացնել, թե ինչ ծավալուն ու ամենօրյա աշխատանք է դրված արտասահմանի այս կազմակերպությունների գործունեության հիմքում, և թե որքան մեծ դաստիարակչական ու կրթական առաքելություն են նրանք իրականցնում:

Սուսան Հովհաննիսյան

«Մեր տրամադրած կրթությունն ու հաղորդակցությունը ծովային կաթնասունների և ծովային միջավայրի հետ կապ հաստատելու և այդ ամենի հանդեպ պատասխանատվություն ձևավորելու, օվկիանոսների պահպանությանն ուղղված գործողություններ ձեռք առնելու համար են: Ամեն տարի մեր կրթական ծրագրերն ու գործողությունները հասնում են 30.000-ից ավելի երեխայի և մեծահասակի»: Ահա թե ինչ է գրված «Ծովային կաթնասունների կենտրոնի» կայքում այս ամենի մասին:

Հարավային Կալիֆոռնիայի ափերին ռեկորդային թվով ծովառյուծի հիվանդ և սոված ձագեր են թափառում: Փորձագետների խոսքերով՝ 2013թ. հետ համեմատած, այս տարի իրադրությունն ավելի վատ է: Նրանց հաշվարկներով՝ այս տարի ափին հայտնված կաթնասունների թիվը կրկնակի ավելի է:

“Marine Mammal Care Center” (Ծովային կաթնասունների խնամքի կենտրոն) կազմակեպությունը, որը վերցնում և խնամում է ծովառյուծի հիվանդ ձագերին, այս տարի 223 ձագ է խնամում, որը սովորականից հինգ անգամ ավելի է», գրում է 1in.am-ը: Քանի որ կենտրոնը միայնակ չի կարողանում հասցնել խնամել բոլոր փոքրիկներին, բոլոր ցանկացողները հրավիրվում են օգնելու-կերակրելու այս քաղցած ու հիվանդ փոքրիկներին, ընդունվում է նաև ձկնաքանակ, որովհետև այս փոքրիկները սնվում են ձկներով:

Այս կենդանիներին վերակենդանացնելու «Ծովային կաթնասունների կենտրոնի» 40 տարվա փորձը ցույց է տալիս, որ սա մի անհավատալի արտակարգ պատահար է: Սա առանձնակի անհանգստացնող փաստ է, քանի որ կալիֆորնիական ծովառյուծները համարվում են ծովային պահապաններ, և նրանց պայքարը հաճախ խոսում է այն մասին, որ շատ ավելի համալիր մի անախորժություն է տեղի ունենում օվկիանոսային միջավայրում: Ահա թե ինչու այս կենդանիներին փրկելուց և վերականգնելուց բացի կենտրոնը ձեռնամուխ է լինում ծովային կաթնասունների պոպուլյացիաների և մեր օվկիանոսի առողջությունը իբրև մի ամբողջություն հետազոտելու և կրթական օգնության ծրագիր ապահովելու:    

«Ծովային կաթնասունների կենտրոնը» տարիներ ի վեր օվկիանոսային աղբի մեջ խճճված բազում «հիվանդներ» է փրկել: Ընթերցողին ենք ուզում ներկայացնել հակիրճ տեղեկություններ կենտրոնի առաքելության, գործունեության, նպատակների և պարտականությունների մասին:

«Մեր առաքելությունն է` հարստացնել ծովային կաթնասունների, նրանց առողջության և օվկիանոսում նրանց շրջակա միջավայրի մասին գիտելիքը և նպաստել նրանց համընդհանուր պահպանմանը: Մեր հիմնական գործը կենդանիների պետական խնամքի և հետազոտության միջոցներով, նվիրյալ կամավորների կորպուսի և դրան մասնակից համայնքի օգնությամբ տկար ու վիրավոր ծովային կաթնասունների փրկությունն ու կազդուրումն է:

Ամենայն պատասխանատվությամբ մենք փրկում ենք ամենատարբեր, այդ թվում՝ թերսնման, վտառից անջատվելու, օվկիանոսային աղբի մեջ խճճվելու և հիվանդությունների պատճառով վտանգված ծովային կաթնասուններ, սակայն մեր փրկած կենդանիների մոտ 10%-ը վնասվել են մարդկային գործոնի և այնպիսի վտանգների հետևանքով, ինչպիսիք են ձկնորսական ցանցում խճճվելը, հրազենային կրակոցից վիրավորվելը, ապօրինի որսն ու նավի հարվածը՝ կենդանիների փրկությունն էլ ավելի դարձնելով մեր պարտականությունը:

Գիտակցելով փոխադարձ կախումը

Մեր արածն ավելին է, քան պարզապես բարի կամքի դրսևորում հանուն այլ կենդանի արարածների բարօրության: Մենք գիտակցում ենք մարդկանց, կենդանիների և օվկիանոսի առանցքային կապը: Օվկիանոսը, որը ծածկում է Երկրի 70%-ը, նրա կենսագործունեությունն ապահովող հիմնական համակարգն է, և այս կենդանիները նրա առողջության առաջամարտիկներն են: Նրանց խնամքով մենք հոգ ենք տանում կյանքի համար ընդհանրապես: Իբրև տեղեկանք՝ ասենք, որ 1986-ին օվկիանոս նետված երկաթե տարան 2036-ին դեռևս տարրալուծման-քայքայման գործընթացում կլինի: 1986-ին օվկիանոս նետված պլաստիկե շիշը 1001986-ին դեռևս կլինի նույն տարրալուծման-քայքայման գործընթացում: Նույն ճակատագրին կարժանանա օվկիանոս նետված ապակե շիշը, և այլն, և այլն, և այլն:

Ընդլայնելով գիտելիքը

Մենք համագործակցում ենք առաջատար գիտնականների և այլ մասնագետների հետ՝ մեր խնամքի տակ եղած «հիվանդներից»՝ առողջ, վտանգված, ոչնչացման վտանգի տակ գտնվող պոպուլյացիաների մասին գիտելիք ձեռք բերելու, ինչպես նաև հարստացնելու և ընդլայնելու գիտական գիտելիքը՝ այսպիսով փորձելով հասկանալ օվկիանոսների առողջության ազդեցությունը մարդու առողջության վրա: Մենք գիտելիքը տարածում ենք գիտական համայնքում և ընդհանրապես հասարակության մեջ: Արդյունքում մենք նպաստում ենք մեր խնամքի տակ գտնվող միջավայրի նկատմամբ գործողությունների և հսկողություն դաստիարակելուն:

Մեր պարտականությունները: Ոգեշնչման մեր առարկան: Մեր արժեքները.

  • 1975-ից ի վեր, մեր միջոցներով փրկվել ու բուժվել են 18.000-ից ավելի ծովափիղ, ծովառյուծ, կետ, ջրասամույր, փոկ, ծովարջ, դելֆին, ծովախոզ և այլն, որոնցից շատերը վտանգված և վերացող կենդանատեսակներ են:
  • Մենք գիտական հարցում ենք վարում ծովային կաթնասունների, նրանց առողջության ու շրջապատող միջավայրի մասին գիտելիքն ավելացնելու համար, ինչպես նաև նպաստելու նրանց երկարակեցությանը: Մեր գիտական ծրագրերն անհրաժեշտ տեղեկություններ են քաղում մեր հիվանդ ու վիրավոր խնամյալներից. ի՞նչ հիվանդություններով են տառապում ծովային բնակիչները, ինչպե՞ս է աշխատում նրանց իմունային համակարգը, և ինչպե՞ս է նրանց վրա ազդում միջավայրի փոփոխությունը:
    Մեր աշխատանքը հենվում է հարյուրավոր մարդկանց ջանքերի վրա: Ավելի քան 1.000 կամավորներ՝ փրկության ենթակա Հյուսիսային և Կենտրոնական Կալիֆորնիայի մեր խնամքի տակ գտվող 600 մղոն տարածքի երկայնքով, մի կարևորագույն մասն են այն ամենի, ինչ մենք անում ենք՝ կենդանիներին բուժելուց ու փրկելուց մինչև նրանց ետ՝ օվկիանոս բաց թողնելն ու հասարակությունը կրթելը: Քո օգնությունը կարևոր է: Դու ես մեր գործում վերջնական որոշում կայացնողը: Ֆեդերալ օրենքը պահպանում է ծովային կաթնասուններին, սակայն այդ պահպանության ձախողման դեպքում մեր հույսը դու ես: Մենք սկսել ենք 1975-ին, 3 տեղացիների ջանքերով, այդ օրից ի վեր մեր անդամներն են, կամավորներն ու աջակիցները, որ հնարավոր են դարձնում մեր գործի շարունակությունը: Միայն ձեր օգնությամբ մենք կարող ենք հասնել հաջողության, միացեք մեզ և մենք կկարողանանք էլ ավելի լավ ապագա ապահովել առանձին վերցված ծովային կաթնասունների և մեզ բոլորիս մոլորակի համար:

Աղբյուրներ՝

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский