Առաջին դասարանցու ուսումնական անհատական գործիք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում իրականացվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, ուսուցումը կազմակերպվում է նախագծերով՝ ըստ ուսումնական օրացույցի: Սովորողի ուսումնական առօրյան ներառում է ուսումնական գործունեության տարբեր ձևեր՝ ընթերցանություն, բանավոր մաթեմատիկա, լող, ճամփորդություն, նկարչություն, տեխնոլոգիա, պար, երգ… Սովորողն իր ուսումնական գործունեության ընթացքում կիրառում-օգտագործում է տարբեր ուսումնական գործիքներ՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, վրձին, հեծանիվ, շախմատ, սովորում-աշխատում է բակում, պարտեզում, դպրոցում կամ տանը:

2016-2017 ուստարում վեց տարեկանների առաջին դասարանում սովորողների մի մեծ խումբ որպես անհատական մեդիագործիք ուներ պլանշետը… Մինչ այդ կար նեթբուք-նոթբուքերով աշխատելու փորձը: Ցանկացած գործիքի կիրառման դեպքում գլխավոր սկզբունքը ստեղծականության ու մտքի զարգացումն է, ուսումնական կենսական հմտությունների ձևավորումն ու զարգացումը։ Գործիքն իր հետ բերեց որոշակի առավելություններ ու նաև որոշակի դժվարություններ, որոնց հաղթահարումն ու լուծումը ուսումնական գործի կազմակերպման նոր հարթակ ստեղծեց: Պլանշետն առավել հարմար է, որովհետև ավելի թեթև է, շատ տեղ չի զբաղեցնում, ու նրանում կան ուսումնական գործի կազմակերպման համար անհրաժեշտ ծրագրերը:

Սկզբում պլանշետը (նեթբուք-նոթբուքը) կիրառելի էր որպես խաղային, նկարչական-լուսանկարչական գործիք: Այն որպես գրի-ընթերցանության գործիք կիրառելն արդեն մանկավարժական խնդիր էր:

Պլանշետը որպես ընթերցանության, գրի գործիք, արդյունքում՝ որպես ընթերցարան

Պլանշետում սովորողները Play Market հավելվածից կարող են ներբեռնել տարբեր տեսակի Paint նկարչական ծրագրեր, որոնցով նկարել են իրենց սիրելի հեքիաթները, հերոսներին և այլն: Այս աշխատանքը հեգելու, հնչյունի և գրի առնչությունների վերաբերյալ ուսումնական աշխատանք է, որը նախկինում արվում էր միայն բանավոր: Հաջորդ փուլում կարիք ունեինք այնպիսի ծրագրի, որը հնարավորություն կտար մուտքագրել, տպել հենց նկարի վրա: Autodesk Sketchbook ծրագիրը հնարավորություն է տալիս նկարել, բառեր, կարճ տեքստեր մուտքագրել: Աստիճանաբար, էջ-էջ, բառ-բառ ստեղծեցինք մեր ընթերցարանները, որոնք հավաքվեցին, հրապարակվեցին, հասանելի դարձան այլ սովորողների, նրանք ընթերցեցին, ու հեղինակ սովորողն ունեցավ իր ընթերցողին, որը նույնպես հեղինակ է… Պատրաստվում ենք հանդիպել Հյուսիսային դպրոցի ու Քոլեջի 6 տարեկաններին ու միասին ստեղծել ընթերցարանային էջեր:

Մինչ այս պահը սովորողների հետ ստեղծել ենք հետևյալ խմբային ու անհատական ընթերցարանները:

Խմբային ընթերցարաններ՝

Անհատական ընթերցարաններ՝

Շրջիկ ընթերցարաններ՝

Այս փուլում սովորողների հետ ընթերցում ենք տարբեր ստեղծագործություններ, որոնք հրապարակվում են կամ ուսուցչի բլոգում կամ «Բզեզ» կայքում:

Ահա մի օրինակ. սովորողներն ընթերցում են Ջանի Ռոդարիի «Անտակ պարկը»: Ստեղծագործությունը ընթերցելուց հետո քննարկում ենք ստեղծագործությունից ստացած տպավորությունը, բացատրում անհասկանալի բառերը: Սովորողները փորձում են հորինել շարունակությունը, թե էլ ինչ կարող է լինել անտակ պարկում՝ պատասխանելով հետո՞ հարցին: Autodesk Sketchbook ծրագրով, նկարում-մուտքագրում են իրենց հորինած անսովոր շարունակությունը: Ստեղծված աշխատանքները հավաքվում են որպես ընթերցարան: Առաջին քայլով մուտք են գործում ուսուցչի բլոգ, որտեղ տեղադրված են ընթերցանության նյութն ու առաջադրանքը: Ընթերցում-քննարկումից հետո սովորողները ստեղծում են իրենց էջ-ընթերցարանը՝ նկարելով ու գրելով, թե էլ ինչ կարող է լինել անտակ պարկում: Հաջորդ փուլում թատրոն-խաղի միջոցով փորձում են ներկայացնել անտակ պարկում եղած առարկաները: Այստեղ պլանշետը (նեթբուք-նոթբուքը) կիրառում ենք որպես լուսանկարող, տեսագրող գործիք: Ուսումնական պարապմունքները կազմակերպվում են նաև Արևելյան դպրոցի լանջերին:

Ամփոփելով մեկամյա գործունեությունը՝ կարող եմ եզրակացնել.

  • Մեդիագործիքի կիրառում-օգտագործումը սովորողին բազմաթիվ մեդիահմտություններ է փոխանցում, որոնք կարող են հեշտացնել ու մեծացնել նաև մեդիայի միջոցով կրթություն ստանալու հնարավորությունները։
  • Սովորողն այն կիրառում-օգտագործում-ընկալում է որպես ուսումնական գործիք, ուսումնական գործունեության մասնիկ՝ առանց տարանջատելու ամբողջից։
  • Սովորողը յուրացնում-կիրառում է գործիքով աշխատելու որոշակի կանոններ՝ պահպանելով ու կատարելով հիգիենային ու առողջությանը վերաբերող որոշ վարժություններ։
  • Մեդիագործիքը հնարավորություն է տալիս սովորողին առցանց (on-line) ռեժիմում աշխատել, ծանոթանալու իր հասակակիցների մտքերին, աշխատանքներին, փոխանցելու սեփականը։
  • Այն նպաստում է սովորողի ինքնուսուցմանն ու ինքնազարգացմանը, ուսումնական աշխատանքի անհատականացմանը, սեփական հետաքրքրություններով սովորելուն։
  • Միաժամանակ այն ունի համախմբող նշանակություն, որովհետև սովորողներին կարող է հավաքել որևէ գործունեության շուրջ՝ դառնալով կենդանի զրույց-քննարկումների հարթակ-միջոց։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский