Կոմիտասը ընտանիքում, բակում, ամենուր

Փորձի փոխանակում, երգերի տարածում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումն իրականացվում է նախագծերով: Ուսումնական նախագծերը կազմելիս դասվարն ուղղորդվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով՝ դառնալով  այդ նախագծերի և հեղինակը, և իրականացնողը:

Յուրաքանչյուր նախագիծ ենթադրում է հստակ ձևակերպված նպատակ, խնդիրներ, սկիզբ, ընթացք, տևողություն, ավարտ։ Կան նախագծեր, որ ձգվում են ողջ տարվա ընթացքում, շարունակական են: Ներկայացնում եմ  «Կոմիտասյան օրեր» նախագիծը, որը սկսեցինք իրականացնել անցած ուսումնական տարվա սկզբից առաջին դասարանում, առավոտյան պարապմունքներին:

Նախագիծը կազմեցինք երաժշտության դաստիարակ Տաթև Ստեփանյանիի  հետ:  Այն ենթադրում էր.

  • սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին,
  • զարգացնել սովորողների գրական, երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները,
  • զարգացնել սովորողների բանավոր խոսքը, մեդիահմտությունները:

Մեկ տարվա ընթացքում ստեղծվեց  դասարան-համույթ ՝ իր մենակատարներով: Նախագիծը  տարվա ընթացքում զարգացավ ու մտավ յուրաքանչյուր սովորողի տուն, բակ, իսկ տարեվերջում ստեղծվեց նաև  ծնողական երգչախումբ, որի համերգով էլ ամփոփվեց մեր շուրջտարյա նախագիծը:

Հաջողված նախագծի փորձ ունենալով՝  այս տարի որոշեցինք զարգացնել այն:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 10-րդ հավաքին  «Կոմիտասյան երգերի տարածում, փորձի փոխանակում»  նախագծով որոշեցինք հանդես գալ Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում:

Նախագծի նպատակն է կոմիտասյան երգերի տարածում և փորձի փոխանակում Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի, սովորողների հետ։ Երաժշտության դասավանդող Տաթև Ստեփանյանի հետ ընտրեցինք կոմիտասյան երգերի ցանկը (տես ծրագիրը): Երաժշտական դպրոցի ղեկավարի հետ նախնական պայմանավորվածություն ունենալով՝ երկրորդ դասարանի սովորողների հետ մեկնեցինք  Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ մեզ էին սպասում երգչախմբի անդամներն ու նրանց  ծնողները: Սեբաստացիների մի քանի կատարումներից հետո սկսեցինք կոմիտասյան երգերի ուսուցումը: Ծրագրում ընդգրկել էինք նաև Կոմիտասի չձայնագրված և չերգված երգերից: Երգչախմբի և նրանց ծնողների հետ համատեղ անցկացված 45 րոպեների ընթացքում ունեցանք հրաշալի համերգ:

Հանդիպման արդյունքում պայմանավորվեցինք շարունակել համագործակցությունը և նրանց հրավիրեցինք կրթահամալիր՝ միասին շարունակելու մեր նախագծի իրականացումը:

Նախագիծը նախատեսված է իրականացնել ուսումնական ողջ տարվա ընթացքում.ամփոփումը՝ մայիսյան հավաքին։

Նախագծի ընթացքում ակնկալվող արդյունքները.

  • Ֆիլմերի, ձայնագրությունների ստեղծում, հրապարակում, տարածում համացանցում:
  •  
  • Տարեվերջին՝ մայիսին, Ալ.Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի հետ համատեղ համերգ  Կոմիտասի թանգարանում:
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский