Ներառականությունը՝ կենսական արվեստ

Հեղինակ: 

Ներառական կրթության մեծ դերի և նշանակության գիտակցումը յուրաքանչյուրիս համար շատ կարևոր է: Միջին դպրոցում, որտեղ ներառական կրթություն ստացող սովորողների թիվը համեմատաբար մեծ է, ավելի շատ ջանքեր են պահանջվում արդյունավետ աշխատանքի և շոշափելի ձեռքբերումների համար: Կրտսեր դպրոցներից տեղափոխությունը Միջին դպրոց, որտեղ շենքային պայմանները, առարկայացանկն ու ուսումնական այլ բաղկացուցիչներ նոր ու տարբեր են, շատ հաճախ ներառական կրթութուն ստացող սովորողների մոտ տագնապային վարքագիծ է ձևավորում: Ոչ պակաս կարևոր գործոն է նաև անցումային կենսաշրջանը:

Լինում են օրեր, երբ որոշ սովորողների վարքագծում նոր ու փոքր-ինչ անհասկանալի դրսևորումներ են նկատվում. թեև նպատակաուղղված ջանքերի շնորհիվ հաջողվում է իրավիճակը կառավարելի դարձնել, բայց լինում են նաև որոշ կանխատեսելի կամ անկանխատեսելի բախումներ: Այստեղ տեղին է ընդգծել ծնողի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը: Այն վճռորոշ գործոն է աշխատանքում նկատելի ու ցանկալի արդյունքի հասնելու հարցում: Պետք է լավ ճանաչես սովորողիդ, տեղյակ լինես յուրաքանչյուրի՝ անգամ աննշան թվացող առանձնահատկություններին: Քանի որ սովորողը տանը և դպրոցում իրեն յուրովի է դրսևորում, շատ կարևոր է, որ ծնողը այս պարագայում ակտիվ դերակատարում ունենա, սիրով համագործակցի, որպեսզի հաջողություն ունենանք:

Լինելով ութերորդ դասարանցիների կազմակերպիչ, մաստագիտությամբ էլ՝ հոգեբան, ինձ միանշանակ ավելի գրավում է այս սովորողների հետ բարդ ու հետաքրքիր աշխատանքը: Իմ օղակում ունեմ 14 հատուկ կարիքով սովորող, որոնք ունեն տարբեր կարիքներ՝ թեթևից մինչև ծանր: Աշխատանքի ընթացքում հասկացա, որ ոչ բոլոր սովորողների համար է դասացուցակով դասերին մասնակցելը կարևոր ու արդյունավետ: Իհարկե, կան հատուկ կարիքով սովորողներ, որոնք կարողանում են իրենց հնարավորությունների ու կարողությունների չափով յուրացնել ծրագիրը, վարել բլոգ և այլն, բայց կան սովորողներ՝ ծանր կարիքով, որոնց համար անիմաստ է մասնակցելը

բոլոր դասերին: Նրանց համար կազմվում է անհատական դասացուցակ, որը հրապարակում եմ իմ բլոգում: Դասացուցակը կազմելիս աշխատում եմ ծնողի և մասնագետի հետ, ընտրում ենք այն առարկաները, որոնց սովորողը կարող է սիրով ու արդյունավետորեն մասնակցել, մյուս ժամերը օգտագործում ենք պարի, տեխնոլոգիայի, բակային աշխատանքների համար: Նշեմ, որ այս մոտեցումն ավելի արդարացված է: Յուրաքանչուր դասավանդող իր բլոգում ունի հատուկ կարիքով սովորողների համար նախատեսված փաթեթ, որով տարվա ընթացքում աշխատում է:

Հատուկ կարիքով սովորողների համար մեծ օգնություն և թերապիա է խեցեգործությունը, որը շատ դրական ազդեցություն է ունենում սովորողի վրա: Այդ առումով Միջին դպրոցը մեծ ձեռքբերում ունի, քանի որ ունենք ընկեր Մովսես, ով շատ ճիշտ է կարողանում աշխատել ցանկացած կարիքի սովորողի հետ. խեցեգործության լաբորատորիան մեր սովորողների սիրելի վայրն է: Բակային աշխատանքները ևս լավ են անդրադառնում սովորողների վրա:

Ինձնից հաճախ են հետաքրքրվում, թե ինչպես են կառուցվում և զարգանում դասարաններում հատուկ կարիքով սովորողների և մյուս սովորողների հարաբերությունները, արդյոք չե՞ն լինում կոնֆլիկտներ, ինչպե՞ս են իրենց պահում դասարանական առօրյայում մյուս սովորողները: Ասեմ. հիանում եմ մեր սովորողներով, նրանք հաճախ մեզնից հասուն ու խորաթափանց են թվում: Մեծ-մեծ խոսքեր չհնչեն, բայց ամեն անգամ հիացմունք եմ ապրում, երբ նկատում եմ՝ ինչպես են հոգատարորեն ուղեկցում իրենց ընկերոջը մի կաբինետից մյուսը, դասամիջոցներին ինչպես են հետևում, որ հանկարծ դուրս չգան, չհեռանան տեսադաշտից: Շատ եմ տեսել, թե ինչպես են դրսից ինչ-որ բրդուճ գնում և հյուրասիրում, նստում, միասին ուտում կամ երբ դասին կամ դասամիջոցին իրենց ընկերը հանկարծ իրեն վատ է զգում, նյարդային է, անհանգիստ, անմիջապես ինձ են դիմում, որպեսզի օգնեմ: Ինձ շատ են օգնում սովորողներս, ինչի համար շա՜տ շնորհակալ եմ: Կան արարքներ, որոնք այնքա՜ն խոսուն են: Ներառող ուսումնական միջավայրը տեղով կյանքի, մարդ ու մարդկային լինելու անփոխարինելի դպրոց է:

Ինձ շատ է ոգևորում նաև հատուկ կարիքով սովորողների մասնակցությունը ուսումնական ճամփորդություններին, որոնց ժամանակ նրանք իրենց շատ ավելի լավ են դրսևորում: Մի դեպք պատմեմ: Բարձունքի հաղթահարման նախագծով գնացել էինք Գութանասար, բարձունքը հաղթահարելը բավականին բարդ էր , դա հասկացա, երբ կեսը բարձրացել էինք, ուղեկցում էի մի սովորողի, ում մոտ ՄՈՒԿ ախտորոշում էր, այսինքն՝ երեխան դժվար էր քայլում: Զրուցելով բարձրանում էինք, նկատում էի, որ հոգնել է, բայց կանգ չի առնում, համոզում էի, որ եթե դժվարանում է, չբարձրանանք, բայց ինձ համոզում էր, որ կկարողանա, պետք է հաղթահարի, ուրիշներից ետ չմնա: Անկեղծ՝ հիացած եմ այդքան մեծ կամքի ուժի վրա: Բարձրացանք, գրեթե հասել էինք, էլ չդիմացավ, հոգնել էր, հուզվեցի, երբ մեղավորի աչուկներով նայեց վրաս ու ասաց, որ հոգնել է: Միասին իջանք, բայց ամբողջ խումբը հիացած էր, բոլորը ծափահարեցին օրվա հերոսին: Սա է իսկական դպրոցը, որտեղ, անկախ ամեն ինչից, լիարժեք ներառվում ես, միաձուլվում, ապրում, ստեղծագործում:

Ներառականությունը կենսական արվեստ է, որ մեծի ու փոքրի նշանների փոխարեն դժվարությամբ, բայց սիրով առաջ է քաշում հավասարության նշանը՝ հաստատելու կամային, մարդկային լինելու գեղեցկության ուժը:

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский