Ջիբութիի աղբարկղը: Դարձ

Հեղինակ: 

«Դպրոցական տառապանք»
Սկիզբը
Նախորդ հատվածը

12

Ես քրքրում եմ հին փաստաթղթերի խառնակույտը, որպեսզի գտնեմ դպրոցական տեղեկագրերս և դիպլոմներս, և ահա ձեռքս է ընկնում մայրիկիս պահած նամակը: Թվագրված՝ փետրվար, 1959թ.:

Երեք ամիս էր, ինչ տասնչորս տարեկանս էր լրացել: Ես չորրորդ դասարանում էի: Իմ առաջին գիշերօթիկից գրում էի մորս.

«Թանկագին մայրիկ.
ես նույնպես տեսել եմ գնահատականներս. ես հուսալքված եմ, հոգնել եմ, վերչ, հուսալքվելու լավ առիթ է երկու ժամ շարունակ աշխատելուց հետո հանրահաշվի տնային արաջադրանքից մեկ ստանալն ու տապալվելը։ Բացի դրանից, ես ամեն ինչ մի կողմ էի թողել, որ վերահանձնեմ քնություններս, և վարքից չորս ստանալս բացատրվում է նրանով, որ մաթեմատիկայի ժամին երկրաբանության քննությանն եմ պատրաստվել: Ես բավարար խելացի ու աշխատասեր չեմ, որպեսզի շարունակեմ ուսումս: Ինձ ոչինչ չի հետաքրքրում: Գլուխս վոչինչ չի մտնում, մնում եմ պատանդ այդ խզբզոցների մեչվոչինչ չեմ հասկանում անգլերենից, հանրահաշվից, զրո եմ ուղղագրությունից, ի՞նչ է մնում ինձ անելու» [1]:

Մարի-Թեն՝ մեր գյուղի՝ Լա Կոլ սուղ Լուի վարսահարդարը, վաղ մանկությանս ամենամտերիմ ընկերուհին, վերջերս ինձ խոստովանեց, որ մի փոքր թեթևանալու համար մայրս նրան է վստահել ապագայիս վերաբերող իր անհանգստությունը։ Ասում էր, որ եղբայրներս խոստացել են ինձ խնամել, երբ հայրիկս ու մայրիկս այլև չեն լինի: Հենց նույն նամակում ես գրում էի. «Դուք ունեք երեք խելացի և աշխատասեր տղաներ…. և մեկ ծույլիկ ու ամբան»... Այնուհետև եղբայրներիս ու իմ ձեռքբերումների համեմատությունն էր կատարվում, որին հետևում էր տպավորիչ աղերսագիրս, որպեսզի դադարեցվեր այս սպանդը, որպեսզի հանեին ինձ դպրոցից և ուղարկեին «գաղութ» (ռազմական ընտանիք), «Հյուսիսային Աֆրիկայի հեռավոր գյուխերից  մեկը, դա միակ վայրը կլիներ, որտեղ ես ինձ երջանիկ կզգայի» (երկու անգամ այդ հատվածը ընդգծված) [1]։

Վերջին հաշվով, ինքնակամ աշխարհի ծայրը քշված լինելը ծայրահեղ միջոց է, վերջին երազանք, զինվորի որդու մտածած` Բարդամյուի [2] ոճով փախուստի ծրագիր: Տասը տարի անց՝ 1969 թվականի սեպտեմբերի 30-ին, ես հորիցս նամակ եմ ստանում այն քոլեջի հասցեով, որտեղ արդեն մեկ ամիս էր, ինչ ուսուցիչ էի աշխատում։ Դա իմ առաջին պաշտոնն էր, և հորս առաջին նամակը կայացած որդուն: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից և ինձ պատմում էր ապաքինման հաճույքի, մեր շան հետ դանդաղ զբոսանքների մասին, ընտանիքից նորություններ էր հայտնում, ինձ տեղեկացնում էր Ստոկհոլմի զարմուհուս հավանական ամուսնության մասին, մի թեթև ակնարկում էր նաև իմ ապագա վեպի նախագիծը, որի մասին մենք խոսել էինք (և որը  դեռևս չեմ գրել), նա հետաքրքրվում էր, թե ես ինչ էի խոսում գործընկերներիս հետ սեղանի շուրջ, սպասում էր նահանգապետ Անժելո Ռինալդիի նստավայրից փոստի գալուն՝ դժգոհելով փոստատարների գործադուլից, գովաբանում էր Սելինջերին և Ժոզե Կաբանիի աֆորիզմները, ներողություն էր խնդրում, որ մայրիկը ինձ չի գրում («…ինձ խնամելով` նա ավելի հոգնած է, քան ես»), ինձ տեղեկացնում էր, որ մեր երկուձիաուժանոցի պահուստային անվադողը տվել էր իմ ընկերուհի Ֆանշոնին («Բերնարը մեծ հաճույքով նրա համար այն փոխեց»), և ինձ համբուրում էր` վստահեցնելով, որ ինքը շատ լավ է: Նա դպրոցական տարիներիս ընթացքում երբեք ինձ չի վախեցրել խղճուկ ապագայի պատկերով և, ավելին, երբեք չի ակնարկել անցյալում ծույլիկ լինելուս փաստը: Մեծ մասամբ նա արտահայտվում էր իրեն բնորոշ պարկեշտ հեգնանքով և չէր կարծում, որ ուսուցչի իմ նոր կարգավիճակն արժանի է, որ մյուսները զարմանան, ինձ շնորհավորեն կամ էլ անհանգստանան իմ աշակերտների համար: Մի խոսքով, հայրս այսպիսին էր՝ խելացի և հեգնող, իր ողջ կյանքի ընթացքում միշտ պատրաստ ինձ հետ խոսելու` նույնիսկ հեռավորության վրա:

Միշտ աչքիս առաջ է այս նամակի ծրարը, բայց միայն այսօր է, որ ինձ զարմացրեց մի մանրուք: Նա չէր բավարարվել՝ գրելով միայն քոլեջը, փողոցը, քաղաքը և իմ ազգանունը: Նա ավելացրել էր մակագրություն՝ ուսուցիչ: Դանիել Պենաքիոնին՝ քոլեջի ուսուցիչ:
Ուսուցիչ…. Իր շատ հստակ ձեռագրով: Ինձնից իմ ամբողջ կյանք պահանջվեց, որ լսեմ երջանկության այդ ձայնը և թեթևության հոգոցը:  

II Դարձ
12,5 տարեկան եմ, բայց ոչինչ չեմ արել

1

Մինչ ես գրում եմ այս տողերը, մենք մտնում ենք օգնության կանչերի ժամանակահատված: Մարտ ամսից հեռախոսը սկսում է զնգալ ավելի հաճախ, քան սովորաբար. խուճապահար ընկերներ, որոնք նոր դպրոց էին փնտրում «կորած» երեխայի համար, հուսահատված զարմիկներ՝ հերթական հաստատության փնտրտուքից, հարևաններ, որոնք կասկածում էին, որ դասընթացի ևս մեկ տարի կրկնությունը արդյունավետ կլինի, անծանոթ մարդիկ, որ ինձ համենայնդեպս ճանաչում էին և համարս վերցրել էին ինչ- որ մեկից: Զանգերը հիմնականում գալիս էին երեկոյան կողմ ՝ ճաշի ավարտին՝ հենց հուսալքությանս ժամին: Ամենից հաճախ մայրերն էին զանգում: Հայրերը հազվադեպ են զանգում, նրանք հետո են ի հայտ գալիս. ամենաառաջին հեռախոսազանգը գալիս է մորից, և գրեթե միշտ խոսքը տղաների մասին է: Աղջիկները, որպես կանոն, ավելի խելացի են: Այպիսով՝ տանը մենակ մայրիկը՝ ճաշը արագ վերջացրած, ամաները չլվացած, որդու օրագիրն իր առջև դրած, իսկ տղան իր սենյակում փակված է իր տեսախաղի առաջ կամ էլ արդեն դուրս է գնացել իր բանդայի հետ թափառելու, չնայած մայրիկի թույլ արգելքին: Նա մենակ է, ձեռքն է վերցրել հեռախոսը, բայց չի համարաձակվում զանգել: Որերորդ անգամ բացատրի, թե ինչ է կատարվում իր տղայի հետ, պատմություններ հորինի նրա ձախողումների վերաբերյալ, օ, տեր աստված, ինչպես է նա հոգնել:

Սա դեռ ամբողջը չէ: Նորից մի դպրոց փնտրիր, որը նրան կընդունի. աշխատանքից բացակայելու թույլտվություն խնդրիր, այցելիր հաստատության տնօրենների..., խնդիրներ քարտուղարնների հետ… թղթեր լրացրու, դրանց պատասխաններին սպասիր, հանդիպումներ՝ որդու հետ միասին, առանց որդու… թեստեր… սպասիր արդյունքներին… փաստաթղթեր… երկմտություն՝ այս դպրոցն է ավելի լավ, թե՞ մյուսը: Քանի որ այս կամ այն դպրոցի առավելությունը հարցերի հարցն է, խնդիրն այն է, թե դա լավագույն դպրոցն է լավագույն աշակերտների, թե՞ լավագույն դպրոցն է  խորտակվածների համար: Վերջապես նա զանգում է: Ներողություն է խնդրում անհանգստացնելու համար, գիտի, թե որքան են ձեզ դիմել խնդրանքներով, բայց իսկապես չգիտի, թե ինչ անի իր տղայի համար: Ուսուցիչնե՛ր, եղբայրնե՛ր, ես ձեզ խնդրում եմ, մտածեք ձեր գործընկերների մասին, երբ ուսուցչանոցի լռության մեջ ձեր գրքույկների վրա գրում եք, որ «երրորդ եռամսյակը վճռորոշ է լինելու»:
Հեռախոսս անընդհատ զնգում է: Իհարկե, երրորդ եռամսյակը: Այո՛, նրանք ի սկզբանե կայացրել են արդեն իրենց որոշումը: Երրորդ եռամսյակ, երրորդ եռամսյակ, դրա վտանգը նրան ընդհանրապես չի հուզում, նա երբեք ոչ մի նորմալ եռամսյակ չի ունեցել: Երրորդ եռամսյակ… Ասեք խնդրեմ, ինչպե՞ս նա կարող է այսքան կարճ ժամանակահատվածում ամեն ինչ հասցնել: Նրանք շատ լավ գիտեն, որ այս երրորդ եռամսյակը` իր բոլոր արձակուրդներով հանդերձ, անհեթեթություն է:  Եթե նրան չփոխադրեն, այս անգամ կդիմեմ որտեղ որ հարկն է:  Ամեն դեպքում անհրաժեշտ է այսօր հնարավորինս շուտ դպրոց գտնել: Եվ սա ձգվում է մինչ հունիս ամսվա վերջը, երբ պարզ է դառնում, որ երրորդ եռամսյակը իսկապես վճռորոշ էր, որ երեխան հաջորդ դասարան չի փոխադրվում և որ, իրոք, արդեն չափազանց ուշ էր նոր դպրոց փնտրելու համար, բոլորը այդ մասին նրանից առաջ հոգացել էին, բայց գիտեք, ուզում էին նրան մինչև վերջ հավատալ, ասում էին, որ գուցե այս անգամ այս երեխան կհասկանա, նա այնքան լավ էր սկսել երրորդ եռամսյակը, այո, այո, հավաստիացնում եմ ձեզ, նա ջանքեր էր գործադրում, ավելի քիչ էր բացակայում:

2

Մոլորված մի մայր, որն ուժասպառ էր եղել իր երեխայի ձախողումներից, հիշում է ընտանեկան դժբախտությունների ենթադրվող արմատները: «Դա հաստատ մեր բաժանման պատճառով է, որ նա….. իր հոր մահվանից հետո, նա այդպես էլ…….Մայրս իրեն միշտ նվաստացած էր զգում իր այն ընկերուհիների խորհուրդներից, որոնց երեխաները խնդիրներ չունեին, կամ էլ այն ընկերուհիների, որոնք գրեթե վիրավորական գաղտնապահությամբ խուսափում էին այդ թեմայից: Կատաղած մի մայր, ով համոզված է , որ իր տղան ուսուցչական կոալիցիայի անմեղ զոհն է, և որ ամեն ինչ սկսել էր շատ վաղուց. մանկապարտեզում նա ուներ մի այնպիսի դաստիարակչուհի, ով.... և նույն բանն էր նաև տարրական դպրոցում, այս անգամ տղամարդ ուսուցիչ, որը շատ ավելի վատ է, և պատկերացրեք, չորրորդ դասարանում նրա ֆրանսերենի ուսուցիչը նրան…

Կան նաև մարդիկ, որոնք կոնկրետ ինչ- որ մեկին չեն մեղադրում, այլ նախատում են շերտավորվող հասարակությանը, անկում ապրող կրթությունը, քայքայված համակարգը, կարճ ասած՝ այն իրականությունը, որը չի համապատասխանում իրենց երազանքին:

Շարունակությունը

Թարգմանություն ֆրանսերենից
Լուսանկարը՝ Զարինե Պապոյանի բլոգից


[1] Տեքստերը տառասխալներով են բնագրում: Թարգմանիչը փորձել է ներկայացնել դրանք:
[2] Լուի Ֆերդինանդ Սելինի «Ուղևորություն գիշերվա ծայրը» արկածային վեպի հերոս` պրոպագանդայի ազդեցությամբ կամավոր բանակ մեկնած ուսանող: 

 

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский