Դարձ
Primary tabs
«Դպրոցական տառապանք»
Սկիզբը
Նախորդ հատվածը
Մայրը բարկացած է որդու վրա. այս տղան ունի ամեն ինչ և ոչինչ չի անում, այս տղան ոչինչ չի անում, բայց ամեն ինչ ուզում է, այս տղայի համար արել ենք ամեն ինչ, բայց նա երբեք չի… ոչ մի անգամ, հասկանու՞մ եք: Մայր կա, որ նույնիսկ տարին մեկ անգամ գոնե մեկ ուսուցչի չի հանդիպում, և կա նաև մայր, որ բոլորին հանդիպում է: Կա նաև մայր, որ զանգահարում է միայն այն բանի համար, որ այս տարի ևս իրենց ազատեն այն տղայից, որի մասին չեն ուզում լսել մինչ հաջորդ տարին՝ նույն օրը, նույն ժամը: Ասում է. «Տեսնենք ինչ կլինի հաջորդ տարի, իհարկե, պետք է նրա համար նոր դպրոց գտնենք»: Կա նաև մայր, որ վախենում է հոր ռեակցիայից «Վերջ, այս անգամ ամուսինս դրան չի դիմանա» (գնահատականների մեծ մասը ամուսնուց թաքցնում էին)… Կա մայր, որ չի հասկանում իր այս տղային, որն այդքան տարբեր է մյուսից: Սրան ջանում է նույնպես շատ սիրել և իր ամբողջ ուժով ձգտում է լինել լավ մայր իր երկու որդիների համար: Մայր էլ կա, որ, ընդհակառակը, ընտրում է հենց այդ մեկին («այնուամենայնիվ, նրան եմ ամբողջ հոգիս տալիս»), իհարկե, նրա եղբայրների ու քույրերի հաշվին: Նրա օգտագործած բոլոր հնարավոր ռեսուրսները՝ սպորտ, հոգեբանություն, լոգոպեդիա, հոգու և մտքի ուսմունք, վիտամիններ, ռելաքսացիա, հոմեոպաթիա, ընտանեկան և անհատական թերապիա, ապարդյուն են եղել: Կա մայր, որ ամբողջությամբ տարված է հոգեբանությամբ և բացատրություն տալով ամեն ինչին՝ զարմանում է, որ ոչ ոք չի կարողանում գտնել ճիշտ լուծումը. ինքն է միակը ողջ աշխարհում, որ հասկանում է իր տղային, աղջկան, նրանց ընկերներին, և իր հոգու հավերժական երիտասարդությամբ («պետք է միշտ երիտասարդ մնալ, չէ՞») զարմանում է, որ աշխարհն այսքան ծերացել է, և այսքան անկարող հասկանալու երիտասարդներին: Կա մայր, որ լաց է լինում, զանգում և լուռ արտասվում է, ներողություն խնդրում իր արցունքների համար… վշտի, անհանգստության և ամոթի խառնուրդ: Ճիշտն ասած, բոլորն էլ մի փոքր ամաչում են, և բոլորն էլ անհանգստանում են իրենց տղայի ապագայի համար. «Բայց ի՞նչ է նա դառնալու»: Մեծ մասը ապագան պատկերացնում է որպես ներկայի պրոյեկցիա ապագայի կպչուն կտավի վրա: Ապագան մի պատ է, որի վրա արտացոլվում են անհույս ներկայի չափազանց մեծ պատկերները. ահա դա է բոլոր մայրերի մեծագույն վախը:
3
Նրանք չեն պատկերացնում, որ դիմում են իր սերնդի ամենաերիտասարդ սեյֆ բացողին, ու որ եթե ապագայի մասին իրենց պատկերացումները հիմնավորված լինեին, ես հեռախոսի մոտ նստած նրանց լսելիս չէի լինի, այլ բանտում՝ ոջիլ հաշվելիս, վերջինս կհամապատասխաներ այն ֆիլմին, որը խեղճ մայրս պետք է ցուցադրեր ապագայի էկրանի վրա, երբ իմանար, որ իր տասնմեկ տարեկան տղան թռցրել է ընտանեական խնայողությունները:
Այնուհետև, ես փորձում եմ նրանց ծիծաղեցնել:
- Գիտե՞ք Աստծուն ծիծաղեցնելու միակ ձևը:
Գծի մյուս ծայրին ոչ մի պատասխան:
- Պատմեք նրան ձեր ծրագրերի մասին:
Այլ կերպ ասած՝ խուճապի մի́ մատնվեք, նախատեսված ոչ մի բան չի իրականանում, սա միակ բանն է, որ մեզ սովորեցնում է ապագան՝ անցյալ դառնալով: Իհարկե դա բավական չէ, դա մի կպչուն սպեղանի է վերքի վրա, որն այդքան հեշտ չի սպիանում, բայց ինձ հեռախոսից բացի ուրիշ տարբերակ չի մնում:
4
Հանուն արդարության ասեմ, որ ինձ զանգում էին նաև լավ երեխաների ծնողները, օրինակ հետևողական մի մայր, որը փնտրում է լավագույն նախապատրաստական դասարան, այնպես, ինչպես իր երեխայի ծնվելուց անմիջապես հետո փնտրել էր լավագույն մանկապարտեզը, և վստահ է, որ ես այդ հարցում փորձառու եմ. կամ էլ մի մայր, որ եկել է մեկ ուրիշ երկրից, նրա առաջին էմիգրացիան է, ու նա մեր շենքի հսկիչն է, ու նա իր դստեր մեջ հայտնաբերել է տարօրինակ ունակություններ. նա իրավացի է, փոքրիկը պետք է շատ երկար սովորի, այստեղ ոչ մի կասկած չկա, նա մեծանում է որպես ապագա ուսուցիչ, նա կարող է նույնիսկ ընտրություն կատարել տարբեր առարկաների միջև (իրականում հիմա նա ավարտում է իրավաբանական ֆակուլտետը): Եվ հետո կա նաև Վերկորսի գյուղատնտես պարոն Լ. Մ., որին գյուղի ուսուցչուհին կանչել էր՝ նկատելով վերջինիս տղայի շշմեցնող արդյունքները:
– Նա ինձ հարցնում է, թե ես կուզեի, որ նա ինչո՞վ զբաղվեր հետագայում:
Նա իմ կենացն է խմում.
- Այնուամենայնիվ դուք՝ ուսուցիչներդ, ծիծաղելի եք ձեր տված հարցերով:
- Եվ ի՞նչ. դու նրան ի՞նչ պատասխանեցիր:
- Ինչ ես ուզում, որ ես պատասխանեի, չէ՞ որ ես հայր եմ: Առավելագույնը՝ հանրապետության նախագահ: Բայց կա նաև լրիվ հակառակ երևույթը. նույնպես հայր՝ հավաքարար, որը ցանկանում է ամբողջովին կրճատել իր տղայի դասերը, որ նրան տեղավորի աշխատանքի, որպսզի վերջինս անմիջապես սկսի գումար վաստակել (ևս մեկ աշխատավարձն ընտանիքին չէր խանգարի): Այո՛, բայց ահա տղան ուզում է ուսուցիչ դառնալ, տարրական դասարանների ուսւոցիչ, ինչպես որ ասում էին մի ժամանակ, և համարում եմ, որ դա լավ միտք է, ես ինքս կցանկանայի, որ այդ տղան մտներ դասավանդման ոլորտ, այդ տղան, որն այդքան կենսուրախ է և այդքան ցանկություն ունի աշխատելու, եկեք խոսենք, քննարկենք, չէ՞ որ խոսքը այս ապագա գործընկերոջ ապագա աշակերտների երջանկության մասին է:
Հենց այսպես էլ ես սկսում եմ հավատալ ապագային ՝ վստահելով պետական դպրոցին: Հենց այս դպրոցն է, որ կրթել է հորս, և այսօր՝ իննսուն տարի անց, այս տղան շատ նման է օռիլակցի փոքրիկ կորսիկացուն, ինչպիսին որ հայրս եղել է մոտ 1913թ.-ին, երբ նրա ավագ եղբայրը սկսել էր աշխատել, որպեսզի իր կրտսեր եղբորը միջոց և հնարավորություն ընձեռեր պոլիտեխնիկական ինստիտուտ ընդունվելու համար:
Եվ հետո ես իմ ամենաակտիվ աշակերտների և ընկերների մեջ միշտ խրախուսում էի ուսուցիչ դառնալու ցանկությունը: Ես միշտ մտածել եմ, որ դպրոցը նախևառաջ ուսուցիչներն են: Ո՞վ ինձ փրկեց հենց դպրոցից, եթե ոչ երեք-չորս ուսուցիչ:
5
Մեկ ուրիշ հայր բարկացած, կատեգորիկ կերպով ինձ վստահեցնում է.
- Տղաս հասուն չէ:
Երիտասարդ մի տղամարդ՝ իր հին կոստյումի մեջ խցկված: Աթոռի վրա ուղիղ նստած՝ նա հայտարարում է, որ իր տղան հասուն չէ: Սա փաստի արձանագրում է: Սա ոչ հարց է պահանջում, ոչ էլ մեկնաբանություն: Սա պահանջում է վերջնական լուծում: Այնուամենայնիվ, ես հարցնում եմ վերը նշված տղայի անունը:
Պատասխանը հաջորդում է անմիջապես.
-Արդեն տասնմեկ տարեկան է:
Ես այսօր ֆորմայի մեջ չեմ: Երևի վատ եմ քնել: Ես ճակատս առնում եմ ափերիս մեջ, որպեսզի վերջնականապես Ռասպուտինի տոնով հայտարարեմ.
- Կա լուծում:
Նա հոնքերը բարձրացնում է: Բավարարված հայացք: Հաճելի է գործ ունենալ պրոֆեսիոնալի հետ: Եվ ուրեմն ո՞րն է լուծումը:
Ես նրան տալիս եմ լուծումը.
- Սպասեք:
Նա գոհ չէ. զրույցն այլևս չի կարող շարունակվել:
- Տղան այնուամենայնիվ չի կարող իր ժամանակը միայն խաղալով անցկացնել:
Հաջորդ օրը ես այդ նույն հորը հանդիպում եմ փողոցում: Նույն կոստյումը` նույն ձգությամբ և նույն դիպլոմատը: Բայց նա ինքնագլորով է գնում: Երդվում եմ, որ դա ճիշտ է:
6
Ոչ մի ապագա:
Երեխաներ, որոնցից ոչինչ դուրս չի գա: Հուսահատ երեխաներ:
Դպրոցական, հետո քոլեջի սովորող, հետո լիցեի` ես հստակ պատկերացնում էի, որ այդպիսին կլինեմ՝ առանց ապագայի: Դա հենց ամենաառաջին բանն է, որ վատ սովորող աշակերտը փորձում է իրեն համոզել:
- Նման գնահատականներով, ի՞նչ հույս կարող ես ունենալ:
- Դու կարծում ես, որ կփոխադրվե՞ս վեցերորդ դասարան (հինգերորդ, չորորդ,երրորդ, երկրորդ,առաջին դասարաններ...):
- Ի՞նչ եք կարծում, քանի՞ տոկոս է ձեր՝ ավարտական քննություն հանձնելու հավանականությունը: Ինձ հաճույք պատճառեք, ինքներդ հաշվեք ձեր հնարավորությունները տոկոսով. և քանի՞:
Կամ էլ քոլեջի տնօրենի այս ուրախ բացականչությունը.
- Ատեստա՞տ, դո՞ւք Պենակիոնի: Դուք այն երբեք չեք ստանա, դուք ինձ լսո՞ւմ եք: Երբեք:
Նա ուրախությունից թպրտում էր:
Ամեն դեպքում, ես քեզ նման չեմ դառանա, ծե՛ր խելառ: Ես երբեք ուսուցիչ չեմ դառնա, սարդ, որն իր սեփական սարդոստայնի մեջ է խճճված, թիապարտների հսկիչ` նստած գրասենյակում մինչ կյանքիդ վերջը: Երբեք: Մենք՝ աշակերտներս, անցողիկ ենք, իսկ դուք՝ մնայուն: Մենք ազատ ենք, իսկ դուք` ցմահ բանտարկված եք: Մենք՝ վատ սովորող աշակերտներս, ոչ մի տեղ չենք հասնի, բայց մենք առնվազն գոնե կգնանք մի ուղղությամբ: Այդ դասարանը չի դառնա մեր կյանքի հավերժական բանտը:
Արհամարհանքը` արհամարհանք, բայց ես հաճախ կառչում էի խղճուկ մտքից. «Մենք անցնում ենք, ուսուցիչները մնում են»: Դրա մասին դասարանի պատերի տակ շատ հաճախ խոսում էին աշակերտները: Ծույլիկները սնվում են բառերով:
Այն ժամանակ ես նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ ուսուցիչներն իրենք էլ ունեն հավերժական լինելու զգացումը. անընդհատ միևնույն դասը կրկնել՝ անընդհատ փոփոփվող դասարանների առաջ, տետրերի ամենօրյա բեռի տակ կորանալ (նույնիսկ Սիզիփոսին հնարավոր չի երջանիկ տեսնել տետրերի կապով), ես չգիտեի, որ միապաղաղությունը առաջին պատճառն է, որ վկայակոչում են ուսուցիչները, երբ որոշում են թողնել իրենց մասնագիտությունը, ես չէի էլ կարող պատկերացնել, որ նրանցից ոմանք իսկապես տանջվում են այն բանից, որ իրենք ստիպված են այնտեղ նստած մնալ, մինչ իրենց աշակերտները գալիս են ու գնում: Ես չգիտեի նաև, որ ուսուցիչները մտահոգվում են իրենց ապագայով՝ աշխատանքի համար մրցույթում հաղթել, թեզը ավարտել, համալսարանում անցնել գործի, զբաղվել գիտությամբ, ճամփորդել, տրվել նորարարաությանը, գործունեության ձևը փոխել, վերջապես ազատվել այն անդեմ պզուկոտ և վրիժառու էակներից, որոնք թղթի ձայն են հանում, ես չգիտեի, որ եթե ուսուցիչները չեն մտածում իրենց ապագայի մասին, ուրեմն մտածում են իրենց երեխաների ապագայի, բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու մասին: Ես չգիտեի, որ ուսուցիչների գլուխը լցված է ապագայի մասին մտքերով: Ես կարծում էի, որ նրանք միայն մի բանի մասին են մտածում. թե ինչպես ապագաս արգելեն: Անապագա մարդ: Դրա մասին բազմիցս լսելով՝ անապագա կյանքի մասին բավականին հստակ պատկերացում էի կազմել: Չեմ ասում, թե այնտեղ ժամանակը կանգ է առել, կամ էլ ապագա գոյություն չունի, ոչ, ուղղակի ես այդ ապագայում այնպիսին էի, ինչպես որ ներկայում եմ: Իհարկե, ոչ նույնը, ոչ այնպես, ասես ժամանակը չի թռել, այլ ասես տարիներն անցել են առանց իմ մեջ որևէ բան փոխելու և ասես ապագաս սպառնում էր ահավոր նման լինել ներկայիս: Այնուամենայնիվ, ինչի՞ց էր բաղկացած ներկաս: Սեփական ոչնչությանս զգացումից, որը գալիս էր ողջ անցյալիցս: Ես աննշան դպրոցական էի և ուրիշ ոչ մի բան էլ չեմ էլ եղել: Իհարկե, ժամանակը կանցներ,իհարկե, ես կզարգանայի, կյանքումս որոշակի իրադարձություներ տեղի կունենային, բայց ես այդ ամենի միջով կանցնեի՝ երբեք որևէ արդյունքի չհասնելով: Ես դրանում վստահ էի, քանի որ ես այդպիսին էի: Որոշ երեխաների հնարավոր է շատ արագ դրանում համոզել, և եթե չկա մեկը, որ նրանց տարհամոզի, նրանց մեջ զարգանում է պարտության կիրքը, քանի որ առանց կրքի հնարավոր չէ ապրել:
Թարգմանություն ֆրանսերենից
Լուսանկարի աղբյուրը
- Բացվել է 1571 անգամ