Խառնաշփոթ կամ Դեյլ Քարնեգին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին

…Գուցե ես այն մարդկանցից եմ, որ դեռ չմտած հաստատություն՝ արդեն կարծիք ունի և կցանկանա կիսվել առաջին տեսածով ու զգացածով։ Խիստ չդատեք, բայց ինչպես ասում են՝ առաջին զգացոությունն ամենաճիշտն է:

Ասելիքս կփորձեմ համեմատություններով զուգորդել հայտնի հոգեվերլուծաբան Դեյլ Քարնեգիի մի քանի կարևոր ասույթների հետ, և տեսնենք ինչ կստացվի: Ինձ էլ է հետաքրքիր՝ ինչ կստացվի, քանի որ այս վերապատրաստման ընթացքում ներքին ձայնս ստիպում էր անդրադառնալ Քարնեգիին, խոսել իր լեզվով ու բառերով, ուրեմն՝ 

Քարնեգի.- Ամեն անգամ, երբ տնից դուրս եք գալիս, ձգեք ձեր ծնոտը, գլուխը բարձր պահեք և թոքերը մինչև վերջ օդով լցրեք, ագահաբար կլանեք արևի լույսը, ողջունեք ձեր բարեկամներին ժպիտով և յուրաքնաչյուր ձեռքսեղմումի մեջ դրեք ձեր հոգին։ Մի վախեցեք, թե ձեզ ճիշտ չեն հասկանա, և ոչ մի րոպե մի ծախսեք ձեր թշնամիների մասին մտածելու վրա։ Փորձեք մտքում հաստատ որոշել, թե ինչ եք ուզում անել, իսկ հետո շեղվելով շարժվեք ուղիղ դեպի նպատակակետին։

Ես.- Առավոտյան բարձր տրամադրությամբ հասնելով կրթահամալիր՝ մեքենայով, երթուղայինով կամ հեծանիվով, ջերմ ժպիտով ողջույնից հետո մարզումները կրթահամալիրի բոլոր դպրոցներում անցնում են ուրախ պարերով ու երգերով, և ողջույնի ձևը, որ զարմացրեց ինձ՝ տնօրենի «ձեռքթխոցի»-ձեռքսեղմումն էր, որը շատ ուժեղ կապ է ստեղծում այդ մեծ դպրոցի տնօրենի և աշխատակցի, սովորողի, ամենափոքր սանի միջև՝ հավաստելով, որ ուրախ է տեսնել, հարգում է, դիմացինին ընդունում է որպես հավասարի։ Եվ այն խոսքերը, որ հնչում են բոլորի համար ամեն առավոտ՝ մի ուղերձ է՝ ամեն օր մի նոր որոշումով հասնել իրենց առջև դրված նպատակակետին։

Քարնեգի.- Գոյություն ունի մարդկային վարքագծի մի կարևորագույն օրենք՝ ձեր զրուցակցին մշտապես ներշնչեք սեփական նշանակալիության գիտակցությունը, որին հետևելով մենք ձեռք կբերենք անթիվ բարեկամներ և կայուն երջանկություն։

Ես.- Տնօրենը, դասվարը, դաստիարակը, դայակը՝ բոլորը, երբ շփվում են իրենց սաների ու ենթակաների հետ, աչքի է զարնում դիմացինին գովեստի արժանացնելու և ուշադրության կենտրոնում պահելու մեծ ցանկությունը, որը կարծես քեզ պարտավորեցնում է լինել ավելի լավը, ձգտել ավելիին։

Քարնեգի.- Կրթություն ստանալ, նշանակում է կարողանալ ճիշտ գործել առօրյա կյանքի ցանկացած իրավիճակներում, կրթության մեջ նպատակը ոչ թե գիտելիքն է, այլ գործողությունը, իսկ Բեռնարդ Շոուն այս առիթով ասել է՝ «եթե պարզապես ինչ-որ բան սովորեցնեն մարդուն, նա երբեք ոչինչ չի սովորի»։ Եվ ուրեմն, ուսուցումը ակտիվ գործընթաց է, և մենք գործելով ենք սովորում։

Մեր դարաշրջանը վառ տպավորությունների դարաշրջան է։ Բավական չէ պարզապես հաստատել ճշմարտությունը։ Ճշմարտությունն անհրաժեշտ է դարձնել աշխույժ, հետաքրքիր, դրամատիկ…

Ես.- Այս համալիրում տեսա այն, ինչ երբևէ չէի էլ պատկերացնում տեսնել, թեև այսօր համացանցի շնորհիվ այդ ամենը կարելի է տեսնել Եվրոպայում, Ամերիկայում… և Բանգլադեշեում (Հայաստան)։ Կարող ես տեսնել, թե թափանցիկ դասասենյակներում ինչպես են ընթերցվող հեքիաթները վերածվում ստվերային թատրոնի, կամ ինչպես են հասարակ առակները դառնում ռադիոհաղորդում, ու դա միայն ինձ համար էր զարմանալի, 9-10 տարեկան երեխաների համար սովորական բան է։ Դասերը նաև դուրս են գալիս այդ թափանցիկ դասասենյակներից՝ դառնալով բացօթյա դաս-զրույցների, դաս՝ քաղաքային թափառումների ու ճամբարների։

Քարնեգի.- Բոլորս սիրում ենք հաճոյախոսություններ…

Լավ մարդու ամենաարժեքավոր հատկանիշը՝ մարդկանց մեջ խանդավառություն առաջացնելու և նրանց լավագույն հատկությունները զարգացնելու կարողությունը՝ նրանց արժանիքները ընդունելու և խրախուսելու միջոցով։ Ոչինչ այնքան խորը չի հարվածում մարդու փառասիրությանը, որքան պետերի կողմից արված քննադատությունը։ Հավատացեք՝ աշխատանքի պահին խրախուսանքի ազդեցությանը մարդու վրա։ Եթե ինչ-որ բան դուր է գալիս, ապա շռայլորեն գովաբանեք և գնահատեք։

Մեզ բոլորիս, ով էլ որ լինենք՝ դուր են գալիս մեզանով հիացող մարդիկ։

Եղեք անկեղծ ձեր գնահատականում և շռայլ՝ գովեստում, և մարդիկ հիշողության մեջ կպահեն ձեր խոսքերը, կփայփայեն դրանք և կրկնեն ողջ կյանքի ընթացքում՝ շատ տարիներ անց , երբ դուք դրանք մոռացած կլինեք։

Ես.-  Չգիտեմ՝ ինչքան հավաստի կլինի իմ սուբյեկտիվ կարծիքն այն ամենի մասին, ինչ տեսա այս հաստատությունում երկշաբաթյա վերապատրաստման ընթացքում. շատ էին գովեստի, խրախուսանքի, բարձր գնահատանքի արժանացնելու հաճելի պահերը, որին ներկա եմ եղել։ Սեբաստացի կրթահամալիրում կարծես բնության նման է աշխատում մեխանիզմը՝ փոքրիկ վտակներից առուներ են ձևավորվում, առուներից՝ գետեր, գետերից՝ լճեր ու լցվում են բաց մեծ ծով, բայց տեղի է ունենում նաև հակառակ գործողությունը. մեծ ծովից ծով-լճերն ստանում են գովեստի այնպիսի չափաբաժին, որից բաժին է հասնում նաև իրենցից փոքրին ու ավելի փոքրին… Ոգևորվում էի նաև ես, այդ դրական լիցքով մթնոլորտը նաև ինձ էր ստիպում անել ավելին, լինել ճշտապահ ու պատասխանատու՝ նույնիսկ այն փոքրիկ բողբոջի համար, որ դեռ նոր պիտի աճի կրթահամալիրի այգում։

Քարնեգի.- Անհրաժեշտ է կարողանալ հասկանալ ուրիշի տեսակետը և իրերին նայել նրա և քո տեսակետից։

Եթե ցանկանում եք մարդկանց հակել ձեր տեսակետին, թատերականացրեք ձեր գաղափարները, մատուցեք դրանք տպավորիչ ձևով։ Հասեք այն բանին, որ մարդիկ ուրախությամբ անեն այն, ինչ դուք եք առաջարկում։ Ոչ մեկին բավականություն չի պատճառում, երբ ամեն կերպ փորձում են իր վզին փաթաթել որևէ իր կամ մատնացույց են անում իր անելիքը։ Մեզ համար ավելի հաճելի է կարծել, որ գնումներ ենք կատարում սեփական ցանկությամբ։ Մենք սիրում ենք, որ հաշվի առնվեն մեր ցանկությունները, մեր կարծիքները, մեր հայացքները։

Ես.- Կրթահամալիրն ունի իր հստակ օրենքները, կանոնները և սահմանները, նաև շատ խիստ են ու պահանջկոտ, բայց այդ ամենն ասում եմ, որ չմտածեք. ով ինչ ուզում՝ անում է: Այստեղ ամեն ինչ հասցված է այն մակարդակի ու ազատության, որ զրոյանում է խախտելու հավանականությունը, բոլորն են դառնում այդ օրենքների կրողը, պատասխանատուն ու պահանջատերը։ Այստեղ մեծից-փոքր իրարից սովորում են, փոքրիկ տեսակետից կարող է ստեղծվել մի մեծ նախագիծ, որը խրախուսվում է, առաջ է տարվում ու մեծ արձագանքի արժանանում, խրախուսվում է ամենափոքր հաջողությանը։ Այստեղ գործն էլ են դարձնում խաղ, դասն էլ են դարձնում խաղ, որը վերաճում է խրախուսվող մրցակցության ու գերազանցության հասնելու ձգտման։ Բոլորն ինքնակամ անում են այն, ինչ նախապես մտածված էր, և անում են հաճույքով ու ժպիտով։

Քարնեգի.- Գործերը խոսում են ամեն տեսակ խոսքերից բարձր, իսկ ժպիտն ասում է․ «Դուք ինձ դուր եք գալիս, դուք ինձ երջանկացնում եք, ես ուրախ եմ ձեզ տեսնել»։ Չինական ասացվածք․ «Չժպտացող մարդը խանութ չպիտի բաց անի»։

Ժպիտն ակնթարթ է տևում, բայց երբեմն հիշողության մեջ է մնում ընդմիշտ։

Ես.- Ծանոթանալիս ժպտում են, ողջունելիս ժպտում են, առաջադրանք տալիս ժպտում են, կարծիք հարցնելիս էլ ժպտում են, ժպտում են ծանոթին ու անծանոթին։ Հաճելի է ձեր ժպտալից մթնոլորտում գտվելը։

Քարնեգի.- Հիշեք, որ մարդու անունը իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բանն է։

Ես.- Այստեղ ճանաչում են միմյանց բոլորը՝ անուններով, զարմանալի էր, հաստատության տնօրենը գիտեր իր ամեն մի սանի անունը և խոսելիս այնպիսի անմիջականությամբ էր դիմում այդ պահին չլսող կամ ուշադիր հետևող իրեն սովորողին, որ միաժամանակ թե՛ շոյվում էիր, թե զգաստանում։

Քարնեգի.- Մարդկանց համար բարի համբավ ստեղծեք, որը նրանք կջանան արդարացնել։

Ես.- Այս հաստատությունից դուրս գալով մի պարզ ճշմարտություն հասկացա. այստեղ բարության հետ սովորողին տրվում է նաև մեծ ոգեշնչում, «հավես» է տրվում նաև անհավեսներին, ավարտելով՝ փորձում են իրենց գործով, իրենց գիտելիքով ու հմտություններով արդարացնել այն ամենը ինչը ստեղծվել է իրենց համար և ինչը շարունակելու է սովորեցնել, հասցնել իրենց երազանքներին, օգտակար մարդ դառնալ մեր ընտանիքի, մեր բակի, մեր հայրենիքի ու Երկրի համար, դառնալ «երկրագործ»։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский