Ընտանեկան դաստիարակության արվեստը

Բնագիրը

Ընկերներ

Բակում շատ երեխաներ կան։ Դու էլ ես շտապում բակ՝ խաղալու։ Բայց այնտեղ մեծ տղաները խլում են հեծանիվդ ու չեն տալիս, որ քշես։ Դու սկսում ես լաց լինել, գալիս ես տուն, բողոքում.

-Նրանք վատն են… ես չեմ ուզում նրանց հետ խաղալ։

Ի՞նչ անենք։ Վերցնենք տղաներից հեծանիվը և քեզ վերադարձնենք, իսկ նրանց սպառնանք, որ այլևս չհամարձակվե՞ն։

Տատիկը այդպես էլ ուզում էր անել, բայց ես համաձայն չէի։

-Ի՛նչ ես լաց լինում, դու տղամարդ ես։

-Հեծանիվս վերցրե՜լ են։

-Իսկ ինչո՞ւ դո՛ւ չես առաջարկել նրանց քշել քո հեծանիվը։

-Չեմ ուզում. ես եմ ուզում քշել։

-Այդպես, ուրեմն դու ես մեղավոր. ինքդ ուզում ես հեծանիվ շատ քշել և չես ուզում ընկերներիդ այդ հաճույքից բաժին հանել։ Ես չեմ կարող քեզ պաշտպանել դրանից։ Եթե ես նրանցից վերցնեմ հեծանիվը և քեզ վերադարձնեմ, նրանք չեն ցանկանա քեզ հետ ընկերություն անել։ Իսկ ընկերությունը հեծանիվից կարևոր է։

Ես նախընտրում եմ քեզ բակ թողնել այնպիսի խաղալիքներով, որոնք կստիպեն քեզ ծանոթանալ ու ընկերանալ երեխաների հետ։ Իհարկե, հետաքրքիր չէ մենակ գնդակ խաղալ։ Իսկ մենակ խաղացող տղայից երեխաները կարող են երես թեքել, կսկսեն հոգուդ հետ խաղալ։ Ես քեզ բակ եմ թողնում ֆուտբոլի լավ գնդակով և ներշնչում քեզ. «Գնդակը սիրում է, երբ իրեն հարվածում են շատերը, շատ հավես է նրա հետևից բոլոր ցանկացողների վազելը»։

Ի՞նչ իմաստ ունի միայնակ կեգլի խաղալ, եթե որևէ մեկը քո խաղին չի հետևելու։ Իսկ եթե կոլեկտիվ խաղաք՝ ընկերներով, ապա խաղացողների շուրջը հանդիսատես կհավաքվի, նրանք կսկսեն ոգևորել խաղացողներին, այնպիսի ուրախ աղմուկ կբարձրանա, որ ոչ մի խստաբարո հարևան չի համարձակվի խանգարել այն։

Ես ներշնչում եմ քեզ․ «Եթե էլ չես ուզենա խաղալ, ընկերներիցդ մի՛ վերցրու կեգլին, թող նրանք առանց քեզ խաղան»։

«Թռչող ափսեներով» խաղը նույնպես ընկերներ է պահանջում․ դու նետում ես քո ափսեն խաղընկերոջդ կողմը, իսկ նա քո կողմն է ուղարկում իրենը։ Հարկավոր է բռնել այն ու արագ հետ ուղարկել։ Քեզնից ճարպկություն և արագություն է պահանջվում։

«Ոչ մեկի հետ մի՛ վիճիր։ Խաղա՛ բոլորի հետ»։

Բայց վեճեր, այնուամենայնիվ, բռնկվում էին երբեմն։ Հաճախ բանը հասնում էր կռիվների։

Եվ մենք սովորեցրել էինք քեզ․ մեզնից օգնություն մի՛ ակնկալիր․ մենք քեզ հետ կպահենք, կռվարար ջան, ու կսկսենք քեզ խրատել։

Ես գիտեմ ձեզ՝ կռվարար աքլորներիդ։ Չեմ կարծում, թե գոնե մեկ մեծի հաջողվել է գոնե մեկ անգամ պարզել ձեր կռվի իսկական պատճառը։ Երկու կողմերն էլ այնպիսի կրքոտությամբ  են հաստատում իրենց ճշմարտացիությունը, որ վերջիվերջո պարզվում է, որ կռիվը առանց պատճառի էր։ Կռվից հետո դուք առանց դիվանագիտական բանակցությունների կվերականգնեք ձեր գուցե ավելի հաստատուն ընկերությունը, բայց մենք՝ մեծերս, որ մինչ այդ լավ հարևաններ էինք, խառնվելով ձեր «վեճին», կարող ենք մեկընդմիշտ փչացնել լավ հարաբերությունները։

Մեր ընտանեկան խորհուրդը՝ հայրիկ, մայրիկ և տատիկ կազմով, սովորաբար քեզ մեր բարոյականությանը համապատասխան խրատ էր տալիս․ «Ընկերություն արա բոլորի հետ, տղա՛ս, վատ երեխաներ չկան, բոլորի հետ էլ ընկերությո՛ւն արա»։

Խոսք

Դու սկսեցիր քայլել, իսկ շուտով՝ նաև խոսել։ Դու մանկական թոթովանքից կտրուկ անցար հոդաբաշխ արտասանության և այնպես ապշեցրիր մեզ քո գործածած բառերի հրավառությամբ, որ ոչ մի կերպ չենք կարողանում հիշել՝ որն արտաբերեցիր առաջինը։

Ես հաստատում եմ, որ քո արտաբերած առաջին բառը «մայրիկն» էր, իսկ մայրիկն ասում է, որ «հայրիկն» էր։

Բայց հավանաբար ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Քո առաջին բառերը, ավելի ճիշտ, նշանակում էին՝ «Ես մարդ եմ»։

Դու սկսեցիր խոսել միաժամանակ երկու լեզվով՝ վրացերեն և ռուսերեն։

Ինչպե՞ս դա պատահեց։

Ես կողմնակիցն եմ գիտական այն տեսակետի, որի համաձայն երեխան Բնությունից ժառանգում է խոսքային որոշակի ընդունակություններ։ Նրա ծնունդից մի քանի ամիս անց դրանք սկսում են արթնանալ նրա մեջ. երեխան ներքաշում է իր մեջ շրջապատողների խոսքը, արտաբերում է ոչ հոդաբաշխ, բայց իմաստավորված հնչյուններ, սովորում է արտահայտել իր պահանջները, բողոքն ու ուրախությունը առանձին բառերի միջոցով։ Միաժամանակ երեխայի գլխում տեղի են ունենում ամենաբարդ «հաշվարկներ», որոնց միջոցով նրա ընկալած խոսքի ամբողջ քաոսային հոսքը հանկարծ սկսում է շուրթերից հոսել որպես վճիտ, պարզ, իմաստալից, զգացմունքներով լի խոսքի աղբյուր։

Խոսքային այդ ներքին տվյալները, իմ պատկերացմամբ, երեխայի համար ունեն նույն նշանակությունը, ինչ տիեզերանավը ուղեծիր հանող երրորդ աստիճանի հրթիռակիրը։ Երեխան ամենակարճ ժամկետում (քանի որ՝ ի՞նչ է մի քանի ամիսը՝ համեմատած այն թռիչքի հետ, որ կատարում է նա՝ տիրապետելով հազարավոր սերունդների փորձին) դուրս է գալիս իր կյանքի կարևորագույն ուղեծիրը՝ խոսքային շփման ուղեծիրը։

Երեխան սկսում է խոսել։ Նա ունի շփման իր համակարգն ու ուղղվածությունը։ Նախ՝ նա անվերջ, բազում անգամ հարցնում է բոլորին․ «Սա ի՞նչ է»։ Հետո հաջորդում է նույնպիսի անվերջ «ինչո՞ւ»-ների բազմությունը։

Նա սկսում է իրականության ճանաչումի գործընթացը, սակայն տեսեք, թե որքան իմաստուն է դա անում․ նա ինքն է կրճատում իր՝ մարդկության փորձին տիրապետելու ուղին՝ մեզնից պահանջելով, որ կարճ, հստակ ու մատչելի բացատրենք, թե ինչ է սա, և ինչու է սա այսպես, ինչ կապ գոյություն ունի առարկաների և երևույթների միջև։

Հասկանալի է, որ նա մեծ հաճույքով ձգվում է դեպի գիտելիք յուրացնելու մյուս ուղիները․ ամեն օր մի քանի տասնյակ «փորձեր» է անում, որոնք տալիս են իր հարցերի պատասխանները՝ «Ես արդյոք կկարողանա՞մ», «Ինչպե՞ս է դա արվում», «Ինչո՞ւ է սա այսպես», «Իսկ ի՞նչ կլինի, եթե․․․» և այլն։

Բայց խոսելու միջոցով շփումը, խոսքի միջոցով ճանաչողությունը, բառերի միջոցով արտահայտված ուրախությունն ու տխրությունը ավելի շատ տեղ են գրավում նրա ամենօրյա կյանքում և նրա մարդանալում։

Խոսելու բնածին ընդունակությունը երկար կյանք չունի։ Դա նման է շերամի թրթուրին, որ դուրս է ընկնում բոժոժից միայն նրա համար, որ սերունդ տա, իսկ ինքը զոհվում է։

Դուք երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչ հեշտությամբ է երեխան սովորում երկու-երեք լեզվով խոսել, և ինչպիսի դժվարությունների է բախվում մեծահասակը մեկ օտար լեզու սովորելիս։

Ի՞նչ է դա նշանակում։

Ահա թե ինչ. ներքին տվյալները դժվարությամբ են ենթարկվում պահպանման. ճիշտ հակառակը՝ գիտությունը որոշակի փաստեր ունի, որոնք վկայում են, որ մտածողությունը, խոսքը, մարդկային գործունեության մյուս ձևերն ունեն տարիքային խիստ որոշակի ժամանակահատված իրենց ծագման, զարգացման և ամբողջացման համար։ Կասեցնել, հետաձգել այդ զարգացումը՝ նշանակում է ընդունել սեփական տգիտությունը, մանկավարժական կոպիտ սխալ թույլ տալ, իսկ երեխային դատապարտել անուղղելի հետամնացության։

Բայց երեխան կարող է խոսել միայն խոսող մարդկանց հետ շփվելով։ Եվ ամբողջ խնդիրը սա է. ինչպես ենք խոսում մենք՝ հայրիկներս ու մայրիկներս, մեծերս իրար հետ ու մեր երեխաների հետ։

Եթե մեր խոսքը աղքատ է, աղճատված, կոպիտ, եթե ընտրված բառերը մի պահ դադար չեն տալիս տանեցիների, երեխային շրջապատողների շուրթերին, նա գուցե իր ողջ կյանքում տառապելու է իր աղճատված, անլիարժեք, կոպիտ խոսքից, իսկ գուցե նաև՝ մտածողության աղքատությունից։

Իմանալով այս բոլորը՝ չեմ կարող չոր դիտորդ չլինել։ Մայրիկնե՛ր և հայրիկնե՛ր, ձեր փոքրիկը, ձեր երեխան չի՞ գտնվում արդյոք աղավաղված խոսքային իրականության մեջ։ Դա շատ վատ է։ Չի՞ գտնվում արդյոք ձեր երեխան մեծերի հետ փոխադարձ կոպտության մթնոլորտում։ Դա ավելի վատ է։ Ինքներդ էլ դա չիմանալով՝ հնարավոր է՝ մեկընդմիշտ կասեցնում եք, անվերադարձ դադարեցնում եք երեխայի խոսքային զարգացումն ու շփումը, դուք աղավաղում եք նրա ապագան։ Մտածեք սրա մասին։

Այս չոր դիտարկումը ծառայել է նաև մեզ՝ Պաատային դաստիարակողներիս։

Խոսելու բնածին ընդունակությունը, իմ համոզմամբ (ինձ ոգևորում է նաև մասնագետների ուսումնասիրությունները), երեխային հնարավություն է տալիս միաժամանակ մի քանի լեզու յուրացնելու։

Իմ համոզմունքը չի բացառում նաև որոշ անհանգստություններ․ չէ՞ որ մանկավարժության մեջ դեռ տիրում է այն զգուշավորությունը, թե երեխային երկու լեզու սովորեցնելը նույնն է, թե սովորեցնել նրան ձի նստել, երբ նա քայլել է սովորում։ Բայց այնուամենայնիվ մենք համարձակվեցինք։ Մայրիկն ու հայրիկը քեզ հետ խոսում էին միայն վրացերեն, իսկ տատիկը՝ ռուսերեն։

Մենք հաստատուն մնացինք մեր որոշման մեջ, և երբ դու սկսեցիր խոսել, հայտնաբերեցինք, որ մայրիկի ու հայրիկի համար ունես մի լեզու, տատիկի համար՝ մի ուրիշ լեզու։ Դու մի լեզվից անցում էիր անում մյուսին՝ կախված նրանից, թե ում հետ գործ ունես։

Դու այն ժամանակ գիտեի՞ր արդյոք, որ խոսում ես երկու լեզվով։ Իհարկե, ոչ։ Դու միայն հաղորդակցվում էիր այդ լեզուներով՝ գաղափար անգամ չունենալով քո երկլեզվության մասին։

Անցան տարիներ, և իմ կասկածները լիովին ցրվեցին։ Դու նորմալ ես մտածում։ Քո խոսքում ես տեսնում եմ Լ.Ս. Վիգոտսկու այն գաղափարի լիրաժեք հաստատումը, ըստ որի՝ մարդն ավելի լավ է յուրացնում մայրենի լեզուն, եթե տիրապետում է ուրիշ լեզուների։

Մեզ ուրախացնում է քո ամեն մի նոր խոսքային հայտնագործությունը։ Մենք միշտ ջանացել ենք տալ քեզ հստակ, ճշգրիտ պատասխաններ քո բոլոր «ինչ է սա»-ներին և «ինչու»-ներին։ Եվ հետո՝ մենք ջանում էին քեզ սովորեցնել հարաբերվելու բարեկիրթ ձևերը. սովորեցնում էինք ասել «բարև ձեզ», «բարի լույս», «բարի գիշեր», «խնդրում եմ», «եթե կարելի է», «շնորհակալություն», «կներեք», «ուրախությամբ»։

Այս բոլորը սովորեցնում էինք իրար հետ հարաբերվելիս, ոչ թե միայն պահանջելով ու պարտադրելով։ Դու մանկությունից սովորել ես քո հանդեպ մեր բարեկրթությանը․ «Եթե կարելի է, բե՛ր խնդրում եմ աթոռը», «Կարելի՞ է քեզ խնդրել՝ տեղափոխվես բազմոցի վրա», «Ների՛ր, խնդրում եմ, պատահական եղավ», «Շնորհակալ եմ, սիրելի՛ս, ի՜նչ բարի ես»։ Խրախուսում էինք քեզ քնքուշ, բարի լինել քեզ շրջապատող մարդկանց հանդեպ։

Եվ այնուամենայնիվ, քո ձևակերպումներում հնչում էին կոպիտ արտահայտություններ, որոնք հավանաբար դու յուրացնում էիր տանից դուրս։ Բայց ամեն անգամ, երբ դու կոպտում էիր, նեղացնում քո շուրջը եղած մարդկանց, մենք անցում էինք անում ժողովրդական մանկավարժության ձևերին. ստիպում էինք քեզ ջրով ողողել բերանդ, որոշ ժամանակով զրկում էինք քեզ շփվելու հաճույքից։

Իսկ ուրիշ ինչպե՞ս։

Վերջերս ես մի ընտանիքում նկատեցի, թե ինչպես է երկու տարեկան երեխան կռվում՝ գործածելով անցեզուր արտահայտություններ, իսկ մեծերը՝ անգամ մայրիկը, ում հասցեին ուղղված էին այդ բառերը, անզուսպ ծիծաղում էր։ Ես ապշած էի։ Իսկ ծնողները հանգստացնում էին ինձ․ «Դե, նա չի հասկանում ՝ ինչ է ասում»։

Մի՞թե դա արդարացում է։ Թեկուզ չի հասկանում, բայց չէ՞ որ նրա էությունը հակվում է կոպտությունների։

Ինչ իրավունք ունենք մենք՝ մեծերս, ինչպե՞ս ենք մենք համարձակվում աղավաղել երեխայի խոսքը, հարկադրում, որ նրա խոսքի բնածին ընդունակությունը վատնվի կոպտության ու անպատվությունների վարժանքի վրա։ Նա, ով զբաղվում է դրանով, պետք է իմանա․ դա աղավաղում է ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան երեխայի խոսքը, որքան նրա ճակատագիրը, քանի որ մանկությունից զրկում է նրան ճշմարիտ հաղորդակցության գեղեցկությունից և ուրախությունից։

Չգիտեմ, մանկավարժության մեջ կա՞ արդյոք «խոսքային դաստիարակություն» եզրույթը։ Կարծում եմ՝ այն կարող է խոր իմաստ ունենալ։ Ես անձամբ դրա մեջ տեսնում եմ ոչ թե նեղ մեթոդական, այլ համամարդկային գաղափար՝ դաստիարակել երեխայի մեջ խոսքի միջոցով մարդկանց ուրախություն պատճառելու, վշտի մեջ կարեկցելու, մխիթարելու, տառապանքները թեթևացնելու կարողություններ և հմտություններ, ճշմարտություն և բարություն սերմանել։ Խոսքային դաստիարակությունը սրտի դաստիարակություն է, մարդու մեջ սիրո, նրա նկատմամբ խորին հարգանքի դաստիարակություն է։

Խոսքը կարող է և՛ սպանել, և՛ բուժել մարդուն։

Երեխան Բնությունից ժառանգում է ահռելի քանակությամբ հնարավորություններ, դրանք հաշվելն անհնար է։ Մեզ միայն չնչին մասն է հայտնի։ Հոգեբանները հնարավորությունները գործառույթներ են անվանում։ Խոսելու հնարավորությունը այդպիսի գործառույթներից մեկն է, բայց այն ամենակարևորն է, ամենաբարդը և խորհրդավորը։ Ֆիզիոլոգները գիտեն, թե ուղեղի որ հատվածում է ձևավորվում խոսքը, բայց ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես է դա տեղի ունենում։ Գիտական հետազոտությունների շնորհիվ ապացուցված է, որ երեխայի մեջ ի ծնե գոյություն ունի որոշակի համընդհանուր խոսքային մատրիցա՝ որոշակի, ես կասեի, տիեզերական քերականություն։ Այն կապված չէ որևէ կոնկրետ երեխայի հետ։ Այլ կերպ ասած՝ վրացի երեխան (կամ ռուս, կամ անգլիացի) կրում է իր մեջ ոչ թե վրացերենի քերականությունը, այլ համընդհանուր լեզվական քերականություն։ Դրա հիմքի վրա էլ, հայտնվելով լեզվական միջավայրում, ձևավորվում է կոնկրետ խոսքը։

Բայց այս կարողությունը, ես պատկերացնում եմ, ունի երեք առանձնահատկություն։

Առաջին առանձնահատկությունն այն է, որ համընդհանուր խոսքային մատրիցան (լեզվի գործառույթը) պասիվ ընդունակություն չէ, այն ակտիվ է ինքն իրենով։

Երկրորդ առանձնահատկություն․ նրա ակտիվությունն ունի իր օրացուցային ժամկետը։ Այսինքն՝ խոսքային գործառույթը երեխայի մեջ արթնանում է ոչ թե ծննդից հետո (ինչպես ես կարծում էի այն ժամանակ՝ 60-ական թվականներին), այլ ծննդից շատ-շատ առաջ։ Դրա համար էլ մեծերը պարտավոր են հետևել իրենց խոսքի մաքրությանն ու բարությանը, երբ հղի կնոջ միջավայրում են։ Եվ ավարտում է այն իր աշխատանքը մինչև 9 տարեկան հասակը։ Եթե խոսքային միջավայրում շատ ջանք ներդրվի, ապա գործառույթի տևողությունը կարելի կլինի երկարաձգել առավելագույնս ևս կես տարի։ Սա նշանակում է, որ 9-11 տարեկանից հետո երեխայի համար դժվար կլինի նույն թեթևությամբ, ինչպես առաջ, նոր լեզու սովորել։ Բայց այս անգամ անհրաժեշտ կլինեն հատուկ ջանքներ, որոնք համադրության մեջ կոչվում են կազմակերպված ուսուցում։

Խոսքային գործառույթի երրորդ առանձնահատկությունը երեխայի՝ միաժամանակ մի քանի՝ երկու, երեք, գուցե ավելի շատ լեզուների հանդեպ ընկալունակության պատրաստ լինելն է։ Այլ կերպ ասած՝ խոսքի գործառույթը չի դժվարանում, եթե, ասենք, մայրիկը խոսի երեխայի հետ միայն վրացերեն, հայրիկը՝ միայն ռուսերեն, իսկ տատիկը՝ միայն ֆրանսերեն։

Կարևոր է, որ նրանք բոլորը երեխայի համար ստեղծեն կենսական անհրաժեշտ միջավայր՝ կերակրեն, լողացնեն, խաղան նրա հետ, տանեն զբոսանքի, սիրեն, պատմեն և այլն։ Այսպիսի իրականության մեջ երկու տարի հետո երեխան կխոսի միաժամանակ երեք լեզուներով՝ մայրիկի, հայրիկի և տատիկի համար։ Եվ ինքն էլ չի իմանա, որ խոսում է երեք լեզուներով։ Այդ մասին կիմանա մի քիչ ուշ։ Այդ երեք լեզուներից որևէ մեկը կտուժի՞ արդյոք։ Չի տուժի։ Ո՞րը կլինի մայրենին։ Մայրենի լեզուն կլինի այն մեկը, որի օգնությամբ կյուրացնի մշակույթը։ Եթե երեխային շրջապատող միջավայրը վրացականն է, ապա կստացվի, որ նա կամբարի իր մեջ վրացական մշակույթը ոչ միայն վրացերենի, այլև ռուսերենի ու ֆրանսերենի միջոցով։ Այսպիսի երևույթներ հոգեբանության մեջ հայտնի են։ Այսպիսով՝ լեզուներ յուրացնելու ոսկե ժամանակահատվածը մանկության 9-11տարեկան հասակն է։ Հետագա տարիքում լեզուներ սովորելու համար կամքի ահռելի ջանքեր են հարկավոր։

Խոսքի յուրացման գործընթացը միևնույն ժամանակ երեխայի հոգևոր-բարոյական զարգացման ու դաստիարակման ժամանակահատված է։ Անհրաժեշտ է պահպանել այնպիսի պայմաններ, որ երեխան շարունակ գտնվի լավագույն խոսքային հոսքի միջավայրում։ Երեխան զարգանում է ոչ միայն այն ժամանակ, երբ մեծերը անմիջականորեն ուշադրություն են դարձնում նրան, այլ նաև այն ժամանակ, երբ նրանք երեխայի ներկայությամբ քննարկում են իրենց կենսական հարցերը, շփվում միմյանց հետ։

Երեխային հարկավոր է, ինչպես կրակից, հեռու պահել զազրախոսությունից, գռեհիկ, կոպիտ խոսքից, այնպիսի խոսքից, որում հարգանք, կարակցանք, սեր, օգնելու պատրաստակամություն չի հնչում։

Քույրիկը

Դու ընդամենը երեք տարեկան էիր, երբ ընտանիքում նոր ուրախություն հայտնվեց․ դու քույրիկ ունեցար, և նրան անվանեցինք Նինա։

Նոր հոգսեր առաջացան։

«Արի գնանք, կաթ բերենք Նինուլիկի համար»։ Եվ մենք գնում էինք մոտակա խանութը՝ կաթ գնելու։ Դու տանում էիր շշերով լի փոքրիկ զամբյուղը։ Մենք ճանապարհին խոսում էինք, թե ինչ լավ քույրիկ ունես, թե ինչքան զվարճալի ու ծիծաղելի է նա, ինչպես պետք է նրա մասին հոգ տանել։

«Նինուլիկի համար ապուր պատրաստելու ժամանակն է։ Օգնիր ինձ։ Հանի՛ր, խնդրում եմ, կաթսան»։ Տատիկը սպիտակաձավարի շիլան լցնում էր ափսեի մեջ, իսկ դու պատրաստակամ այն տանում էիր քույրիկին։

«Արի Նինուլիկին զբոսանքի տանենք»։ Փողոցում դու ինձ սայլակին մոտ չես թողնում, տանում ես նրան զգուշությամբ, առանց չարաճճիությունների։

«Մի՛ աղմկիր, խնդրում եմ, նա հենց նոր է քնել»։ Եվ մենք ցույց ենք տալիս քեզ, թե ինչպես պետք է ոտքերի ծայրերի վրա դուրս գալ սենյակից, որտեղ քնի մեջ մեծանում է քո փոքրիկ քույրիկը։

«Քանի ես զբաղված եմ, խաղա Նինուլիկի հետ»։ Թախտի վրա դու սկսում ես զվարճացնել նրան՝ տարբեր շարժումներ անելով։ Քույրիկը հրճվում է ու թռչկոտում ուրախությունից։

«Հետևի՛ր, խնդրում եմ, նրան, քանի տանը մարդ չկա»։ Դու 10-15 րոպե, գուցե և ավելին, մնում ես մենակ քույրիկի հետ, իսկ հետո պատմում նրա բոլոր չարաճճիությունների մասին։

«Նինուլիկին բե՛ր, խնդրում եմ, մանկապարտեզից»։ Դու այն ժամանակ արդեն առաջին դասարանում էիր, մանակապարտեզը մոտ էր, և դու ուրախությամբ էիր այնտեղ գնում քույրիկի հետևից։ Հպարտանում էիր այդ հանձնարարությամբ։

Բայց ես պատմում եմ ոչ թե այն մասին, թե ինչպես էինք դաստիարակում աղջկան, այլ թե ինչպես էինք դաստիարակում հոգատար ու դյուրազգաց տղայի։

Մենք միասին անակնկալներ էինք պատրաստում մայրիկին, տատիկին, քույրիկին նրանց ծննդյան օրերին։ Հաճախ, մենակ մնալով, հավաքում էինք բնակարանը, ամանները լվանում, ճաշ պատրաստում, որ ուրախացնենք մայրիկին։

Քեզ վրա դրված էր սենյակային բույսերի խնամքը։ Մենք ուրախանում էինք ամեն նոր տերևի ու բողբոջի համար։ «Սրանք քո խնամքի պտուղներն են», — ասում էր տատիկը։ Բակում մենք ծառ էինք տնկել, և դու ջրում էիր այն։

Մի անգամ մեր ակվարիումում դժբախտություն եղավ․ ձկները կերան իրենց եղբայրներից մեկին։ Դա մեզ բոլորիս տխրեցրեց։ Իսկ երբ դու տեսար, թե ինչպես է գուպին կենդանի ձկներ ծնում ու նույն րոպեին էլ ուտում իր ձագերին, որոնք ծնվելուց հետո չէին հասցնում հեռու լողալ մայրիկից, տատիկը չհապաղեց քո գլխին բարոյախոսություն կարդալ. «Ահա տեսնո՞ւմ ես, թե ինչպես է գուպին ուտում իր ձագուկներին։ Իսկ քո մայրիկը քեզ չի կերել, նա մեծացրել է քեզ»։ Դու զայրացար իր ձագերին ուտող մայր ձկնիկի վրա, և որպեսզի փրկես նրանց, համբերատարորեն սպասում էիր նրանցից յուրաքանչյուրի աշխարհ գալուն ու փայտիկով հեռու հրում մայրիկին ձագուկներից։

Երեխայի մեջ բարությունը, զգոնությունը, պատրաստակամությունն ամրապնդելու, նրա մեջ կարեկցանքի զգացում ծնելու գործը հեշտ չէ։ Ուրիշ միջոցների հետ մեկտեղ, որոնք մենք կիրառել ենք այդ նպատակով, եղել են բավական տարածվածները։ Դրանց իմաստն արտահայտված է «Կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր» ասացվածքում։ Մենք դրանցից օգտվում էինք մոտավորապես հետևյալ ձևերով։

-Մայրիկ, տեսնո՞ւմ ես՝ Պաատան ինչ բարի է դարձել։

-Այո՛, ես ինքս էի քեզ ուզում ասել, երեկ նա այնքա՛ն օգնեց ինձ։

Մայրիկն ու տատիկը խոսում են մյուս սենյակում, քեզ դրել են անկողին, որ քնես, բայց զրույցի թեման գրավում է քեզ…

-Իսկ դուք գիտե՞ք, թե երեկ ինչպես է ինձ ուրախացրել իմ թոռնիկը,- տատիկը այգում խոսում է մի կնոջ հետ, որ նստած է նույն նստարանին։

Նրանք հենց նոր են ծանոթացել։ Դու այդտեղ խաղում ես և պատրաստ ես կրկնելու այդ անձնուրաց արարքները, որոնցով տատիկն այդպես հպարտանում է։

Պարզ է, թե «քո թիկունքում», առանց քո մասնակցության տեղի ունեցող այդպիսի «պատահական» զրույցները քո լավ գործերի ու արարքների, քո զգոնության ու պատրաստակամության մասին ինչպես էին ոգևորում քեզ։

Բայց գուցե դրանցում փառասիրության մասնի՞կ կար, գուցե դու մի քիչ բարություն, պատրաստակամություն, լավ արարքնե՞ր էիր խաղում։

Դե ինչ, վատ չէ, եթե անգամ խաղի մեջ (դեռ խաղի մեջ) դու յուրացնում ու դրսևորում ես մեր բարոյականության որոշ կանոնները։ Խաղի մեջ, ինչպես հիմա հակված են ասելու, ձևավորվում է երեխայի ապագա սոցիալական կյանքը։

Եվ այնուամենայնիվ, մենք անհամբերությամբ էինք սպասում քո զգոնության ու կարեկցանքի այնպիսի դրսևորումներին, որոնք հնարավոր չէ վերագրել խաղին։ Կարեկցանքի զգացումը քո սրտի, հոգու, կյանքի մի մասնիկն է, որը դու մատուցելու ես մարդուն որպես պարգև։

Ես չեմ կարող մոռանալ այն հրաշալի օրը, երբ բացահայտեցի քո մեջ այդ զգացումի ծնունդը։ Ո՛չ, չեմ կարծում, թե ես գերագնահատում եմ այդ իրադարձությունը, թե չեմ կարողացել թափանցել նրա հոգեբանական իմաստի մեջ։ Դա իսկապես եղել է ապրումակցում, ուրիշների հանդեպ քո մեղքի զգացումը, զղջման զգացումը։ Ահա թե այն ինչպես է ծնունդ առել։

Արցունքներ

Մայիսյան տաք օր էր, դու հինգ տարեկանից մի քիչ մեծ էիր։ Մենք գնացել էինք արշավի մոտակա լեռները։ Մեզ հետ էր և Մական՝ քո զարմուհին, որ մի տարով մեծ է քեզնից։ Դուք վազվզում էիք, ծաղիկներ հավաքում, ծիծաղում։ Ես տեսա ձեզ պպզած. ուշադիր ինչ-որ բան էիք նայում։ Մոտեցա։ Դաշտային ծաղկի ցողունի վրա բաց կանաչ մորեխ էր նստած՝ բարակ, երկար թևիկներով, բեղիկներով։ Նա անսպասելի բացեց թևիկները և երկար թռիչք արեց։ Դուք ուրախ սլացաք նրա հետևից և նորից պպզելով՝ երկար ուսումնասիրում էիք նրան։ Նա կարծես որոշել էր խաղալ ձեզ հետ. ցատկում էր, դուք՝ նրա հետևից, նորից ցատկ, դուք՝ դարձյալ նրա հետևից։ Մորեխի հետ դուք վազում էիք ամբողջ դաշտով ու ծիծաղում։ Վերջապես մորեխը նստեց ասֆալտապատ ճանապարհին։ Հիմա մենք երեքով շրջապատել էինք նրան։

«Ինչ սիրուն ես դու… Ի՞նչ ես փնտրում», — սկսեց հարցեր տալ նրան Մական։ Բայց մորեխիկը բացեց թևիկները և պատրաստվում էր ցատկ անել, երբ դու, ոչ այս, ոչ այն, ոտքդ դրիր նրա վրա։ Մական ծղրտաց․

-Չանե՜ս։

Դու ոտքդ բարձրացրիր, և մենք տեսանք տրորված մորեխին։

-Ինչո՞ւ արեցիր, — հարցրեց Մական՝ արցունքախառն վիրավորված։ Դու լռում էիր։

-Այո՛, մայրիկն էլ չի տեսնի իր մորեխիկին։ Նա հավանաբար երկար լաց կլինի։

Ես հուզված էի, բայց չնախատեցի քեզ։

-Մորեխիկն էլ երբեք չի թռչկոտի ու չարաճճիություն չի անի… Եվ ծաղիկներն իզուր պիտի նրան սպասեն։

Մենք ելանք և շարունակեցինք մեր ճանապարհը։ Ես առաջարկեցի ձեզ նստել ծառի ստվերում ու նախաճաշել։ Թվում էր՝ ամեն ինչ անցավ, երբ հանկարծ դու վեր թռար ու հետ վազեցիր դեպի ճանապարհը։ Դու չոքեցիր մորեխիկի առջև, որ ընկած էր ասֆալտին։

-Մորեխիկը էլ չի թռչկոտելու, ես չէի ուզում…

Դու լալիս էիր։ Մական հանգստացնում էր քեզ, բայց դու չէիր լսում նրան։

-Ինչո՞ւ ես տրորեցի մորեխիկին… Ես չէի ուզում… Թող նա կենդանանա։

Ես դեռ չէի տեսել արցունքների այդպիսի հոսք, չէի լսել, որ դու երբևէ այդպես լաց լինես։ Ես իսկապես ցավում էի մորեխի համար, բայց ուրախանում էի քո սրտակտուր լացով, զղջումի լացով։ «Ոչի՛նչ, տղաս, լա՛ց եղիր… Գուցե հենց հիմա դու որպես մարդ ես ծնվում», — քեզ նայելով՝ մտածում էի ես։

Դու զղջում էիր քո արարքի համար, դու ուզում էիր ժամանակը հետ շրջել, որպեսզի ուղղես կատարվածը։ Եվ ինձ այն ժամանակ թվում էր, որ կարեկցանքի անկեղծ զգացումը այն սրտում կարող է միայն տեղավորվել, որում արդեն ծնունդ է առել սեփական արարքների հանդեպ ապաշխարանքի, մեղավորության, պատասխանատվության զգացումը։

Դեպի դպրոց

Տանն իրարանցում է։ Վաղը սեպտեմբերի մեկն է, և դու գնալու ես դպրոց, վեց տարեկանների նախապատրաստական դասարան։ Տատիկը ավարտում է քո վերնաշապիկն ու կարճ տաբատը արդուկելը, մայրիկը պատրաստվում է լողացնել քեզ, կարգավորում է բաղնիքը։ Նինան քեզնից չի հեռանում և խնդրում քեզ իրեն էլ տանել դպրոց։

Դու կարևորում ես քեզ։ Այդ էր մնացել։ Չէ՞ որ դպրոց դու ես գնալու, այլ ոչ թե մեկ ուրիշը մեր տանից։

-Ի՞նչ ոտանավոր ես ներկայացնելու, եթե ուսուցչուհին առաջարկի, — հարցնում է մայրիկը։ Դու երկու-երեք տասնյակ ոտանավոր գիտես։

-Իսկ երբ նկարեք, դու մայրամուտ նկարիր։ Դա լավ ես կարողանում,- տատիկը համոզված է դրանում։

Իսկ ես խորհուրդ եմ տալիս քեզ միանգամից ընկերություն անել բոլոր երեխաների հետ և հենց առաջին օրվանից սիրել քո ուսուցչուհուն։

Դու արդեն ծանոթ ես որոշ տառերի։ Կարող ես գրել քո անունը։ Դու դա սովորել ես մանկապարտեզում քո ընկերներից։ Վերադառնալով մանակապարտեզից՝ դու կպչում էիր մայրիկին կամ հայրիկին կարդալ սովորեցնելու խնդրանքով։ Այդժամ ես որոշեցի քեզ սովորեցնել հեգել բառերը։

Սկզբից քո ուշադրությունը հրավիրեցի առանձին հնչյունների վրա․

-Ասա խնդրում եմ, ինչպե՞ս է աղմկում քամին ծառերի տերևների արանքում։

-Շը՜շշ։

— Իսկ ինչպե՞ս է բզզում մեղուն

— Բը՜զզ։

Հետո սովորեցրի բառերը դանդաղ և երկարացված արտասանել՝ «կաաղնիի», «մաայրիիկ»։ Երբեմն քեզ հանձնարարություններ էի տալիս․ ես քեզ նախադասություն կամ բառ էի ասում անբնական ձգելով ու դանդաղ, իսկ դու պիտի գուշակեիր, թե ես ինչ ասացի։

Հետո ես քեզ ֆիշկաներ տվեցի՝ ստվարաթղթից փոքրիկ քառակուսիներ, և առաջարկեցի «բառ գրել»՝ որևէ բառ դանդաղ ասել, առանձնացնել իրար հաջորդող հնչյունները և յուրաքանչյուրի համար ֆիշկա դնել։ Այս հնարքը, որ գործածվել է հայտնի հոգեբան Դ․ Բ․ Էլկոնինի կողմից, օգնեց քեզ յուրացնել հեգելը և «գրելը» բառերը։

Այսպես դու սովորեցիր վրացերենի բոլոր հնչյունները։

Մինչև տասը հաշվելը քեզ համար մեծ դժվարություն չէր։ Բայց ահա այսպես կոչված Պիաժեի ֆենոմենը յուրացնել դու դժվարանում էիր։

Իմ հանձնարարությամբ դու հաշվում էիր տասը ֆիշկա և պահում ձախ կողմում, նույնքան էլ աջ կողմում։ Ե՛վ աջ, և՛ ձախ կողմերում դրված էին կույտով ֆիշկաներ։

-Ինչքա՞ն ֆիշկա կա այստեղ։

-Տասը։

— Իսկ այստե՞ղ։

— Տասը։

— Որտե՞ղ է ավելի շատ, այստեղ թե՞ այնտեղ։

-Ոչ մի տեղ, իրար հավասար են։

Դեռ ամեն ինչ ճիշտ է։

Այնուհետև ես դասավորում եմ աջ կողմի ֆիշկաների կույտը, ձախ կողմինը մնում է նույն դիրքում։

-Ասա՛ խնդրեմ, որտե՞ղ ավելի շատ ֆիշկա կա՝ այստեղ, թե՞ այնտեղ։

Դու, առանց մտածելու, ասում ես՝ այստեղ, և ցույց տալիս դասավորած ֆիշկաները։

Բավական է ֆիշկաները հավաքել ու կույտ անել, և դու ասում ես, որ հիմա դրանք հավասար են։

Իսկ ահա մի ուրիշ փորձ։ Ես վերցրի երկու բաժակ, դրանցից մեկը կարճ էր ու լայն, մյուսը՝ նեղ ու երկար։ Ջրով լցրի կարճ բաժակը։ «Նայի՛ր, հիմա ես այս ջուրը կլցնեմ նեղ բաժակի մեջ»։ Եվ լցրեցի։ Բնական է, որ նեղ բաժակի մեջ ջուրը վեր բարձրացավ։ «Ո՞ր բաժակի մեջ շատ ջուր կա՝ նեղի՞, թե՞ կարճի»։ Դու նորից, առանց մտածելու, ասացիր, որ ջուրն ավելի շատ է նեղ բաժակի մեջ։

Մի փորձի մասին էլ ասեմ։ «Ահա ծեփամածուկե գնդիկը։ Նայի՛ր, այս գնդիկից ես բլիթ կպատրաստեմ։ Ասա՛ խնդրեմ, ե՞րբ է ավելի շատ ծեփամածուկը, երբ գնդի՞կ էր, թե՞ երբ վերածվեց բլիթի»։ «Երբ վերածվեց բլիթի»։

Այս փորձերի կրկնությունը զանազան տարբերակներով, տարբեր տեսանկյուններից արդյունքների դիտարկումը վերջիվերջո քեզ բերեց այն ընկալման, որ ֆիշկաների քանակը չի կարող փոխվել՝ կախված այն բանից, թե ցրվա՞ծ են դրված, թե՞ կույտով։

Ես գնահատում էի այսպիսի առաջադրանքները նախ և առաջ նրա համար, որ դրանք ստիպում էին քեզ մտածել, հետևել, նկատել, կապակցել, առանձնացնել։ Այս ընդունակության զարգացումը դպրոց գնացող երեխայի մեջ, ինձ թվում է, ավելի կարևոր է, քան նույնիսկ մինչև միլիոնը հաշվել կարողանալը։

Դու վաղ արթնացար և տանը բոլորին արթնացրիր։ Դպրոց հասնելը հինգ րոպե կտևի ։ Բայց դու չէիր համբերում։ Եվ մենք բոլորս շարժվեցինք դեպի դպրոց։ Դպրոցի բակում շատ երեխաներ և ծնողներ կային։ Հավաք էր։ Հետո հնչեց առաջին զանգը, և երեխաները ոգևորված մտան դպրոցական շենք։ Ծնողներին դպրոց չեն թողնում։ Դու դպրոց մտար մեծ, փոքր երեխաների և քո առաջին ուսուցչուհու հետ։

Եվ սկսվեց քո դպրոցական կյանքը։ Այն կձգվի 2000 օր։

Ինչպե՞ս դու կընդունես այն։ Պարտականություն կկատարես, թե՞ կուրախանաս նրանով։

Զղջման առաջին արցունքներից մինչև պարտքի զգացում

Իդեալ

Տարիներն իսկապես թռչում են։

Նրանք թռչում են կռունկների պես՝ բոլորը միասին։

Երբեմն ուզում ես, որ նրանք թռչեն ավելի արագ, և քեզ տանեն քո անձկալի նպատակին ընդառաջ, ուզում ես թռչել ժամանակի միջով, որ մի ակնթարթում լինես քո ապագայում, համոզվես, որ այն կա, այն իսկապես սպասում է քեզ, տեսնես, թե ինչպիսին է այն, և ապրես քո ապագան։

Երբեմն էլ անչափ ուզում ես կանգնեցնել ներկան, ամբողջությամբ սուզվել նրա մեջ, հագեցնել քո էությամբ գոյությունդ, դրոշմել նրանում քո ժամանման հետքերը, տեղաշարժել նրա նեղ սահմանները և նրա հետ՝ քեզ կախարդող ուրախությունը։

Բայց լինում է և այնպես, որ ժամանակը անհետ լողում է, տարիները, առանց անցյալի ու ապագայի հետ կապի, թռչում են. նրանք չեն ընկալվում որպես իրականություն, որպես անվերադարձ իրականության անկրկնելի էություն, որպես մաքուր ապակի։

Ամենասարսափելին այն է, երբ մարդը չի ափսոսում ապրած օրվա համար, չի ձգտում վաղվա օրվան, իսկ այսօրը հալչում է նրա ափի մեջ ձնափաթիլի նման։

Բայց ի՞նչի համար է այս ամենը, այնքան էլ նոր փիլիսոփայություն չէ։

Ես պարզապես ուզում եմ ասել, թե ինչ ուրախություն և զարմանք են պարուրում ինձ քո ապրած տարիները, երբ նայում եմ քեզ՝ 16-ամյա պատանուդ, որ նայում է ինձ, մայրիկին, հատկապես տատիկին ու քրոջը 180 սանտիմետրանոց հասակով։ Այդժամ ես բացականչում եմ․ «Աստվա՛ծ իմ, ինչպե՜ս են թռչում տարիները, ինչպես իրար հետ ու միանգամից թռան այդ 16 կռունկները դեպի տաք հիշողութունների երկրներ… Այնինչ այդ ամենը կարծես երեկ լիներ»։

Ո՛չ, ոչ մի օրը, ոչ մի ժամը երբեք ձնափաթիլի պես չի հալվել մեր ափի մեջ։ Ամեն մի օրը, ամեն ժամը լիքն է եղել, լի հոգսերով ու մասնավոր խնդիրերի լուծմամբ, մեծ աշխատանքային ամիսներով և մեծ կենսական նպատակներով։ Ասում եմ մեծ՝ նկատի ունենալով այն նպատակները, որոնք մեզ՝ քո ծնողների համար ձեռք են բերել կենսական իմաստ։

Մենք չենք ուզել, չենք ձգտել տարիների վրայով թռչել։

Մենք չենք ափսոսել, որ անհնար է կանգնեցնել ժամանակը։

Մենք ուղղակի ժամանակ չենք ունեցել՝ տրվելու այդպիսի դատարկ երազանքների։

Մենք աշխատում էինք ապագայի համար, ձգտում էինք այն բերել ներկա։

Տարվելով մեր մանկավարժական գործունեությամբ, դպրոցում երեխաների հետ մեր աշխատանքով, սովորողների հումանիստական դաստիարակության ձևերով՝ մենք մեր ընկերների, գործընկերների հետ անձնվիրաբար աշխատում էինք, որ վաղվա մանկավարժությունը այսօր ապրենք, այնպես ապրենք մեր մասնագիտությունը, ինչպես վաղն անհրաժեշտ կլինի ապրել։

Վաղվա իդեալներին համապատասխան ապրած օրը, ինչպես ես համոզվել եմ, դառնում է ավելի հետաքրքիր, հագեցած ստեղծագործական աշխատանքով ու երջանկությամբ, քան ցանկացած սովորական այսօրը։

Այն վաղվա օրը, որ մարդը այսօր է ապրում, բարձրացնում է նրան, իր ձիրքերը դրսևորելու հնարավորություն է տալիս։

Մեր վերաբերմունքը մարդկանց, աշխատանքին, հենց կյանքին, մեր բախումները, պարտությունները և հաղթանակները, մեր ուրախություններն ու տխրությունները, ընկերներ ձեռք բերելն ու կորուստները, մեր պայքարը ինչ-որ բանի ու որևէ մեկի դեմ, մեր մասնագիտական դիրքորոշումների հաստատումը, այս բոլորը մինչև վերջ լցնում են մեր կյանքը, և մենք չենք էլ հասցնում հետ նայել, թե ինչպես են թռչում տարիները։

Դաստիարակության այս ամբողջ ծրագրի հիմքում մեր այն նպատակն էր, որը ուզում էինք հասանելի դարձնել մեր որդուն։ Այն ամփոփվում է մի տարողունակ ու գեղեցիկ հասկացությամբ՝ Վեհանձնություն։ Մի՞թե ծնողներից որևէ մեկին կարող է դժվար լինել որոշել այս հասկացության իմաստը։  Վեհանձն մարդը, իհարկե, իր կյանքում բարձր է դասում բարին, որը միշտ ուղղված է ուրիշներին։  Վեհանձն, ասել է թե հոգևոր-բարոյական, բարեհոգի, օգնության շտապող մարդ. նա բարեմիտ է, մաքրամիտ, սրտով մտածող, նա նաև հոգատար է, ուշադիր։ Նա չի կարող եսասեր, ագահ ու չար լինել։ Այսպիսով՝ մենք այսօր ավելի բարձր մարդկային որակ չգիտենք, քան վեհանձնությունը։ Իսկ վեհանձնությունը դաստիարակվում է վեհանձնությամբ։ Ահա թե որն էր մեր դժվարությունը. մենք ինքներս պիտի ապրենք վեհանձնության բոլոր նորմերով, որպեսզի վեհանձնության մանկավարժությունը կարողանա հաղթանակել մեր ընտանիքներում։ Իսկ այդպես ապրել նշանակում է՝ կյանքում հակառակ գնալ շատ իրավիճակների։

Իմ համոզմամբ դու դաստիարակվել ես այնպիսի միջավայրում, որը շնչում էր ապագայով։ Քեզ դաստիարակել ենք ոչ միայն հատուկ դաստիարակչական կանոններով, որոնք կիրառել ենք. մեր կյանքի ողջ ձևերը, մեր ընտանեկան, հասարակական հարաբերությունները, մեր համոզմունքները, կրքերն ու նպատակները դարձել էին քո գլխավոր դաստիարակը։ Նրանք քո դաստիարակության գիտակցական ու ենթագիտակցական ոլորտների կողքով չէին անցնում, նրանք քեզ էլ էին ներառել մեր կենսական փոփոխութունների ոլորտը, մեր կյանքի իմաստը ամեն քայլափոխի քեզ հետ էր։

Մենք չէինք կարող և չէինք ուզում ապրել երկակի կյանքով՝ հեռացնել քեզ իրական կյանքից, որ ստեղծվում էր ոչ առանց մեր մասնակցության, և կառուցել արհեստական կյանք քեզ համար, որով մենք կարող էինք հակադրվել ինքներս մեզ։

Մենք փորձում էինք առանձնացնել այն հարաբերությունները, որոնք մեզ համար դարձել էին ընտանիքում անձի դաստիարակության ցանկալի ծրագիր.

  • մարդկանց հանդեպ՝ բարեհոգի, կարեկցող
  • կյանքի հանդեպ՝ ուրախ, ստեղծական
  • աշխատանքի հանդեպ՝ անհրաժեշտ ստեղծագործական
  • իրականության հանդեպ՝ բարենորոգչական
  • սեփական պարտքի հանդեպ՝ պատասխանատու
  • ինքդ քո հանդեպ՝ պահանջկոտ
  • ծնողների և հարազատների հանդեպ՝ խնամքոտ
  • ընկերների հանդեպ՝ անձնվեր։

Մենք առանձնացրել էինք կյանքի այն հիմնական սկզբունքները, որոնք նպատակ ունեինք ուսուցանելու քեզ՝ ոգեղենություն, արդարամտություն, ինքնուրույնություն, ընկերասիրություն, ազնվություն, հաստատակամություն, առաքինություն, անմիջականություն, խիզախություն։

Երբ որոշում էինք ընտանիքում քո դաստիարակության այս հնարավոր ուղղությունները, երկար խորհեցինք ահա թե ինչի վրա․ առաջնորդվո՞ւմ ենք արդյոք մենք ինքներս մեր ամենօրյա կյանքում այս սկզբունքներով։ Այնժամ տատիկը կեսկատակ, կեսլուրջ ասաց մեզ․ «Դուք ստիպված կլինեք դաստիարակել ձեր տղային ու միաժամանակ նաև ձեզ»։ Մենք դա ընդունեցինք ողջ պատասխանատվությամբ։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский