Ավագ դպրոց 2017

Հարգելի գործընկերներ, քննարկման ենք ներկայացնում Մարգարիտ Սարգսյանի «Ավագ դպրոց 2017» նկատառումները։ Խնդրում ենք Ձեր արձագանքը, հարցադրումները, Ձեր նկատառումները գրանցել քննարկման էջում կամ գրել կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի էլ. հասցեին` [email protected]։ 

Հեղինակային կրթական ծրագիր
Ավագ դպրոց
Նկատառումներ

  • Առաջին խնդիրը՝ ըստ կրթական աստիճանի բովանդակության ձևակերպումն է։ Ավագ դպրոցում մոտեցումները, բովանդակային դրույթները, պարզ է, որ պիտի կրթահամալիրային լինեն, բայց դրանք իրենց իրագործման մակարդակում, ձևակերպումներում պետք է այլ կրթական մակարդակ ապահովեն ու բավարարեն հենց պատանիների հետաքրքրությունները, մի քայլ առաջ գնան, ավելի ու ավելի անհատականացվեն։ Այդ տարիքում, սա իմ փորձից, ընթերցածս գրականությունից ելնելով եմ ասում, իրենք ավելի ու ավելի են կենտրոնանում իրենց խնդիրների, ես-ի շուրջ, կամային դառնում․ միայն անհատական աշխատանքը, շատերի դեպքում նաև՝ նախագիծը, դրա մի հատվածի իրականացումը, կարող է խնդրի լուծում-զարգացում դառնալ։
  • Կազմակերպումը տեսնում եմ նախագծային գործունեության ու նախագծերի ղեկավարների հստակ բովանդակային, կազմակերպական առաջարկների տեսքով։ Ավագ դպրոցը պիտի ունենա տարեկան 7-10 զարգացմանն ուղղված նախագծեր։ Ավագ դպրոցում նախագծերը լավ կլինի երկարաժամկետ լինեն՝ եռամսյա, մեկտարյա։ Մենք ինչ-ինչ բաներից ոգևորվում ենք, բայց դրանցից շատերը մեկօրյա են, սկսում են ու արագ մարում։ Պիտի մեր բովանդակությունը, բաց համակարգ լինելուն, անհատակենտրոն ու նախագծային լինելուն միտված նախագծեր լինեն։ Ես էսպես եմ պատկերացնում։

    Ասենք՝ թանգարանները ուսումնական նախագծերի հարթակներ. ամեն սովորող կոնկրետ աշխատի, լինեն բաց ու համագործակցային նախագծեր, նախագծերի տարբեր մոդելներ, անընդհատ աշխատանք։
    Ասենք՝ բուհ-դպրոց ուսումնական նախագիծ։ Դատական համակարգն, ու մենք այդ համակարգում։ Մեր ժամանակակիցները։ Հասարակական կազմակերպությունները` որպես ուսումնական նախագիծ։ Մեր օտար լեզուների ուսուցումը էդպես էլ չի ձևակերպվում որպես կրթահամալիրային գլոբալ նախագիծ, ասենք` մեկ սովորողին մեկ օտարալեզու ընկեր. ավագ դպրոցում սա շատ հետաքրքիր կլինի, ինչո՞ւ միայն վրացի, ինչու ոչ անգլախոս, իսպանախոս․․․
    Այնպիսի միջազգային նախագծեր, ինչպիսիք Լուսինե Բուշի համակարգած intvinig նախագծերն են:
    Նախագծերի այս շարքի շուրջ մտածել եմ, կարող եմ և թվարկել, և փակագծերը բացել։ Դրանցում կարևորը, որ լինեն գործուն՝ ապագային միտված, բաց ու նախագծային, ղեկավարները լինեն մարդիկ, ովքեր իրոք ունակ են համակարգելու, ձևակերպելու, արդյունքներ ամփոփել-ներկայացնելու։

Կարծում եմ՝ մենք ավագ դպրոցում չունենք հստակ ձևակերպված, նաև՝ ներկայացված ու ներկայանալի այլընտրանք, որն իրոք այլընտրանք է ԱՅԲ-ի, Քվանտի և այլ նման դպրոցների կողքին։ Մեր այլընտրանքը պիտի հստակ երևա, ցցուն՝ գործերով։
Հիմա նայում եմ Դիլիջանի՝ այդքան գովերգվող, միջազգային դպրոցի նախագծերը, լրացվող հարցաթերթիկում կարևորվող հմտությունները. մենք այս ամենն անում ենք ու շատ քայլերով առաջ ենք, բայց դրա ձևակերպումների, տարածման, ներկայացման ու սովորողի ներառման հարցում այդքան էլ հստակ չենք։ Նույն Ամերիկյան համալսարանում շատ են մեր ծրագրային դրույթները։ Երբ սովորողների համար երաշխավորագրեր էի գրում, հիմա նաև ուսանող-սովորողների հետ խոսում եմ, ընկերներ ունեմ, դա հստակ տեսնում եմ։ Մեր գործընկերությունը մեծ մասով կարող է շարունակական դառնալ, իրար լրացնող։ Սրա մասին արժե մտածել, զարգացնող նախագծեր սկսել։ Նախագծի ղեկավարը պիտի պատասխանատու լինի իր  խմբի սովորողների համար․ նաև՝ կազմակերպիչ լինի, թող ավելին վճարվի, բայց իմանա, որ պիտի արվի։ Այն մարդն, ով չի կարողանա, կարող է չանել, թող դեռ անողներն առաջ գան։

Այսպիսով` ավագ դպրոցի գործունեության կազմակերպման մասին մտածելիս` կանգ եմ առնում մի քանի կետի վրա։

  • Սովորողի հետ անհատական աշխատանք։
  • Կիսամյակային, տարեկան` ուղղորդող, գլոբալ նախագծեր. այդ շրջանի զարգացումն ապահովող։
  • Մասնագիտական գործուն փորձառության դաշտ` տարբեր կազմակերպություններում։
  • Կազմակերպիչ-դասավանդող, որ որոշակի խմբի սովորողների ուսումնական գործունեության կազմակերպիչը կդառնա։
  • «Մեկ սովորող մեկ օտարալեզու ընկեր» նախագծի ձևակերպում ու կոնկրետ զարգացում։
  • Նախագծի ղեկավար սովորողներ կամ ուսանողներ։
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский