Իմ Ղազարոս Աղայանը և իմ ընկեր 6 տարեկան Լուսինեն

Խոնարհումս Ղազարոս Աղայանին։ Մանկությանս օրերից մնացած վառ տպավորությունների մեջ սև գիրքն է մնացել, վրան՝ թևավոր, ոսկեբաշ Պեգասը՝  թռիչքի պահին։ Ի՞նչ էր գրքի վերնագիրը՝,,Հրեղեն ձի՞ն,,․․․  Գուցե՝ այո, գուցեև՝  ոչ։ Բայց ես էդպես եմ հիշում։ Եվ հիշում եմ, որ դա  Ղազարոս Աղայանի հեքիաթների գիրքն էր։ Իսկ գրքի մեջ կենդանի, խոսող, գունեղ պատկերներով հեքիաթն էր՝ ,,Հազարան բլբուլը,,՝  իր Ֆահրիզադայով․․․ Չխամրող, ժամանակի ընթացքում նոր գույներ ստացած իր երգող թռչունով, ծառով, ջրով․․․
Իսկ հիմա պատմեմ, թե ինչպես մանկավարժական ոչ հեշտ խնդիր լուծելիս կողքիս կանգնեց Աղայան-մանկավարժը ու նորից հաստատեց, որ կան բաներ, որ ժամանակի փորձությունը հաղթահարում են, երբեք ժամանակավրեպ չեն դառնում և բոլորովին էլ նեղ-ազգային չեն, այլ ունեն համամարդկային արժեքներ։
Փարիզի ,,Մկնիկ,, աշխատանոց գործուղվելիս պիտի աշխատեի երեք տարիքային խմբերի հետ, որոնցից մեկը ․6-8 տարեկաններն էին։ Պիտի խոստովանեմ, որ ամենաշատը ինձ հուզում էր այս խմբի հետ  աշխատելը։
Ես ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում իմ մանկավարժական գործունեությունը սկսել եմ 7-8 տարեկանների հետ աշխատելով։ Դա էլ ընդամենը երկու-երեք տարի։ Ինչքա՜ն ջրեր են հոսել։ Այնուհետև աշխատել եմ Միջին, ավագ դպրոցների սովորողների, քոլեջի ուսանողների, հետագայում նաև՝ ուսուցիչների հետ՝ ղեկավարել եմ տարբեր ծրագրեր։ Բայց ասեմ, որ այդ կրտսեր տարիքի հետ աշխատելը  իմ մանկավարժական այս ոչ կարճ գործունեության մեջ ամենասիրելին է եղել և մնացել։ Եվ տարրական դպրոցում նորից աշխատելը մնացել էր երազանքի պես մի բան։  Երազանք, որը իրականանալու գրեթե հույս չկար։ Ու մեկ էլ այսպիսի հնարավորություն՝  5-օրյա աշխատանք ,Փարիզի ,Մկնիկ,, աշխատանոցում։ Միջին և ավագ դպրոցի սովորողների հետ իմ վերջին տարիների աշխատանքն ինձ ավելի ինքնավստահ էր դարձնում, բայց, այ՛, կրտսեր տարիքը․․

Ընկալում էի սպասվելիք իրավիճակը․․․ 7-8  տարեկան ֆրանսահայ երեխաներ․․․  Այդ տարիքը  երկրագնդի ցանկացած մասում ունի առանձնահատկություն՝ եթե զգացմունքային կապը չստեղծվեց, երեխան չի թողնի անգամ իրեն մոտենաս, էլ ի՞նչ ուսուցման մասին է խոսքը։ Եվ եթե ավելի ավագ տարիքի սովորողի համար քո Հայաստանից եկած լինելը կարող էր ինչ-որ ազգային ազդակներ փոխանցել, էստեղ՝ էս տարիքը ոչ մի նման պարտադրանքի չէր ենթարկվի։ Ես հո դա լավ գիտեի։
Լավ, ի՞նչ անեմ․․․ Հիշեցի ինձ դասվար եղած տարիներին․․․ Կարծես թե հաջողել էի այդ շրջանում։ Ու հանկարծ հուշերիս մշուշից ,,որպես տեսիլ դյութական,, հայտնվեց հեքիաթասաց Մարիետը, ով դպրոցի գրադարանում աշխատելու առաջին տարում հեքիաթի սրահում երկարացված օրվա 7-8 տարեկաններին հեքիաթ էր պատմում։  Արագ հետ սուրացի տարիների միջով և հանկարծ նորից դեմ առ դեմ դուրս եկա Ղազարոս Աղայանին։ Աղայանի հեքիաթնե՜րը․․․ Իսկ ինչո՞ւ ոչ․․․ Բայց մեջս հանկարծ կասկածը գլուխ բարձրացրեց․․․ Տեսնես Աղայանը Ֆրանսիայում ծնված ու մեծացած այս երեխայի համար հարազա՞տ է։ Կարո՞ղ է Աղայան մանկավարժ-հեքիաթասացը մաքուր հայկական երևույթ է, հայ օդ ու ջրով մեծացած մանուկին է միայն այդքան սիրելի։ Ի վերջո այս երեխաները, որքան էլ նախանձախնդիր, իրենց հայությունը ատամներով պաշտպանող հայ ընտանիքներում են մեծանում, այնուամենայնիվ, ֆրասիական իրականության ծնունդ են, Ֆրանսիսյի քաղաքացիներ։ Ինչևէ․․․ Վերցրի իմ Աղայանին, նրա հետ միասին իմ մյուս սիրելի մեծ մանկագետին՝ Ռոդարուն, և․․․ ո՞ւր ես, Փարի՛զ, եկա․․․
Հանդիպումս 7-8 տարեկանների հետ հենց էնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էի՝ ազատ, կենդանի, անկաշկանդ, առանց բարդույթների երեխաներ են, ովքեր խաղալ-վազել են ուզում, և առանձնապես իրենց չի հուզում, որ իրենց ծնողները Հայաստանից մասնագետ են հրավիրել իրենց հետ աշխատելու համար։
Հրաշագործ Աղայան․․․ Ես հեքիաթները, ինչպես իմ հեքիաթասաց տարիներին, այնպես էլ հիմա, չեմ կարդում։ Հեքիաթասացը միայն խոսք չի փոխանցում․ աչքերի արտահայտություն, դիմախաղ, ձեռքերի շարժում, ոգևորված կամ վախեցած հայացք․․․ Մի խոսքով՝ խաղ․․․Դու հեքիաթը գրեթե բերանացի պիտի իմանաս, հեղինակի խոսքի համն ու հոտը պահելու և փոխանցելու համար։ Դրան գումարվում են քո երևակայությունը, ռոդարիական լուծումները, դերասանական հմտությունները, ինչքան որ ունես․․․ Հինգ օր ես պատմեցի Ղազարոս Աղայանի ,,Հազարան բլբուլլը,,՝ ամենահետաքրքիր տեղում ընդհատելով և անցնելով այլ լեզվական աշխատանքի։ Արդեն կարելի էր ցանկացած նյութ, ցանկացած աշխատանք կատարել այս երեխաների հետ։ Դու իրենց հեքիաթասաց Մարիետն էիր /այնտեղ երեխաները ուսուցչին անունով էին դիմում, և դա շատ էլ լավ էր/։ Այնքան հարազատ էի դարձել իրենց, որ պատումի ժամանակ, փայլփլուն աչքերը ինձնից չկտրելով, հանկարծ հայտնվում էին գրկումս՝ ծնկներիս վրա, ավելի մոտիկից լսելու, շփվելու, հեքիաթին մոտ լինելու։
Աղայանն ինձ օգնեց կարճ ժամանակում յուրային դառնալու։ Նույնիսկ հերոսների անունները՝ Ֆահրիզադա, Ֆահրադ, մոգական ազդեցություն էին թողնում երեխաների վրա։ Այ, քեզ կախարդական գրիչ։ Հինգ օր Աղայանի հերոսների հետ ուրախացանք-տխրեցինք ու սովորեցինք Խնկո Ապոր բանաստեղծությունները, անցանք  վտանգների ու կախարդանքների միջով ու խաղացինք Ռոդարի․․․ Աղայանի հետ, Աղայանի միջոցով ջերմ միջավայր ստեղծվեց, որտեղ սովորողների հետ ինչ ուսումնական գործ ուզեիր, կանեիր։
Մենք արդեն յուրայիններ էինք։ Մենք արդեն յուրայնացրել էինք իրար։
Մի հետաքրքիր պատմություն՝ կապված ներքևի տեսանյութի հետ։
Ուսումնական ժամուկեսանոց պարապմունքից հետո ժամուկես ընդմիջում կար։ Սովորողները ճաշում էին ու բակում խաղում։ Ես, միայն սեբաստացիների հետ, քանի որ մյուսներին թույլ չէին տալիս դպրոցի տարածքից դուրս գալ,  սովորաբար դուրս էի գալիս այդ հայկական թաղամասում թափառելու։ Սիրուն թաղամաս էր։

Երրորդ, թե չորրորդ օրը, ճաշելուց հետո, առանձնացել էի դասասենյակում։ Օրը մռայլ էր, և մի տեսակ քայլելու հավես չկար։ Ճաշասրահի, բակի աղմուկից, երեխաների ուրախ ճիչ-աղաղակից փախած՝ սուրճս վերցրած, պատսպարվեցի դասաենյակներից մեկում։ Հանեցի պլանշետս, հարմար տեղավորվեցի, որոշեցի մի քիչ կարդալ։ Դե, մեկ ժամից ավելի ժամանակ ունեի։ Նոր էի սկսել գնահատել մենակության վայելքը, դուռը կամացուկ ճռռաց։ Բացված դռնից գլուխը ներս մտցրեց 6 տարեկան Լուսինեն՝ խաժ, պստպստան աչքերով, ոսկեծամիկ, կամակոր մի աղջնակ, ով սիրում էր հեքիաթը լսել ծնկներիս նստած։
— Մարիետ, մենա՞կ ես։ — Ժպտացի։- Գա՞մ քեզ մոտ։
Ներս մտավ աղջնակը, նստեց, սկսեց նկարել։
— Ֆահրիզադային եմ նկարում, շրթունքներին ծաղիկներ կան, երբ ծիծաղում է։
Նկարում է Լուսինեն և կամաց երգում է Ազնավուրի ,,Լա Բոհեմ,, երգը։ Ափսոս, չհասցրի երգը ձայնագրել։ Շա՜տ անուշ էր երգում։ Երբ հարցրի՝ ի՞նչ է երգում, սկսեց պատմել Ազնավուրի մասին։ Լսեք Լուսինեին։

Իսկ վերջում պարզվեց, թե ինչն է այդ կրակի կտոր, աշխույժ աղջնակին խաղից կտրել ու բերել դասասենյակ։
— Մարիե՛տ, լա՞վ ես, — անսպասելի Ազնավուրից անցում կատարեց Լուսինեն։
Հանկարծակիի եկա։
— Իհարկե լավ եմ, Լուսինե ջան։ Ինչո՞ւ ես հարցնում։
— Տեսա, որ մենակ նստած ես, մտածեցի, որ քեզ լավ չես զգում, եկա, որ խոսեմ հետդ, զրուցեմ, որ դու քեզ մենակ չզգաս։ Հիմա արդեն լա՞վ ես։
Ժպտացի։
Հիմա որ արդեն շա՜տ լավ եմ, արքայադստրիկ, հրաշալի՜։ Ո՞ւմ էի պարտական այսքան կարճ ժամանակում այս ջերմության, մտերմության, հարազատության համար։ Աղայանի՞ն, Հազարան բլբուլի՞ն․․ Գուցե, ի՞նչ կիմանաս։ Չգիտեմ։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский