Հեղինակային կրթական ծրագիրը` մեգանախագիծ

Այն, ինչն անցնող տարիների ընթացքում ստեղծվել է կրթահամալիրում, հիրավի, արժեքավոր է ու բացառիկ` անկախ թերացումներից և բացթողումներից: Հեղինակային կրթական ծրագիրը, ըստ էության, իրականացրել և շարունակում է իրականություն դարձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության չորս հիմնասյուները, որոնք համարվում են կրթության վերափոխման հիմնարար սկզբունքներ: Դրանք են`

  • Սովորել իմանալու համար։
  • Սովորել իրականացնելու համար։
  • Սովորել լինելու համար։
  • Սովորել միասին ապրելու համար:

Կրթությունը, ինչպես ինքը` կյանքը, մարդը և լեզուն, անընդհատ ու շարունակական վերափոխվելու, զարգանալու խնդիր ունի: Դա չի կարող և չպետք է կանգ առնի: Կանգառ նշանակում է հետընթաց, արդյունքում` դեգրադացում:

Գերմանացի գրող Բրեխտի պատմվածքներից մեկում մոտավորապես այսպիսի մի երկխոսություն կա: Մի մարդու հարցնում են.
- Երբ սիրում եք որևէ մեկին, ինչպե՞ս եք վարվում:
- Ես նրա համար նախագիծ եմ մշակում,- պատասխանում է մյուսը:
- Նախագի՞ծ, իսկ հետո՞:
- Հետո հոգ եմ տանում, որպեսզի այդ երկուսն իրար համընկնեն:
- Ասացեք խնդրեմ, ո՞վ կամ ի՞նչը պետք է համընկնի մյուսի հետ. մարդը` նախագծի, թե՞ նախագիծը` մարդու:
- Իհարկե, մարդը պետք է համընկնի նախագծին:

Հեղինակային կրթական ծրագիրը մեգանախագիծ է, որում ընդգրկված են կրթահամալիրում բոլորը` մանկավարժներ, այլ աշխատանք իրականացնողներ, նախակրթանների սաներ, կրտսեր և միջին դպրոցների, ավագ դպրոց-վարժարանի սովորողներ և այլն: Յուրաքանչյուրը փորձում է անել այն, ինչ ցանկանում է ու կարողանում է անել: Անում է այն, ինչն իր ուժերի, համարձակության կամ ոգեշնչման տիրույթում է: Ու ոչինչ, որ հաճախ ինչ-ինչ բաներ այլ կերպ են ստացվում, քան ակնկալվում էր: Բոլոր նախագծերն էլ մեկ ընդհանուր՝ մեգանախագծի բաղկացուցիչներն են, որոնցից յուրաքանչյուրի շուրջ աստիճանաբար ձևավորվում է սովորողների այս կամ այն  խումբը: Ընդ որում, ամեն խումբ ունի իր հետաքրքրությունների ու նախասիրությունների շրջանակը: Օրինակ՝ «Գրապտույտ» և «Շողակն» նախագծերում ընդգրկված սովորողներն աչքի են ընկնում ստեղծագործելու և վերլուծելու կարողություններով, «Վիքիմեդիայի» և «Առականիի» սովորողները սիրում են թարգմանել, «Ֆիլմադարանը»՝ ֆիլմեր դիտելուց հետո իրականացնել խոսքի մշակման որոշակի աշխատանք, «Կանթեղն» էլ իր նյութերով փորձում է հետաքրքրություն առաջացնել հոգևոր-քրիստոնեական կրթության նկատմամբ: 

Այլ հարց է` ինչպես կամ ինչու է ոմանց մոտ այդ աշխատանքը քիչ թե շատ լավ ստացվում, իսկ մյուսների մոտ` ոչ այնքան կամ չի ստացվում: Կարծում եմ` սրա պատասխանը առավել քան պարզ է:  Նրանց աշխատանքն (նախագծային աշխատանքը` առավել ևս) է հաջողվում, ովքեր համարձակություն ունեն հավատելու իրենք իրենց և դիմացինին: Ովքեր իրենց և դիմացինին վստահորեն տալիս են ամենակարևորը` ազատություն, որը թույլ է տալիս բացելու սեփական հնարավորությունները, ըստ այդմ` կերտելով իր և կողքինների անհատականությունը:

Իսկ ի՞նչ ասել է հավատ սեփական անձի և դիմացինի հանդեպ: Ինքնավստահությո՞ւն, հազիվ թե, որովհետև ինքնավստահությունը հաճախ հիմնված է լինում չափազանցված ինքնագնահատականի վրա: Խոսքը վերանբերում է այն դեպքին, երբ հավատավոր մարդու ինքնագնահատականը կայուն է, ասել է թե` կարիք չունի գնահատականի: Նրա ինքնազգացողությունը, վերջին հաշվով, չի տուժում ո՛չ գովասանքից ու ո՛չ էլ` պարսավանքից: Նա ինքնաբավ և ինքնիշխան մեկն է, ով իր գործն է անում` անկախ ամեն ինչից:

- Ինչո՞ւ և ինչպե՞ս,- կհետաքրքվեն շատերը:
Դե, որովհետև նման մարդկանց ներսում կա ներքին մի ուժ, զորավոր մի բան, որը միշտ և բոլոր դեպքերում շարժում է ապահովում: Արտաքին միջավայրը կամ հանգամանքները երբեք և ոչ մի դեպքում չեն կարող խոչընդոտ լինել: Միայն մի բան և մի դեպքում կարող է այդ շարժումը կասեցնել` սեփական անհամարձակությունը: Մնացած դեպքերում այն գործում է անվրեպ և անվարան: Ի վերջո, հավատը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազատություն տալը մեր ներսի ստեղծագործ ու անպարտելի անհատին:

Սեր և ազատություն, փառք Աստծո, կրթահամալիրում կա: Մնաց ամենակարևորը` հավատը: Իսկ սիրուց հավատ, ասել է թե` զգացմունքից և մտքից հոգևոր դաշտ ընդամենը մեկ քայլ է:  Կունենա՞նք այդ քայլի կարևորության գիտակցումը` Կրթահամալիրի փոխարեն կունենանք Միաբանություն…

Իմ սիրուն կրթահամալիրին Հավատ եմ մաղթում:

Հետգրություն

Ամեն անգամ «միաբանություն» բառն ասելիս մի երազ է աչքիս դեմ հառնում: Չգիտեմ` այդ երազանքն իմ ստեղծածն է, թե՞ այն ինչ-որ տեղ եղել է ու ինձ փոխանցվել. Մայր դպրոցի հարևանությամբ` մոտիկ, շա՜տ մոտիկ, բարձրահարկ մի շենք, որտեղ ապրում են կրթահամալիրում աշխատող մարդիկ: Ու, ես ամեն անգամ վայելում եմ իմ ընկերների հարևանութամբ ապրելու երջանկությունը…

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский