Ցեղասպանություն. իրական տերերը

Խոշորացույց 4

Իսրայելի վարչապետներից մեկը, խոսելով պատմության մասին, արել է մոտավորապես այսպիսի դիտարկում, որ պատմությունն ստեղծված չէ այն բանի համար, որ մենք մնանք անցյալում: Այն պետք է ծառայի գործիք` սխալները դիտարկելու և առաջ շարժվելու համար:

«Խոշորացույց» շարքի հերթական երկմաս հոդվածում կանդրադառնամ մի ցավոտ թեմայի, ինչպիսին ցեղասպանությունն է: Անկախացումից հետո էլ, արդեն 25 տարի մենք չենք կարողանում հաղթահարել զոհի բարդույթը: Պատմական կտրվածքով 100 տարին կարծես թե բավական պետք է լիներ անցյալի այդ դրվագը վերախմբագրելու և առաջ շարժվելու համար: Սակայն, մենք վարվում ենք բացարձակ հակառակ տրամաբանությամբ: Անընդհատ խորանում ենք զոհի բարդույթի մեջ` սկսած միջին վիճակագրական հանդեսների մեխն հանդիսացող «իմ ծամթել տամ լողվորչուն»-ից, վերջացրած դասագրքերում տեղ գտած ողբով: Մենք մեր ողբերգության համար մեղադրում ենք բացառապես բոլորին`թուրքերին, ամենավատ պիտակները դնելով, քրդերին, չերքեզներին, ֆրանսիացիներին, գերմանացիներին, անգլիացիներին, ում ասես, բացի մեզնից: Մենք այդ խնդրին այլ լույսի տակ նայելու քաջություն չունեցանք, մեր սխալները տեսնելու, այդ սխալները արդի իրականության հետ կապելու և առաջ շարժվելու: Սովորողը պետք է իմանա դրանք, սովորողը պետք է անցկացնի զուգահեռներ մեր իրականության և հարյուր տարի առաջ տեղի ունեցածի միջև և առավել կենսունակ շարժվի առաջ: Հոդվածի երկրոդ մասի վերջում կներկայացվի նաև կրթահամալիրում այս թեմայի ուսուցման փորձը, թե ինչ մոտեցումներով է այս թեման ուսումնասիրվում:

Ցեղասպանություն. իրական տերերը

Ստորև շարադրված տեքստում կփորձենք հանդես գալ կառուցիկ դիրքերից, առանց ավելորդ որակումների: Ինքնասահամանափակումը կդիտարկվի որպես երևույթներին գնահատական տալու մշակութային մեխ:

Ա աշխարհամարտից առաջ հայկական իրականության երկու մասերը` Արևմտյան և Արևելյան Հայաստանները զուրկ էին պետականությունից: Սակայն փոխարենն ունեին եկեղեցի, ազգային-քաղաքական կուսակցություններ, մտավորականություն և առևտրաարդյունաբերական բավականին զորեղ խավ:

Եկեղեցի

Ըստ որոշ տվյալների, այդ տարիներին ավերվեց շուրջ 2500 եկեղեցի: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում: Ինչպե՞ս: Մեզ սովորեցրել են, որ 1555 թվականից հետո, երբ Արևմտյան Հայաստանը վերջնականապես անցավ թուրքերի տիրապետության տակ, այնտեղ միայն բռնություն էր, հալածանք և խոշտանգում: Դրանք հատկապես կրում էին կրոնական բնույթ: Հիմա հարցի շարունակությունը` որտեղի՞ց 2500 եկեղեցի այդ խոշտանգումների պարագայում, եթե դրանք հիմնականում կրոնական էին: Ուրեմն, ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ այնպես չէ: Հայ եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից երեքը (Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքությունները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը) Օսմանյան կայսրությունում էին և իրականացնում էին արևմտահայության հոգևոր-կրոնական ղեկավարումը: 1914-ից հետո, երբ Թուրքիան մտավ Ա աշխարհամարտ ու սկսվեց զանգվածային տեռորը հայության նկատմամբ, հենց այս կառույցներն էին, որ պետք է կողմնորոշվեին: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Խոսքն այստեղ առաջին հերթին վերաբերվում է Պոլսո Զավեն Ա պատրիարքին ու Սիսի կաթողիկոս Սահակ Բ-ին: Ստեղծված իրավիճակում նրանք ապակողմնորոշեցին արևմտահայությունը` գյուղերը ողողելով «խելոք կեցեքի» հորդորներով, միամտորեն կարծելով, թե դրանով կանխած կլինեն զանգվածային ջարդերը: Սրա լավագույն ապացույցն է Հայոց ազգային պատվիրակության քարտուղար Արշակ Չոպանյանի ̀ 1915թ. հուլիսի 24-ին Ֆրանսիայի ԱԳՆ ուղարկած գրությունը: Դրա հետևյալ տողերը հնչում են որպես մեղադրանք ̀ ուղղված Պոլսո պատրիարքին և Սիսի կաթողիկոսին. «Համընդհանուր բնաջնջման հեռանկարը սարսափի է մատնել հոգևորական ղեկավարներին, որոնք հեռագրով խնդրել են զեյթունցիներին անձնատուր լինել: ….Զեյթունցիները զիջել են, կարծելով, թե ծառայություն են մատուցում իրենց ժողովրդին»:

Արդյունքում առաջացավ խիստ հակադրություն, որի կարևոր վկայությունն է Նազարեթ Չավուշի չորս որդիներից մեկի ̀ Լևոն Նորաշխարհյանի հուշերում եղած հետևյալ հատվածը. «Սահակ կաթողիկոսը խղճի խայթե կտառապեր և ապագա պատասխանատվութենեն խուսափելու համար կուզեր օգնության հասնիլ մեզի, սակայն, իզուր: Մեղքը քավելու համար նպաստն ու մխիթարանքի քանի մը խոսքերը անզոր էին: Զեյթունցի գաղթականը, սակայն, քաջություն ունեցավ մերժելու վեհափառ հայրապետին կողմե գալիք որևէ օգնություն»:

Զեյթունից բացի, հայտնի են շատ այլ դեպքեր (Մուշ, Խնուս, Սեբաստիա և այլն), երբ և´ կենտրոնի, և´ տեղի բարձրաստիճան հոգևորականների մեղքով ժողովրդի ինքնապաշտպանական ջանքերն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ ձախողվել են: Սահակ Բ-ն այս իրավիճակը ներկայացնում է սարսափելի երանգներով, սակայն առնվազն տարօրինակ է նրա վերջին հարցադրումը. «Ի՞նչ պիտի ըլլան վանքերն ու մենաստանները…: Խորհուրդ տվեք, մենակ եմ: Խելք չմնաց գլուխս, արտասուք չմնաց աչքերուս մեջ, զգացում չմնաց սրտիս մեջ»: Կորցնել 1.5 միլիոն մարդ ու մտածել անշունչ կառույցների մասի՞ն: Ճակատագրի հեգնանք է թերևս: Եկեղեցուն վերաբերվող այլ փաստեր ու հուշեր չենք ներկայացնի, ընթերցողի համբերությունը չչարաշահելու համար:

Ի մի բերելով Հայոց մեծ եղեռնի ընթացքում Հայ եկեղեցու ունեցած դերակատարությունը ̀ հանգում ենք հետևյալ եզրակացությանը: Ի վիճակի չլինելով տեսնելու և ըմբռնելու մոտեցող աղետի մասշտաբները ̀ Հայ եկեղեցին իր ամբողջության մեջ չկարողացավ ճիշտ կողմնորոշել արևմտահայությանը` խուսափելու համար ցեղասպանությունից կամ գոնե մեղմելու նրա կործանարար հետևանքները:

Հայ եկեղեցու կողքին պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև հայկական քաղաքական կուսակցությունները, իսկ ավելի որոշակի` ՀՅԴ-ն և ՍԴՀԿ-ն: Երրորդ` Ռամկավար կուսակցությունը, որ տարիքային առումով ամենաավագն էր, համահայկական ընդգրկում չուներ և հետևաբար վճռական կամ նկատելի ազդեցություն չէր կարող ունենալ իրադարձությունների վրա: Ճիշտ է, ՀՅԴ-ն մասամբ գլխատված էր, բայց այս պարագան դյուզն-ինչ չի նվազեցնում այս կուսակցության մեղքի բաժինը: Պատճառները պետք է փնտրել առավել խորքում` 1908-ի երիտթուրքական հեղաշրջման մեջ, երբ հայ քաղաքական վերնախավը նպաստեց այն ուժին, որն հետո կարդալու էր իր դամբանականը: Այս առիթով գեներալ Լիման ֆոն Սանդերսի թարգմանիչ և համհարզ Հայնրիխ Ֆիրբյուխերը գրում է էր («Հայաստան. 1915» աշխատություն)._«Երբ այսօր հետադարձ հայացք ես ձգում և վերլուծում այն դեպքերը, ապա հայ գործիչները թվում են այն մարդկանց հանդեպ տածած նվիրվածության և հավատի զոհեր, ովքեր շուտով ցույց տվեցին իրենց իսկական դեմքը: Նրանք 1915 թվականին սառնասրտորեն սպանեցին իրենց հայ բարեկամներին, ովքեր 1909 թ. փրկել էին նրանց կյանքը»: Այդ օրերին, Սեբաստացի Մուրադը միացյալ ճակատ ստեղծելու լայն ծրագիր ներկայացրեց ՀՅԴ-ին և ՍԴՀԿ-ին, սակայն երկու քաղաքական ուժերն էլ չարձագանքեցին: Նրանք Պոլսի պատրիարքարանի հետ ձեռք ձեռքի տված համբերության կոչեր էին անում: Նույն էր իրավիճակը Դիարբեքիրում: Ի պատասխան տեղի ուժերի գրության, թե ի՞նչ անել, Կեդրոնական բյուրոն ուղարկում է հետևյալ գրությունը._«Պաշտպանուեցեք ձեր բոլոր հնարքներով, ուժերով: Նախայարձակումներէ, զինարձակումներէ ըզգուշացեք: Մեր վերջին հրահանգին սպասեցէք»: Անմիջապես փաստենք, որ այդ վերջին հրահանգն այդպես էլ չեղավ, իսկ պաշտպանվելու ընտրանքներ տրամադրելն առնվազն տարօրինակ էր: Ի՞նչ է նշանակում, պաշտպանվել, բայց չկրակել: Թերևս միայն այդ տողերի հեղինակները կարող են տալ այս հարցի պատասխանը:

Այդ նույն կարճամտությունը դրսևորվեց նաև Դաշնակցության 8-րդ համագումարում, որը տեղի ունեցավ ջարդերի նախօրեին̀ 1914 թվականի հուլիս-օգոստոս ամսիներին: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե այդտեղ Դաշնակցությունը քաղաքակն ի՞նչ կողմնորոշման խնդիր էր քննարկում, անդրադառնանք մեկ-երկու փաստի: Ի սկզբանե արդեն պարզ է, որ 1908-ի հեղաշրջումից հետո, երիտթուրքական ղեկավարությունն այլևս չի կիրարկելու եղբայրություն, ազատություն, հավասարություն սկզբունքներից որևէ մեկը: Ջրբաժանն առկա էր, սակայն անգամ այս պարագայում, համագումարի վերջում, փաստացի թշնամական հայտարարված կուսակցությունից հայտնվում են երկու նշանավոր դեմքեր̀ Բեհաէդդին Շաքիր և Նաջի Բեյը և կատարում հարցադրումներ, սկսված պատերազմում Դաշնակցության դիրքորոշման մասին: Այստեղ եղած խոսակցություններն էին, որ հերթական անգամ խաբելու էին հայ քաղաքական վերնախավին և պարարտ հող էին նախապատրաստելու հայկական կոտորածների համար: Ստորև ներկայացնում ենք գաղտնազերծված մի փաստաթուղթ: Խոսքը, 1914 թ. օգոստոսի 17-ին «Իթթիհադի» գլխավոր քարտուղար Միդհատ Շյուքրի բեյի կողմից Բեհաէդդին Շաքիրին ուղարկված ծածկագիր հեռագրի մասին է: Դրանից մի փոքր առաջ ` օգոստոսի 15-ին, այսինքն` «8-րդի» ավարտից անմիջապես հետո, Բ. Շաքիրը «Իթթիհադի» ԿԿ-ին տեղեկացրել էր Դաշնակցության համագումարի մասին և այժմ Պոլսից ստանում էր պատասխան ծածկագիր-հեռագիրը. «Այստեղ, մի քանիսի կողմից տրված տեղեկություններից, ինչպես նաև 1330 (1914) օգոստոսի 15 թվակիր ձեր գրությունից պարզվում է, որ հայերը հավակնություն չունեն մեզ հետ միատեղ ռազմական գործողությունների մասնակցելու: Ուստի, ձեռնարկվող բոլոր միջոցները պետք է գաղտնի պահվեն նրանցից: Պետությունը և կուսակցությունը փափագում է, որ մեր հայ հայրենակիցները մնան անտեղյակ: Այս ուղղությամբ ցանկալի է, որ անհրաժեշտ ջանք գործադրվի̀ նրանց սրտերը հանգիստ պահելու համար»: Ինչ մնում է պատմական այս փաստաթղթին, ապա այն շրջանառության մեջ դրվեց 1919 թ. մայիսին, Կ. Պոլսում ընթացող երիտթուրքերի պարագլուխների դատավարության ժամանակ:

Շարունակությունը

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский