Տարբերվում ենք, բայց միասին ենք

«Կարդացի, մի քիչ հուզվեցի, մեղմիկ ժպտացի։ Հեռախոսը փոխանցեցի հայրիկին ու նույն զգացումները կարդացի նրա դեմքին։ Կարծում եմ, որ օրագիրը ոչ միայն հաճելի փաստ է,այլ նաև օգտակար, քանի որ միշտ չի ստացվում հանդիպել ու զրուցել երեխայիս դպրոցում անցկացրած օրվա մասին։ Ցանկացած ծնողի հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է իրեն դրսևորում իր երեխան հասարակության մեջ, երբ կողքին ծնող չկա, թե ինչ առաջխաղացում կա վարքի և ուսումնական գործունեության մեջ, կամ հակառակը, իսկ իմ երեխայի դեպքում՝ առավել ևս։ Ավելին, ես շատ կուզենայի, որ ժամանակ առ ժամանակ հանդիպեինք ու կլոր սեղանի շուրջ բոլորս քննարկեինք ու ավելի լավ հասկանայինք, թե էլ ինչպես օգնենք մեր փոքրիկներին։ Ես, որպես մայր, դրա կարիքը շատ ունեմ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն»:
Արփինե Գրիգորյան, ծնող

Հաճախ իմ սիրելիները, ինձ ճանաչողները բնութագրում են ինձ հուզական, տպավորվող: Երբեմն խնայում են ու չեն խոսում այն իրադարձությունների մասին, որոնք կարող են ինձ հուզել: Էմպատիայի՝ ապրումակցման հատկությունը բնորոշ է ինձ մանկուց: Ներթափանցելով ցանկացած տպավորված երևույթի, մարդու, իրավիճակի, կենդանու մեջ` ես կարող եմ խորապես վերապրել տվյալ իրավիճակը: Թեև կյանքում այն ստեղծում է բազմաթիվ դժվարություններ՝ կուտակվելով իմ ներսում, բայց այն ինձ օգնել է և՛ առաջին` դերասանուհու մասնագիտության, և՛ լրագրության՝ հարցազրույցներ անելիս, և՛ մանկավարժության մեջ: Էմպատիան ինձ մոտ չի ավարտվում հույզերով. ես պետք է ինչ-որ բան անեմ, անցնեմ որևէ գործողության, թե չէ չեմ խաղաղվի:

Մանկավարժության մեջ այն ինձ օգնում է հասկանալ երեխաներին, նրանց ցանկությունները, արարքների բովանդակությունը: Ներթափանցում, հարցեր, վերլուծություն. և արդեն պարզ է արարքի բովանդակությունը:

Այսօր իմ դիտակետում են իմ յուրահատուկները՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, քանի որ այդտեղ անելիք ունեմ: Որպես դասավանդող` յոթ տարվա ընթացքում ունեցել եմ ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված) ախտորոշմամբ մեկ սովորող, ում հետ աշխատել եմ և ունեցել եմ արդյունք: Որպես դպրոցի ղեկավար` աշխատում եմ բոլոր սովորողների հետ։

Ամռանը տարվա իմ ձեռքբերումը դարձավ Դավիթը՝ արևը: Դավիթն ինձ սովորեցրեց տեսնել, տեսնել ամենակարևոր, ամենանուրբ բաներն աշխարհում: Սկսեցի արձանագրել յուրաքանչյուրի փոքրիկ ձեռքբերումները: Օրինակ՝ մի այդպիսի սովորող այսօր ժպտաց ինձ, թույլ տվեց գրկել, մյուսը խոսեց, և այդպես ամեն օր:

Հետաքրքրությունները նրանց առանձնահատկության և ուսումնական աշխատանքի կազմակերպման մասին առաջացրին մի շարք հարցեր, ու ես սկսեցի որոնել դրանց պատասխանները:

Վերանայելով կրթահամալիրում ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցերը` մի շարք դիտարկումների և քննարկումների արդյունքում հասկացա, որ Գեղարվեստի դպրոցում պետք է փորձել առաջ գնալ, դարձնել ավելի թափանցիկ, այդ աշխատանքի մեջ ներառել ընտանիքը, դասվարին, առարկայական դասավանդողին, այսպիսով չընդհատվող կապ ստեղծել դպրոց-ընտանիք-համայնք շղթայում: Հարկավոր է ստեղծել կենդանի, ընդհանուր ներառական մթնոլորտ: Մեր ձեռքի տակ ունեցած միակ փաստաթուղթը ԱՈւՊ-ն էր, որը, ցավոք, չէր տալիս լիարժեք պատկերացում սովորողի կարիքի, նրա ուսումնական առանձնահատկությունների և առաջընթացի մասին, ժամանակին` տեղնուտեղը չէր արձանագրում հաջողությունը կամ հակառակը՝ ուսման ընթացքում առաջացած խնդիրները: Ո՞վ է երեխային դպրոց ուղեկցողը՝ դայա՞կ, թե ուսուցչի օգնական, ինչպե՞ս է նա ինքը ներառվում կրթական ծրագրում։ Պարզ դարձավ, որ այս ուղղությամբ զարգացում գրանցելու համար մեզ անհրաժեշտ է գնահատման որևէ այլ գործիք, որը թույլ կտա ավելի հաճախ, անհապաղ, կոնկրետ գրանցել սովորողի աճն ու ձախողումները, դա դարձնել անընդհատ աշխատանք: Գեղարվեստի դպրոցում փորձի դրվեց օրագրային պատումի տարբերակը: Այժմ յուրաքանչյուր դասվար, դասավանդող ներկայացնում է իր օրվա դիտարկումները՝ պատումի տեսքով:

Այս աշխատանքի ընթացքում ինձ համար մի դրական բացահայտում արեցի. բոլոր դասավանդողները շատ ակտիվ և ոգևորված սկսեցին աշխատել, գրառումներ անել: Վերջիններս ևս փաստում են օրապատման արդյունավետության մասին, նրանց մոտ դա լրացուցիչ լարվածություն, բողոք կամ անհամաձայնություն չառաջացրեց: Ակնհայտ է նրանց ոգևորությունը. դրական գնահատականի հիմքում այն է, որ այս տարբերակը ավելի շոշափելի ու կենդանի է, քան ԱՈՒՊ-ը, որը ավելի շատ հատուկ մանկավարժի գնահատման գործիք է, քան ծնողի, դասվարի, դասավանդողի: Օրապատումը ծնողին հնարավորություն է տալիս տեսնելու իր երեխային, նրա առօրյան ուսումնական միջավայրում, տեսանելի են դառնում երեխայի ներառումը, աճը, հաջողությունները:

Հասկանալի է, որ օրագրի գործարկումը հրապարակային կարող էր դառնալ միայն ծնողների համաձայնությամբ։ Խնդիրը, օրագրի նպատակը և ձևը, պատումի օրինակները ներկայացնելու, նրանց լսելու, քննարկելու համար հրավիրվեց ծնողական սեմինար: Ծնողները մասնակցեցին նաև առցանց հարցման, որտեղ ոչ միայն գնահատեցին օրագրի արդյունավետությունը, այլ նաև գրեցին իրենց կարծիքները աշխատանքի այս ոճի մասին: Ուրախալի էր, որ բոլոր ծնողների կարծիքը դրական էր:

Ցանկալի կլիներ, որ մեր այսօրինակ աշխատանքին միանային և իրենց խորհուրդներով օգնեին նաև տվյալ ոլորտի մասնագետները, կրթահամալիրի մանկավարժական աջակցության կենտրոնի աշխատողները: Այդպիսի համագործակցությունը թույլ կտա ավելի արագ և հստակ ձևի բերել օրագիրը, դրա կառուցվածքը, հրապարակման հարթակը, մշակել ներառականության ցուցանիշներ։

Ամենօրյա դիտարկումների, դրանց քննարկումների ընթացքը ցույց տվեց, որ կարող ենք շատ ավելի լավ օգտագործել կրթահամալիրում ստեղծված ֆիզիկական միջավայրը: Օրինակ` Գեղարվեստն ունի խորհրդանիշ շուն՝ Ատի անունով, և անհասկանալի կլիներ, որ շունն ունենար միայն պահապանի ֆունկցիա: Ունենալով շուն պահելու սեփական տասներկու տարվա փորձ՝ ծանոթ էի նրանց հետ շփման դրական ազդեցությանը: Դրան գումարվեց ուսումնասիրությունը, գիտական հրապարակումները, ու ես դարձա ավելի ինքնավստահ ու սկսեցի գործել: Առաջին քայլերը պարզապես շփումն էր Ատիի հետ, իսկ շարունակությունը կլինի կանիսաթերապիան: Այժմ Ատիին վարժեցնում է մասնագետ-կինոլոգը: Սկսեցի նաև այս շերտում դիտարկումներ անել. արդյունքն ակնհայտ էր: «Շփումը կենդանիների հետ» նախագիծը տարավ մեզ դեպի կրթահամալիրի Ագարակ՝ ձիերի մոտ: Այնտեղ ևս համոզվեցի, որ երեխաների վրա միանշանակ դրական է կենդանիների ազդեցությունը, և ակնհայտ է հուզական ֆոնը:

Կրթահամալիրում ստեղծված են նաև ջրային թերապիայի համար պայմաններ: Քայլեր և դիտարկումներ պատրաստվում ենք այստեղ ևս անել: Ջրային թերապիան հանգստացնում է նյարդային համակարգը, ինչպես նաև թույլ տալիս հաղթահարել սթրեսային իրավիճակները: Հույն փիլիսոփա, բժիշկ Հիպոկրատը նշել է. «Ջրաբուժությունն օգնում է բազմաթիվ հիվանդությունների բուժմանը, երբ բոլոր մյուս միջոցները այլևս անզոր են»: Այժմ դիտարկումներ կատարում ենք այս շերտում և չենք կարող չփաստել, որ կրթահամալիրի առաջարկած թերապիաները դառնում են սովորողի ամբողջական ներառման ցուցանիշ:

Բնահարմարության, այլ կերպ ասած՝ սովորողի բնույթին ու զարգացման բնականոն ընթացքին համապատասխանության սկզբունքը չենք անտեսում. ուսումնական նյութերը դարձան դիտարկման մյուս թեման: Ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ երեխաների առանձնահատկություններին, նրանց հոգեմտավոր ու ֆիզիկական ունակություններին համապատասխան ուսումնական նյութերի փաթեթներ համարյա չկան, ինչը ցավալի իրողություն է:

Ծնողական համայնքի հետ քննարկումները մեր դիտարկումներն ամբողջացրեցին. նրանք դրական գնահատեցին օրագրային դիտարկումների ձևաչափը, դրական արտահայտվեցին կենդանաթերապիայի մասին և ողջունեցին ըստ կարիքի ուսումնական նյութերի փաթեթի ստեղծումը:

Ուսուցումն առանց դիտարկման և փորձի, առանց դրանից հետո արված ընդհանրացումների ու եզրակացությունների չի կարող լինել: Առանց այդ աստիճանական անցման, առանց դիտողականության, առանց անվերապահ և անմնացորդ սիրո չի կարող մանկավարժությունը ապրել ու ապրեցնել:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский