VI. Վունդերկինդի հետաքրքրությունները

Հեղինակ: 

Նախկին հրաշամանուկը

Սկիզբը 
Նախորդ հատվածը

Նախորդ գլուխը նվիրված էր որպես հրաշամանուկ զարգացման վաղ փուլում իմ աշխատանքին: Սակայն իմ կյանքում աշխատանքից բացի նաև զվարճություններ են եղել: Ծնողներս ինձ գրել էին սպորտային հրապարակի անդամ, որը ստեղծվել էր Փիբոդի դպրոցի մոտ գտնվող դատարկ տարածքում: Մենք պետք է անդամության տոմսը ներկայացնեինք, որպեսզի մտնեինք հրապարակ և օգտվեինք այնտեղ աշխատող դասավանդողի ծառայություններից՝ կա՛մ սողայինք սյուներից և հորիզոնական ձողերից կառուցված սարքով և զառիթափից ներքև սահեինք, կա՛մ օգտվեինք վարժությունների համար նախատեսված ուրիշ հարմարություններից: Ես շատ ժամանակ էի անցկացնում հրապարակում՝ զրուցելով այնտեղ հերթապահող ոստիկանի հետ: Ոստիկան Մյուրեյը մեր դիմաց էր ապրում և սիրում էր ինձ վրա ծիծաղել ոստիկանական ծառայությունից հեքիաթներ պատմելով:

Ես շատ ընկերներ ունեի, որոնց հետ խաղում էի և ում հետ սովորում Փիբոդի դպրոցում, և նրանց հետ ընկերությունը շարունակեցի նաև այն ժամանակ, երբ հայրս ինքը սկսեց ինձնով զբաղվել: Դպրոցական ընկերներիս թվում էր Ռեյ Ռոկվուդը, որ հետագայում տեղափոխվեց Վեստ Փոյինտ, որպես սպա, և շատ տարիներ անց մահացավ: Նա ապրում էր երկու տիկինների խնամակալության ներքո, որոնց ջանքերը նրա դաստիարակության հարցում իրարամերժ բնույթ էին կրում: Նրանցից մեկը քրիստոնյա գիտնական էր, իսկ մյուսը զբաղվում էր պատենտավորված դեղորայք պատրաստելով:

Ուոլտեր Մանրոն բոստոնյան վերգետնյա երկաթգծի կարգարվարի տղան էր, իսկ Ուին Վիլարդը՝ հյուսնի տղա: Իմ ընկերներից մեկի հայրն էլ հետագայում դարձավ Քեմբրիջի քաղաքապետը: Քինգերի ընտանիքի տղանեը, հարվարդյան դասավանդողի որդիները մեխանիկայի բնագավառում օժտված երեխաներ էին և ունեին աշխատող փոքր շոգեշարժիչ, ինչը իմ նախանձի առարկան էր: «Պատանիների բարեկամը» («The Youth's Companion»), որը ծնողներս բաժանորդագրվել էին իմ անունով, այդպիսի շարժիչներ էր առաջարկում որպես մրցանականեր բաժանորդագրության մրցույթներում, բայց առանց մրցույթին մասնակցելու էլ այդ մրցանակները կարելի էր գնել իջեցված գների բաժնի ծառայությունների միջոցով: Ծնողներս այդ ճանապարհով ինձ համար շատ խաղալիքներ էին գնել, բայց համարել էին, որ շոգեշարժիչը գնելը ինձ համար շատ կլիներ:

Այդ օրերին թերթերը լցված էին ակնարկներով թուրքերի կողմից հայերի հետապնդման դեպքերի մասին, որ նորությունների անսպառ աղբյուր դարձան: Թե ինչպես էր որոշվել, որ դա մեր գործն է, չգիտեմ, քանի որ, անկասկած, մենք քիչ բան գիտեինք թուրքերի մասին, և ավելի քիչ՝ հայերի: Մի անգամ Քինգ ընտանիքի տղաները և ես որոշեցինք փախչել տանից և կռվել հալածյալների համար: Չգիտեմ, թե հորս ինչպես էր հաջողվել մեր պլանները գուշակել, բայց մի կես ժամ հետո նա գտավ մեզ՝ երեք հուզված տղաներիս, Հարվարդյան հրապարակից մինչև Կենտրոնական հրապարակը ճանապարհի կեսին՝ Մասաչուսեթս Ավենյուի խանութի ցուցափեղկը դիտելիս: Նա Քինգ ընտանիքի տղաներին հանձնեց իրենց ծնողների ողորմածությանը: Իսկ ինձ ոչ մի պատժի չենթարկեցին, բացի դառը ծաղրանքից: Տարիներ անցան, մինչև որ ծնողներս դադարեցին այդ առթիվ վրաս ծիծաղելուց, և հիշելով նրանց կատակները՝ նույնիսկ հիմա ցավ եմ զգում:

Իմ մանկության երեխաներից շատերը, որ ապրեցին մինչև հասուն տարիքը, այս աշխարհում կարևոր դիրքեր գրավեցին: Նրանցից մեկը, որը մեր շրջանում հայտնի էր որպես անպիտան և վնասարար տղա, հիմա արդյունաբերական մեծ մագնատ է: Մյուսը, որը աչքի էր ընկել նրանով, որ կացինը ձեռքին ընկերոջը հետապնդել էր փողոցով, մեզ հիասթափեցրեց, որ հանուն հազիվ թե ավելի ուշադրության արժանի մանր խաբեբայի կարիերայի՝ ձեռնպահ մնաց հետագա կոշտ բռնություններից:

Այդ օրերին մասնակցում էինք ամենատարբեր կռիվների՝ սկսած միմյանց ձնագնդով խփելուց, վերջացրած խմբերի միջև լուրջ հարաբերություններ պարզելով, երբ դեռահասների երկու բանակները հանդիպում էին Էյվոն Հիլ փողոցում և միմյանց վրա քարեր շպրտում: Մեր ծնողները շատ արագ դրան վերջ դրեցին: Մի անգամ, երբ ձնագնդիներով խփում էինք, ընկերներիցս մեկի, որ կարճատես էր, ցանցաթաղանթը պատռվեց, ինչի արդյունքում նրա մի աչքը կուրացավ:

Արդեն ասել եմ, որ ես էլ կարճատես էի, և երևի այդ դժբախտ պատահարը ավելի մեծ չափով, քան մեկ ուրիշ բան, ստիպեց ծնողներիս, որ ինձ պատժեն մասնակցության համար և ամեն կերպ ինձ հեռու պահեն որևէ կռվից: Ես երբեք լավ կռվող չէի դառնա, քանի որ ցանկացած բռնություն ինձ վրա կաթվածի ազդեցություն էր թողնում վախի պատճառով, ինչը ուժեղ թուլություն էր առաջացնում, և ես գրեթե կորցնում էի խոսելու կարողությունը, ուր մնաց հարված հասցնեի: Կարծում եմ, որ պատճառը ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիոլոգիական էր, քանի որ ես թուլություն եմ զգում, երբ արյանս մեջ շաքարի պարունակությունը պակասում է:

Բավականաչափ զբաղվել եմ սպորտի տարբեր ձևերով, որոնցով զբաղվում են իմ տարիքի երեխաները: Ես օգնում էի ձնակռիվների համար ամրոցներ կառուցելուն, ինչպես նաև ձնե բանտեր, որտեղ թաղում էինք մեր գերիներին, և որտեղ երբեմն-երբեմն թաղում էին նաև ինձ: Ես կախվում էի ապրանքներ տանող սահնակներից կամ «տոբոգաններից», որոնք այդ օրերին անցնում էին ձմեռային Քեմբրիջի դեղին շլոփայով պատված փողոցներով: Բարձրանում էի տների ետևի ցանկապատներին և դրանցից ընկնելիս պատռում հագուստս: Փորձում էի սահել մանկական կրկնաչմուշկներով, բայց իմ կոճերը թույլ էին, և այդպես էլ չկարողացա սահել մեծահասակների չմուշկներով: Ես սահում էի Էյվոն Հիլի փողոցի զառիվայրով և խնդրում նրան, որ ինձնանից մեծ էր, և գրազ գալու սովորություն ունեցողներին, որ թույլ տան իջնեմ իրենց ավելի արագընթաց, կրկնակիացված սահնակներով: Գարնանը պրպտում էի բոլոր մայթերը և բակերը փոքրիկ գունավոր քարեր գտնելու համար, որոնք մանրում էի բրիչի օգնությամբ, որպեսզի ներկի նման մի բան ստանամ, և հետո դրանով «դասարաններ» էի նկարում ու ընկերներիս հետ խաղում: Ես քայլում էի մինչև Քեմբրիջի հյուսիսային մասը՝ Սբ. Վալենտինի կամ Ծննդյան տոների առիթով, կախված տարվա ժամանակից, գրասենյակային պիտույքների խանութներից զվարճալի բացիկներ, նաև էժանագին կարամել և շատ փոքրերի համար ուրիշ կարևոր մանրուքներ գնելու համար:

Հաճախ խաղում էի էլեկտրական փոքրիկ շարժիչներով: Մի անգամ որոշեցի այդպիսի շարժիչ պատրաստել Ծննդյան տոների առիթով նվեր ստացած գրքերից մեկում բերված հրահանգներով: Գիրքն այնպես էր գրված, կարծես իր տրամադրության տակ մեխանիկական արհեստանոց ունեցող տղան էր պատմում այդ մասին. նույնիսկ եթե այդպիսի արհեստանոց ունենայի էլ, ես ո՛չ այն ժամանակ, ո՛չ դրանից հետո մեխանիզմների հետ աշխատելու հմտություններ չեմ ունեցել, որ կարողանայի օգտագործել:

Իմ խաղալիքներից հիշում եմ մեգաֆոնը և գեղադիտակը, և կախարդական լապտերը, ինչպես նաև խոշորացույցների և պարզ մանրադիտակների մի ամբողջ հավաքածու: Կախարդական լապտերի հետ մի քանի ծիծաղելի լուսապատկերներ կային, որոնք այն տարիների փոքր տղային նույնքան հաճույք էին պատճառում, ինչքան հիմա Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմերը: Մենք սովորաբար լուսապատկերները ցուցադրում էինք մանկական սենյակում, իսկ վարձը վերցնում էինք կոճգամներով:

Մի անգամ փորձեցինք իսկական փող աշխատել, ցուցաբերելով ձեռնարկատիրական հնարամատություն: Հայրս հունական մշակույթի վերաբերյալ լուսանկարների հավաքածու ուներ, որ երևի ինձ էր տվել, ես էլ փորձեցի դրանք մեր թաղամասում վաճառել: Ծնողներս երբ իմացան արածս, դրանք հետ հավաքելու շատ զվարճալի գործ հանձնարարեցին ինձ:

1901թ. Ծննդյան տոները ինձ համար դժվար ժամանակ էր: Յոթ տարեկանս նոր էր լրացել: Հենց այդ ժամանակ ես բացահայտեցի, որ Սանտա Կլաուսը մեծահասակների ավանդական գյուտն է: Այդ ժամանակ, չնայած որոշակի դժվարություններով, արդեն գիտական գրքեր էի կարդում, և ծնողներիս թվաց, որ այդպիսի գրքեր կարդացող տղան պետք է որ չնեղվի՝ հրաժարվելով նրանից, ինչը իրենց կածիքով ակնհայտորեն սենտիմենտալ հորինվածք էր: Նրանք հաշվի չէին առել, որ երեխայի կյանքը տարբեր մասերից է բաղկացած: Երեխան իր տանից հեռու չի գնում, և այն, ինչ կարող է նրա տնից մի քանի թաղամաս հեռու լինել, նրա համար չուսումնասիրված տարածք է, որ կարող է լցնել իր երևակայությամբ: Այդ երևակայությունը երբեմն այնքան ուժեղ է դառնում, որ նույնիսկ, երբ նախկինում իրեն անծանոթ տարածք է մտնում, սեփական երևակայությանը վստահելը ստիպում է նրան դրա աշխարահարգրությունը, որ իրականում տեսնում է, ընկալել որպես սխալական մի բան:

Այն, ինչ ճիշտ է ֆիզիկական քարտեզի վերաբերյալ, ճիշտ է նաև նրա պատկերացումների սխեմայի վերաբերյալ: Նա դեռ հնարավորություն չի ունեցել ուսումնասիրելու այն, ինչը հեռու է նրա կենտրոնական հասկացություններից, որոնք իրենն են դարձել սեփական կյանքի փորձի շնորհիվ: Միջանկյալ գոտիներում ցանկացած բան կարող է ճիշտ լինել: Այն, ինչ մեծահասակների ընկալումների մեջ հակասություն կարող է առաջացնել, նրա համար դատարկ տեղ է, որ կարող է լցվել ամենատարբեր ձևերով: Որպեսզի նման դատարկությունների մեծ մասը լցնի, նա պետք է հենվի իր ծնողների նկատմամբ ամուր հավատի վրա: Հետևաբար, երբ Սանտա Կլաուսի մասին միֆը ցնդեց, դա նրանց ստիպեց եզրակացություն անելու, որ ծնողներին կարելի է հավատալ միայն որոշակի սահմաններում: Հետագայում, հնարավոր է, նա սկսի չընդունել այն, ինչ իրեն ասում են, այլ դա անցկացնի սեփական անկատար դատողություններով:

Գարնանը մեր ընտանիքը մեծացավ: Ծնվեց Բերտա քույրս, և մայրս քիչ էր մնում ծննդաբերության ժամանակ մահանար: Մեր հարևան դոկտոր Թեյլորն այցելում էր մորս: Նա սպիտակ մորուք ուներ, և տարիքով մարդ էր, երկու որդի ուներ, որոնց հետ ես երբեմն խաղում էի: Ինչպես և նախկինում, տատմայրը Ռոուզ Դեֆին էր: Ես ծննդյան փաստի վերաբերյալ երևակայական շատ մտքեր ունեի, և դրանցից մեկը շատ զարմանալի գաղափար էր. ինձ թվում էր՝ եթե, ասենք, դեղի դատարկ շշից պատրատված տիկնիկի վրա կախարդական բառեր ասես, կարող է երեխա դառնալ:

Նման միամտությունը ուշագրավ էր արդեն այդ ժամանակ իմ ունեցած գիտական աշխարհայացքի տեսանկյունից. տարբեր կենսաբանական հոդվածներ, որ կարդացել էի վեցից մինչև ինը տարեկանը, մեծ քանակությամբ նյութ էին պարունակում տարբեր կենդանիների սեռային դրսևորման մասին, մասնավորապես, ողնաշարավորների: Ես բավականին լավ հասկանում էի բջջի անուղղակի տրոհումը, գիտեի ձվաբջջի և սպերմատազոիդի տրոհման մասին, և արական ու իգական պրոնուկլեուսների միավորման մասին: Ես վատ պատկերցում չունեի որոշ ստորին տեսակի անողնաշարավորների սաղմնաբանության և մասին: Գիտեի, որ այդ փաստերը ինչ-որ կապ ունեն մարդկանց բազմացման հետ, բաց ծնողներս չէին խրախուսում այդ թեմայով հարցերը, և հասկանում էի, որ իմ դատողությունների շղթայում օղակներից մեկը բացակայում էր: Մտավոր մակարդակում բավականին ըմբռնում ունեի սեռական երևութի մասին` ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների: Բայց հուզական մակարդակում այդ խնդրին անտարբեր էի մնում այնքանով, որքանով դա բնորոշ է երեխային, իսկ որտեղ խնդիրը ինձ էր շոշափում, միայն շփոթմունք ու սարսափ էր առաջանում երևի:

Ծննդաբերությանը նախորդող օրերին ես և Կոնստանս քույրս կարմրուկով հիվանդացանք, ինչը բարդացարեց մեր ընտանիքի վիճակը Բերտայի աշխարհ գալու պահին: Չեմ հիշում, թե ինչպես էին հաջողացնում միաժամանակ երեքիս խնամել:

Դա մոտավորապես այն ժամանակ էր, երբ ծնողներս փորձում էին ստուգել, թե կկարողնամ ինչ-որ չափով հարմարվել ուրիշ երեխաների, նրանց հետ մի խմբում: Նրանք ինձ ուղարկեցին սովորական կիրակնօրյա դպրոց այն բանից հետո, երբ ես լուրջ բողոք հայտնեցի կիրակնօրյա դպրոցի ծառայողի հետ փիլիսոփայական վեճից: Եկեղեցական ծառայողին անվանում էին Սեմյուել ՄակԿորդ Կրոտերս. նա հիանալի էսսեիստ և գրականագետ էր, երկար տարիներ մեր ընտանիքի բարեկամը, և դպրոցում իմ լինելուց քսան տարի հետո կատարեց երկու քույրերիս պսակադրման արարողությունը: Դոկտոր Կրոտերսը չշփոթվեց այն բանից, որ ես այնպես ոգևորված մերժում էի կրոնը, և լրջորեն փորձում էր ընկալել իմ փաստարկները: Ինչևէ, նրա համբերության շնորհիվ ես կարողացա կիրակնօրյա դպրոց հաճախել:

Կիրակնօրյա դպրոցը լավ գրադարան ուներ, և հիշում եմ, որ այնտեղ երկու գիրք կար, որ ինձ վրա շատ ուժեղ տպավորություն թողեց: Դրանցից մեկը Ռասկինի «Ոսկե գետի թագավորն» էր («King of the Golden River»): Տարիներ անց, կարդալով նրա «Ժամանակակից նկարիչները» («Modern Painters»), ես նույն զգացողությունն ունեցա նրա լեռնային պատկերների և բարոյական համոզմունքների մասին, որ ինձ ծանոթ էին երեխաների համար նրա պատմվածքներից: Երկրորդ գիրքը ութսունական թվականների ֆրանսիական «Պատանի բնախույզի արկածները Մեքսիկայում» («Adventures of a Young Naturalist in Mexico») վերնագրով պատմվածքի անգլերեն տարբերակն էր: Միայն այս տարի ես նորից տեսա այդ գիրքը և թարմացրի իմ տպավորությունները մեքսիկական ցածրավանդակներում արևադարձային անտառների վայրի բուսականության շքեղ նկարագրության վերաբերյալ:

Կիրակնօրյա դպրոցում Ծննդյան տոների ներկայացում էր, որում ես էլ պետք է մասնակցեի: Ինձ սաստիկ հուզում էր գրիմ քսելու և հատուկ զգեստ հագնելու անհրաժեշտությունը. այդ ամենը ուժեղ հակակրանք առաջացրեց ամեն տեսակի սիրողական թատերական ներկայացումների նկատմամբ, և այն մինչև այսօր էլ մնացել է:

Այդ ամառ, որը անցկացրեցինք Ֆոքսբորոյի տնակում, «Կոսմոպոլիտեն» ամսագրի մի քանի համարներում հրապարակվեց Հ.Ջ. Ուելսի «Առաջին մարդիկ Լուսնի վրա» («The First Men in the Moon») պատմվածքը: Իմ զարմուհի Օլգան և ես ագահաբար կարդացինք այն, և չնայած չկարողացա գնահատել այդ ստեղծագործության ամբողջ հասարակական նշանակությունը, Մեծ Լուսնագնացի փխրուն պատկերը ցնցեց և շշմեցրեց ինձ: Մոտավորապես այդ ժամանակ կարդացի նաև Ժյուլ Վեռնի «Խորհրդավոր կղզին» («Mysterious Island»): Այս երկու գրքերն ինձ համար ներածություն դարձան դեպի գիտական ֆանտաստիկա: Իսկապես, երկար տարիներ ես մնացի Ժյուլ Վեռնի aficionado[1], և նրա ստեղծագործությունների էլի մեկ հատոր գտնելու հույսով ամեն այցելությունr գրադարան ինձ այնպիսի բավականություն էր պատճառում, որ երեխաների այսօրվա սերունդը չի զգում կինոթատրոն այցելելիս:

Չնայած այս ամենին, ես ժամանակակից գիտական ֆանտաստիկայի բուռն սիրահարը չեմ: Շատ շուտով գիտական ֆանտաստաիկան պաշտոնականացվեց և այլևս գրական ժանր չէ, ինչը հեղինակին բավկանաչափ ազատություն է տալիս և չի պահանջում հետևել ընդունված կանոնների: Ես գիտական թեմաներով գեղարվեստական գրականություն ստեղծելու մի քանի փորձ եմ արել, բայց գիտական ֆանտաստիկայի ժանրի մենաշնորհի շրջանակից միանգամայն դուրս: Այս բնագավառի որոշ հեղինակներ թույլ են տվել իրենց կրքերին վեր կանգնելու իրականության զգացողությունից և թույլ են տվել իրենց օգտագործել որպես տարբեր ոչ գիտական գաղափարների տարածողի: Իր նորարարությունը կորցնելով` գիտական ֆանտաստիկան դարձավ cliché[2]: Նրա այսօրվա լղոզվածությունը խիստ տարբերվում է այն ոգևորությունից և պայծառությունից, որով Ժյուլ Վեռնը զարմացնում էր շրջապատը, որը այդքան ռոմանտիկորեն նկարագրված է Դյումայի կողմից, և այն ազնվությունից, որը Հ.Ջ. Ուելսի սոցիոլոգիական դատողությունները դարձրին հաճելի և գերող:

Անկախ տարվա եղանակից, ամառ կամ ձմեռ, հայրս շատ էր գրում, և ինձ հետաքրքիր էր թվում նրա հրապարակումներին հետևելը: Նրա առաջին գիրքը կոչվում էր «Հրեական գրականության պատմություն» («History of Yiddish Literature») և Մորից Ռոզենֆելդի «Բանաստեղծությունների ժողովածուի» («Poems», որ լույս էր տեսել նրա օգնությամբ) որոշակի հակադրություն էր: Նրա այս գիրքը շատ վաղ լույս տեսավ, որ ես կարողանայի այն լավ հիշել, բայց հիշողությանս մեջ հստակ տպավորվել է հաջորդ գիրքը՝ «Ռուսական գրականության անթալոգիան», երկու հատորով, որ ինքն էր խմբագրել, և որոշ մասերը հիմնականում ինքն էր թարգմանել: Այդ գրքից հետո «Դանա Էստես և որդիներ» հրատարակչության հետ հայրս պայմանագիր կնքեց, որի համաձայն տասը հազար դոլարի դիմաց պետք է թարգմաներ Տոլստոյի բոլոր աշխատանքները: Նույնիսկ այն ժամանակ դա աղքատիկ վարձատրություն էր, իսկ այսօր այն ծիծաղելու աստիճանի փոքր գումար է քսանչորս հատոր թարգմանելու համար: Հայրս այդ աշխատանքը քսանչորս ամսվա ընթացքում կատարեց: Այդ աշխատանքում նրան օգնում էր բանիմաց քարտուղարուհի տիկին Հարփերը, և կարծում եմ, որ նրան անմիջապես հրատարակիչներն էին վարձատրում: Հորս հարաբերությունները հրատարակիչների հետ երբեք հարթ չեն եղել. կարծում եմ, որ հիմքեր ուներ նրանց կասկածանքով վերաբերվելու համար:

Շուտով իմացա, որ ձեռագիրը սկզբում մանրակրկիտ սրբագրվում է լուսանցքներում, հետո ուղղանկյունաձև փափուկ էջերում, և վերջապես տպագրական կապարե թիթեղներում: Ես ծանոթացա սրբագրիչի հիմնական նշանակումների և սրբագրման հիմնական մեթոդիկայի հետ: Իմացա, որ լուսանցքներում հեղինակային սրբագրումը շատ թանկ է, քանի որ էջերի վրա սրբագրելը դժվար է, իսկ տպագրական թիթեղների վրա գործնականում անհնար է: Տեսել եմ, թե հայրս ինչպես էր երկու կամ երեք Աստվածաշունչ կտրատում, որպեսզի թարգմանի Տոլստոյի մեջբերումները Աստվածաշնչից, և սովորաբար խաղում էի արդեն դեն նետված սբագրված էջերով և Աստվածաշնչի մնացորդներով՝ ինձ որպես սրբագրիչ պատկերացնելով:

Չնայած մորս ընտանիքի հետ ծանոթացել էի նախքան մեր Էյվոն փողոց տեղափոխվելը, մորս կողմից բարեկամների մասին հիշողությունների մեծ մասը այդ ժամանակահատվածին են վերաբերում: Մի անգամ, ժամանակը չեմ հիշում, մորս մայրը և նրա երկու քույրերը Բոստոն գնացին: Երբ Բրետա քույրս ծնվեց, տատիկս ապրում էր Քեմբրիջում, Շեպարդ փողոցի վարձով տրվող բնակարանում. և դեռ հիշում եմ, թե ինչպես նա հերոսաբար փորձում էր ինձ լողացնել, և դա անելիս բոլորովին անտարբեր էր մնում, որ ես խեդվում էի, որ օճառը աչքերս էր լցվում:

Չեմ կարծում, թե իմ և նրա միջև ինչ-որ վեճ կար, բայց ծնողներիս հետ նա, անկասկած, լավ հարաբերություններ չուներ: Չգիտեմ, թե ծնողներս ինչով էին նրան նեղացրել, չնայած բացարձակապես ակնհայտ է թվում, որ այդ հարցում քիչ դեր չի խաղացել հին հակակրանքը ռուսական և գերմանական հրեաների միջև: Ինչևէ, ծնողներս մորս ընտանիքի անդամներին մեղադրում էին, որ նրանք փորձել են քանդել իրենց ամուսնությունը, և դրան հետևել է ընտանեկան այդ թշնամությունը, որը չի ավարտվում նաև հակամարտողների մահից հետո: Նման թշնամության որոշ մասնակիցներ կարող են մահանալ, բայց ատելությունը ապրում է կենդանի մնացածների հիշողությունում:

Կան պապիս, եթե չեմ սխալվում, մեկ անգամ եմ տեսել: Շատ լավ պատկերացնում եմ նրա արտաքին տեսքը, քանի որ տեսել եմ նրա լուսանկարը. պատկերված է բարձրահասակ մռայլ տղամարդ, երկար, սպիտակ մորուքով: Այն ժամանակ նա արդեն բաժանված էր տատիցս և ապրում էր Բալթիմորի ծերանոցում: Հիշում եմ, որ ծննդյանս օրերից մեկին ինձ ոսկե ժամացույց էր նվեր ուղարկել: Նա մահացավ մոտավորապես 1915թ.:

1903թ. գարնանը հորս հետ բավականին ժամանակ ծախսեցինք՝ ամառային հանգստի համար հարմար վայր փնտրելով: Մենք շրջեցինք Բոստոնից հարավ և Դեգդեմից մինչև Ֆրամինգեմ բոլոր գյուղերը, ինչպես նաև շարունակեցինք փնտրել ծովափով Կոխասետի շրջակայքում, բայց հարմար տեղ չգտանք: Խորհուրդ հարցրինք հորս բոլոր ընկերներից, որ քաղաքից դուրս էին ապրում: Եվ վերջապես որոշեցինք ավելի հեռու շրջան գնալ հյուսիսարևմտյան մասում. այնտեղ էլ հենց գտանք Օուլդ Միլ Ֆարմ անունով մի տեղ Հարվարդ քաղաքում, որը Հարվարդ Վիլիջից Այեր Ջանկշն կեսճանապարհին էր: Այդ ամառն անցկացրինք տեղանքը ուսումնասիրելով, որից հետո որոշեցինք, որ հաջորդ ամառ կբարեկարգենք գյուղական տնակը և կպատրաստվենք սովորական ագարակատիրոջ և քոլեջի պրոֆեսորի կյանք վարելուն:

Ճշգրիտ չգիտեմ, թե Հարվարդ քաղաքի անունն ինչ կապ ունի Հարվարդի համալսարանի հետ, բայց, կարծես, նմանությունը այդքանով էլ վերջանում էր: Հարվարդ քաղաքը պատմականորեն հայտնի էր նրանով, որ այստեղ կառուցվել էր Մասաչուսեթսում ծովից հեռու առաջին կամ երկրորդ ջրաղացը՝ հացահատիկ աղալու համար: Չնայած այդ աղացը մեր գնած ագարակի տարածքում չէր, հին պատնեշը նրա սահմանների մոտ էր, իսկ ջրամբարը աստիճաբնաբար մեծացնում էին, ինչի արդյունքում պատնեշը հայտնվել էր մեր տան դիմաց: Այստեղից էլ գալիս է Օլդ Միլ Ֆարմ (Հին ջրաղացի ագարակ) անունը, և հետագա շարադրանքում ես հենց սա էլ կօգտագործեմ:

Երբ հայրս գնեց Օլդ Միլ Ֆարմը և որոշեց մեկ տարի այնտեղ ապրել, կարծում եմ, առաջնորդվում էր մի քանի դրդապատճառներով: Դրանցից մեկը նրա սերն էր գյուղական տեղանքի նկատմամբ և հողի հետ աշխատելու ցանկությունը: Մյուսը (որը, կարծում եմ, պակաս կարևոր էր) հպարտությունն էր, որ ինքը լրացուցիչ կոչում ունենա՝ հողատեր: Կասկած չի հարուցում, որ հայրս կարևոր էր համարում, որ իր երեխաները հնարավորին չափ շատ ժամանակ անցկացնեն գյուղում, և կարծես, համարում էր, որ գյուղում հեշտ կլիներ լուծել իմ դպրոցի հարցը, քան քաղաքում, որտեղ ընտրությունը կա´մ հասարակական դպրոցն էր իր խիստ պահանջներով, կա´մ շատ թանկ մասնավոր դպրոցը: Չեմ կարծում, թե գյուղը հորս համար բարենպաստ վայր էր իր գրական և գիտական աշխատանքի համար, քան քաղաքը, դեռ ավելին, ինձ համար լրիվ ակնհայտ էր, որ նա ինչ-որ բան ստիպված զոհաբերում էր, քանի որ պետք է ամեն օր գնար Այեր կամ Քեմբրիջ:

1903թ. ամռանը, երբ առաջին անգամ եկանք Օլդ Միլլ Ֆարմ, տունը անհրապուր մռայլ կառույց էր, որ հիմնվել էր Քաղաքացիական պատերազմի սկսվելուց տասը տարի առաջ: Տունը ճանապարհի մոտ էր. նրա և հսկա շտեմարանի միջև տեղակայված էին կողաշենքը և ցախատունը: Տան դիմաց արհեստական լճակ կար, որը այն ժամանակ ինձ լիճ էր թվում, սակայն հազիվ թե երկու հարյուր ֆութ լայնություն ունենար: Լճակի մեջտեղում ճահճոտ կղզյակ կար, որի աջ ափին ոչ մեծ անտառակ էր, որտեղ վաղ ամռանը ձարխոտ էինք հավաքում: Լճակի մյուս ափին պատնեշն էր, որից ճահճոտ մարգագետնով երկու առվակ էր ձգվում դեպի ճանապարհը և մեր ագարակի սահմանը: Առվակներից մեկի վրա, անմիջապես պատնեշի տակ, էլինգ էր շարժիչով. նախկին տերն այն օգտագործել էր որպես ֆաբրիկա, բայց չեմ հիշում, թե ինչ էր արտադրել:

Երկու առվակների և ճանապարհի միջև ընկած տարածքը երեխաների համար հիանալի տեղ էր: Փոքրիկ ֆոքստերիերը, որը անբաժան էր ինձանից, շուտով պարզեց, որ ես դրանցով հետաքրքրվում եմ, և սկսեց ինձ համար կրիաներ բերել: Հողի կիսաճահճացած մասում աճող վայրի բուսականության մեջ կային այնպիսիք, որ գրգռում էին երեխայի հետաքրքրությունը. օրինակ, սովորական պատկառուկ, կամ ծիրանագույն կանեփ, կամ ասպիրակ: Քարե ափով դեպի ներքև, որով ճանապարհն էր անցնում, կախված էին վայրի խաղողի փաթաթվող ցողունների շղթաները: Մարգագետինները, կախված տարվա եղանակից ծաղկում էին մե´կ երկնագույն, դեղին և սպիտակ մանուշակներով, մեկ վայրի հիրիկներով, մե´կ քձմանձուկներով, մե´կ ասպիրակի ծաղիկներով: Մեզանից ավելի հեռու արոտավայրում աճում էր փակ օձասխտոր, ինչպես նաև սպիտակ և վարդագույն ծաղիկներով ասպիրակ, նաև ժամանակ առ ժամանակ հանդիպում էին մրտավարդի թփեր:

Այս ամենն առաջացնում էր իմ հիացմունքը: Պակաս ուրախություն չէին առաջացնում լճակի ափով ձգվող ուռենիները, ինչպես նաև հին ուռենու ճյուղերով շրջապատված քոթուկը, որտեղ խաղում էինք: Կողքին ավազուտ կար, որտեղ հին շորերից և դաշնամուրի ստվարաթղթե տուփից վրան էինք պատրաստել: Ավազաթմբի մոտ լայնասաղարթ սոճու տակ սոճենու ասեղների կույտեր կային, որոնցում բնիկներ էինք անում և, ինչպես փոքր վառարաններում, կարտոֆիլ էինք եփում: Այդ ավազակույտը լվացվել բերվել էր հին ճանապարհից, որն առաջ անցնում էր մեր տան մոտով, մինչև նորը կառուցեցին, և գնում էր ներքև, և որով, ասում են, ձիով անցել էր Լաֆայետը, ուղևորվելով Միացյալ Նահանգներով իր մեծ ճանապարհորդությանը այն բանից հետո, երբ երկիր էր վերադարձել որպես հյուր: Արահետը ավազակույտից լաստենիների խոնավ անտառով տանում էր դեպի լճի ավազոտ ափը, որտեղ սովորաբար ես ու քույրս լողանում էին շերեփուկների և փոքր գորտերի հետ, մինչև լողալ սովորեցինք և կարողացանք առափնյա ծանծաղուտներից հեռու լողալ: Հետագայում, երբ ավելի մեծացանք, լողանալու մեր ամենասիրած տեղը մեծ պատնեշի անմիջապես ետևի գետախորշն էր, որտեղ հիմնական առուն դուրս էր գալիս ջրվեժի նման. այնտեղ կարող էի կանգնել թաթերիս վրա, և միայն քիթս էր ջրից դուրս մնում:

Լճի վրա նավակ կար, և հաճախ թիավարում էինք նավակը տասնյոթերորդ հարյուրամյակում կառուցված պատնեշի կողքով՝ ուղիղ դեպի լճի նեղ ծոցը: Լճակը՝ ծածկված սպիտակ և դեղին ջրաշուշաններով, ջրատիկերով, բնակեցված զարմանալի կրիաներով, ձկներով և ստորջրյա ուրիշ բնակիչներով, մեզ համար միշտ ցանկալի տեղ մնաց: Այդպիսի գրավիչ տեղ էր նաև հավանոցը, որտեղ թառերը ամրացված էին ուռենու սյուներից, որոնք արմատներ էին տվել և նոր ծիլեր արձակել: Մեզ գրավում էր նաև ամբարը` իր տանիքով, որ լցված էր խոտով, որտեղ կարելի էր թաքնվել, և որտեղից կարելի էր ներքև սահել և թռչել ինչքան ցանկանայիր: Մեզ հետաքրքիր էին նաև հարևան տները, որոնց ետնամուտքերի մոտ հաճախ կանգնում էինք, որ մի բաժակ սառը ջուր խնդրեինք կամ ագարակատիրոջ կնոջ հետ մի քանի հաճելի բառ փոխանակեինք: Մենք վարժվել էինք չմոտենալուն նախասենյակի դռանը, որի դիմաց խոտը ձեռք տված չէր, քանի որ այդ դուռը տանում էր արգելված հյուրասենյակ, որը բացվում էր միայն հարսանիքի կամ թաղման առիթներով, որտեղ ֆիrհարմոն կար, կախված էին ընտանեկան ռետուշ արված լուսանկարներ, կոշտ կահույք կար մազե գործվածքով, ընտանեկան հատուկ արժեք ունեցող շատ ուրիշ բաներ և, իհարկե, ընտանեկան ալբոմը:

Մի քիչ հեռու, մոտավորապես մեկ ու կես մղոն, Շեյքեր գյուղն էր: Դա իսկական տեսարժան վայր էր՝ բողոքական եկեղեցի, որտեղ աղանդի՝ հավերժ չամուսնանալու դատապարտված եղբայրներն ու քույրերը նստում էին իրենց փոքրիկ եկեղեցում` անցումի տարբեր կողմերում, քվակերների ավանդական հագուստները հագած: Ես հիշում եմ նաև Էլիզաբեթ և Անն հարգարժան քույրերին, որոնք պահպանել էին հավատարմությունը աշխարհիկ կոկետությանը և կեղծամ էին կրում ածուխի դույլ հիշեցնող իրենց ծղոտե գլխարկների տակից: Նրանք հերթով աշխատում էին մեծ գլխավոր շինությունում գտնվող փոքրիկ խանութում: Վաճառում էին հուշանվերներ և պարզունակ իրեր, ինչպես նաև նարնջի շաքարած կճեպներ և շաքարի մեծ կտորներ, որոնք ունեին անանուխի և տանձի համ: Այս ամենը ծիծաղելի էժան էր, և դրանք այն քաղցրավենիքներն էին, որ ծնողները մեզ թույլատրում էին անսահամանափակ քանակությամբ ուտել:

Այս բնակավայրը պետք է որ հիմնված լիներ մոտ երկու դար առաջ, և նրա մթնոլորտը ինչ-որ հին և մշտական բանի մասին էր ներշնչում, ավելի շուտ Եվրոպան էր հիշեցնում, քան Ամերիկան: Կարծեմ միշտ դժվար է եղել աղանդներում հավաքագրելը, որտեղ չամուսնանալու ուխտն էր իշխում, և Շեյքերի բնակիչները երեխաներ էին վերցնում դաստիարակելու այն հույսով, որ նրանք կմեծանան իրենց խիստ հավատքով, բայց սովորաբար այդպես չէր լինում, և երբ երեխաները հասնում էին դեռահաս և ավելի մեծ տարիքի, գրեթե միշտ հրաժարվում էին իրենց հոգեծնողների քարոզած հավատքից` գնալով սատանայի կամ մարմնական ցանկությունների ճանապարհով: Այսպիսով, համայնքին պատկանող հսկայական արհեստանոցները, և երկհարկանի քարե ամբարները դատարկ էին, մշակվում էր միայն դաշտերի կեսը, իսկ գյուղի ծայրամասերում փշատերև ծառերի տակ կանգնած տները դառնում էին տներ որբերի համար և գիշերօթիկներ: Գերեզմանոցը ծածկված էր մոլախոտով և կումանիկայով, որոնք կենսական անհրաժեշտ հյութերը վերցնում էին հողի տակ պառկած անցավորների մնացորդներից. և վաղուց փտել էին կառամատույցները, որոնք պարտադիր կառուցված էին յուրաքանչյուր տան դիմաց, ինչպես պահանջում էր Շեյքերի բնակիչների պարկեշտությունը, որպեսզի կառք բարձրանալիս կանայք չցուցադրեին իրենց ոտքերը անվայելուչ և անպատշաճ ձևով:

Մի քանի տարի շարունակ Կոնստանսը և ես մշտապես վիճում էինք, և իմ անփորձ ծնողներին դա երևում էր որպես սկզբնական մեղքի նշան: Նրանց անփորձ եմ անվանում, որովհետև այն ժամանակ նրանք նոր-նոր սկսում էին հասկանալ, որ աճող եղբոր և քրոջ միջև հակասությունները շատ բնական են: Սակայն արդեն, երբ ես ութ տարեկան էի, իսկ Կոնստանսը՝ չորս, մենք ընկերներ դառնալու հնարավորություն ունեինք: Ես գիտեմ, որ միասին ուսումնասիրեցինք երեսուն ակր մակերես ունեցող ագարակը, և այդ ժամանակ ես նրան ընդունեցի որպես անհատականություն:

Չնայած իմ գյուղական կյանքն իր հմայքներն ուներ, իմ տարիքի երեխաների հետ չշփվելը շատ խիստ թերություն էր: Իհարկե, Այերեում և հարևան ագարակներում երեխաներ գտա, որոնց հետ կարող էի խաղալ: Սակայն դա հաճախ չէր պատահում, քանի որ մենք առանձնացված էինք ապրում: Բացի դրանից, երբ մտովի վերադառնում եմ այն տարիներին, երբ ապրում էինք Էյվոն փողոցում, ինձ թվում է, որ այն ժամանակվա ընկերական հարաբերությունների շքեղությունը այդպես էլ հետո չկարողացա զգալ: Ես շատ լավ գիտակցում եմ, որ հեշտ չէր խուսափել մեկուսացված ապրելուց, որը բնորոշ էր մեր ընտանիքին այդ ժամանակ, քանի որ մենք ֆինանսական դժվարություններ ունեինք, բայց այդպիսի գոյության հետևանքները լուրջ էին և շարունակական: Երբ Քեմբրիջից Հարվարդ տեղափոխվեցի, խզեցի կապերս մանկությանս ընկերների հետ, և չնայած Այերում, իսկ հետո Մեդֆորդում նոր ընկերներ ունեցա, այլևս չկարողացա նորից զգալ մանկական ընկերությունից ծնված ապրումների ամբողջականությունը և պայծառությունը: 

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը` Շամիրամ Պողոսյանի


[1] սիրահար
[2] սովորական

 

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский