«Ապրումակցային մանկավարժություն» շարքից

Տարիներ առաջ, երբ սովորողների հետ Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունն» էինք քննարկում, ուշադրությունս գրավեցին Հոմեր Մաքոլիի խոսքերը․ «…Դպրոցում ես շատ ծիծաղելի բաներ եմ ասում, բայց ոչ ուսուցիչների գործը դժվարացնելու համար։ Ես դրանք ասում եմ, որովհետև անհրաժեշտ է ասել։ Բոլորը այնքան տխուր ու շփոթված են, և ամեն ինչ այնքան թերի է, սխալ ու խառնակ, որ ես ստիպված եմ երբեմն ծիծաղելի բաներ ասել։ Ինձ թվում է, որ բացի ողջ լինելուց մենք պետք է մի քիչ էլ ծիծաղենք…»։ 

Ուզում եմ խոսել ուսուցիչների հումորի, ուրախության, կատակի ու ծիծաղի մասին։ Նկատե՞լ եք՝ դպրոցներում որքան քիչ են ուրախ, հումորով, կատակասեր ուսուցիչները։ Գուցե որպես մարդ նրանք շատ էլ լավ ուրախ, հումորով մարդիկ են, բայց որպես ուսուցիչ․․․ Ինչքա՜ն քիչ են ուսումնական պարապմունքների ժամանակ հումոր և կատակներ լինում, ինչքա՜ն քիչ է ծիծաղ հնչում․․․ Ինչո՞ւ է այդպես։ Ինչի՞ց են վախենում ուսուցիչները․․․

Հիշում եմ, երբ տարիներ առաջ 4-րդ դասարանում մայրենի էի դասավանդում, դասալսման էր եկել դպրոցի ուսմասվարը՝ Աշոտ Դաբաղյանը։ Ամբողջ դասի ընթացքում հիշում եմ նրա ակնդետ հայացքն ինձ վրա, իսկ դասի քննարկման ժամանակ մի բան ասաց․ «Ամբողջ դասի ժամանակ մտածում էի, թե դու, որ այդքան շատ ես ժպտում, ինչպե՞ս կարողացար 45 րոպե չժպալ»:

Հասկացա, որ լարումից կորցրել էի ժպիտս։ Այսինքն՝ ժպիտը, հումորը, ուրախությունը կորցնելու պատճառներից մեկն էլ լարո՞ւմն է։ Ասել է, թե՝ լարման պատճառով բնական, մարդկային, անկաշկանդ շփումն է վերանում, դա փոխարինվում է դասատվության լրջությամբ ու պաշտոնականությամբ։ Այո՛, շատ դեպքերում էլ ուսուցչի կերպարը համապատասխանաբար հանդիսավոր և տիրական է դառնում։ Աշոտ Դաբաղյանի այդ դիտարկումը կարևոր մեխ դարձավ իմ մանկավարժության մեջ։ Ոչ մի դեպքում ժպիտը կորցնել չի կարելի։

Կրթությունը մարդկայնացման կարիք ունի։ Էնտեղ, որտեղ երեխաներ և պատանիներ են, չի կարող ուրախություն, թեթևություն, ծափ ու ծիծաղ չլինել։ Չի կարելի դպրոցներում տիրող այդ արհեստական լրջությունը որևէ կերպ արդարացվել, պատճառաբանվել։ Կյանքով լի այդ երեխաներին-պատանիներին անկյանք միջավայրում պահե՞լ կլինի: Այդ անելու համար լրիվ այլ միջոց է պետք՝ մահակային կարգուկանոն, որն էլ հաճախ գործածվում է:
Կրթահամալիրի ուսումնական պարապմունքներից առաջ 15-րոպեանոց ընդհանուր ուսումնական պարապմունքները հենց այդ ուրախության խորհրդանիշն են՝ միասին լինելու հաճույքը, միասնական երգ ու պարի ոգեղենությունը փոխանցող միջոց։ Ուզում ենք, որ այդ թեթևությունը, այդ հավեսը տեղափոխվի ուսումնական այլ տարածքներ՝ դասարան, կաբինետ, լաբորատորիա…։ Մեր դպրոց-պարտեզների 1-3-րդ դասարանների ծրագիրը կոչվում է «Իմացումի հրճվանք»։ Լավ անուն է։ Խորհրդանշական է: Այո՛, իմացում, բայց անպայման հրճվանքով, ուրախությամբ ու հավեսով:

Զավեշտը ուսումնական պարապմունքներին

Դասավանդում եմ 9-րդ դասարանում: Դասարանի մեծ մասը ուսումնական ճամփորդության է: Մնացել է տղաների մի խումբ: Քանի որ չգիտեմ՝ ում թեթև ձեռքով նորից քերականության քննության շեմին ենք, վերլուծություններ ենք կատարում: Բառակազմական վերլուծության ենք ենթարկում ծիծաղել բառը: Հարցս է՝ ծիծաղել-ը կազմությամբ ինչպիսի՞ բառ է: Ո՞րն է արմատը:
— Ծիծ…, ծիծ…, ծիծ…,- կմկմում է տղան… Ընկերները, հանկարծակիի եկած, հայացքները փախցնում են՝ մի կերպ զսպելով ծիծաղը: Իսկ ես չեմ կարողանում ծիծաղս զսպել: Իմ բարձր ծիծաղին համահունչ պոռթկում է ընդհանուր քրքիջը:

Հասել ենք հոմանիշներին: Պիտի ընտրեն վհատվել բառի հոմանիշը: Բայց ո՞նց ընտրեն, երբ պարզվում է վհատվել բառի իմաստը նրանց ծանոթ չէ: Թևաթափ նայում եմ սովորղներիս խմբին: Վերջին փորձն եմ անում գործածության մեջ հասկանալի դարձնել բառը:
— Դուք ինձ արդեն վհատեցնում եք,-Աստված գիտի՝ ինչ դեմքի արտահայտությամբ ասում եմ ես:
— Հա՜, հասկացանք,- համերաշխ բացականչում է տղաների խումբը,- մենք Ձեզ արդեն զզվեցնում ենք:
— Դա կա իհարկե,- ծիծաղում եմ ես,- բայց էս դեպքում՝ դուք ինձ ուղղակի վհատեցնում եք, այսինքն՝ հուսահատեցնում եք:
Նորից համերաշխ ծիծաղ:

Տղան դասի ժամին թաքուն ուտում է։ Կծելիս չեմ տեսնում, միայն տեսնում եմ, որ բերանը շաժվում է:
— Արմեն, ուտո՞ւմ ես,֊ խիստ դիտողություն եմ անում ես։
— Չէ՜, տիկի՛ն Մարիետ, չեմ ուտում:
— Չես ուտո՞ւմ, բա բերանդ ինչո՞ւ է շարժվում։
— Ես որ մտածում եմ, բերանս շարժվում է, տիկի՛ն Մարիետ,- շատ լուրջ տեսքով ինձ բացատրում է տղան:
Դե՛, արի ու զսպիր ծիծաղդ:

Ուսումնառությամբ առանձնապես չհետաքրքրվող տղայի աչքերը, որոնք հառված են համակագչին, անսովոր փայլում են։
— Գուրգե՛ն, դասո՛վ զբաղվիր։
— Բա ես ինչո՞վ եմ զբաղված, տիկի՛ն Մարիետ,- առանց էկրանից կտրվելու՝ ասում է տղան։
— Խաղում ես, Գուրգեն ջան, խաղում ես և հաղթում ես։

Գուրգենը զարմացած հայացքը կտրում է համակարգչից։
— Ո՞նց իմացաք, տիկի՛ն Մարիետ։
— Գուրգե՛ն, ախր ո՞նց կարող են քո աչքերը քերականությունից փայլել,-ժպտում եմ ես:

Ուսումնական պարապմունքը սկսվել է: Սովորողները լուռ բացել են բլոգները, սկսել են աշխատել: Ես քայլում եմ դասարանում, որ հարցերի դեպքում մոտենամ: Տղան նստել է, պայուսակից համակարգիչը չի հանել: Մոտենում եմ: Ցածր, խիստ ձայնով ասում եմ.
— Վարդա՛ն, համակարգիչդ հանի՛ր և բացի՛ր:
Տղան անձայն թեքվում է դեպի համակարգչային պայուսակը: Ես շարունակում եմ քայլել դասարանում: Նորից հասնում եմ տղային: Հանել է համակարգիչը, բացել, դրել է սեղանին: Նայում եմ. միացված չէ: Փորձում եմ խոսել խաղաղ ձայնով.
— Վարդա՛ն, ես ի՞նչ ասացի, ինչո՞ւ համակարգիչդ միացված չէ:
— Տիկի՛ն Մարիետ, դուք ասեցիք՝ հանիր, բացիր համակարգիչդ, ես էլ դրանք արել եմ: Բայց չասեցիք՝ միացրու,- նույնքան խաղաղ ու անվրդով ձայնով ասում է Վարդանը՝ ժպիտով նայելով դեմքիս, միացնե՞մ․․․

Էսպես կարող եմ անընդհատ շարունակել: Միշտ զարմացել եմ, թե նյարդային մարդը ինչպե՞ս է մանկավարժությամբ զբաղվում: Սրանք նյարդերի ամրության փորձություններ են՝ ամեն օր, ամեն ժամ: Եվ եթե չես հաղթահարում այս փորձությունները, աշխատանքդ տաժանակիր կդառնա: Ուրեմն աշխատանքդ փոխելու ժամանակն է։
Կորած ես, եթե հումորդ կորցնես: 

8 տարեկան Արամին, որը ակնհայտորեն ճիշտ չի ասում, դիտողություն եմ անում, թե ստելը լավ բան չէ։ Ձիթպտղի պես սև աչքերը չարաճճի փայլում են․
— Սուտ չեմ ասում, է՜, կատակ եմ անում։ Իսկ դու փոխանակ ծիծաղես, բարկանում ես։
Նայում եմ այդ փոքրիկ չարաճճիին: Տղան ընդամենը կատակում է ինձ հետ։ Իսկ ես՝ սուտ մի՛ խոսիր։ Տղայի ասելուց հետո տեսա, որ լավ էլ կատակ է: Իրոք, տեսանկյան խնդիր է:

Մանկավարժության մեջ կարևոր է հայացքի, տեսանկյան փոփոխությունը։

Անցյալում են մնացել այն ժամանակները, երբ դասագիրքն ու ուսուցիչը տեղեկատվական հիմնական աղբյուրն էին: Հիմա կա համացանց՝ պատրաստ վայրկենական տեղեկատվության տրամադրման:
Սովորողները ինքնուրույն աշխատում են, քերականական վերլուծություններ են անում: Ես պատրաստ կանգնած եմ, որ հարցերի դեպքում՝ մոտենամ: Գիտեմ, որ քերականությունը հեշտ չի տրվում, բայց բավականին ժամանակ է՝ ոչ մի հարց չկա:
— Դուք որ ինձ հարց չեք տալիս, ես անհանգստանում եմ: Գիտեմ, որ ամեն ինչ չի կարող պարզ լինել, հարցեր ինչո՞ւ չկան: Ի՞նչ է, չեք աշխատո՞ւմ:
- Ինտերնետում ամեն ինչ կա, տիկի՛ն Մարիետ, ինչ չենք հիշում, բացում, նայում ենք,- հնչում է պատասխանը:

Այո՛, ժամանակն է, որ մենք՝ ուսուցիչներս, դա ընդունենք որպես կայացած իրողություն: Մենք չենք կենտրոնում և գիտելիքի կարևոր աղբյուրն էլ մենք չենք։

Տարիներ անց հանդիպում եմ իմ սովորողներից մեկին` Նարեին, ով արդեն մի քանի տարի է, որ աշխատում է միջազգային ինչ֊որ կազմակերպությունում։ Ունի լուրջ հաջողություններ։ Նարեենց ուսումնառության տարիներին աշխատել եմ Ավագ դպրոցի ավարտական դասարանում. Նարեենց դասարանում հայոց լեզու֊ գրականություն եմ դասավանդել։ Հասկանալի է, որ պատրաստվում էինք չարաբաստիկ քննություններին: Քերականության-գրականության դասընթացի ոչինչ չտվող սերտում: Մի քանի ամիս լավ աշխատել էինք, քննությունները հաջող հանձնել: Բայց այդ ընթացքում նաև գրականության տարբեր սցենարներ էինք կազմում, բեմադրում: Դա կարծես այն աղն էր, որ համուհոտ էր տալիս քննության տխուր սերտումներին:
Հիմա հանդիպել ենք կանգառում: Խոսելու քիչ ժամանակ ունենք: Տրանսպորտը ամեն րոպե կարող է գալ: Արագ-արագ մտքեր ենք փոխանակում, իրարից տեղեկանում, ու մեկ էլ Նարեն.«Ընկեր Սիմոնյան (այն տարիներին ինձ այդպես էին դիմում), հիշո՞ւմ եք մեր բեմադրած Բոդլերը, ի՜նչ հավեսով խաղացինք, իմը՝ արբեցած մարդու դերն էր, «Արբեքն» էի բեմադրում… Ի՜նչ հավեսով էինք բեմադրություններ անում: Էս տարիների մեջ անընդհատ հիշել եմ, էնքան շնորհակալ եմ ձեզ»: Ա՜յ քեզ բան… Իսկ ես մտածում էի, Նարեենց սերունդը ինձնից գոհ ու շնորհակալ պիտի լինի հայոց լեզու, գրականության բարեհաջող քննությունների համար, բայց արի ու տես…

Հուսանք, որ կգան ժամանակներ, երբ այս սերտմանն ուղղված քննությունները կփոխարինվեն ազատ-ստեղծական կրթական ստուգատեսներով: Մեր հեղինակային ծրագիրը հաստատուն քայլերով պիտի գնա դեպի դա:

Մի՞թե ակնհայտ չէ, որ քննությունները պիտի իրենց տեղը զիջեն ազատ, ստեղծական աշխատանքին։ Ափսոս են այն ժամանակն ու ջանքերը, որ սովորողներն ու ուսուցիչները վատնում են անիմաստ։ Բայց ո՞ւմ ասես․․․Սարոյանը կասեր․,,Ո՞նց բացատրես մեկին, որ կարեկից չէ,,․․․

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский