Բառապաշարի և տերմինների ուսուցում նախագծերի միջոցով

Հեղինակ: 

Ես ոչ թե սովորեցնում եմ իմ աշակերտներին, այլ փորձում եմ ստեղծել իրավիճակներ, որտեղ նրանք կարող են սովորել։
Ալբերտ Էյնշտեյն

Անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխընբռնմանը, օտարալեզու անձանձ հետ շփվելու կարողությունների զարգացմանը: Նախագծային ուսուցումը ամենադինամիկ մոտեցումն է, քանի որ սովորողները բացահայտում են իրական կյանքի խնդիրները և մարտահրավերները, ակտիվ և ներգրավող իրադրություններում բացահայտում ու մտապատում են բառն իր կիրառական նշանակությամբ ու իմաստի նրբերանգներով։

Լեզվի յուրացման և ընկալման մեջ նախ և առաջ կարևոր դեր ունի բառապաշարը: Միջազգայնորեն ճանաչված ակադեմիկոս, լեզվի ուսուցիչ և անգլերենի ուսուցման վերապատրաստող Սքոթ Սոմբերին իր աշխատություններից մեկում գրում է. «Դուք ավելի մեծ առաջընթաց կտեսնեք, եթե սովորեցնեք ավելի շատ բառեր և արտահայտություններ: Շատ քիչ բան կարող եք ասել քերականության միջոցով, բայց գրեթե ամեն բան՝ բառերով»: Յուրաքանչյուր նախագիծ ընտրելիս հաշվի եմ առնում կրթահամալիրի օրացույցը և սովորողների նախասիրությունները: Վերջինի դեպքում սովորողներն ավելի պատասխանատվությամբ են վերաբերվում նյութին, և քանի որ նրանց հետաքրքիր է, հնարավոր է դառնում ներգրավել ավելի շատ սովորողների, բավարարել յուրաքանչյուրի կրթական կարիքը:

2016-2017- ուսումնական տարվա ընթացքում ավագ դպրոցի սովորղների հետ իրականացրել ենք մի շարք հետաքրքիր նախագծեր, որտեղ շեշտը դրել եմ բառապաշարի և տերմինների ուսուցման վրա: Սկսեմ «Հորինված պատումներից» և ռադիոթատրոնից: Այս նախագիծը կազմելիս առաջնորդվել եմ ստեղծագործական մտածողությունը խթանելու  նպատակով՝ որպես խնդիր ունենալով.

  • ազատ արտահայտվելուն, առաջարկություններ անելուն, որոշումներ կայացնելուն մղելը
  • ասոցիատիվ հիշողությամբ բառերը կոնկրետ իրավիճակներում կիրառելու հարթակ ստեղծելը
  • երևակայության զարգացումը
  • օտար լեզվով մտածելու, խոսքը շարադրելու հմտությունների զարգացումը։

Դասապրոցեսում այս մեթոդը կիրառվում է մտքերի, գաղափարների ազատ և անսահմանափակ արտահայտման համար: Դասարանում աշխատում ենք խմբային աջակցություն անհատական ուսուցման մեթոդի հնարով: Սովորողները աշխատում են փոքր խմբերով՝ խմբի ներսում կատարելով անհատական առաջադրանքներ: Ընթացքում մեկը մյուսին հարցեր է տալիս, օգնում, գրում համապատասխան իրավիճակի համար նախադասություն կամ պատում, նկարագրում մի իրավիճակ կամ երևույթ: Հաջողված օրինակներ եմ համարվում  «Իդեալական սպանություն» ռադիոթատրոնի ստեղծումը, որը թատերական փառատոնին արժանացավ գլխավոր մրցանակի և «Դեպք փողոցում» խաղարկային դատարան» նախագիծը, որի համար էլ ստացել եմ Ձմեռ պապ- 2017 մրցանակը: Այնուհետև  հասարակագիտության և իրավունքի ուսուցիչ Վանիկ Գաբրիելյանի միջնորդությամբ հնարավոր եղավ մասնակցել իրական քաղաքացիական դատավարություններին Դավթաշեն վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Սովորողները, համեմատելով իրենց «խաղարկային դատարանը» իրական դատավարության հետ, սկսեցին տեղում թարգմանել ընթացքը։ Նախագիծն այնքան սիրվեց ու ընդունվեց սովորողների կողմից, որ շարունակական բնույթ ստացավ, և մայիսյան 12-րդ հավաքին ընդառաջ ստեղծվեց նաև քաղաքացիական «Դեպք ուսումնական ճամփորդության ընթացքում» դատավարությունը: Սա սովորողներին հնարավորություն տվեց օգտագործելու պասիվ բառապաշարը, կազմելու սցենար նոր սովորած բառերի հիման վրա, կիրառելու բանավոր խոսքը ներկայացման ժամանակ:

Կրթահամալիրում իրականացվում են նաև մի շարք միջազգային նախագծեր, որին մեր սովորղները հաճույքով մասնակցում են: Ամեն տարի «ԱՅՍԵՔ» հասարակական կազմակերպության հետ համատեղ «Կրթական փոխանակման ծրագրեր» համաձայնագրի հիման վրա ունենում ենք օտարերկրյա մասնագետներ: Այս տարի հյուրընկալել էինք քաղաքագետներ Ահմետ Թունչին ՝Թուրքիայից, Մարեք Շեքին՝ Լեհաստանից: Մասնագետները սովորողների հետ անցկացրին ուսումնական պարապմունքներ։ Այս անգամ սովորողները հնարավորություն ունեցան կիրառելու իրենց ակտիվ բառապաշարը, քանի որ հաղորդակցվելու էին միմիայն անգլերեն: Ստեղծվեցին նոր նախագծեր, և օտարերկրյա մասնագետները մասնակցեցին մի շարք նախագծերի, ճամփորդեցին սովորողների հետ և պատմեցին իրենց տպավորությունները: Ահմետ Թունչն, օրինակ, մասնակցեց «Կարդում ենք» նախագծին,  ճամփորդեց, պատմեց տպավորությունները, հարցազրույց տվեց։ Մարեք Շեքը նույնպես  ճամփորդեց,  միասին անցկացրեցինք ավանդական ուտեստների օր, գրեց իր տպավորությունները։

Օտարերկրյա մասնագետի հետ շփումը ոչ միայն սովորողներին հնարավորություն է տալիս օգտագործելու ունեցած բառապաշարը և սովորելու առօրյայում կիրառելի, շփման ժամանակ անհրաժեշտ եղած բառերը։ Մեր սովորողները հաճույքով ցույց են տալիս արտերկրյա հյուրերին մեր կրթահամալիրի առօրյան, մեր քաղաքն ու երկիրը, պատմում ազգային սովորությունների ու ծեսերի մասին, ինչն էլ լավագույնս տարածում է մեր մշակույթը։ Այսպես, տարբեր հետաքրքիր նախագծերի միջոցով սովորողներն առանց մեծ ջանքի կարողանում են կիրառել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ բառապաշարը:

Ամփոփելով ասեմ, որ լեզուն ուսուցանելն ավելի արդյունավետ է իրավիճակներում, երբ ստեղծվում են ինքնարտահայտվելու և հաղորդակցվելու պայմաններ: Հոդվածս ավարտեմ Բենջամին Ֆրանկլինի խոսքերով. «Ասա ինձ, և ես կմոռանամ, սովորեցրու, և ես գուցե հիշեմ, ներգրավիր ինձ, և ևս կսովորեմ»:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский