Հեռավար-առցանց բնագիտություն-հայրենագիտություն

Ելնելով տարբեր անկանխատեսելի իրավիճակներից (ձմեռային շրջանում` հիմնականում գրիպի տարբեր տեսակի համաճարակներ, մանկական հիվանդություններ՝ ջրծաղիկ, դեղնախտ և այլն)` կարող են լինել հանգամանքներ, որ խաթարեն ուսումնական բնականոն ընթացքը: Վերցնենք այս տարվա հունվարյան օրինակը՝ վերին շնչուղիների սուր վարակի կամ այսպես ասված «խոզի գրիպը»: Մեր կրթահամալիրում գտանք արագ և ճկուն լուծում` որպես հեղինակային-այլընտրանքային մանկավարժություն: Հունվարյան «մեկուսացման» երեք շաբաթները վերածվեցին առցանց հեռավար ուսուցման շաբաթների: Ճիշտ է՝ անհատական եղել են հեռավար ուսուցման դեպքեր` ելնելով սովորողի անհատական վիճակից, բայց համատարած անցնել առցանց պարապմունքի` սա, իհարկե, նորությունն էր:

Ես ինքս վարել եմ առցանց հեռավար դասեր կրտսեր դպրոցի հայրենագիտություն և բնագիտություն առարկաներից: Իմ բլոգում բացել եմ հեռավար առցանց ուսուցման բաժին: Ասեմ, որ կազմակերպումն ավելի աշխատատար էր, քան սովորական պարապմունքի դեպքում: Պետք էր առաջադրանքներ կազմել տնային և ընտանեկան պայմանների համար, վերահսկել սովորողների մասնակցությունը: Առաջին փուլում կար առաջադրանք, որտեղ սովորողները իրենք էին կազմում իրենց հարցաշարը և իրենց հետաքրքրող հարցերը և պետք է ուղարկեին իրենց ընկերներին: Երկրորդ փուլում կամ շաբաթում դրանք դարձան առցանց դասի նյութեր: Առաջին շաբաթը, իմ կարծիքով, ուներ որոշակի բացթողումներ և դժվարություններ (սովորողներին լիարժեք ներգրավելու, հաշվառման և այլն), բայց երկրորդ շաբաթվա ընթացքում, փորձեցի սովորողներին տալ այլ առաջադրանք կամ կիրառել «հարցից հարց» մեթոդը: Սովորողները հարցերից ծագած  իրենց հարցերը և պատասխանները  պետք է ներկայացնեին համապատասխան հեռավար-առցանց դասի «Կարծիքներ» բաժնում: Շատ հետաքրքիր էր «հարցից հարց» այս տարբերակը. և´ հետաքրիր քննարկումներ եղան, և´ հնարավորություն տրվեց, որ սովորողների կազմած առաջադրանքները, նրանց հետաքրքրող հարցերը լինեին օրվա պարապմունքի կամ հեռավար առցանց դպրոցի կազմակերպման միջոց: Ընտրեցի մի քանի  հետաքրքիր հարցաշար և օրվա հեռավար առցանց դասի պատասխանատու նշանակեցի հարցաշարերը կազմող սովորողներին, օրինակ՝ Անի Արղությանին (5-րդ դասարան), Յակովլև Արտյոմին (4-րդ դասարան): Ստացվեցին հետաքրքիր առցանց քննարկումներ:

Բայց սա դեռ ամենը չէ… Այնքան ծավալվեց այս առաջադրանքների կատարումը, որ փոխադրվեց, այսպես ասած, «մոտավար», ինչպես սովորողներս են գրում, դաշտ, և հիմա որոշել ենք` շաբաթը մեկ անգամ առցանց «հարցից հարց» պարապմունքը վարելու հնարավորություն ունենա յուրաքանչյուր սովորող (քանի որ շատ կուտակված հարցեր կան): Այս մեթոդը նպաստում է սովորողի պատասխանատվության բարձրացմանը և դասընթացի բովանդակության նկատմամբ հետաքրքրությունը:

Հեռավար ուսուցման մի կարևոր երևույթ էր, ինչպես և ֆլեշմոբների ժամանակ, ընտանիքով աշխատելը, այստեղ պետք է առաձնացնեմ Արղության Գոհարիկի հարցի շուրջ ծավալված առցանց քննարկումը, որը կրում էր արդիական, բոլորիս հուզող բնապահպանական ուղղություն՝ ինչո´ւ չեն վերանում ատոմակայանները, եթե կան այլընտրանքային հոսանքի ստացման ուղղություններ: Այս հարցադրումն էլ կզարգացնենք և կմասնակցենք էկոտուր 2016- ին:

Ուսուցման առցանց-հեռավար կազմակերպումն ավելի վերահսկելի է դարձնում յուրաքանչյուր սովորողի անհատական վիրտուալ ներկայությունը:

Հեռավար ուսուցումը, իհարկե, ունի նաև իր բարդությունները: Հետևողական և լարված աշխատանք է, այլապես ոչ մի շոշափելի արդյունքների չես հասնի, դե, ինչպես ցանկացած ուսումնական գործընթաց: Դժվար է հեռավար բացատրել սովորողին անհասկանալի բնագիտական բառերը կամ երևույթները, բայց սա էլ ուներ իր հետաքրքրությունը, համատեղ պրպտումների արդյունքում գտնում էինք ցանկացած երևույթի, հարցի պատասխան:

Այդ երեք շաբաթների ընթացքում հեռավար քննարկեցինք, պատրաստվեցինք փետրվարին կայանալիք բնագիտական ստուգատեսին:

Հեռավար-առցանց ուսուցման հետաքրքիր էր մասնակցել նաև որպես ծնող: Մարիայի հետ մասնակցեցինք հեռավար-առցանց ընդհանուր պարապմունքին և հետաքրքիր նախակրթարանային նախագծերի: Ահա և արդյունքները` Բարի լույսԲնագետիկ Մարիան:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский