Հանրային քննարկումներ, թե՞․․․

Այս թեմային անդրադարձը, կարծում եմ, կարևոր է։ Կարևոր է խոսելը, կարծիք արտահայտելը։ Եթե մենք առաջընթաց, կրթական հեղափոխություն ենք ուզում, նախ պետք է խոսել սովորենք, խոսել հիմնավորված, փաստացի, չվախենալ այլ կարծիք արտահայտելուց։ Հենց կարծիքների բացակայությունը, դրանք չկարևորելն ու չհրահրելն է ստեղծել մերօրյա կրթական փակ իրականությունը։

Ինչ ասել է հանրային քննարկում և ում համար են նախատեսված հանրային քննարկումները

Վերջին երկու տարում կրթության ոլորտում ակտիվացավ հանրային քննարկումների մշակույթը․ կարծում եմ՝ սա դրական փաստ է և պետք է արձանագրել, սակայն փաստը մնաց փաստ՝ մարդկանցից, իրականությունից հեռու, ու այդպես էլ դրա կազմակերպումը տեսանելի չդարձավ։ Էդպես էլ չհասկացվեց, թե ովքեր պետք է մասնակցեն այդ քննարկումներին․ կա՞ տվյալ քննարկման մասնակիցների թիրախային խումբ, որոնց համար մասնակցությունը պարտադիր է, աշխատանք է։ Կա՞ն անկախ փորձագետներ (այս դեպքում միջազգային մի քանի կառույցներին ի նկատի չունեմ), ովքեր կարծիք են գրում, բացատրում, ներկայացվող նյութին տարբեր կողմերից նայում։ Որտե՞ղ են կրթության կազմակերպիչների՝ այս դեպքում տնօրենների, փոխտնօրենների կարծիքները (հանրակրթության մասին եմ խոսում), ինչո՞ւ կրթության կազմակերպիչների համար քննարկումներ չեն կազմակերպվում։ Ինչպե՞ս են ներկայացվող ծավալուն նյութերը յուրացնում ուսուցիչները։ Ինչպե՞ս են փոփոխությունների հեղինակները հանդես գալիս, ինչո՞ւ հանդես չեն գալիս, պարզաբանում, ներկայացնում փոփոխությունները։ Դրանք շատ հաճախ պարզաբանումներ ենթադրող փոփոխություններ են։ Մենք ուզո՞ւմ ենք, որ քննարկումներն իրոք կայանան։ Կասկածում եմ։ Չեմ տեսնում վերը նշածս բաղադրիչներից ոչ մեկը, մենք ուզում ենք ներկայացնել փոփոխություն, բայց էդպես էլ դրա համար պատասխանատվություն չկրել՝ չներկայացնել մշակման հեղինակներին, գրախոսներին, մշակումը որպես գործիք իրականացնել պատրաստվող խմբերին։ Մարդն ու մարդկային գործոնը կարևորված չեն, առաջ չեն քաշվում։

Օրենքում փոփոխությունները կարևոր են, պարզ է, աշխարհը, մարդը զարգանում են, ըստ այդմ փոխվում է նաև կրթական համակարգը, փոխվում է աշխատելով ու աշխատանքում։ Դուրս են մղվում չաշխատող կետերը, նշվում դրականը, դրա վրա կառուցում զարգացումը, ուսումնասիրվում է փորձը։ Այդպես չէ՞։

Ո՛չ, ցավոք այդպես չէ։ Հատկապես կարևոր են ու խրախուսելի հանրային այս բաց քննարկումները, կրթական գործընթացում ներգրավված կողմերին լսելն ու քննարկումների հրավիրելը, առաջարկները լսելը։ Կա e-draft-ը, որտեղ հրապարակվում են նախագծերը, ճիշտ է, բայց եթե իսկապես ուզում ենք, որ քննարկվի, պետք է դա կազմակերպել՝ կարևորել-ուղարկել անհատների, խմբերի, ակտիվ քննարկումներ հրահրել բաց ու կոնկրետ հրավերներով՝ ասուլիս, կլոր սեղան, տարբեր խմբերի կարծիքների հատուկ ներկայացում և այլն։ Որոշ աշխատողների համար պետք է սա դիտարկել որպես աշխատանքի մի մաս, մյուս մասի համար՝ լրացուցիչ աշխատանք, ինչ-որ խմբի համար՝ պատվեր, որ մարդիկ կարևորեն, առաջ գան, խոսենք, քննադատեն։ Իրականում դրանից նախագծերը կշահեն, որքան շատ մարդիկ կարդան, խոսեն, այնքան հարցեր առաջ կքաշվեն, բացեր կլրացվեն, ձևակերպումներ կփոխվեն։ Սա՞ չենք ուզում։

Հրապարակված, փաստարկված կարծիքների բարձրաձայնման, թիրախային կոնկրետ խմբերի ներգրավման, կրթության գործում ներառված բոլոր կողմերի յուրացումը ապահովելու, կարծիք գրելու պարտադրող-հրահրողը պետք է դառնան հանրային քննարկումները։ Այլապես՝ անունը կա, ինքը չկա։

Հանրային քննարկումների ժամկետների, արդյունքների ամփոփման մասին

Հանրային քննարկումների ժամկետներն իրատեսական չեն․ այդ ժամկետներում անհնար է, ընթացիկ աշխատանքին զուգահեռ, յուրացնել այդ ծավալուն փաստաթղթերը։ Հանրակրթության բնագավառում կարևոր փաստաթղթեր են ներկայացվում քննարկման այն փուլում, երբ դպրոցներում ավարտական, քննական, ընդունելության, ամփոփումների փուլ է, ու այդ ոլորտի աշխատակիցները գերզբաղված են։ Մենք չգիտե՞նք սրա մասին, իհարկե գիտենք։

Քննարկումները ենթադրում են արդյունքների ամփոփումներ, վերլուծություն, պարզաբանումներ։ Եթե դիտարկենք միայն այն, որ հանրային քննարկումները նախատեսված են «կողմ եմ-դեմ եմ» կոճակ սեղմելու համար, բա ի՞նչ են լինում այդքան դեմ ձայները․ փաստաթղթերի մեծ մասում դեմ կոճակն է գերակշռում, հետո՞։ Որևէ պարզաբանում կա՞, չկա՛, հետևել եմ։

Հանրային քննարկումը կարող է իրոք հանրային դառնալ, եթե կան հստակ ցուցանիշներ, ուսումնասիրություն, ու դա ներկայացվում է հանրությանը։ Ինչո՞ւ է արվում տվյալ փոփոխությունը, ո՞ր ուսումնասիրությունների հիման վրա, ի՞նչ ցուցանիշների, ինչպե՞ս ու ի՞նչ սկզբունքով է ձևավորվում տվյալ օրինագծում փոփոխությունների լրամշակված փաթեթ առաջարկող հանձնաժողովը, ուզո՞ւմ ենք, կարևորո՞ւմ ենք, որ ուսուցիչներ մասնակցեն։

Ներկայացված վերջին փաստաթղթեը կարդալով` մի միտում եմ նկատում. մշակողները կտրված են դպրոցից ու իրական հանրակրթական խնդիրներից։ Ուսուցիչներին ներկայացվող պահանջներն այնքան անիրատեսական ու փակուղային են, որ կհանգեցնեն նրան, որ դպրոցում ուսուցիչները թիվը կնվազի, ու կունենաք անուսուցիչ դպրոցներ։ Առանց այն էլ հիմա խնդիր ունենք. ուսուցչի աշխատանքը գրավիչ չէ, վարկանիշ չունի, երիտասարդները դպրոց չեն ուզում մտնել։ Մենք գնում ենք անընդհատ քննելու ուղղությամբ, բայց պիտի գնայինք խրախուսելու, առաջ քաշելու, մշակելու, հեղինակելու ուղղությամբ։ Միայն այդպես կարելի է ապահովել ուսուցչի զարգացումը։ Ուսուցիչները կարդացե՞լ են, ասենք, տարակարգերին ներկայացվող պահանջները, իրատեսակա՞ն են համարում դրանք։ Ինչպե՞ս են ներկայացված մշակումները մեկնաբանվում, բացատրվում։ Այս կարևոր աշխատանքային փուլը բաց է։

Իրականում այդ «կոճակի սեղմումը» կարևոր էլ չէ, կոճակն առանց կարդալու էլ կարելի է սեղմել, էստեղ վերը նշածս խմբերի կոնկրետ աշխատանքն է կարևոր, գրավոր կարծիքները, վերլուծությունները։ Հանրային քննարկումները իրոք կարևոր կդառնան, եթե այս մեխանիզմով աշխատեն։ Հակառակ դեպքում՝ սրանց իմաստը չեմ տեսնում, դե կփոխվեն ինչ-որ բաներ, հետո կպարտադրվեն, մարդիկ էլ կանեն կամ չեն անի, ինչպես միշտ է եղել։ Մենք անում ենք այնպես, ինչպես միշտ։ Մեզ մտածող, հակադրվող ու կարդացող մարդիկ պետք չեն երևի։

Ներկայացնում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցիչների, սովորողների արձագանքներից մի քանի փաթեթ․

Դպրոցների ղեկավարների արձագանքները․

 

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский