Չփակվող նախագծեր` շարունակական գործունեություն

Ֆինները, էլի ֆինները, ինչպես գրում է «Quartz» պարբերականը, այս անգամ որոշել են կրթական իրենց առանց այդ էլ հրաշք համակարգը բարելավել և հանում են առարկայական ուսուցումն ընդհանրապես։ Հիմա սովորողներն ուսումնասիրելու են երևույթներ և թեմաներ։

Նախագծային ուսուցումը հենց այսպիսի մոտեցում էլ ենթադրում է։ Եթե նախագիծ ասելով` հասկանում ենք նյութի համակողմանի ուսումնասիրում, ապա մեր կրթահամալիրում ֆինների հետ առնվազն համաչափ ենք քայլում։

Մեթոդն ուսումնասիրություն իրականացնելու երեք փուլ է նախատեսում՝ առաջադրված խնդրի՝ հատված առ հատված մշակում, մշակված մասերի համադրում և ամբողջական արդյունքի ստացում՝ վերջին հղկումներով։

Եթե անգամ այսօրվա սովորողը ձգտում է կարճ ու ոչ բարդ աշխատանքի՝ արագ ստացվող արդյունքով, նախագծով կարող է հրապուրվել, որովհետև մաս-մաս արվող աշխատանքը քիչ ու մատչելի է, աշխատելու ձևը՝ հետազոտական, իսկ վերջնական արդյունք ստանալու հեռանկարը` հենց մոտիվացիա։ Խմբով արվող նախագծերը սրան հավելում են ևս մի առավելություն. այս տեխնոկրատիայի դարում, երբ մարդը աստիճանաբար հեռանում է մարդուց, նախագիծը մասնակիցների միմյանց հետ շփվելու, միմյանց մտածելակերպն ու հավակնությունները ճանաչելու առիթ է դառնում։

Նախագծերը ենթադրում են ամբողջական, ձևավորված արդյունք։ Սովորաբար նախագիծն ունենում է մեկ արդյունք՝ ելույթ, ժողովածու, մեկ ձեռնարկ, ձևավորում և այլն։ Բայց լինում են նախագծեր, որոնց արդյունքը շարունակական գործունեությունն է։ Դնենք դրանց անունը բաց նախագծեր։

Բաց նախագծերը ուրիշ առանձնահատկություն էլ ունեն. ուսումնասիրությունների և իրականացման ընթացքում կարող են նոր մտքեր ծագել, ընթացքում եղած հայտնաբերումների շնորհիվ տարբեր ու մի քանի ուղղություններով գաղափարը զարգացնելու ցանկություն լինի։ Այդ դեպքում նախագիծը ընդլայնելու, ճյուղավորելու անհրաժեշտություն է առաջանում՝ դրա ընդգրկուն հնարավորություններով։

Օրինակ՝ երբ սկսում էինք «Էթիկետ» ռադիոյի աշխատանքները, չէինք մտածում, որ նախագիծը կարող է ճյուղավորում ունենալ։ Մի քանի հաղորդումից պարզ դարձավ, որ առնվազն երկու ճյուղ պետք կլինի, և ստեղծվեց նաև «Սուրհանդակը»։ Ռադիոյի համար սովորողները թեմա մշակելու, հարցազրույց պատրաստելու, անկաշկանդ խոսելու, անծանոթ մարդկանց հետ զրուցելու  հմտությունը մշակեցին։ Հընթացս սովորեցին նաև հանպատրաստից հարցեր տալ, փոխել որոշված ուղղությունը, մոնտաժել իրենց ուզած ձևով։ Արդեն ընդամենը որևէ թեմայով զրուցելը չէր բավարարում, դրա համար էլ սովորողները հրապուրվեցին առանձին ռադիոնախագծերով՝ հեղինակային շարքերով։ Առաջինը Մարիամ Գևորգյանի «Հայաստանի թանգարաններ» շարքն էր, որի հետազոտական աշխատանքը ներառում էր նաև ճամփորդություններ։ Իսկ ճամփորդությունների ընթացքում հետաքրքիր մարդիկ էին հանդիպում, որոնց մասին արժեր պատմել։ Եվ ծնվեց Աննա Մաթևոսյանի «Մենք և մեզ  շրջապատող մարդիկ» հեղինակային շարքը։ Բայց մարդու մասին խոսելու համար հարկավոր էր հենց նրան ուսումնասիրել։ Դա նախագծի ընդլայնում էր ենթադրում և լրացուցիչ աշխատանք։ Հեղինակի հետ զրուցեցինք նաև կողմնակի արդյունքների մասին. Աննայի համար պարզ էր, որ մարդն ինքնաարտահայտվում է նախ և առաջ իր գործունեության՝ մասնագիտության մեջ, և ներկայացնելով նրան իր մասնագիտությամբ հանդերձ՝ նաև մասնագիտական կողմնորոշման է մղում պատանի ունկնդրին։ Դա էլ պայմանավորեց շարքի հերոսների լայն ընտրությունը։

Հեղինակային ռադիոնախագիծը հրապուրեց մեկ այլ՝ քմահաճի համբավ ունեցող սովորողի։ Էրիկ Ոսկանյանն էլ ստեղծեց «Իմ ստեղծագործող դասընկերը» շարքը։ Պիտի ասեմ, որ շարքը ամբողջությամբ՝ ընտրությունից մինչև մոնտաժ ու ձևավորում (այսինքն՝ ձևավորման բացակայություն) հեղինակինն է։ Բայց էրիկն աշխատանքն անում էր սկզբունքային մոտեցումով. նախ` ընտրած դասընկերոջ համաձայնությունն էր ստանում, ապա ուսումնասիրում-կարդում էր նրա գործերը, հետո խիստ քննադատական մոտեցմամբ վերլուծում, ձայնագրում և հրապարակում վերլուծությունը։ Կաղապարը, որով վերլուծում էր բոլոր ստեղծագործող դասընկերներին, նույնպես իր կազմածն է։ Ռադիոնախագծերի նշված ճյուղերը միայն մեկական հաղորդումով այլ սովորողի են ներգրավել («Հայաստանի թանգարաններով»՝ ներկայացնում է Աննա Մաթևոսյանը, «Ճամփորդության հրաշքը» ներկայացնում է Աստղ Կիրակոսյանը, «Իմ ստեղծագործող դասընկերը», ներկայացնում է Դիանա Տատինցյանը), բայց դա ապացույց է եղել, որ հեղինակներն իրենց շարքերում նաև որոշակիորեն ձեռագիր են դրսևորել։ «Էթիկետի» նոր ճյուղավորումն արդեն երրորդ հաղորդմամբ դանդաղ, բայց ամեն անգամվա հետ ավելի հաստատուն դարձող քայլերով ապահովում է 10-րդ դասարանցի Մերի Մարկոսյանը՝ «Հայերենի զարգացման փուլերը» շարքով։ Հուսանք, որ հեղինակային ռադիոնախագծերը, ներգրավելով ավելի կրտսեր սովորողների, նոր թափով կշարունակվեն։ Նոր սովորողների ընդգրկումը բաց նախագծերի ամենագրավիչ հատկանիշն է։

«Էթիկետն» ունի նաև գեղարվեստական հավելված, ինչն ավելի շատ սովորողների ներգրավվածություն և ինքնաարտահայտման հնարավորություն է ապահովում։ Ռադիոնախագծի մյուս՝ «Սուրհանդակ» ճյուղը նախատեսված է որպես լրատվական ծրագիր, ներառում է ցանկացած սովորողի, բաց է նաև մեր կրթահամալիրում չսովորողների համար։ Իր կայուն կառույցով այս նախագիծը նպաստում է սովորողների կանոնավոր խոսք կառուցելու հմտություններին, իսկ եղած կաղապարը հնարավոր է դարձնում ակադեմիական ցանկացած մակարդակ ունեցող սովորողի ներգրավումը։ Աշխատանքը, միևնույն է, հետազոտական է, քանի որ լրատվության համար հարկավոր է իրադարձության մասին ամբողջական տեղեկություն հավաքել, իսկ նյութը պատրաստելու, ձայնագրելու, մոնտաժելու համար օգտագործվում են տարբեր սովորողների ուժերը։

Բաց նախագծերից է նաև «Թարգմանիր» ամսագիրը։ Թարգմանությունն ընդհանրապես ուսումնական հետաքրքիր և բազմաֆունկցիոնալ գործիք է։ Շատ է խոսվել թարգմանության ուսումնական հնարավորությունների մասին, բայց հիմա ուզում եմ շեշտել թարգմանական ամսագիր նախագծի հենց ոչ առարկայական լինելը։ Լրագրական գործունեությունը համակցում է լեզվական գործունեությունն ու ժամանակակից տեխնոլոգիաների ձևավորվող մշակույթը։ Բայց եթե ամսագիր ենք հրատարակում, թեմաներն անսահմանափակ են՝ թարգմանելիք նյութերին համապատասխան։ Նյութերը, ծավալվելով շատ ավելի, քան դպրոցական ծրագրերը կարող են ընդգրկել, հնարավորություն են տալիս ընդգրկվելու ամենատարբեր հնարավորությունների ու հետաքրքրությունների տեր սովորողների։  Նախագծի ընթացքում սովորողները գիտության, արվեստի, գրականության տարբեր նմուշների են ծանոթանում, լրատվություն են կարդում օտար լեզվով ու փոխադրում, հմտանում են մի լեզվից մյուսին թարգմանելիս առաջացած խնդիրների լուծման մեջ, իրենց արած աշխատանքը սիրով ներկայացնում են հանրության դատին ((«Անգլիական թանգարանի եգիպտական արձանիկը», «Տատյանա Չերնիգովսկայան՝ ուղեղի մասին», «Շառլ Ազնավուր. «Օտարագիր հայեր» նախագիծ և այլն)։

Հիմա վերադառնանք ֆիններին։ Ինչպես նրանց բարեփոխման նոր նախաձեռնության, այնպես էլ նախագծային մեթոդի հիմնական նպատակը սովորողներին գործնական առաջադրանք կատարելու միջոցով ինքնուրույն գիտելիքներ հավաքելու հնարավորություն տալն է, ինչը պահանջում է տարբեր ասպարեզների առարկաներից գիտելիքների ինտեգրում։ Այսպիսով՝ նախ և առաջ հաղթահարում ենք ավանդական դպրոցի ազդեցությամբ ձևավորված այն բարդույթը, որ առարկաներն առանձին են ու ինքնանպատակ։ Բացի նրանից, նախաձեռնության հեղինակները հայտարարում են. «…մշտական «ո՞րն է այսինչ բանը սովորելու նպատակը» հարցի պատասխանն այն է, որ ամեն առարկա պիտի խարսխվի դրա սովորելու պատճառի վրա»։ Նախագծային մեթոդի «սովորելու պատճառը» այն արդյունքն է կամ արդյունքների շարքը, որ նախատեսում է նախագիծը։

Բաց նախագծերը և նախագծային ուսուցումն ընդհանրապես հաճախ կանգնում են մի շարք խնդիրների առաջ։ Օրինակ՝

  • առաջարկվող նախագծերի լայն ընտրանի ունենալով՝ սովորողները դժվար են կողմնորոշվում, թե որում ներգրավվեն։
  • Երբեմն ընտրության մոտիվացիան ոչ թե հետաքրքրությունն է լինում, այլ կողմնակի մի բան՝ այն նախագիծը, որտեղ քիչ ջանք է պահանջվում, որի դեկավար-դասավանդողը հատուկ խնդրել է, այն դասավանդողի առաջարկածը, ում հետ հարևան-բարեկամ են, ով բարձր գնահատական է խոստացել, ումից վախենում են, ընկերների ընտրությունը և այլն։
  • Համագործակցության պակաս կա դասավանդողների մեջ։ Դասավանդողները ծանրաբեռնվածության պատճառով կարող են չհասցնել իրենց մասով կազմակերպել անելիքները, խորհրդատվությունը, համակարգումը, արված աշխատանքում շտկումներ, հարցադրումներ…
  • Ոչ կրթահամալիրցի սովորողները դժվար են պատկերացնում, որ հնարավոր է ներգրավվել ուրիշ դպրոցի նախաձեռնած նախագծերում, ընդհանրապես էլեկտրոնային հաղորդակցումը չեն պատկերացնում գործնական մակարդակի վրա, չեն հասկանում, թե ինչի համար է պետք ինչ-որ բան սովորել, եթե գնահատական չկա։

Այս խնդիրներն իհարկե լուծումներ ունեն. օրինակ՝ կարելի է սահմանափակել տարեկան առաջարկվող նախագծերի քանակը, նախագծերով զբաղվող դասավանդողի համար սահմանել այլ ծանրաբեռնվածություն, բարձրացնել բաց նախագծերի արդյունքի հեղինակությունն ու տարածումն ապահովել այնպես, որ գրավիչ լինի ոչ միայն կրթահամալիրի սովորողների համար։ Իրական հետաքրքրություն չցուցաբերող սովորողին չներգրավել տվյալ նախագծում և այլն։

Ամփոփենք։ Նախագծերը ուղղակի ու սահուն անցում են առարկայական ուսուցումից դեպի ոչ առարկայականը, դրանք նաև գրավիչ են, որովհետև մատչելի են։ Բաց նախագծերը, քանի որ շարունակական են, հակված են ընդլայնվելու, նոր գաղափարներ իրագործելու և նոր սովորողներ ներգրավելու։ Նախագծերի արդյունքներն ընդունելի մոտիվացիա են անհրաժեշտ գիտելիք ու հմտություն ձեռք բերելու համար։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский