Ուսուցման կազմակերպում. խնդիրներ

Տարիներ շարունակ ականատես ենք լինում կրթական համակարգում կատարված ու կատարվող փոփոխությունների, լսում դրանց մասին: Ճի՞շտ են լինում դրանք, թե՞  ոչ, կենսունա՞կ  են, թե՞  ոչ. խոսքն այս պահին ամենևին էլ այդ մասին չէ: Ուղղակի մի բանում վստահ եմ. ուսուցման կազմակերպման մեջ փոփոխություն կարող է կատարել միայն դասավանդողը՝ ելնելով հասարակության զարգացումից, նրա կյանքում կատրավող փոփոխություններից, կրթական ծրագրի զարգացումից, կոնկրետ իրավիճակից, իր աշխատանքային փորձից: Սա կրթահամալիրում տեսնում ենք անընդհատ, որտեղ դասավանդողին՝ որպես նախաձեռնողի, ազատ մտածողի, ստեղծողի, տրված են բոլոր հնարավորությունները՝ փորձի փոխանակում, նորարարություն, խրախուսում, քննարկում, տարածում: Այստեղ է երևում յուրաքանչյուրիս ստեղծականությունը, ուսուցման գործընթացում առաջացած հակասությունները ճիշտ հասկանալու ու գնահատելու, դրանք վերլուծելու կարողությունը:

Ուսումնական գործընթացի փոփոխվում է՝ կապված ուսուցանվող նյութի, ուսուցման նպատակների, մեր առջև դրված խնդիրների, դրանց լուծման ուղիների հետ: Այդ ընթացքում ցանկացած անհաջողություն կապված է ուսումնական գործընթացի ոչ ճիշտ կազմակերպման հետ: Տարբեր ունակությունների, կարողությունների, տարբեր նախասիրություններ ունեցող 20-25 սովորողի ներկայությունը հաճախ խանգարում է առանձին սովորողների ստեղծագործական մտածողության զարգացմանը: Ու ստիպված ենք լինում, հաճախ մեր կամքից ու ցանկությունից անկախ, աշխատանքները կազմակերպել «միջին» սովորողին համապատասխան: Իսկ արագ մտածող, արագ աշխատող սովորողի համար ամեն ինչ անհետաքրքիր է դառնում: Կատարվող աշխատանքը անհաղթահարելի է դառնում նաև  մի փոքր ցածր ընդունակություններ ունեցող սովորողի համար: Ի՞նչ է ստացվում. և՛ ուժեղը, և՛ թույլը չեն ստանում այն հնարավորը, ինչ կարող էին: Ու տրտնջում ենք: Բոլորս: Բարձրաձայն կամ… Սակայն ստեղծված իրավիճակում (լավ վերլուծելու դեպքում) բոլորս էլ վստահ ենք՝ դժվար  է սովորողին «մեղադրել» այլ գործով (բոլորիս ծանոթ) զբաղվելու, կարգապահական խախտում թույլ տալու համար:

Իհարկե, այլ գործոններ էլ կան.

  • առաջադրանք ընտրած և չընտրած սովորողների «համակեցություն»
  • ներկա գտնվելու և չաշխատելու հնարավորություն
  • այլ գործով զբաղվելու հնարավորություն
  • պատասխանատվության պակաս:

Ի՞նչ եմ անում

Նախօրոք սովորողներին ուղարկում եմ առաջիկա դասերի համար նախատեսված աշխատանքները՝ հարցադրումներով, պահանջներով, կատարման չափորոշիչներով, ժամկետներով:

Աշխատանքի որակի բարձրացման երաշխիքը շահագրգիռ ինքնուսուցումն է: Սովորողներին բաժանում եմ խմբերի (4-5 հոգի յուրաքանչյուր խմբում): Խումբը ձևավորվում է՝ հաշվի առնելով սովորողների հնարավորություններն ու ցանկությունները: Անհատական կամ խմբային աշխատանքի ավարտից հետո հանձնարարում եմ իրականացնել ինքնաստուգում՝ օգտվելով աշխատանքի լուծման տարբերակից, համացանցից, այլ աղբյուրներից:

Սովորողին հնարավորություն է ընձեռվում իր աշխատանքը մեկ անգամ էլ վերանայելու, բացթողումը գտնելու, շտկում-ուղղումներ կատարելու ու, վերջապես, ինքն իրեն գնահատելու:

Վերջնական գնահատականը ձևավորվում է՝ չափանիշ ունենալով սովորողի ինքնագնահատականը: Համաձայնվե՛ք, որ այսպես ճիշտ է: Եթե սովորողը աշխատել է, այնուհետև կարողացել ինքնուրույն գտնել իր բացթողումները, կատարել է ճշտումներ, նա արժանի է բարձր գնահատականի:

Իսկ եթե չի նկատել թերացումները, ճշտումներ չի կատարել, անկախ իր նշանակած ինքնագնահատականից, նրա գնահատականի նիշն իջնում է:

Սա, ըստ իս, ընթացիկ գնահատման ուսուցանող, ոգևորող, խրախուսող ձև է:

Որո՞նք են առավելությունները

  • աշխատանքում բոլորի ներգրավվելը
  • սեփական աշխատանքը վերանայելը
  • ինքնուրույն մտածողության զարգանալը
  • անկախ կարծիք արտահայտելը
  • սեփական տեսակետը պաշտպանելը

Իսկ ես աշխատանքային պրոցեսում պետք է ավելի զգոն և ուշադիր լինեմ, որպեսզի կարողանամ ճիշտ կազմակերպել  սովորողների հետ անհատական աշխատանքը: Փորձով համոզվել եմ, բոլորին միևնույն հանձնարարությունը տալու դեպքում սովորողները, դիմելով ավելի հեշտ ձևի, ինքնուրույն աշխատանք հիմնականում չեն կատարում:

Իսկ ինքնուրույն հետազոտելը, նոր արդյունք ստանալը, անհայտի բացահայտելը, տարբեր սկզբնաղբյուրներից  նյութերի ձեռքբերումը, խմբավորումն ու դասակարգումը, «ինչուներ»-ի եւ «ինչպեսների»-ի բացահայտումը նպաստում են կարողությունների ամրապնդմանը, զարգացնում են հետազոտական հմտություններ, հետաքրքրություն են առաջացնում ուսման նկատմամբ:

Հնարավոր է՝ այսպես ստացված գիտելիքը մոռացվի (ինչպես ցանկացած դեպքում), բայց կմնա մի շատ կարևոր բան, կարևոր ձեռքբերում-նվաճում՝ ինքն իրեն գնահատելու, ճիշտ գնահատելու, սեփական ուժերին հավատալու,  արժևորելու կարողությունը:

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский