Առցանց TV-ին ուսուցման գործիք

Առցանց TV ստեղծելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ երրորդ դասարանի սովորողների հետ աշխատելիս նկատեցի, թե երեխաները որքան շատ են սիրում հայելու առաջ կանգնել, իրենք իրենց խոսել, անդադար պատմել ու պատմե՜լ: Հեռուստատեսությունն ինքնին դերային խաղ է՝ հաղորդավար, հաղորդման հյուր, անընդհատ հարց ու պատասխան: Իսկ ի՞նչ են շատ սիրում երեխաները՝ իհարկե հարցեր: Ինչո՞ւ չօգնենք նրանց գտնելու պատասխաններ...

Էլ ի՞նչ TV առանց իսկական տաղավարի: Սկսեցինք մտածել, թե ինչպիսի՞ տաղավար ստեղծենք հենց մեր դասարանում, որ և՛ գունեղ լինի, և՛ հետաքրքիր, և՛ շատ տեղ չզբաղեցնի, և՛ ներառի ամբողջ դասարանը: Սկսեցինք նախագծել: Paint ծրագրով ամեն սովորող իր տաղավարի նախագիծը նկարեց, քննարկեցինք միասին, խորհրդակցեցինք մասնագետների հետ, հետո ընտրեցինք գույներն ու ձևը: Ծնողով, մեծ ու պստիկով ստեղծեցինք ամենաուրախ դասարանական տաղավար-ստուդիան և հենց այդպես էլ կոչեցիք՝ «Ուրախ TV»-ի տաղավար:

Հետո սկսեցինք ուսումնասիրել, թե ինչպե՞ս  են աշխատում իսկական լրագրողները, օպերատորները: Մանակցեցիք մի քանի վարպետության դասի, եղանք «Սեբաստացի TV»-ի  տաղավարում, Անի Սարսյանը պատմեց, ցույց տվեց, թե ինչպես են նկարահանումներ կատարում, ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել, ինչպես տեսախցիկը բռնել, ինչպես նկարել, որ հեշտ լինի մոնտաժելը, իսկ կինո-ֆոտոյի սովորողները ճիշտ լուսանկարելու իրենց փորձը փոխանցեցին:

Հետո սկսեցինք նախապատրաստվել առաջին հաղորդմանը: Մեր առաջին հյուրը տիար Բլեյանն էր: Հարցեր մշակեցինք, հրավիրեցինք հանդիսատեսի: Հարց ու պատասխանով սկսեցինք սովորել: Մեր տաղավար հրավիրում ենք տարբեր հետաքրքիր մարդկանց: Նախապես ընտրում ենք քննարկման նյութը, համացանցից, հանրագիտարաններից, գրքերից կարդում ենք, տեղեկատվություն ենք հավաքում, հետո հյուրին ուղղված հարցեր ենք մշակում: Բացի հարցերից, «Ուրախ TV»-ի լրագրողները տարբեր ռեպորտաժներ, հարցազրույցներ են նկարահանում: Այ, օրինակ, երբ հարբուխի համաճարակ էր, մեր տաղավար հրավիրեցինք բժշկի, հաղորդումներ պատրաստեցինք հարբուխի, նրանից պաշտպանվելու մասին: 

Սկսեցինք նաև մոնտաժել սովորել: Wondershare Video Editor ծրագրի գործիքներն ենք ուսումնասիրում, փոքրիկ ռեպորտաժներ նկարահանում և մոնտաժում:

Մի քանի սովորող սկսել է իր հաղորդումն ունենալ, որտեղ իր նախասիրությունների մասին նախ տեղեկատվական նյութ է մշակում, հետո հաղորդում պատրաստում: Օրինակ՝ Ժաննա Հակոբյանը պատմում է կինոյի, Վահեն ձեռքի աշխատանքների, Հայկը բնագիտական փորձերի, Սոսը՝ բույսերի մասին:

Մեր տաղավար-ստուդիա սկսել ենք հրավիրել նաև դասարանի ծնողներին, ովքեր տարբեր թեմաներով զրուցում են, պատմում, նվագում, փորձեր անում:

Նախագիծն օգնում է սովորողներին ազատ, անկաշկանդ լինել: Ինքնադրևորվելու, սեփական հետաքրքրությունները զարգացնելու, նոր հմտություններ, կարողություններ, գիտելիքներ ձեռք բերել հնարավորություն է ընձեռում:

Սովորողներն աշխատում են ինչպես ինքնուրույն, այնպես էլ՝ խմբերով, իրենց հեղինակային հաղորդումներն են ստեղծում: Առցանց TV-ին սահմաններ չունեցող մի մեծ ու հետաքրքիր աշխարհ է, որն օգնում է հաճույքով բացահայտել ու սովորել:

Մեր հաղորդումները

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский