Ուսումնական ճամփորդություն. պարապմունքը կաբինետից տեղափոխվում է մասնագիտական միջավայր
Primary tabs
Որքան էլ հետաքրքիր լինի առարկայական դասընթացը, միևնույնն է, սովորողը
կարիք ունի փոփոխությունների` նոր գիտելիքների, փոխհարաբերությունների: Ուսումնական պրոցեսը, որ մեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում է ուսումնական օրացույցով նախատեսված բազմաթիվ ստուգատեսների, նախագծերի իրականացմամբ, մի նոր, ավելի հետաքրքիր վիճակի է հասնում, երբ դասը լսարանից տեղափոխվում է մեկ այլ միջավայր` թանգարան, ցուցահանդես, թատրոն, այլ դպրոց և վերջապես` բնություն:
Ուսումնական ճամփորդությունները` որպես ուսումնական նախագծեր, կարևոր դեր են կատարում սովորողների աշխարհայացքի ձևավորման համար: Ոչ ֆորմալ կրթության այս ձևը նպաստում է նոր փոխհարաբերությունների, նոր գիտելիքների և կարողությունների ձևավորմանը: Սովորողը դպրոցից դուրս հանդիպում է տվյալ բնագավառի լավագույն մասնագետներին, լսում է նրանց խոսքը, որը նպաստում է նաև նրա մասնագիտական կողմնորոշմանը:
Նախօրոք քննարկվում է տվյալ ճամփորդության նպատակը, խնդիրները, կազմակերչական հարցերը: Սովորողները համացանցից նյութեր են հայթայթում, պատրաստվում են ճամփորդությանը: Շատ կարևոր է, որ սովորողը ընկալի տվյալ ճամփորդության կաևորությունը և այն չդիտի որպես հերթական ժամանց:
Ճամփորդության ընթացքում սովորողը նյութը յուրացնում է գործնական կիրառման մեջ, հասկանում է ստացած գիտելիքի նշանակությունը:
Ուսումնական ճամփորդությունները և դիտումները կազմում են ֆիզիկայի դասընթացի կարևոր մասը: Ճամփորդությունները կարող են լինել ինչպես սովորական, այնպես էլ վիրտուալ՝ աստղացուցարանում: Գիշերային դիտումների համար, բացի կրթահամալիրի տանիքից, կարող են նաև կազմակերպվել գիշերակացով ճամփորդություններ՝ աստղադիտակով:
Ուսումնական ճամփորդությունները ուսումնական տարբեր ուղղություններով (սպորտային, էկոլոգիական, մշակութային, հայրենագիտական և այլն) աշխատանքների համատեղում է:
Ուզում եմ նկարագրել Միջին դպրոցում սովորողների ընտրությամբ «Աստղագետ-ֆիզիկոս» խմբի մի քանի ուսումնական ճամփորդությունների մասին:
Խումբը 6-ից 8-րդ դասարանցիներով ձևավորվեց 2015-2016 ուսումնական տարում, երբ ներկայացվեց ծրագիրը:
Իհարկե, դպրոցում աշխատանքը շատ հետաքրքիր է, բացի կաբինետից, պարապմունք-քննարկումներն անց են կացվում կրթահամալիրի աստղացուցարանում, որտեղ սովորողներն իրենց զգում են ինչպես տիեզերքում: Սովորողները ստեղծեցին խմբի բլոգը, համացանցից տեղեկություններ հավաքեցին և լուսաբանեցին բլոգում, կատարեցին տարբեր հոդվածների, նյութերի թարգմանություններ: Բայց այս ամենից զատ, մեր ուսումնական գործունեության մեջ մեծ տեղ է հատկացվում ուսումնական ճամփորդություններին:
Առաջին անգամ, երբ այցելեցինք տիեզերքի թանգարան, սովորողները նախօրոք ծանոթացան Գրիգոր Գուրզադյանի կյանքին և գործունեությանը, կարդացին նրա էսենները: Թանգարանում մեզ սիրով դիմավորեցին: Առաջատար մասնագետ Աշոտ Զախարյանը մանրամասն նկարագրեց թանգարանի ստեղծման պատմությունը, ծանոթացրեց աստղադիտակների աշխատանքի հետ, տիեզերական թռիչքի մասնակցած և Երկիր վերադարձած գունդ-կապսուլայի հետ:
Սա մեր առաջին, բայց իհարկե ոչ վերջին ճամփորդությունն էր Տիեզերքի թանգարան: Մենք այստեղ հաճախ ենք «հյուընկալվում»: Ամեն անգամ հանդիպում ենք նոր մասնագետների, ստանում ենք նոր գիտելիքներ և նոր տպավորություններ:
Հաջորդ անգամ տիեզերքի թանգարանում մենք հանդիպեցինք Գրիգոր Գուրզադյանի որդու՝ նույնպես նշանավոր աստղագետ Վահագն Գուրզադյանի հետ: Նա մեզ ուսումնական պարապմունքի իր ձևն առաջարկեց` դաս-մրցույթ:
Այդ օրը տիեզերքի թանգարան էին հրավիրվել նաև Գառնիի թիվ 1 հիմնական դպրոցի սովորողները:
Հետաքրքրիր է հանդիպումը գիտնականի հետ: Վահագն Գուրզադյանը սիրով սովորողներին ներկայացրեց թանգարանը, գիտաշխատող Սերգեյ Միրզոյանը պատմեց հայ գիտնականների կողմից ստեղծված և տիեզերական տարածությունները ուսումնասիրած սարքերի աշխատանքների մասին: Իսկ գիտնական-հնագետ Կարեն Բայրամյանը ժամանակագրական էքսկուրս կատարեց և ներկայացրեց աստղագիության զարգացումը Հայաստանում:
Պարապմունքի երկրորդ մասում կազմակերպվեց ուրախ դաս-մրցույթը մեր կրթահամալիրի և Գառնիի սովորողների խմբերի միջև:
Սովորողները ակտիվ պատասխանում և քննարկում էին Գուրզադյանի տված հարցերը, իսկ մրցանակը տիեզերագնացի գլխարկն էր, որով իրական տիեզերագնացը աշխատել էլ տիեզերքում: Այն բաժին ընկավ մեր կրթահամալիրի սովորող Նորայր Գալիկյանին: Նա ձեռքով «ողջունեց տիեզերքից»:
Գառնեցիներն էլ դատարկաձեռն չմնացին: Որպես խրախուսական մրցանակ՝ ստացան Գրիգոր Գուրզադյանի գրած գրքերից մեկը:
Պայմանավորվեցինք հետագա այցելությունների մասին: Վահագն Գուրզադյանը խոստացավ աջակցել մեզ մեր աստղադիտակի վերանորոգման հարցում. և այդ գործը հիմա ընթացքի մեջ է:
Հաճելի և օգտակար ճամփորդություն էր: Սովորողների համար էլ կարևոր էր ժամանակակից գիտնականների հետ հանդիպումը: Մենք էլ գառնեցիներին հրավիրեցիցք մեր կրթահամալիր՝ մեր աստղացուցարանում միասին տիեզերքի միասին ֆիլմեր դիտելու: Պայմանավորվեցինք Գառնի թիվ 1դպրոց մեր այցելության մասին:
Իսկ առիթը չուշացավ` հաջորդ ճամփորդությունը արդեն նախատեսված էր դեպի Գառնի`հանդիպում մեր հին ծանոթների հետ և այցելություն սեյսմիկ կայան: Նպատակ ունեինք Գառնիի թիվ 1 հիմնական դպրոցում ներկայացնելու «Հանրակրթական Էկոտուր» ստուգատեսը, դպրոցի սովորողներին ևս մասնակից դարձնելու մեր բնապահպանական հերթական ստուգատեսին: Գառնի թիվ 1 հիմնական դպրոցում մեզ սիրալիր ընդունեցին որպես հին ծանոթների, ուշադիր լսեցին մեր ելույթը, հետաքրքրվեցին մեր առաջարկած բնապահպանական ծրագրերով և որոշեցին անպայման մասնակցել Էկոտուր 2016: Մենք ձեռք բերեցինք նոր գործընկերներ և փորձի փոխանակման լավ օրինակ:
Իսկ հետո շարժվեցինք դեպի Գառնիի Սեյսմիկ կայան: Իսկ այստեղ մեզ նոր հանդիպում էր սպասվում:
Գառնիի Սեյսմիկ պաշտպանության կենտրոնը Հայաստանում միակը չէ: Մեր տարածաշրջանում կա չորս այսպիսի կենտրոն, որից մեկն էլ գտնվում է Արցախում:
Ասպարեզի առաջատար մասնագետ Սերոբ Դարբինյանը հենց մուտքի մոտ ներկայացավ և սովորողներին ուղեկցեց ժամանակակից սարքերով ապահովված ընդարձակ նիստերի դահլիճ:
Նոր միջավայրին սովորողները արագ ընտելացան, Սերոբ Դարբինյանի երկրաշարժների մասին ներկայացրած նյութը բազմաթիվ հարցերի տեղիք տվեց: Նա մանրամասն ներկայացրեց, թե ինչ պետք է անել երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և հետո: Պատմեց, թե Հայաստանում ինչպիսի ավերիչ երկրաշարժեր են եղել, խոսեց վերջին, Սպիտակի երկրաշարժի մասին: Խորհուրդ տվեց սովորողներին ուշադիր լինել մեծերի, ծնողների սխալ արարքների, պատկերացումների վրա և թույլ չտալ թուլացնել այն շենքերի պատերն ու հիմքը, որտեղ ապրում են: Նկարագրեց Հայաստանում և աշխարհում սեյսմակայունությունը բարձրացնելու նպատակով նորագույն տեխնոլոգիաները: Այնուհետև նա մեզ ուղեկցեց այն լաբորատորիան, որտեղ շուրջօրյա աշխատանք է կատարվում: Այստեղ հետևում են ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի և ամբողջ աշխարհի սեյսմիկ վիճակին: Գրանցող սարքերի աշխատանքին մենք նույնպես հետևեցինք: Երիտասարդ մասնագետը սիրով պատմում էր իրենց աշխատանքների կարևորության մասին, պատասխանեց սովորողների բազմաթիվ հարցերին:
Սերոբ Դարբինյանը խոստացավ այցելել մեր կրթահամալիր, սովորողների համար դասախոսություն կարդալ երկրաշարժերի մասին և գործնական միջոցառում կազմակերպել: Վերջում նա մեզ սեյսմիկ պաշտպանության մասին գիրք և պլակատներ նվիրեց: Քննարկվեց նաև Գառնիի սեյսմիկ կենտրոնի տարածքում ամառային վրանային ճամբար հիմնելու հարցը, որը նույնպես աջակցություն ստացավ:
Սովորողները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր և հագեցած օրվա համար և վերադարձանք Երևան: Վերադարձին` կանգառ Չարենցի կամարի մոտ, սրթսրթացնող սառը քամի, մշուշոտ, մառախլապատ Արարատ...
Ճամփորդությունների ժամանակ էլ ավելի սերտ փոխհարաբերություններ են ստեղծվում սովորողների, ինչպես նաև սովորողների և ուսուցչի միջև: Սովորողը այլ հայացքով է ընկալում մարդկային հարաբերությունները, հանդիպում է իր հասակակիցների հետ, նոր փորձ է կուտակում:
Ճամփորդություններից հետո սովորողներն իմի են բերում իրենց տպավորությունները, ստացած գիտելիքները, կարողությունները` դրանք ներկայացնելով իրենց բլոգներում, կրթահամալիրի կայքերում:
Ուսումնական ճամփորդությունների ծրագրում հաջորդներն են օդերևութաբանական կայանը, Սանահինում Միկոյանների տուն-թանգարանը, Քարահունջը, Բյուրականի աստղադիտարանը։
- Բացվել է 4860 անգամ