Կրթական բարեփոխում. ինչպես եմ պատկերացնում

Կրթական բերեփոխումները մեզանում կարծես լայն թափ են առնում: Հայաստանի առաջնակարգ մասնավոր դպրոցներում ներդրվում են միջազգային ծրագրեր, դասավանդողներին ներկայացվում են նոր պահանջներ, փոխվում են նրանց աշխատանքային պայմանները, հանրակրթական պետական դպրոցների ծրագրերն են փոխվում ու լրացվում, բայց սովորողի ու հանրության վերաբերմունքը դպրոցի նկատմամբ այդպես էլ չի փոխվում: Լավագույն դեպքում դպրոցի ընդունված գործառույթը իրականացվում է ոստիկանական միանշանակության ու խստության պայմաններում: Դասավանդման զգալի փորձ ունեցողիս հայացքով՝ դեպի իսկապես բարեփոխումը դեռ քայլ անգամ չի արված: Իմ պատկերացմամբ կրթական բարեփոխումը բազմակողմանի գործողություն է, իսկ դրա հաջողության նախապայմանը՝ մեծացող մարդու ազատությունն ապահովող մոտեցումը: Նախաձեռնածս հոդվածաշարով նպատակ ունեմ կրթական բարեփոխումների շուրջ տեսակետներս ներկայացնելու: Շարքի առաջին հոդվածը ամենակարևորի՝ կրթական գործում բոլոր կողմերի փոխվստահության մասին է:

Վստահություն

Կրթական բարեփոխումներն այսօր ամբողջ աշխարհում, անկասկած, հրամայական են: Սակայն խորացած-արմատ գցած սովորույթներից հեշտ չէ ազատվել: Մանավանդ որ դրանից ազատվելու մոտիվացիա չունեն  ո՛չ ծնողները, ո՛չ նախարարության պաշտոնյաները, ո՛չ, թվում է, դպրոցը: Ինչպես իր մի հոդվածում գրում է  Radical School Change (Դպրոցի արմատական փոփոխություն) նախագծի հիմնադիր Յան Ռիցեման, «Վստահ ենք, որ նման նախաձեռնությամբ երբեք հանդես չեն գա կրթության նախարարության պաշտոնյաները, որովհետև նրանք հավերժ գամված են օրենքի շրջանակում, ուսուցիչները լռում են, որովհետև վախենում են առանց այն էլ ծանր աշխատանքը կորցնելուց, իսկ ծնողները, քանի դեռ հավատում են, որ իրենց երեխաները անվտանգ տեղում են, ինչպես մսուրում, մատը մատին չեն տա[1]»: Ռիցեման, որ դպրոցի արմատական փոփոխումը անխուսափելի է համարում, նշում է, որ դրան կարող են հասնել սովորողները, քանի որ նրանք են այս գործում միակ շահագրգիռը և ոչինչ չունեն կորցնելու: Այդպե՞ս է:

Որոշ իմաստով այդպես է: Գործող դպրոցների սովորողները կորցնելու բան չունեն: Բայց կրթության գործընթացը համախմբում է մի զգալի բանակ՝ նախարարից կազմակերպիչ, որն իր գոյությունը պահպանելու համար այսօր այլ ելք չունի, քան բարեփոխվելը:

Թերևս սրանով են պայմանավորված բարեփոխումների զանազան փորձերը, որոնց արդյունավետության մասին դեռ չշտապենք խոսել, քանի որ, ինչպես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ОЭСР) ուսումնասիրությունն է փաստում, «…ի տարբերություն քաղաքական ռեֆորմի, որի աշխատանքային փուլն անհամեմատ ավելի կարճ է, քան կրթական ռեֆորմինը, կրթությունը պահանջում է դասավանդողների պատրաստման կրթական ծրագրերից մինչև դպրոցներում փոփոխությունների ներդրման բոլոր մակարդակների կարգավորման երկար շրջափուլ: Այս ամբողջ գործընթացը մի քանի տարի է տևում[2]»:

Բարեփոխումը, սակայն, դժվար է իրականացնել մի կողմից` մանավանդ վերևից սկսելով: Հարկավոր է, որ կրթության բոլոր կողմերը փոփոխությունների անհրաժեշտությունն ընդունեն, իսկ փոփոխությունները, վերոհիշյալ Յան Ռիցեմայի բառերով ասած, « …պիտի մենք՝ ինքներս իրականացնենք. մենք՝ բոլորս՝ աշակերտները, ծնողները, ուսուցիչները, քաղաքագետները: Եվ հարկավոր է գործել անզիջում[3]»: Այսինքն՝ հարկավոր է հասարակության լայն խավերի հայացքը փոխել կրթության, գիտելիքի նկատմամբ:

Սովորողից զատ դպրոցի անկումն իր մաշկի վրա զգում է դասավանդողը: Նա մի կողմից պատասխանատու է զանազան ծրագրերով, միջոցառումներով ու պահանջներով իրեն անընդհատ սահմանափակող պաշտոնյաների առաջ, մյուս կողմից՝ հանրության առաջ, որը քննադատի կեցվածքով նկատում է, որ սերունդն անկիրթ է (իր պատկերացմամբ): Ամեն տարի փոխվող մարդու աճը տեսնում է անմիջապես այդ մարդու հետ շփվող դասավանդողը: Տարեցտարի փոխվող սերնդի փոխվող տրամադրություններին, պաշտոնական դպրոցի նկատմամբ վերաբերմունքին ծանոթ է այդ սերնդի կրթությունը ստանձնած դպրոցը: Մինչ պետական պաշտոնյաները մտահոգվում են ներդրված միջոցների արդյունավետությունը չափելի դարձնելով, մինչ ծնող-հանրությունը վախենում է, թե փոփոխությունները կարող են անցանկալի հետևանք ունենալ ու համաձայն է «կայուն ճահճացմանը», դպրոցը ոչ միայն կրթության հեղինակության կորուստներն է հաշվում, այլև որոշակի հստակությամբ տեսնում է, թե ինչ է պետք փոխել կորուստը կանխելու համար և որ ուղղությամբ:

Սակայն դպրոցը արդյունավետ գործելու հնարավորություն ունի միայն հանրության վստահության պայմաններում:
Ծնողների երազանքներն իրենց երեխաների հետ կապված հաճախ չեն համընկնում իրենց՝ երեխաների նախընտրության հետ: Երբեմն չեն համապատասխանում նանց հնարավորություններին, ավելի հաճախ դրանք պարզապես «ընդունված զարգացում» են՝ մանկապարտեզ, դպրոց, բուհ…. Իրականում դպրոցում անընդհատ, ինչպես ընդհանրապես հասարակություններին, այնպես էլ միայն իրենց սերնդին հատուկ օրենքներով ձևավորվում և զարգանում է հասարակություն: Պատրանք է, թե մեծերը կարող են այդ հասարակությունը ղեկավարել: Բայց կարող են իրենց փորձով օգտակար լինել, իսկ դրա համար պիտի հասկանան նրանց առաջ ծառացող խնդիրները: Հանրությունը (ծնողը) դպրոցին վստահելու համար այդ հասարակության նկատմամբ իր և դպրոցի վերաբերմունքը պիտի հավասարակշռի: Նա պիտի համոզված լինի, որ քննարկելի են բոլոր մանկավարժական խնդիրները՝ բոլոր կողմերից: Հանրությունն ինքը անընդհատ կրթվելու ու դաստիարակվելու կարիքն ունի, որը կարող է իրականացնել դպրոցի հետ շփումներում: Եվ այդ շփումների շնորհիվ է, որ իր մտավախություններն ու տագնապները կարող է փարատել կամ դրանց մեկնաբանությունը պահանջել պատկան մասնագետներից: Միայն այդպես հանրությունն ու դպրոցը կհասկանան դպրոցականի խնդիրները, կփորձեն մտնել երեխաների աշխարհը՝ որպես նրանց հարազատ մարդիկ, չեն մեղադրի, չեն պարտադրի, չեն պատժի, այլ կփորձեն խորհրդակցել նրանց հետ, ընդունել նրանց՝ շատ հաճախ շտկումներ անելով իրենց մոտեցումներում: Դպրոցն ու հանրությունը կկիսեն պատասխանատվությունը աճող սերնդի առաջ:

Դրա համար հարկավոր է, որ հանրությունն ապրի դպրոցով, հետաքրքրվի դպրոցի կյանքով, ոչ մի մութ անկյուն դպրոցի գործունեության մեջ չթողնի իր համար, որպես պատասխանատու կողմ մասնակցի դպրոցի կազմակերպած հավաքներին ու սովորողների ճամփորդություններին, ինքը կազմակերպի հավաքներ, քննարկումներ, ինքը դպրոցում ստեղծագործ աշխատանքով զբաղվի կամ պարզապես օգնի ֆիզիկական աշխատանքով՝ լինի ծառատունկ, վերանորոգման թե ձևավորման աշխատանքներ: Կարճ ասած՝ հարկավոր է համայնքի ձևավորում, որտեղ ամեն մարդ իր ներդրումն է ունենալու, դրանով դաստիարակելու է ներդրում անելու մշակույթը, ճշտելու է իր ակնկալիքը, տեսնելու է դրա արդարացումը, գոհացում է ապրելու, և չի լինելու կասկած ու անվստահություն ինչ-որ կառույցի, թող որ դա դպրոց կոչվի, գործողությունների ու միտումների նկատմամբ:

Ճիշտ է, դպրոցը արմատական փոփոխությունների հասնելու համար որոշակի ցավոտ «վիրահատումների» կարիք ունի իր ներսում, այդ թվում՝ կրթության գործընթացի անմիջական մասնակիցների փոխհարաբերությունների ու նրանց նկատմամբ պահանջների առումով, բայց դա արդեն ուրիշ հոդվածի նյութ է:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский