Գրաբար ենք կարդում

Անքննելի են Աստծո գործերը։

Ուսուցչի օրագրից

Վեցերորդ դասարանցիների հետ սկսեցինք գրաբարի դասընթացը: Զարմանքով նկատեցի, որ Սուսան Մարկոսյանի գրաբարի ընթերցարանը, որը սկսվում է գրաբարյան մեկ նախադասությունների փոխադրությամբ, արդեն շատ հեշտ է իմ այս վեցերորդցիների համար: Սուսանի հետ քննարկեցինք այս իրողությունը: Փաստորեն կրտսեր դպրոցներում գրաբարյան առանձին հատվածների յուրացումը հնարավորություն է տալիս ընթերցել և յուրացնել ավելի ծավալուն հատվածներ:

Հեղինակային կրթական ծրագրի մշակման տարբեր փուլերում միշտ էլ գրաբարը դիտել ենք որպես մշակույթի լեզու, լեզու, որով նախևառաջ բավականին մեծ ու հարուստ գրականություն է ստեղծվել, բարձրավեստ գրականություն: Գրաբարը, մյուս կողմից, այսօր նաև մեր եկեղեցու՝ եկեղեցական ծեսերի լեզուն է, և կարծում եմ, ճիշտ է, որ հայ քրիստոնյա կամ քրիստոնյան ժողովրդի մեջ ապրող այլազգի սովորողը ծանոթանա գրաբարին և եկեղեցու արարողություններին չկանգնի անհաղորդ, հայ մարդը չունենա այն զգացողությունը, որ օտար լեզու է լսում: Գրաբար իմանալն օգնում է ժամանակակից հայերենի իրողությունները՝ այդ թվում նաև բառերը, դարձվածքները հասկանալ ու բացատրելուն։

Սովորաբար իմ դասավանդած դասարաններում ինքս կարդում եմ գրաբար, հիմնականում՝ Նոր Կտակարան: Նախ՝ Նոր Կտակարանի գրաբարը առավել պարզ է ու մատչելի, և հետո՝ ի՞նչ կարդաս, որ կարդալու և քննարկելու առավել արժանի լինի:

Եվ այսպես, նոր ուսումնական տարվա իմ նոր 6-րդ դասարանում սկսեցինք հենց ուսումնական պարապմունքի ժամանակ գրաբարյան հատվածների ընթերցումը: Սկզբում կարդացի ես, ապա սովորողները: Ահա մի քանի հատված՝ սովորողների ընթերցանությունից. տեսեք՝ ինչպես հնչեց:

Նոր Կտակարանի հատվածների ընթերցումն ինքնանպատակ լինել չի կարող: Կարդալուց հետո սկսում ենք քննարկումը: Ինձ համար կարևորը սովորողների ծանոթացումն է ձևակերպված բարոյական նորմերի հետ, հոգևոր կարևոր որակների մասին զրույցի կազմակերպումը: Այդպիսի զրույցների ժամանակ երբեք ակտիվություն չեմ ցուցաբերում. զգույշ եմ լինում, որ ուսուցչի կարծիքով ճնշում չգործադրեմ: Ի վերջո, դասական, թե ժամանակակից, բայց բարձրավեստ գրականության հիմքում համամարդկային արժեքներ են, համամարդկային բարոյական նորմեր, մեծ, աստվածային, ասել է թե`անանձնական Սիրո գաղափարը: Ի՞նչ տարբերություն, թե որ ստեղծագործությունն են կարդում:

Կտակարանային հատվածների քննարկման ժամանակ, ուշադրություն դարձրեք, ոչ բոլորն են Աստծո մասին խոսում: Սովորողների մեծ մասը դա ընկալում է հենց որպես բարձր հոգևոր հատկանիշ, որին պետք է հետևել, բարձր գաղափար, որին պետք է հասնել: Իհարկե, կան սովորողներ էլ, որոնք ընկալում են որպես Աստծո պատգամ և նշում են, որ այդ պատգամը պահելու դեպքում Աստված կհատուցի հայտնապես: Ինչո՞ւ ոչ: Դրանք երևի թե ընտանեկան դաստիարակության արտահայտություններ են: Թող տարբեր կողմից մոտենան գագաթին: Մի՞թե վերևում անանձնական, ասել է թե՝ աստվածային Սիրո գաղափարը չէ:

Խոսում են սովորողները, լսում են իրար, համաձայնում կամ չեն համաձայնում… Մտածո՞ւմ են հիմա այդ ուղղությամբ, կմտածե՞ն հետո: Կդառնա՞ն այդ գաղափարների հետևորդը: Ո՞վ կիմանա, ինչպե՞ս կիմանաս… Ի վերջո, անքննելի են Աստծո գործերը…

Ահա մի հատված այդ քննարկումներից:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский