Զարգացող, շարժվող մանկավարժության փուլային դրսևորումներից...

«Ես գիտեմ, թե ինչու եմ սովորում, ինչ եմ սովորում և ինչպես»։ «Ես ուզում եմ սովորել»։ «Ինձ չեն ստիպում սովորել։ Ինքս եմ ընտրում այն գործունեությունը, որով կուզեի զբաղվել»։

Այս, առաջին հայացքից պարզունակ թվացող պնդումները կարող են հոգեբանական լուրջ խթան դառնալ մարդու՝ սովորողի աշխարհայացքի ձևավորման, ինքնահաստատման, որպես քաղաքացի ձևավորման հարցում։ Դպրոցը մարդու՝ իր ուժերի, հնարավորությունների, կարողությունների հանդեպ վստահության ձևավորման, խթանման  կարևոր փուլ է։

Սովորողը գիտի, որ ուզում է սովորել։ Սովորողը սիրում է սովորել։ Սովորողն ազատ է միտք արտահայտելու, կարծիք ձևավորելու։
Թերթում ենք անվանի գրողների, երաժիշտների, նկարիչների կենսագրականներն ու տեսնում, որ այս մարդկանց համար իրենց գործը սիրելի է եղել, երբեմն՝ կործանարար-սիրելի, բայց սիրելի։ Մարդիկ ստեղծագործել են ծանր ու դժվար պայմաններում, անգումար ու անխրախույս, անճանաչ ու անապագա... Համակվել են իրենց գործով, ստեղծել գլուխգործոցներ։ Կարծում եմ՝ էստեղ բանալի-բառը հենց սերն է։ Մեր սովորողներին սովորել սիրելը սովորեցնելով՝ դառնում ենք նրանց ազատ մարդ-քաղաքացի դառնալու երաշխավորը։ Սիրով սովորողը սիրում է նաև իր դպրոցը, չի մտածում հիվանդ ձևանալու մասին, մոռանում է փորացավի, սրտխառնոցի մասին, գալիս է դպրոց, որտեղ իրեն սիրում են, որը բաց է իր առաջ ու սպասում է իրեն, որտեղ իրեն ժպտում են, լսում-հարգում, խրախոսում նախաձեռնությունները։

Այս դեպքում ունենում ենք սովորողի իրական մուտք։
Դպրոց գալ սիրելը չի նշանակում, որ սովորողը սիրելու է, ասենք՝ մաթեմատիկան, կամ կարողանալու է սովորել։ Սա առանձին ուսումնասիրման ենթակա կետ է։ Բոլորս էլ գիտենք, որ ուսումը ամենօրյա ու հետևողական աշխատանքի շնորհիվ է ուսում դառնում, գիտենք նաև, որ ամենօրյան հոգնեցնում է։ Ինչ անենք, որ սովորողը հնարավորինս բացահայտվի, ինքնադրսևորվի, խոսի, աշխատի՝ սովորի։

Ուսումնական միջավայրը իր դուրսուներսով, միջավայր ձևավորող անհատներով սրա կարևոր գրավականներից մեկն է։
Ուսումնական միջավայր որպես հյուր մուտք գործողն այդպես էլ հյուր մնում է՝ լինի սովորող, դասավանդող, ղեկավար։ Միջավայրը կարող է ներառող դառնալ, եթե ստեղծական է ու ստեղծվում է հենց մարդու ջանքերով․ էստեղ էականն աշխատանքի կազմակերպումն է, յուրաքանչյուրի ներառումը՝ իր հնարավորությունների, կարողությունների շրջանակում, բայց ներառումը։
Սրա կազմակերպմանը փորձել ենք անդրադառնալ տեխնոլոգիա դասընթացի շրջանակում, ամենօրյա խնամքի, միջավայրային փոփոխությունների նախագծերի միջոցով։

Ուսուցումն ամենուր է․ սա գուցե ծեծված, բայց կարևոր ու չիրականացված, մշակելի, մեզանում անընդհատ մշակվող-փորձարկվող պնդում է։
Բացենք բոլոր դռները։ Մարդն իրեն ազատ զգա ու ներառված, չլինեն անիմաստ «չիկարելի»-ներ, լինեն քննարկումներ, կարծիքներ, ոչ պարտադրանք։

Հիշում եմ, երբ նոր էի գրականություն դասավանդում, սովորողներից մեկի կարծիքն այն մասին, որ Չարենցի «Նավզիկե» ստեղծագործությունն անասելիք ու անբովանդակ է, խոցեց ինձ։ Սկսեցի բանավիճել, ապացուցել, սովորողը լռեց, բայց ես տեսա, որ մեզնից յուրաքանչյուրը մնաց իր կարծիքին։ Տանը երկար մտածեցի այդ մասին․ կուզեի, որ սովորողներս գնահատեին, յուրացնեին լավ գրականությունը։ Ավելի ուշ հասկացա, որ լավի ու վատի սահմանները հեղհեղուկ են, որ պարտադրել չի կարելի՝ դրանից ոչինչ չի փոխվում՝ ամեն մարդ իր կարծիքին է մնում, որ ով ասած, որ գրականագետն ավելի խելացի է ու ավելի լավ ու խորքային է ընկալում գրական տեքստը, քան սովորողը, ով ասաց, որ զգայական ընկալման մակարդակները, բառընկալումներն ու պատկերընկալումները միանման են։ Ինչո՞ւ միանման լինեն։ Ի՞նչ կլիներ, եթե միանման լինեին։ Ուղղորդող, բանալիներ տվող ընկեր-ավագն ավելի պիտանի կարող է լինել, քան իրեն առաջ մղող ու իր սովորածն ու ապրածը թելադրող-տարածող ուսուցիչը։ Հասկացա, որ չէի ուզի, որ իմ սովորողներն ինձ պես մտածեին, ու լավ է, երբ հնչում են նոր ու թարմ մտքեր։ Մթնոլորտի՝ դաս ասվածի կառուցվածքային փոփոխությունը կարող է օգտակար լինել բոլորի համար։

Բացեցի դռները։
Ավելի բաց դռներ տեսած սովորողներն արձագանքեցին․
- Չենք ուզում այս ստեղծագործությունը կարդալ։
- Այս առաջադրանքը չենք հավանում։
- Ես սա կարդացել եմ։
- Ինձ այս ուսումնասիրությունը չի հետաքրքրում։
- Ձեր կազմած առաջադրանքների հետ համաձայն չեմ։

Կարող ես ասել, որ ով չի անի, «երկուս» կստանա, որ պարտավոր են...
Բայց... Դռները բաց են... Այլ մթնոլորտ է, այլ սովորողներ... Ճանապարհն այլ է... Ընտրությունը...
Ո´վ ասաց, որ սովորողը չի կարող ընտրել` ինչ սովորի ու ինչպես․ հատկապես գրականության դեպքում սա աշխատող տարբերակ է։ Կամ ինչու պիտի սովորողը կարդա հատկապես այդ ստեղծագործությունը, ինչու... Դու՝ դասավանդողդ, ինչ ջանք ես գործադրում, որ կարդա։ Ասում ես, որ դա հանճարեղ ստեղծագործությո՞ւն է․ ոչ մի ազդեցություն չի թողնում։ Ասում ես, որ հայ գրականության կամ համաշխարհայինի հիմնաքարերի՞ց է․ արձագանք չկա։ Փաստորեն դրանք հիմնավորում չեն։

Իմ մանկավարժական գործունեությունը ցույց տվեց, որ չկարդացվող գրքեր չկան, կա դրանց սխալ ներկայացում․ սովորողին բանալիներ են պետք՝ խթաններ՝ ընթերցելու համար։ Տեքստը, որ կապվում է մարդու՝ սովորողի կյանքի, զգացմունքների հետ, չի կարող չընթերցվել։ Հմտությունն այդ կապերը գտնելն ու անուղղակի, անպարտադրանք խայծ-արտահայտություններ նետելն է, մնացյալը ստացվում է։

Սովորողի համար ընտրության հնարավորություն ստեղծելը անհատակենտրոն մանկավարժության առանցքային խնդիրներից եմ համարում։

Դասավանդողը պետք է կարողանա ընտրության հնարավորություն տալ․ միշտ լինում է սովորող, ով դա արդեն կարդացել է, ասում է, որ չի հետաքրքրում, որ ինքն այլ բան կուզեր անել։ Սովորողն իրեն կարևորված կզգա, կտեսնի, որ կարող է ընտրել, առաջարկել։ 

Բայց... Դռները բաց են... Ընտրություն կատարող, իրենն առաջարկող սովորողը չի կարող մեկուսանալ՝ փակվել դասարանում, դպրոցում։ Լսել միայն իր ուսուցչին։ Աշխարհում շատ են մարդիկ, ում կարելի է լսել, ում հետ կարելի է քննարկել։ Սկսեց ու տարածվեց Ճանաչենք մեր ժամանակակիցներին նախագիծը։ Նոր մարդիկ, ընկեր-գործընկերներ, քննարկումներ։

Բայց... Դռները բաց են... Այս փուլում արդեն սովորողն ինքն է իր գործունեության պատվիրատուն․ մարդ, ով ընտրելու, առաջարկելու, մերժելու հնարավորություն ունի։ Սովորողը կենտրոնում է։ Ուսուցումը բաց է ու ներառող և բովանդակային, և կազմակերպական, և կառուցվածքային մակարդակներում։ Ուսուցում այգում, թաղամասում՝ ամենուր։ Ներգրավող, ներառող, պարզ ու անկաշկանդ։

Հիմա աշխատում ենք և սովորողի՝ հնարավորինս ազատ ու նախագծային գործունեության կառուցվածի ու դրա համակարգման ուղղությամբ։ Քաղաքային պուրակներն ու այգիները, մեր իսկ բակերը ընթերցարաններ դարձնելու ուղությամբ։ Բաց կրթությունն ամենուր է ու շենքային պայմաններից դուրս՝ մեր քաղաքը կրթական տարածք դիտելը նոր ու հետաքրքիր նախագծի սկիզբ է։ Ճամփորդությունների ընթացքում՝ մեր երկիրը։ Սովորում ես ամենուր ու յուրաքանչյուրից։ Այս միտքը հետաքրքիր է, սակայն սրա շուրջ աշխատանքը շարունակական ու դեռ ձևակերպելի՝ փորձով ու օրինակներով համալրվող։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский