Դարձվածքը՝ լեզվի հարստություն

Դարձվածքը ժողովրդի հոգևոր մշակույթի հարստությունն է, որն առավելագույնս է արտահայտում ժողովրդական խոսքի ինքնատիպությունն ու յուրահատկությունը և գույն, համ ու հոտ է տալիս նրան: Այսօր էլ դժվար է որոշել, թե որն է դարձվածքի նեղ իմաստային սահմանը, կամ որտեղից է սկսվում «լայն առումով դարձվածք» հասկացությունն իր մյուս արտահայտչաձևերով՝ առած-ասացվածքներով, թևավոր խոսքերով կամ կայուն ու անազատ այլ բառակապակցություններով, սակայն հենց նրանք են պատկերավոր, հյութեղ ու խաղացկուն դարձնում մեր լեզուն՝ հեռու պահելով նրան խոսքի ճապաղությունից, միօրինակությունից ու գորշությունից:
Ըստ գործառության՝ դարձվածքները կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ շատ տարածված՝ ժողովրդախոսակացական շերտի ատաղձը կազմող և նեղ բարբառային դրաձվածքներ: Ահա հենց վերջիններիս մասին էլ պիտի խոսենք այսօր: Հետազոտող ուսուցչի ամենօրյա իմ գործունեության մեջ չկա ավելի հետաքրքիր աշխատանք ինձ համար, քան հարազատ Գորիսի բարբառիս բնորոշ նեղ բարբառային դարձվածքների համարժեքները հայերենի այլ բարբառներում (սույն հոդվածում՝ Մուշ-Շիրակի և Արցախի) որոնելը, գտնելն ու համադրելը:
Շատ նիհար մարդուն բնորոշելիս, օրինակ, ժամանակակից գրական հայերենն ունի միայն կաշին ու ոսկորը մնալ, կամ միսը գնալ, ոսկորը մնալ դարձվածքները: Գորիսեցին այս դեպքում ասում է՝ քթան փռնես, նափասը կկտրի կամ էնքան ջանըմսըզ ա, վեր էսեղին ծակավն անց կըկենա: Իսկ ահա Մշո – Շիրակի բարբառին բնորոշ են ցամաք ձորի աղվես, սբխեչի ուլ , ծծած մոմպաս դարձվածքները: Իսկ որքա՜ն սեղմ ու լակոնիկ է արտահայտվում արցախցին՝ մաշկած ըլըբաստրակ կամ ծվվացած, ետ պիրած:
Կամ գլուխը դարմանով լցրած ( «հիմար, դատարկագլուխ») դարձվածքը, մշեցի-շիրակցին ասում է թափեն ծակ, կամ տախտակը պակաս: Գորիսեցին ասում է անջուկնին թակած, արցախցին էլ է ասում ղըլղունեն (ականջները) թակած կամ կլխեն ծի քացի տված և մյուս տարբերակը, որ ավելի պատկերավոր է՝ Համադանի ճորի (Համադանը քաղաք է Իրանում):
Բոլորիս քաջածանոթ է անցավ գլուխը ցավի տակ դնել կամ անդարդ գլուխը դարդի տակ դնել դարձվածքը, որ նշանակում է «անտեղի պատասխանատվություն վերցնել»: Գորիսեցին նույն իմաստով ասում է՝ փեշկը պիրալ ա, կյումշի պոզավը քիցալ: Արցախի բարբառում նույն միտքը առած-ասացվածքով է արտահայտվում՝ օձին կլյոխը վեր ցավում ա, տանում ա հըղցեն (ճանապարհի) մեշտեղը: Ընդհանրապես կյանքի յուրաքանչյուր ասելիք առած-ասացվածքի միջոցով ավելի սրամիտ ու ամբողջական է արտահայտվում: Առած-ասացվածքները, ինչպես վերը նշեցինք, լայն առումով նույնպես դարձվածք են, բայց առավել խտացված և գեղարվեստական ընդհանրացման հասած բանաձևումների տեսքով, որ հանդիպում են բոլոր բարբառներում: Ահա Գորիսի բարբառով դարձվածքային արժեք ձեռք բերած մի քանի ասացվածք՝ կյետին նստեցի, ալիր մաղեցի  (աշխատանքից արդյունք չունենալ), տկլորը սարն իլյավ, սարին անումը բեդնամ ըրավ   (սեփական սխալների համար չպետք է ուրիշին մեղադրել), աման դյոնում կյետը կյաթա չի պերի   (ամեն անգամ հաջողություն չի լիում), էրգյան մարդը լյավ ա, վեր խելքումն ալ ինի  (բարձրահասակ լինելը դեռ խելոքության նշան չէ):  Վերջինիս մտքին մոտիկ՝ արցախցին օգտագործում է մի ասացվածք, որ թուրքերեն է՝ ուզուն ադամ ախմախ օլար (բոյով մարդն էլ հիմար կլինի):
Մշեցի-շիրակցին ուտելիքի հարցում իրեն զսպել չկարողացող, որկրամոլ մարդուն բնորոշելիս է օգտագործում շունը փրչերով ուտել դարձվածքը: Արցախցին ասում է՝ բուղազան խեղճ, իսկ գորիսեցին՝ էշը փլանավ կոլ տալ (փալանը համետն է): Որկրամոլությունը քրիստոնեաության մեջ յոթ մեղքերից մեկն է և վերոհիշյալ դարձվածքներում, եթե հեշտորեն որսում ենք արցախցու զուսպ ու լակոնիկ ձևակերպումը, ապա ուղղակի անհնար է չնկատել մշեցու-շիրակցու կամ գորիսեցու ընդգծված հեգնական վերաբերմունքը մարդկային այս թուլության նկատմամբ: Այո՛, դրաձվածքները ողջ առարկայականի ու նյութականի հանդեպ ժողովրդի ունեցած հայացքի խտացումներն են:
«Նեղ բարբառային դարձվածք» եզրույթն արդեն հուշում է, որ դրանք, բնորոշ լինելով Հայոց աշխարհի որևէ տարածաշրջանի, կարող են չընկալվել, չհասկացվել մի ուրիշ տարածաշրջանում: Սակայն Սյունիքն ու Արցախը՝ որպես հարևաններ, շատ ընդհանրություններ ունեն ինչպես կենցաղում, մտածողության, ըմբռնումների ու հայացքների մեջ, այնպես էլ հարուստ ու պատկերավոր բառապաշարում: Դա լավագույնս դրսևորվում է դարձվածքներում: Գորիսեցին ու արցախցին ասում են՝ զինքը քամուն տալ (զբոսանքի ելնել), զինքը հվաքել (իրեն կարգավորել), թիլը կտրել (սովածանալ), հափռան վետ օնել(գուշակել), եխան պեց թողել (ազատ արձակվել), քարը կապին տեմ ինգել (գործը դժվարանալ), պըտըռոսկ անել (որոնել), կլոխը դանգ անել (շատախոսել), կարճ կյարի հնձիլ (դժվար գործ անել) և այլն: Խառնակիչ մարդուն նույն գորիսեցին ու արցախցին ասում են թընըմանի ճանջ, մածնի մերան կամ կրասին մեջ ինգյած աղի մոկնը: Բայց ահա բոլորովին այլ կերպ է նույն միտքը ձևակերպում մշեցի-շիրակցին՝ բասմի վրայի ճետ (աթարի վրայի աքլոր): Շիրակը աշխարհագրական իր դիրքով Հայոց աշխարհի հյուսիսն է, որտեղ կենցաղի ու մտածելակերպի մի փոքր այլ համակարգ է գործում (էլ չեմ խոսում Արևմտյան Հայաստանից գաղթած և Շիրակի տարածաշրջանում հաստատված մշեցիների դեպքում): Կամ հա՛ փըչե կողով դրաձվածքը մշեցի-շիրակցին ասում է խրատը բանի տեղ չդնողին, որին համարժեք գորիսեցին ու արցախցին ասում են՝ մըն ընջուկավ նի ա մըտնում, էն մընավը տուս շըպրտում:
Սակայն, այս ամենով հանդերձ, քիչ չեն և ընդհանրությունները երեք բարբառների միջև: Ոչ մեկի հույսին չմնալ դարձվածքը մշեցի-շիրակցին ասում է՝ ոչ մեկի էթըջին չմնալ, արցախցին ասում է՝ ուրիշի օքտյաջին մնալ վեչ, իսկ գորիսեցին՝ ինգել վեչ խիզանի ումուդի : Կամ մկները գրպանում ծափ տալ դարձվածքին համապատասխան մշեցի-շիրակցին ասում է ջեբում մկներ կըխլվլան, արցախցին ասում է ջուբումը մոկները պար են կյամ, իսկ գորիսեցին հավելում է ծեռքը ջուբն ա տանում, մոկնի ճտեր ա ինգյում: Բոլոր այս նեղ բարբառային դարձվածքներն էլ փաստում են, որ դրանց ստեղծման ակունքում կանգնած է հայ մարդը՝ միայն իրեն բնորոշ, ուրույն մտածելակերպով ու աշխարհընկալումով:
Նեղ բարբառային դարձվածքներն առանձնանում են ժողովրդախոսակցական առավել ակտիվ գործածություն ունեցող դարձվածքներից մի կարևոր հատկությամբ ևս: Տվյալ տարածաշրջանի մարդը իր ապրած կենսափորձի հիմքի վրա ստեղծում է իր արժեհամակարգը ու ժամանակի հոլովույթում հղկում, կատարելագործում է այն միայն իրեն հատուկ պատկերավոր մտածողությամբ՝ ստեղծելով յուրօրինակ դարձվածքներ։ Այդ մաքրագործման արդյունքում բյուրեղանում, դիպուկություն ու սեղմություն է ստանում տարածաշրջանի մարդու ամեն մի խոսքը, այդ թվում՝ նաև դարձվածքը: Այսպես՝ սև թուռնըխառնի, ախոռի փեդ, լոլոզ-պոլոզ արցախցին, գորիսեցին ու մշեցի-շիրակցին համապատասխանաբար ասում են բարձրահասակ մարդուն: Ահա էլի մի քանիսը, որոնք, ոչ ավել, ոչ պակաս, մտքի իսկական հրավառություն են թե՛ իրենց սեղմությամբ, թե՛ պատկերավորությամբ. Ճիրատված (ջուրը կտրված) ճաղաց ասում են անսպասելիորեն դժբախտացած մարդուն, հա՛ փչե կողով , այսինքն՝ դու հա՛ ասա, լսող չկա, դինկալած լոբի ասում են հղի կնոջը, ճղուպուրու քսակ՝ ուրախ, աշխույժ մարդուն, բեղա վեր ինգյած պրինձ՝ խայտառակ եղածին, թախլաչի դոխ՝ այսինքն երկերեսանի, փափախը բդոյի տիրած՝ ինքնահավան մեկին, նոթուդ կոլա՝ մռայլ մարդուն, հինգիստրանա (գերեզմանից) օտպուսկ եկած՝ չափազանց նիհար մարդուն, ճոտու ճիրաման՝ կարճահասակ մարդուն, աղու տանձ կծած՝ տրամադրություն չունեցողին, սև տըրխամաշ կամ էշու հիլիշտրակ՝ տգեղ մարդուն, սատանու փափուջ կարող՝ խորամանկին, տխտեղու աբրա՝ թեթևքաշ մարդուն և այլն: Թվարկումն այսպես կարելի է անվերջ շարունակել:
Շարունակել կարելի է և այս աշխատանքը նաև սովորողների հետ: Ավելին՝ հետազոտական այս աշխատանքը, առանց սովորողների ընտանիքի ավագների՝ տատիկ-պապիկների մասնակցության պարզապես հնարավոր չէ պատկերացնել: Ուրեմն սա նաև ընտանեկան նախագիծ է:
Ամփոփելով ասելիքս՝ մի անգամ ևս ուզում եմ փաստել, որ մեր լեզուն այնքան անմշակ և ուսումնասիրության կարոտ հումք ունի, որ բազում նախագծերի նյութ կարող է դառնալ: Արժանին մատուցենք նրան մեր ամենժամանակյա հետազոտական աշխատանքով, հոգատար ու խնամող վերաբերմունքով. չէ՞ որ մեր լեզուն «տոն է, որ միշտ մեզ հետ է»:

Հ. Գ. Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին՝ Սիլվա Հարությունյանին և Կարինե Պետրոսյանին՝ Մուշ-Շիրակի ու Արցախի վերոհիշյալ դարվածքներով օգնելու համար: 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский