Ինքնակրթություն` կրթության իրավունք և անձնական պատասխանատվություն

Մի հեռուստատեսային բանավեճի ժամանակ, որի թեման 12-ամյա կրթության պարտադիր դարձնելն էր, բանախոսներից մեկն իր ամփոփիչ խոսքում վստահ ու բաց ճակատով հայտարարեց. «9-րդ դասարանն ավարտողը դեռ բավարար չափով ինքնուրույն չէ, որ որոշի՝ ինչ է ուզում դառնալ»։ Զարմացա. եթե 15 տարեկանը բավարար չափով ինքնուրույն չէ՝ որոշելու իր նախասիրությունը, ուրեմն ինչո՞վ է զբաղված եղել սովորելու բոլոր 9 տարիներին։

Եթե համարում ենք, որ ուսյալ լինելը բավարար չէ ինքնուրույն լինելու համար, ուրեմն սովորողի ոչ բավարար ինքնուրույնությունը ոչ բավարար կրթության մասին է խոսում։ Մանավանդ որ կրտսեր ու միջին տարիքում մարդու համար «կարողանում եմ»-ը և «գիտեմ»-ը ինքնահաստատման բավական համոզիչ փաստարկներ են։

Ճիշտ է, որքան մոտենում է դեռահասության շրջանը, այնքան փոխվում են արժեքները։ Հասունացող մարդու ձգտումը բացարձակ ինքնուրույնության տանում է նրան դեպի ամեն մի հանձնարարության, խորհրդի, անգամ հուշումի մերժման։ Բայց չէ՞ որ սեփական աշխարհը ստեղծելու ամեն մարդու իրավունքն է դա։ Ուրիշի փորձին կարելի է հետևել, դրանից որոշ դասեր քաղել, բայց սեփական աշխարհը, այդ թվում՝ ներաշխարհը, մարդ կառուցում է սեփական փորձով ու սեփական սխալներից դաս առնելով։

Այնինչ մեծերս,  ամենաբարի մղումներից ելնելով, ամեն ինչ անում ենք՝ հենց սխալվելուց, այդպիսով նաև սեփական փորձից հեռու պահելու համար ու չենք էլ անդրադառնում, որ դրանով արգելակում ենք մարդու բնական զարգացումը։

Ավագ դպրոցականը, սովորաբար, հաղթահարած է լինում մեծերին սիրաշահելու անհրաժեշտությունը և ավելի հանգիստ է ընտրություն անում։ Այսօրվա դպրոցականները ավելի ու ավելի հաճախ են ինքնուրույն որոշում՝ ինչ սովորեն, որտեղից և ինչպես։ Դրա համար արագ ու լայն տարածում են գտնում զանազան ինքնուսույցները, ուսուցանող տեսանյութերը, որոնք հանձնարարված չեն, պարտադրված չեն և պատանի սովորողի համար հետաքրքիր են։

Ինքնուրույն սովորելու ճանապարհին միակ խոչընդոտը մեծերի ստվար հանձնարարություններն են։ Հայտնի հեքիաթի խորթ մոր պես խառնում ենք ոսպ ու  բրինձ ու պահանջում ջոկել, այնինչ դեռահասի սիրտը պարահանդես է ուզում։ Ամեն տարի ավելի հաճախ են հատկապես խելացի սովորողները զանց առնում մեծերի հանձնարարությունները կատարելը։ Սա, կարծում եմ, դեպի ինքնակրթություն տանող ճանապարհի ընտրությունն է։ Չհանձնարարված, բայց նախընտրած նյութի ուսումնասիրումը հանձնարարվածի փոխարեն կարող է հանգեցնել մեծերի դիմադրությանը։ Բայց եթե աճող մարդն իրեն իրավունք է վերապահում ընտրելու, ավելի շատ ժամանակ է ունենում նախընտրած գործով զբաղվելու, ինքնուրույն հետևությունների հանգելու, ըստ այդմ իր վարքը կարգավորելու։ Սեփական վարքը կարգավորող ու դրա համար պատասխանատու մարդն է իսկապես կրթվածը։ Դա, անկասկած, ազատության բավականին մեծ չափաբաժին է ենթադրում, իսկ ազատության ձգտումը աստվածատուր շնորհ է մարդուն։ Ահա այդ շնորհին տեր կանգնելով է, որ ամառային արձակուրդը սովորողն, օրինակ, անցկացնում է իրանական պոեզիա ուսումնասիրելով, ինչպես Մարիամ Գևորգյանը։ Գրականությունն ամենևին էլ Մարիամի ընտրած ուղին չէ, բայց ոչ հայկական, անգամ ոչ քրիստոնեական մշակույթի նկատմամբ ուշադրությունը նրա առաջ փռեց մարդկային մտածումի ու զգացումի համահունչությունը իր իմացածից տարբեր ձևերի մեջ։ Իրանական ժամանակակից գրականությունը համտեսելուց ու ճանաչելուց զատ այս մարդու ենթագիտակցությունը հաստատեց, որ բազմազանությունը լավ է, հարմար է ընտրության համար, և որ իր ընտրությունը մատչելի է սեփական կամքով և ջանքով։

Փորձարկումները, նույնիսկ եթե ձախողվում են (եթե չասեմ՝ հատկապես ձախողվածները), ամենայն սերտողականությունից լավ են կրթում մարդուն։ Եթե փորձարկումը արագ արդյունք չի պահանջում ու չի սպառնում գնահատականով (նիշ, թե բառերով գնահատում, միևնույն է, պիտի նշանակի, որ այդ գնահատականի համար էր արված), մարդ պատրաստ է կրկնելու այնքան, մինչև ցանկալի արդյունքին հասնի։ Կարևորն այստեղ արդյունքի ի՛ր չափանիշն է, ի՛ր գնահատականը։ Սեփական գնահատականին արժանանալու համար սովորողը կանցնի անգամ ամենաթեժ կրակի միջով։ Այդպես Աննա Մաթևոսյանը համառ ջանքերով ու բազմաթիվ փորձերից հետո հաջողել է բավականին երկար մի ձայնագրության մոնտաժով իր ուզած հաղորդումն ստանալ։ Մոնտաժը ուսումնական որևէ ծրագրում ներառված չէ, բայց անհրաժեշտ է լինում ինչպես ռադիոլրագրության, այնպես էլ ուսումնական ֆիլմ կամ ֆոտոֆիլմ պատրաստելիս։ Մոնտաժային ծանր ծրագրերը ամեն համակարգչի «խելքի բանը» չեն, ուստի շատերը, նաև Աննան, այդ մոնտաժն անում են ամենասուղ՝ media player ծրագրով։ 

Չեմ խոսի այդ ծրագրի սահմանափակ հնարավորություններից առաջացող դժվարությունների մասին, բայց չեմ կարող չհիշել Աննայի երանավետ բերկրանքը, երբ գործն ավարտել էր։ Ի դեպ, նույնպիսի բերկրանք տարիներ առաջ ապրում էր 10-րդ դասարանցի մի սովորող, որ գերմաներեն ոչ մի բառ չիմանալով՝ գերմաներենից թարգմանել էր Գյոթեի բանաստեղծությունը ու դրել նույն բանաստեղծության թումանյանական ու չարենցյան թարգմանության կողքին։

Կան սովորողներ, որ նույնիսկ իրենց սրտով արած հանձնարարությունը ոտնձգություն են համարում իրենց կամքի դեմ։ Այդպիսի մեկն օրինակ, ակնհայտ հակումներ ունենալով դեպի գրականությունը, ծրագրված-հանձնարարված նյութի համար նվազագույն գնահատակնն ապահովող հանձնարարություն է խնդրում, այնինչ ինքնուրույն ընտրում ու կարդում է ռուս դասական պոեզիա, և այնպես է կարդում, որ դժվար է մեկնաբանումը չնկատել։ Նույն սովորողը, ահա, միանգամայն սեփական նախաձեռնությամբ թերթում է դասընկերոջ բլոգը, գտնում է նրա ստեղծագործությունները, ձայնագրում ու հրապարակում։ Էրիկ Ոսկանյանին շատ զգույշ, որոշակիորեն վերապահումներով առաջարկեցի «Իմ ստեղծագործ դասընկերը» ռադիոնախագիծ անել (քանի որ, միևնույն է, անում է)։ Առաջարկս ընդունվեց նույնքան վերապահումներով։ Առաջին հաղորդումը, որ հեղինակի ընտրությունից մինչև մոնտաժ սովորողի աշխատանքն է, հրապարակվել է։ Հուսամ՝ շարքը կկայանա։

Փորձը ցույց է տալիս, որ սեփական ծրագրերը կարևորելով՝ մենք հաճախ սահմանափակում ենք պատանու իսկապես սովորելու ժամանակը, հնարավորություն չենք թողնում՝ իրագործելու իր ծրագրերը։ Պարտադրանքն անգամ ամենաբարձրորակ նյութը դարձնում է անցանկալի, ու ազատությունը գնահատող մարդիկ  գերադասում են անտեսել իրենց վրա ճնշում գործադրողի գնահատականը։ Նրանք, որքան էլ ֆորմալ կրթության մեջ վատ սովորող համարվեն, իրենց կրթության պատասխանատվությունն իրենց ձեռքն են վերցրել ու անկասկած ավելի բաց ճակատով են կյանքին նայում։ Դասավանդողի անելիքն այստեղ խրախուսելն է, նախաձեռնությամբ ոգևորվելն ու ոգևորելը սովորողին նրա ընտրությունը կարևորելու, դրա համար ուրախանալու միջոցով։ Անշուշտ, դասավանդողի պարտականությունն է նաև սովորողին օգնելը։ Բայց այստեղ հարկավոր է զգույշ մոտենալ գործին՝ չպարտադրել սեփական մոտեցումը, նախօրոք կարծիք չհայտնել, անմիջապես չբացահայտել դեպի նպատակը տանող ամենակարճ ճանապարհը, որովհետև դրանք բացահայտելով է սովորողը գտնում իրեն, դրանով է բարձրանում նրա ինքնագնահատականը, նրան դարձնում ավելի վստահ, հետևաբար՝ ավելի համարձակ ու նախաձեռնող։

Բայց կան շատ սովորողներ, որոնք, ինչ-ինչ բարդույթների կամ վախերի ազդեցությամբ ավելի շուտ կատարող են, քան նախաձեռնող։ Այսպիսի դեռահասների համար օդի պես անհրաժեշտ է մեծի՝ ծնողի, ուսուցչի կարծիքը, գնահատականը։ Նրան ինքնակրթության անդաստանը կարող է ավազոտ անապատ թվալ, որտեղ ո՛չ նպատակ կա, ո՛չ կողմնորոշիչ մի բան։ Սակայն կա նաև նրանց ինքնուրույնության աղբյուրին մոտեցնելու հնարավորությունը։ Փորձս հուշում է, որ կատարող մարդուն հանձնարարելը կողմնորոշել է նշանակում։ Հարկավոր է պարզապես հանձնարարության միջակայք տալ՝ հանձնարարված հեղինակներից՝ կարդալու, հանձնարարված թեմաներից՝ էսսե գրելու համար, հանձնարարված առաջադրանքներից ՝ իրեն ֆորմալ դասից դուրս դրսևորելու համար ընտրելու հնարավորություն։ Հանձնարարությունների միջակայքը, ի տարբերություն միակ հանձնարարության, ապահովում, նույնիսկ անխուսափելի է դարձնում սովորողի ընտրությունը, իսկ ի տարբերություն բացարձակ ինքնակրթության՝ կողմոնրոշիչ սահման է դնում։ Բազմությունից ընտրություն անելու կարողությունն արդեն իսկ ինքնուրույնության դրսևորում է։

21-րդ դարը, որ պայմանական է դարձրել ամեն տարածություն ու ժամանակ, մի օր, անկասկած, ջնջելու է նաև պաշտոնական կրթության կարծրատիպը։ Տեղեկությունն արդեն այնքան մատչելի է, որ դրա սերտումն անիմաստ է դարձել, իսկ մարդու վարքի դրսևորումն ավելի շատ մշակվում է մյուս մարդկանց հետ շփումներում՝ այլ կերպ՝ հենց կյանքի ընթացքում։ Եզրակացությունները, երևույթների վերլուծությունը, դրանից արված հետևության հաստատումն ու ըստ դրա վարքի կազմակերպումը, այսինքն՝ մարդու ինքնադրսևորումը մեծ չափով մարդու տեսանկյունի ու նրա ընտրության գործոններով են պայմանավորված։ Նպաստենք, ուրեմն, նրանց տեսանկյան լայնացմանն ու ընտրություն անելու հմտության զարգացմանը։ Ի վերջո՝ ամեն մարդու իրավունքն է կրթության իր նախանշած մակարդակը ընտրելը և դրան հասնելու պատասխանատվությունը վերցնելը։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский