Անընդհատ սերտել ու անընդհատ քննությո՞ւն տալ

Վերջին տարիների ընթացքում անգլիական The Telegraph էլեկտրոնային պարբերականը ուսումնասիրել է տարբեր երկրներում կայացած և հաջողված  կրթական համակարգերը` պարզելու, թե որն է տվյալ երկրում կրթական հաջողությունների խթանող ուժը, և ուշագրավ հետևություններ է արել: Ավելի ամբողջական ներկայացնելու համար ուսումնասիրել եմ նաև այլ աղբյուրներ, բացի նշված պարբերականում հրապարակված նյութերից: Ուսումնասիրության շեշտը հիմնականում դրվել է տարբեր երկրների  հանրակրթական դպրոցներում սովորողների գիտելիքների և կարողությունների ստուգման (քննությունների) ձևերի  ու պարբերականության վրա: Նշված բոլոր երկրներում էլ կրթությանը մեծ ուշադրություն է դարձվում, և հաջողություններն էլ առկա են: Բայց ո՞ւմ փորձն է ուսանելի մեզ համար. այս է  խնդիրը:

Կրթությունը Ֆինլանդիայում

Հարիեթ Ալեքսանդրը գրում է, որ շատ բրիտանացի ուսուցիչների համար չափազանց դժվար է Ֆինլանդիայի գործընկերների մասին պատմող նյութերի ընթերցումից առաջացած լարվածությանը դիմանալը:  

Ֆինլանդիայում մինչև երեխայի երեք տարեկան դառնալը երեխայի ծնողներից մեկին պետությունը բավականաչափ նպաստ է վճարում, որպեսզի նա կարողանա լիարժեք կերպով զբաղվել երեխայի խնամքով: Երեք տարեկանից հետո երեխաներին կարելի է ընդգրկել նախակրթարանային խմբերում, որտեղ յուրաքանչյուր 12 երեխայի հետ աշխատում են մեկ դաստիարակ և երկու դայակ: Նախակրթարանում որևէ գիտելիք չեն սովորեցնում. երեխաներն աշխարհը խաղալով են ընկալում:

Պարտադիր կրթությունը սկսվում է յոթ տարեկանում միայն ազգային ուսումնական պլանով: Ֆինլանդիայում չկան դպրոցական կրթությունը վերահսկող տեսուչներ, չկան դպրոցների վարկանիշային սանդղակներ, դպրոցներում քննություններ չեն անցկացվում մինչև սովորողների 16 տարեկան դառնալը: 40 տարի առաջ երկրում լայնածավալ կրթական բարեփոխումներ սկսելուց ի վեր երեխաներին չեն բաժանում ըստ ընդունակությունների, և ոչ էլ նրանք երեկոներն անցկացնում են իրենց դասերը սերտելով: Երկրում գոյություն չունի մասնավոր դասերի գործառույթ, և նույնիսկ մասնավոր դպրոցներում ապօրինի է համարվում ուսման վճարներ գանձելը: Մասնավոր դպրոցները պետությունից ստանում են դրամական նույնչափ աջակցություն, որքան պետական դպրոցները: Կրտսեր դպրոցի յուրաքանչյուր սովորողի վրա տարեկան ծախսվում է $7100:  Մասնավոր դպրոցը ծառայում է միայն այն նպատակին, որ որոշ մասնագետներ կարողանան դասավանդել իրենց նախընտրած այլընտրանքային դասագրքերով և ծրագրերով: Յուրաքանչյուր երեխա կրթվում է իր բնակավայրում գտնվող հանրակրթական դպրոցում: Նույնիսկ 15 տարեկանների համար տնային աշխատանքին չի կարող հատկացվել 30 րոպեից ավելի ժամանակ: Բայց սա չի նշանակում, որ սովորողներին որևէ հանձնարարություն չի տրվում: Մինչև 9-րդ դասարանը ներառյալ սովորողները պարտադիր երկարօրյա ռեժիմով են դպրոց հաճախում, որտեղ նրանց տալիս են անվճար երեքանգամյա սնունդ և կազմակերպվում է դասերի պատրաստում բարձրակարգ մասնագետների ղեկավարությամբ: Ուսուցչի մասնագիտությունը Ֆինլանդիայում ամենաբարձր վարձատրվողներից է (սկսնակ ուսուցչի աշխատավարձն սկսվում է $2500-ից) և այդ պատճառով էլ՝ ամենահեղինակավորներից մեկը: Ուսուցիչները, սկսած կրտսեր դպրոցից մինչև ավագ դպրոց, պարտադիր կերպով մագիստրոսի կրթական աստիճան պետք է ունենան, որպեսզի բավարարեն աշխատանքի ընդունվելու պահանջները: Երկրում առկա 17 համալսարանների գերազանց առաջադիմությամբ ավարտածների միայն 15%-ին է հաջողվում հաղթել մանկավարժի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներում:  Այսուհանդերձ, մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող մանկավարժների ներգրավվածությունը երկրի հանրակրթության մեջ դեռ բավարար պայման չէ Ֆինլանդիայի կրթական հաջողությունների համար: Ըստ մանկավարժ փորձագետ Ուելշի` Ֆինլանդիայի ուսուցիչներին և սովորողներին տալիս են անկախ գործելու ազատության մեծ չափաբաժին: Օրինակ, Հելսինկիում կարելի է յոթ տարեկան երեխային տեսնել ավտոբուսով միայնակ դպրոց գնալիս: Անձի անկախությունը շատ բարձր է գնահատվում Ֆինլանդիայում: Անընդհատ չեն ղեկավարում, ուղղորդում նրան:  Եթե որևէ երեխա ընկնում է սառույցի վրա, թողնում են, որ նա ինքը ոտքի կանգնի՝ ցուցաբերելով կամային հատկություններ: Սովորողները համազգեստ չեն հագնում և ուսուցչին անունով են դիմում: Նշված բոլոր հիմնավոր պատճառները և ընկերական, փոխադարձ հարգանքի, սիրո վրա հիմնված փոխհարաբերությունները հանգեցրել են Ֆինլանդիայի կրթական հրաշքին: Սովորողների առաջադիմության միջազգային գնահատման արդյունքներով (PISA - Programme for International Student Assessment) Ֆինլանդիան աշխարհում 12-րդ արդյունքն ունի մաթեմատիկայից, իսկ ընթերցելով հասկանալու կարողությամբ 6-րդն է, բնագիտական առարկաների գծով՝ 5-րդն է: Եվ սա այն երկրում, որտեղ առաջին անգամ քննություն են անցկացնում 16 տարեկանում: Կարևոր փաստ է նաև այն, որ ուսումնասիրությունները պարզել են, որ Ֆինլանդիայում ակադեմիապես ամենաուժեղ և ամենաթույլ սովորողների արդյունքների տարբերությունը ամենափոքրն է աշխարհում:

Ամբողջ աշխարհում կրթական ասպարեզի փորձագետները փորձում են պարզել, թե արդյոք հնարավո՞ր է ֆինների փորձը կիրառել իրենց երկրներում: Մանկավարժ փորձագետ Ուելշը այն կարծիքին է, որ ամեն ինչ հնարավոր չի լինի ընդօրինակել ֆիններից, քանի որ նրանց երկրում ընդամենը 5.5 մլն մարդ է ապրում` գրեթե բոլորն էլ նույն մշակույթի կրողներ: Բոլորովին այլ պատկեր է Մեծ Բրիտանիայում, որտեղ ներգաղթյալների պատճառով մշակույթների բազմազանություն է: Նույն պատկերն է նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում: Փորձագետ Ուելշն այն կարծիքին է, որ ֆինների նման պետք է ազատվել ընդհանրացված հարցաշարային նյարդայնացնող հաճախակի քննություններից:

Ֆինլանդիայի CIMO կրթական հաստատության տնօրեն Փասի Սալբերգը իր «Ֆիննական դասերը» գրքի ներկայացման մեջ գրում է, որ միայն Ֆինլանդիայի ուսուցիչների մասնագիտական բարձր մակարդակը և կրթության կազմակերպման ուրույն ձևը չէ, որ այս երկիրը դարձրել են կրթական առաջատար երկիր: Կրթության զարգացմանը մեծապես նպաստում է նաև այն, որ Ֆինլանդիայում իշխում է խորհրդարանական իրական ժողովրդավարությունը, ունի աշխարհում մրցունակ շուկայական տնտեսություն, տնօրենների և ուսուցիչների 95%-ը միաբանված են, այսինքն՝ խոսքները մեկ արած նույն մտահոգությամբ են աշխատում: Անգնահատելի մեծ դեր է կատարում նաև այն փաստը, որ Ֆինլանդիան բարեկեցիկ երկիր է, որի բնակչության 5,3%-ն է միայն համարվում աղքատ: Մնացած ամբողջ բնակչության տարեկան եկամուտների միջև եղած տարբերությունը ամենափոքրն է աշխարհում: Բայց Ֆինլանդիայի կրթական հրաշքի ամենահիմնավոր բնորոշումը կարդացի հանրագիտարանային «Կրթությունը Ֆինլանդիայում» հոդվածում. «Ֆիննական վաղ մանկության կրթությունը շեշտը դնում է յուրաքանչյուր երեխայի անհատականության վրա, որպեսզի նա զարգանա որպես եզակի անհատ: Կրտսեր դպրոցի մանկավարժները զարգացնում են երեխաների սոցիալական և հաղորդակցական կարողությունները, քաջալերում են նրանց ուշադրություն դարձնել ուրիշների կարիքներին և հետաքրքրություններին, հոգ տանել ուրիշների մասին, դրական վերաբերմունք ունենալ ուրիշ մարդկանց, մշակույթների, միջավայրների  նկատմամբ: Սովորողներին աստիճանաբար տրվող նոր հնարավորությունների նպատակն այն է, որ աճի նրանց ինքնուրույնությունը և անկախությունը, որպեսզի բոլոր սովորողները կարողանան իրենք իրենց համար հոգ տանել արդեն հասուն տարիքում, կարողանան որոշումներ կայացնել, որպեսզի արդյունավետորեն մասնակցեն հասարակական գործերին որպես քաղաքացիներ և ի վիճակի լինեն հասուն տարիքում էլ օգնելու ուրիշներին, եթե նրանք դրա կարիքն ունենան»: Այ թե որն է հիրավի մարդասիրական, հայրենասիրական, քաղաքացիական կրթությունը: Ամեն ինչ մարդկային է ու հասանելի: Ուշադրություն դարձրեցի՞ք: Ֆիննական կրթական հիմնական նպատակի ձևակերպման մեջ բացակայում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ լեզվամտածողությունը, հայրենասիրությունը, բարոյահոգեբանական հատկանիշները, գրագիտությունը և նման այլ, երեխայից շատ հեռու բաներ, որոնցով ձևակերպված է տարրական դպրոցի համար գրված մեր պետական կրթական չափորոշիչը

Ճապոնացի երեխաներն ստիպված են անընդհատ սերտել ու քննություն հանձնել, սերտել ու քննություն հանձնել:

Ի տարբերություն Ֆինլանդիայի՝ Ճապոնիայում երեխան դեռ նախակրթարանային տարիքից անընդհատ գիտելիքների ստուգման, քննությունների նյարդային իրավիճակների միջով է անցնում: Ամեն ինչ սկսվում է էլիտար մանկապարտեզներ հաճախելու իրավունք ձեռք բերելու համար նախատեսված հարցազրույցներին նախապատրաստելուց: Էլիտար մանկապարտեզներն ապահովում են էլիտար դպրոցների բաց դռներ: Չորրորդ դասարանում ճապոնացի երեխաները հանձնում են տարրական դպրոցն ավարտելու քննություններ, որոնք  համարվում են նրանց ապագա ամբողջ կյանքի ամենակարևոր քննությունները: Կրկնուսույցների գործառույթը շատ է կարևորվում հենց այս դպրոցական առաջին քննությունը հանձնելու համար: Միջին դպրոցի ավարտական քննության հաջողությունն ապահովում է ավագ դպրոցներում սովորելու իրավունքը, ինչն իր հերթին բացում է հեղինակավոր համալսարանների դռները: Այս ամենի արդյունքում բարգավաճող ընկերություններում լավ վճարվող աշխատատեղերն ապահովված են: Մի խոսքով՝ ճապոնացի երեխան ստիպված է 2-3 տարեկանից քննություններ հանձնելով պայքարել իր բարեկեցիկ ապագայի համար: 

Նիդեռլանդներ: Հաջողության գրավականը անընդհատ վարժանքի վրա հիմնված ուսուցումն է:

Բռունո Ուոթերֆիլդը մաթեմատիկա է դասավանդել արդեն 25 տարի, որից 17-ը՝ Նիդեռլանդներում, իսկ 8-ը՝ Շոտլանդիայում: Նա այն կարծիքին է, որ ուսուցման հոլանդական մեթոդը շատ նման է ասիական երկրներում (Ճապոնիա, Հարավային Կորեա) կիրառվող մեթոդին, որն է՝ վարժանք, վարժանք, վարժանք: Այնտեղ որքան հնարավոր է շատ թեստեր են լուծում, քննություններ հանձնում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին: Ստեղծականության վրա այնքան էլ ուշադրություն չեն դարձնում: Սովորողները մաթեմատիկայի տնային առաջադրանքները առցանց են անում և միշտ կապի մեջ են իրենց ուսուցիչների հետ: Դասավանդողը չի հանձնարարում վարժությունների և խնդիրների պարտադիր որոշակի քանակ: Սովորողները գրում են որքան, որ ուզում են: Քննությունների ընթացքում էլ նրանք չեն նյարդայնանում, քանի որ իրենց ամենօրյա սովորական գործունեությամբ են զբաղված:    

 

Իռլանդիա: Հոգևոր հովվի հոգածությունը բարձր է պահում կրթական մակարդակը:

Հարիեթ Ալեքսանդրը գրում է, որ աշխարհին Օսկար Ուայլդ և Ջեյմս Ջոյս տված  երկրի քաղաքացիները հպարտ են նաև նրանով, որ իրենց երկիրը գրագիտության մակարդակով 10-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, իսկ Եվրոպայում 2-րդն է Ֆինլանդիայից հետո: Այս երկրում Ֆինլանդիայի նման տարրական դպրոցի վերջում պաշտոնական քննություններ չկան, և միայն 15 տարեկանում են սովորողները հանձնում իրենց առաջին գրավոր քննությունները (որոշ առարկաներից էլ բանավոր հարցերի են պատասխանում, կամ էլ՝ նախագծեր անում) և ստանում են իրենց հիմնական կրթությունը հաստատող վկայականը:  

Լեհաստանի կոմունիստական անցյալից է, որ սովորողները գիտելիքի ծարավ են թվում:

Մեթյու Դեյը գրում է, որ Լեհաստանի դպրոցները արտաքինից շատ անշուք են, քանի որ դպրոցական գրեթե բոլոր շենքերը կառուցվել են կոմունիստական ժամանակաշրջանում, բայց այդ անշուք շենքերի ներսում աշխարհի ամենաառաջավոր կրթական համակարգերից մեկն է գործում: Թե որքան է Լեհաստանը հոգում իր երեխաների կրթության մասին, խոսում է այն փաստը, որ այս երկրի կրթության նախարարությունը ստեղծվել է 1773թ, որն ամենահինն է աշխարհում (Education in Poland, Wikipedia): 2014թ Լեհաստանի կրթական համակարգի վարկանիշը իր բարձրությամբ 4-րդն է եղել Եվրոպայում և 10-րդը աշխարհում:

2012-2013 ուսումնական տարվանից Լեհաստանում երեխաները սկսում են տարրական դպրոց հաճախել 6 տարեկանից՝ նախկինի 7-ի փոխարեն: Տարրական դպրոցը երկու փուլով է, որոնցից յուրաքանչյուրը տևում է 3 տարի: Առաջին փուլում առարկաներն ինտեգրված են, և մի ուսուցիչ է աշխատում երեխաների հետ ինչպես մեզ մոտ: Երկրորդ փուլում ուսուցումն արդեն առարկայական է, և տարբեր ուսուցիչներ են մտնում դասարան: 6-րդ դասարանցիները տարրական դպրոցն ավարտում են պարտադիր գրավոր քննություններով, որոնց հարցաշարերը համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Քննությունները հաջողությամբ հանձնած սովորողները տարրական դպրոցի ավարտական վկայականներ են ստանում:

Միջին դպրոցում ուսումնառությունը տևում է 3 տարի և ավարտվում է երեք քննություններով՝ հումանիտար, բնագիտություն և օտար լեզուներ:

 Սինգապուրում ավելի մեծ ուշադրության են արժանացնում ուսումնատենչ սովորողներին, քան միայն օժտվածներին:

Սինգապուրի կրթական համակարգը բարձր է գնահատվում աշխարհում` շնորհիվ PISA-ի բարձր արդյունքների, բայց ի տարբերություն Ֆինլանդիայի, որտեղ մինչև 16 տարեկան դառնալը սովորողը ոչ մի քննություն չի հանձնում, և սովորողներին էլ չեն առանձնացնում ըստ ընդունակությունների, Սինգապուրում կրթական ամբողջ համակարգը կազմակերպվում է տարբեր քննությունների միջոցով սովորողներին ըստ ընդունակությունների առանձնացնելու և կրթական գործընթացը, ուսումնական պարապմունքները միանման ակադեմիական ընդունակություններով ու կարողություններով կազմված դասարաններով կազմակերպելու վրա: Այս ձևով նրանք բոլոր սովորողներին հավասար հնարավորություն են տալիս իրենց գիտելիքների և կարողությունների զարգացման համար: Հատկանշական է, որ Սինգապուրի տնտեսության հիմքում նույնպես գործում է իրենց կրթական համակարգի սկզբունքը՝ յուրաքանչյուրին աշխատանք, պաշտոն է տրվում միայն ըստ ընդունակության և կարողությունների: Այս առումով բոլորն էլ գիտեն, որ արդարությունն է իշխում, և բոլորին էլ տրված են հավասար հնարավորություններ: Միգուցե իրենց կրթական համակարգի և տնտեսության կազմակերպման այս սկզբունքն է սինգապուրյան տնտեսական հրաշքի գաղտնիքը

Սինգապուրի կրթական համակարգը ներսից ավելի լավ ուսումնասիրելու համար Էնդրյու Լինֆորդը՝ մանկավարժ Սան Ֆրանցիսկոյից, 15 ամիս աշխատել է այդ երկրի  դպրոցներից մեկում՝ դասավանդելով անգլերեն և մաթեմատիկա: Նա գրում է, որ Սինգապուրում իրականացվում է դպրոցական քննությունների մի շատ խիստ համակարգ, որը սկսում է գործել սովորողների վաղ տարիքում: Նույնիսկ երրորդ դասարանում քննությունների միջոցով առանձնացնում են երեխաներին ըստ իրենց ընդունակությունների, որպեսզի հետագա ուսուցման մեջ ոչ ոք չտուժի: Վեցերորդ դասարանի վերջում սովորողները որակավորման քննություններ են հանձնում, որոնց արդյունքներով որոշում է կայացվում, թե տվյալ սովորողը ինչպիսի միջին դպրոցում է շարունակելու իր ուսումը: Այս որոշումը միջին դպրոցում սովորելու տարիներին հնարավոր է փոխել, որը շատ հազվադեպ է լինում: 10-րդ դասարանի վերջին սովորողները նորից քննություն են հանձնում, որի բովանդակությունը կախված է այն բանից, թե ինչպիսի միջին դպրոցի հետ գործ ունենք: Այս քննությամբ վերջնականապես որոշվում է, թե արդյոք սովորողը կարո՞ղ է իր ուսումը շարունակել համալսարանում, թե՞ պետք է բավարարվի միջին մասնագիտական կրթություն ձեռք բերելով:     

Օգտագործված աղբյուրները

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский