Շամիրամի այգիները հարավում

Հարավային դպրոցի բակում մրգատու այգիներ ստեղծելու աշխատանքը արդեն յոթ տարվա պատմություն ունի։ Խորհրդային շրջանի տիպային շենքի շուրջբոլորն ասֆալտապատ էր, և առաջին քայլը ասֆալտից ազատվելը պետք է լիներ: Կրթահամալիրի մյուս դպրոցներում սկսած այդ գործը ոգևորիչ էր, գաղափարը արագ համակեց դպրոցի ուսուցիչներին, սովորողներին, և նրանց տարիների ջանքներով, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խրախուսմամբ և օպերատիվ աջակցությամբ տարածքը մաս-մաս ազատվեց ասֆալտից: Մի քանի մեքենա հող լցվեց դպրոցի տարածքում: Տնկվեցին առաջին պտղատու, դեկորատիվ ծառերը, թփերը, ծաղիկները: Ամենօրյա խնամքի շնորհիվ այգին սկսեց ծաղկել, առաջին պտուղները տալ: Սովորողների համար բակային աշխատանքները դարձան ամենօրյա տեխնոլոգիական կարողությունների, հմտությունների ձեռքբերում: Յուրաքանչյուր տարի տնկվող ծառերի և թփերի թիվը ավելացավ: Այդ գործում մեծ ներդրում ունեցան նաև ծնողները՝ դպրոցին տնկիներ նվիրելով, իրենց շաբաթօրյա աշխատանքներով:

Թաղի բնակիչներն սկզբում դեմ էին ասֆալտի փոխարինմանը հողով, ասֆալտով: Հարակից շենքի բնակիչները կարծում էին՝ հողի, ավազի փոշին, պատուհաններից ներս ներս կլցվի, հաճախ նույնիսկ մոտենում էին, բողոքում: Իսկ հիմա այգին իր տեսքով դարձել է թաղի ամենագեղեցի, մրգաշատ, ծառաշատ վայրը, որտեղ կարող է թաղի բնակիչն էլ մտնել, զբոսնել, հանգստանալ:

Այգին էլի ընկերներ ունի։ Միջին դպրոցի շրջանավարտները՝ 9-րդ դասարանի սվորողները միացան. Հարավային դպրոցի արևելյան մասում տնկվեցին ծիրանենիներ: Ստեղծվեց ծիրանենիների պուրակ:

Կրթական փոխանակումներ ծրագրով Հարավային դպրոցում հյուրընկալվել էիր Թբիլիսիի թիվ 37 դպրոցի սովորողների և ուսուցիչների խումբը: Ի հաստատում կրթահամալիրում «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով հաստատված բարեկամության` կրթական փոխանակումների ծրագրով դպրոցի կացարանում հյուրընկալված Թբիլիսիի թ. 37 դպրոցի սովորողների և ուսուցիչների խմբի հետ Հարավային դպրոցի հյուսիս-արևելյան թևում տնկեցինք 50 մրգատու ծառ: Այգու այդ հատվածն անվանակոչեցինք հայ-վրացական պուրակ:

Դպրոցի արևելյան կողմում բացվեցին վոլեյբոլի մարզադաշտերը՝ կարմիր և սպիտակ ավազով ծածկված:

Նաև նախակրթարանի ներքին բակում, որտեղ ևս սևահող և կարմիր ավազ լցվեց, խոտի սերմ ցանվեց: 4-5-րդ դասարանի սովորողների ամենօրյա խնամքի շնորհիվ սերմերն աճեցին, բարձրացան՝ նոր տեսք հաղորդելով ներքին բակին: Սկսվեցին ներքին բակի բարեկարգման աշխատանքները:  5 տարեկանների ներքին բակում տնկվեցին մրգատու ծառեր, ծաղիկներ, թփեր, սևահող և կարմիր ավազ լցվեց: Նախակրթարանի խմբերից յուրաքանչյուրն ունեցավ իր ներքին բակը, որտեղ սաները կարող են օրվա ընթացքում խաղալ, խնամել իրենց այգին, զբոսնել: Արևմտյան կողմում դպրոցի լողափն է, որն իր աշխատանքը սկսում է մայիսից: Եղանակային բարենպաստ պայմաններից ելնելով լողափը մինչև նոյեմբեր գործում է:

Այգիներում հաջորդ աշխատանքը ճիմապատումն էր: Դպրոցի գլխավոր՝ հարավային մուտքի երկու կողմերը ճիմապատվեցին: Ունեցանք կանաչ լանջեր՝ սովորողների ամենօրյա խնամքի շնորհիվ:

Հաջորդ աշխատանքներն ուղղված էին հեծանվաուղու ստեղծմանը:

Դպրոցի արևմտյան թևի մի հատված ասֆալտապատ էր թողնված՝ հեծանվաուղու համար, իսկ մյուս երեք կողմերում հող էր, խիճ: Ագարակից բերվեց երկու մեքենա ավազ՝ հեծանվաուղու ճանապարհի բարեկարգման համար:

Սեբաստուցու օրերին Հարավային դպրոցը հանդես եկավ դպրոցի տարածքում միասնական ծառատունկ, բակային աշխատանքներ կազմակերպելու նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը մասնակցեցին կրթահամալիրի բոլոր դպրոցները, քոլեջը: Նախապես աշխատանքային գործիքները տեղափոխվեցին Հարավային դպրոց, որոշվեց, թե որ խումբը, որ տարածքում պետք է աշխատի: Աշխատակարգը հրապարակվեց կայքում: Հարավում աշխատանքային խմբերի ակտիվ գործունեությամբ պտղատու այգիներում տնկվեց 60 պտղատու ծառ, բարեկարգվեց հեծանվաուղին: Տիար Բլեյանի առաջարկով այգիները կոչվեցին Շամիրամի այգիները հարավում:

Բակի հյուսիս-արևելյան կողմի մուտքից հանվեցին ցանկապատերը, ճանապարհը բարեկարգվեց, որպեսզի հեծանվորդներն այդ մուտքից ևս կարողանան անարգել օգտվել: Ներքին բակերը, դպրոցի գլխավոր մուտքը փակող ցանկապատերը ևս հանվեցին:

Շամիրամի այգիներում արդեն տնկված է մոտ 250 մրգատու ծառ՝ բալենի, խնձորենի, ծիրանենի, ընկուզենի, սերկեվիլնի, դեղձենի և այլ մրգատու ծառեր, 60-ից ավելի դեկորատիվ ծառեր, մոտ 80 ծաղիկներ, թփեր:

Այգու ստեղծումը, պահպանումը շատ կարևոր է կրթահամալիրի յուրաքանչյուր սովորողի համար: Սեփական ձեռքերով, սեփական փորձով կատարված աշխատանքն ավելի է գնահատելի դառնում սովորողների շրջանում: Նրանք խնամքով են վերաբերում իրենց տնկած յուքանրյուր ծառին, բույսին, նրանց մեջ սեր և հոգատարություն է առաջանում շրջակա միջավայրի նկատմամբ: Ամեն օր սովորողների մի խումբ աշխատում է պարտեզում. այդ աշխատանքը սովորական է դառնում յուրաքանչյուրի համար: Աշխատանքի շնորիվ սովորողները ծանոթանում են աշխատանքային գործիքների հետ, գիտեն` ո´ր գործիքը որ աշխատանքի համար է նախատեսված, նոր տեխոլոգիկան կարողություններ, հմտություններ են ձեռք բերում: Սովորողների համար իսկական տոն է դառնում բերքի, իրենց տնկած-խնամած ծառի առաջին պտուղները տեսնելը: Ամառային ճամբարներին սովորողները թութ են թափ տալիս, ծիրան, բալ հավաքում։ Իսկական միասնական վայելքը սա է` միասին աշխատել և ճաշակել աշխատանքի արդյունքը:

Այգու ընդլայնման, բարեկարգման աշխատանքերը շարունակվում են

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский