Քաղաքակրթությունների՞ բախում

Սկիզբը

Միասնական աշխարհ. էյֆորիա և հարմոնիա

Լայն տարածում գտած հարացույցներից մեկը հենվում էր այն նախադրյալի վրա, որ «սառը պատերազմի» ավարտը նշանակում էր համաշխարհային քաղաքականության մեջ լայնամասշտաբ կոնֆլիկտի ավարտ և համեմատաբար ավելի ներդաշնակ աշխարհի առաջացում: Այդ մոդելի առավել լայն տարածված ձևակերպումներից մեկը` «պատմության ավարտի» վերաբերյալ, առաջ է քաշել Ֆրենսիս Ֆուկույաման. «Ամենայն հավանականությամբ մենք դառնում են վկաները պատմության ավարտի, որպես այդպիսին` դա նշանակում է մարդկության գաղափարական զարգացման վերջնակետը և արևմտյան ազատական ժողովրդավարության ունիվերսալացումը, որպես մարդկության կառավարման վերջնական ձև: Իհարկե, ինչ-որ մի տեղ երրորդ աշխարհում կարող են տեղ ունենալ բախումները, բայց գլոբալ բախումները ետևում են, և ոչ միայն Եվրոպայում: Հենց ոչ եվրոպական աշխարհում են տեղի ունեցել հսկայական փոփոխություններ, առաջին հերթին` Չինաստանում և ԽՍՀՄ-ում: Գաղափարների պատերազմը մոտեցավ ավարտին: Մարքսիզմ-լենինիզմի համակիրներին դեռ կարելի է հանդիպել Մանագուայից, Պհենյանից մինչև Քեմբրիջ և Մասաչուսեթս, սակայն ջախջախիչ հաղթանակի հասավ համաշխարհային ազատական ժողովրդավարությունը: Ապագան նվիրված չէ գաղափարական մեծ մտքերի պայքարին, ավելի շուտ այն նվիրված է տնտեսական և տեխնիկական աշխարհիկ խնդիրների լուծմանը: Եվ այդ ամենը կլինի բավականին անհետաքրքիր [1]:

Էյֆորիայի այդ սպասումը բավականին տարածված էր: Քաղաքական գործիչները և մտավորականության ներկայացուցիչները զարգացնում էին նմանատիպ հայացքներ: Բեռլինյան պատը քանդվել էր, կոմունիստական համակարգերը փլուզվել էին, ՄԱԿ-ը դատապարտված էր ձեռք բերելու նոր կարևորություն և «սառը պատերազմի» ժամանակաշրջանի նախկին մրցակիցները սկսեցին ներքաշվել գործընկերության ու մեծ գործարքի մեջ. Արդիական դարձան խաղաղասիրությունը և խաղաղապահությունը: Աշխարհի առաջատար տերության առաջնորդը հայտարարեց «նոր աշխարհակարգի մասին»:

«Սառը պատերազմի» ավարտի էյֆորիկ պահը ստեղծեց ներդաշնակության խաբկանք: Շատ շուտով պարզվեց, որ դա հենց խաբկանք է: Աշխարհն այլ դարձավ 90-ականների սկզբի համեմատ, բայց ոչ ավելի խաղաղ: Փոփոխություններն անխուսափելի էին, առաջընթացը` ոչ: Ներդաշնակության այդպիսի խաբկանքներ կարճ ժամանակով զարթոնք են ապրել 20-րդ դարի բոլոր մեծ բախումներից հետո: Առաջին համաշխարհային պատերազմը պետք է «վերջ դներ բոլոր պատերազմներին» և հաստատեր ժողովրդավարություն ամբողջ աշխարհում: Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչպես արտահայտվել է Ռուզվելտը. «կվերացնի միակողմանի գործողությունների համակարգը, իրարամերժ դաշինքները և նպատակին հասնելու այլ միջոցները, որոնք կիրառվել են հարյուրամյակների ընթացքում և որևէ արդյունք չեն տվել: Այս ամենի փոխարեն պետք է ստեղծենք խաղաղասեր ազգերի համընդհանուր կազմակերպություն և հիմք դնենք աշխարհի երկարաժամկետ համակարգվածության»: Առաջին Համաշխարհային պատերազմը ծնեց կոմունիզմ, ֆաշիզմ, և հետ տվեց դարերով մեկ զարգացող ժողովրդավարության շարժումը: Երկրորդ Համաշխարհային պատերազմը հիմք դրեց «սառը պատերազմին», որն իրականում դարձավ գլոբալ:

«Սառը պատերազմի» ավարտին հաջորդած ներդաշնակության խաբկանքը շատ արագ պայթեց: Դրան օգնեցին բազմաթիվ էթնիկ կոնֆլիկտները և էթնիկ զտումները, օրենքի և կարգի խախտումները, դաշինքների առաջացման նոր սկզբունքները, նեոկոմունիստական և նեոֆաշիստական շարժումների վերածնունդները, կրոնական արմատականության ակտիվացումը, Ռուսաստանի` Արևմուտքի նկատմամաբ «դիվանագիտական ժպիտների» և «այո»-ի քաղաքականության ավարտը, ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի անզորությունը կանխելու արյունոտ լոկալ բախումները և Չինաստանի օրեց օր աճող ինքնավստահությունը: Բեռլինյան պատի փլուզումից հինգ տարի հետո «Ցեղասպանություն» բառը շատ ավելի հաճախ էր լսվում, քան «սառը պատերազմի» ցանկացած հինգ տարում: Ներդաշնակ աշխարհի հարացույցը չափազանց կտրված է իրականությունից, որպեսզի «հետսառըպատերազմյան» աշխարհում օգտակար ուղեցույց դառնա:

Երկու աշխարհ. մենք և նրանք

Միևնույն ժամանակ, երբ յուրաքանչյուր խոշոր բախումից հետո առաջանում է միասնական աշխարհի գաղափարը, կա միտում նաև մտածելու երկու աշխարհի շրջանակում, որ անընդհատ հանդիպում է մարդկության պատմության մեջ: Մարդիկ միշտ ենթարկվել են «մենք»-ի և «նրանք»-ի բաժանելու գայթակղության` խմբի անդամներ և մնացածներ, մեր քաղաքակրթությունը և բարբարոսների: Գիտնականները վերլուծում են աշխարհը` հիմնվելով հակադրությունների զույգերի վրա` արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ, կենտրոն-ծայրամաս: Մուսուլմանների մոտ ավանդաբար կա հետևյալ բաժանումը` դար ալ-իսլամ և դար ալ-գարբ (խաղաղության վայր և պատերազմի վայր): «Հետսառըպատերազմյան» աշխարհում այս սահմանազատումն ինչ-որ չափով արտահայտվում էր նաև ամերիկյան գիտնականների կողմից: Նրանք բաժանել էին աշխարհը` «խաղաղության գոտու» և «անկարգությունների գոտու»: Առաջինն իր մեջ առնում էր Արևմուտքը և Ճապոնիան, աշխարհի բնակչության շուրջ 15 տոկոսը, երկրորդը` մնացած բոլորին:

Կապված այն բանից, թե աշխարհի այդ երկմաս քարտեզի առանձին մասերին ինչ բնութագրումներ են տրվում, որոշ իմաստով այն կարող է համապատասխանել իրականությանը: Ավելի ընդհանրական բաժանումը, որն արտահայտվում է բազմաթիվ անվանումներով` հակադրում է հարուստ երկրները(ժամանակակից, զարգացած) և աղքատ երկրները(ավանդական, չզարգացած կամ զարգացող):

Այդ տնտեսական բաժանումը, պատմականորեն սկսում է համապատասխանել նաև մշակութային բաժանումը`Արևելք և Արևմուտք, որտեղ շեշտն հիմնականում քիչ է դրվում տարբերությունների վրա տնտեսական բարեկեցության առումով, իսկ մեծապես շեշտվում է հիմնարար փիլիսոփայությունը, կյանքում առկա արժեքները և այլն: Այս օրինակներից յուրաքանչյուրն ունի իրականության տարրեր, սակայն ունի նաև որոշակի սահմանափակումներ: Ժամանակակից հարուստ պետություններն ունեն առանձնահատկություններ, որոնք առանձնացնում են դրանց նահապետական երկրներից, իսկ վերջիններս նույնպես ունեն իրենց առանձնահատկությունները: Բարեկեցության տարբերությունը կարող է բերի բախումների հասարակությունների միջև, սական, ինչպես ցույց են տալիս փաստերը, դա հիմնականում տեղի է ունենում այն ժամանակ, երբ հարուստ և առավել հզոր երկրները փորձում են նվաճել կամ գաղութացնել առավել աղքատ և նահապետական երկրներին: Արևմուտքը դա արել է չորս հարյուրամյակների ընթացքում, այնուհետ, որոշ գաղութացված երկրներ ապստամբում են և սկսում են ազատագրական պատերազմներ` գաղութացնող երկրների դեմ, որոնք ժամանակի ընթացքում կարող է և կորցրել էին իրենց կայսրությունները պահելու ցանկությունը: Արդի աշխարհում տեղի ունեցավ ապագաղութացում և գաղութների ազատագրական պայքարին եկան փոխարինելու ազատագրված ժողովուրդների բախումները:

Ավելի բարձր մակարդակում, բախումներ հարուստ և աղքատ երկրների մեջ քիչ հավանական է, քանի որ, որոշ բացառություններով հանդերձ, աղքատ երկրներին չի բավարարում քաղաքական միասնությունը, տնտեսական պոտենցիալը և ռազմական հզորությունն այն բանի համար, որպեսզի ձեռնոց նետեն հզոր երկրներին:

Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների տնտեսական զարգացումը մի շատ պարզ երկատում դարձնում են անհասկանալի̀ «ունեմ, թե չունեմ»: Հարուստ երկրները կարող են առևտրական պատերազմներ մղել միմյանց դեմ, աղքատ երկրները̀ արյունալի պատերազմներ, սակայն միջազգային դասակարգային պայքարը աղքատ Հարավի և զարգացող Արևմուտքի միջև այնքան հեռու է իրականությունից, որքան ներդաշնակ աշխարհը:

Աշխարհի բաժանումը երկու մասերի մշակութային ասպեկտում, էլ ավելի անօգուտ է: Ինչ-որ չափով, Արևմուտքն համարվում է միասնական: Իսկ ի՞նչ ընդհանրություն ունեն ոչ արևմտյան հասարակությունները բացի այն հանգամանքից, որ դրանք ոչ արևմտյան են: Ճապոնական, չինական, հինդուսական, իսլամական և աֆրիկյան քաղաքակրթությունները շատ քիչ ընդհանրություններ ունեն կրոնական, սոցիալական կառուցվածքի, հասարակական կազմակերպությունների և տիրապետող արժեքների հարցերում: Միասնությունը ոչ Արևմուտք և երկատումը «Արևելք-Արևմուտք»̀ առասպելներ են ստեղծված Արևմուտքի կողմից:

«Սառը պատերազմի» ժամանակ աշխարհը հիմնականում բևեռացված էր քաղաքական մասով: Սակայն միասնական մշակութային բևեռներ գոյություն չունեին: Արևելքի և Արևմուտքի մշակութային բևեռների առկայությունը, որը լայն կիրառման մեջ է մտցրել արևտյան և եվրոպական քաղաքակրթությունը, ևս սխալական մոտեցում է: «Արևելք-Արևմուտք» արտահայտության փոխարեն ավելի տեղին է կիրառել «Արևմուտք և մնացածներ» հասկացությունը, որը ամեն դեպքում, ենթադրում է բազմաթիվ ոչ-արևմուտքների առկայությունը: Աշխարհը բավականին բարդ է, որպեսզի տնտեսական առումով այն բաժանես Հյուսիսի և Հարավի, իսկ մշակութային առումով`Արևելքի և Արևմուտքի:

Շարունակությունը

Փոխադրություն ռուսերենից

Լուսանկարը` ռուսերեն 2014թ. հրատարակության շապիկից


[1] Այստեղ հեղինակը հակասության մեջ է մտնում Ֆուկույամայի հետ, սակայն մեծ հաշվով Ֆուկույաման, գոնե այս փուլում արդարացված է: Արևմուտքի քաղաքակրթական պնդումների տակ հիմնականում տնտեսական շահեր են, իսկ մյուս բաղադրիչը` տեխնիկական զարգացումների վերաբերյալ և նոր` տեխնոկրատների քաղաքակրթության առաջացման ֆոնին, ունեն ավելի ցայտուն դրսևորումներ, Վ. Թ.

Թարգմանիչ: 
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский