Բլոգավարությունը երրորդ դասարանում
Primary tabs
Տարեվերջին միշտ ամփոփում ենք տարվա նախագծերը, գործունեությոն ձևերը: Նորից անցնում բլոգի էջերով, վերհիշում սովորողների հետ իրականացրած աշխատանքները:
Աչքիս առաջ սովորողները մեծանում, հասունանում, դառնում են ինքնուրույն: Ինքնուրույնությունը վառ արտահայտվում է հատկապես անհատական բոլոգավորությամբ: 3-րդ դասարանից սկսած յուրաքանչյուր սովորող պետք է ունենա իր անհատական բլոգը:
Բլոգային ուսուցումը անհրաժեշտ հարթակ է ուսուցչի, սովորողի նաև ծնողի համար:
Սովորողները նախ և առաջ սովորում են օգտվել դասավանդողի բլոգից`մուտք գործել բլոգ, ծանոթանալ առաջադրանքներին, նայել տեսաֆիլմերը, կարդալ աշխատանքային նախագծեր: Ծնողները նույնպես դասավանդողի բլոգի միջոցով տեղեկացված են լինում ուսումնական նախագծերին, ընթացքին:
Դասարանական բլոգից բացի սովորողներին անհրաժեշտ է ունենալ մեդիատարածք` անհատական բլոգ, որտեղ սովորողը կծավալի իր աշխատանքային գործունեությունը ողջ տարվա ընթացքում:
Բլոգային ուսուցման միջոցով սովորողների աճը, զարգացումը տեսանելի է:
Սկզբում սովորողներն ուսուցչի օգնությամբ են տեղադրում նյութեր, իսկ որոշ ժամանակ անց արդեն ինքնուրույն, վարժ կարողանում են տիրապետել բլոգավարությանը, բաժիններ բացել, նյութերը տեղադրել ըստ բաժինների, փոխել բլոգի ֆոնը և այլն:
Սկզբում սովորողներն իրենց բլոգներում տեղադրում էին paint-ով նկարած նկարները, պատումները, ընտանեկան նկարները, ուսումնական նախագծերը:
Սովորողների իրականացրած ուսումնական նախագծերը
«Սեբաստացու օրեր» , «Ես» ուսումնական նախագիծ, Թթուդրիկ, Զատկածես, «Թումանյանական օրեր», «Ուսումնական ձմեռային ճամբար», «Ուսումնական գարնանային արձակուրդ», «Ուսումնական ճամփորդություններ»:
Սովորողի բլոգը ինքնարտահայտման լավագույն հարթակ է:
Սովորողներն սկսեցին իրենց բլոգներում պատմել ուսումնական ճամփորդությունների մասին, իրենց տպավորությունների, սիրած կենդանիների մասին, ուսումնական ճամբարի, ուսումնական արձակուրդների մասին, տեղադրեցին իրենց ստեղծագործական մտքերը, հեքիաթները: Արդյունքում բլոգը սովորողների համար դարձավ սիրելի հարթակ, որտեղ նրանք սիրով են աշխատում:
Սովորողների հորինած հեքիաթները, ռոդարիական մտքերը.
Ի՞նչ կլիներ, եթե գույներն անհետանային
Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են չ-ով
Արդեն հմուտ սովորողները կարողանում են առանց ուսուցչի օգնության լուծել բլոգային խնդիրները, օգնում նոր սովորողներին վարել իրենց բլոգները:
Հաճախ դասարանական բլոգում տեղադրում եմ ֆիլմեր, պատումներ, ֆոտոպատումներ, իսկ հաջորդ օրը նյութերը տեսնում եմ սովորողների բլոգներում:
Սովորողները, տիար Բլեյանի 1000-րդ գրին ընդառաջ, որոշեցին, որ իրենք էլ իրենց բլոգներում պետք է ունենան «Օրագիր» բաժինը և պատմեն իրենց առօրյայի, հանգստյան օրերի մասին: Նրանք իրենց օրագրում պատմում էին օրվա հետաքրքիր, զվարճալի դեպքերի մասին, իրենց բլոգներից ես կարդում, տեղեկանում էի ընտանեկան հանգստի մասին, թե ինչով են սովորողները զբաղվում ազատ ժամանակ:
Ամեն օր երկու, երեք սովորող դասարանում ներկայացնում է իր օրվա պատումը: Միասին ընթերցում ենք, ուղղում սխալները: Բոլորը տեղեկանում են սովորողի առօրյայի մասին: Այսպես հետաքրքրություն առաջացավ նաև մյուս` «Օրագիր» բաժինը չունեցող սովորողների շրջանում` բլոգներում օրագիր ստեղծելու և պատմելու իրենց օրվա մասին:
Ես` որպես ուսուցիչ, ընթերցող, հետաքրքրում են սովորողների պատումները` օրվա տպավորությունները: Սովորողներն ավելի ուշադիր են մանրուքների նկատմանբ: Շատ հաճախ իրենց օրվա պատումներից տեղեկանում եմ օրվա կարևոր արժեքների մասին. նրանք տեսնում ու գնահատում են մանրուքները, որոնք չեն նկատում, կարևորում մեծերը:
Բլոգում սովորողները կարող են տեղադրել և՛ ուսումնական նյութեր, և՛ ընտանեկան նախագծեր, նկարներ, և՛ պատմել նախասիրությունների, հետաքրքրությունների մասին:
Բլոգի միջոցով զարգանում է սովորողի մեդիահմտությունը, արագ, գրագետ մուտքագրելու կարողությունը:
Ի վերջո, բլոգը հրաշալի պահոց է. տարիներ հետո հաճելի կլինի թերթել բլոգի էջերը, նորից ու նորից ընթերցել հորինած հեքիաթները, վերհիշել ճամփորդական արկածները ընկերների, ուսուցիչների հետ:
- Բացվել է 1819 անգամ