Ընթերցանությունը՝ հաճելի, մատչելի և զարգացնող

Ինչպե՞ս ուսուցման երկրորդ տարին սկսած, նոր-նոր կարդացող սովորողի համար ընթերցանությունը դարձնենք հաճելի, մատչելի և զարգացնող։ 

Նախագծային ուսուցման իրականացման ժամանակ ընտրված թեմայով փորձում ենք հավաքել, ինտեգրել ուսումնական պլանով հաստատված տարբեր ուսումնական առարկաներ՝ ինչպես իրական, ամենօրյա կյանքն է՝ առանց պայմանական բաժանումների: Տարրական դասարաններում մայրենին՝ մասնավորապես կարդալը, կարդացածը վերարտադրելը, ներկայացնելը, դառնում է մյուս ուսումնական դասընթացների բաղադրիչը և միևնույն ժամանակ՝ դրանք «Իմացումի հրճվանքում» միավորողը:

Կարդալու կարողությունները տարբեր սովորողների մոտ տարբեր են, և հաճախ միևնույն տեքստը կարդալը և ընկալելը սովորողների մի մասի մոտ հեշտ է ստացվում, մյուսներին համար լինում է ավելի պարզ կամ ավելի բարդ: Այսպես, սովորողները հայտնվում են անհավասար պայմաններում և հանձնարարությանը տարբեր կերպ են արձագանքում. մի մասի համար այն լինում է մատչելի, հաճելի աշխատանք, մի մասի համար՝ դժվար, հետևաբար, ոչ ցանկալի աշխատանք:

Իմ դասարանի սովորողների կարդալու կարողությունները նույնպես տարբեր են՝ մի մասը  բառեր է կարդում, մյուս մասը՝ բառակապակցություններ, մի խումբն էլ հեշտորեն նախադասություններ է կարդում:

Որպեսզի սովորողների համար ընթերցանությունը դառնա հաճելի և սպասված աշխատանք, որոշեցի սովորողների համար ընթերցանության նյութերը անհատականացնել՝ ըստ նրանց կարողությունների այնպիսի նյութեր պատրաստել, որ լինեն զարգացնող, բայց  բայց ոչ բարդ: 

Երբ պատրաստվում էի կրթահամալիրի օրացույցով որոշված «Անկախության տոն. բարձունքի հաղթահարում» նախագծին, որոշեցի ընտրված վայրի մասին այնպիսի տեղեկատվական նյութեր պատրաստել,որ դրանք սովորողների համար դառնան ընթերցանության նյութեր: Քանի որ պետք է հաղթահարեինք Արզական գյուղի ծայրին գտնվող բլուրի վրա կառուցված Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցին, հետո «Գետը համայնքում» նախագծով շարժվեինք դեպի Դալար գետը, կարդացի նշված վայրերի մասին նյութեր և պատրաստեցի երեք տեղեկատվական նյութ՝ Արզական գյուղի, Նեղուցի վանքի, Դալար գետի մասին:

Ստացված երեք նյութը պետք է բաժանեի սովորողների երեք խմբերին, որպեսզի կարդային, ապա իրենց կարդացածը պատմեին ընկերներին:

Քանի որ յուրաքանչյուր խմբում ունեի կարդալու տարբեր կարողություններ ունեցող սովորողներ, ուստի յուրաքանչյուր նյութը տրոհեցի նախադասությունների կամ պարբերությունների՝ նախապես պլանավորելով, թե նյութի որ հատվածը որ սովորողին պետք է տամ: Ստացված նյութերը տպեցի և դարձրի քարտեր:

Հաջորդ օրը, երբ քարտեզի օգնությամբ ուսումնասիրեցինք Երևան-Արզական ճանապարհը, պարզեցինք երկու վայրերի միջև հեռավորությունը, ճամփորդության օրվա եղանակը, հերթը հասավ տեղեկատվական նյութերի ընթերցմանը: Սովորողները բաժանվեցին 3 խմբի, խմբերից յուրաքանչյուրն ստացավ նախապես բաժանված տեքստի «կտորները» և սկսեց կարդալ: Յուրաքանչյուրը, կարդալով իր նյութը, իրենց կարդացածի մասին ասաց խմբի մյուս անդամներին: Երբ կարդալու համար տրված ժամանակն ավարտվեց, խմբերը համառոտ ներկայացրին, թե ինչի մասին էր իրենց խմբի նյութը (գյուղի՞, եկեղեցո՞ւ, թե՞ գետի):

Հաջորդ առաջադրանքն էր՝ օգտվելով քարտերի համարներից՝ դասավորել քարտերը և ստանալ մեկ ամբողջական տեքստ: Այս աշխատանքը կատարելու համար սովորողները ևս մեկ անգամ վերադարձան իրենց կտորին, այս անգամ բարձաձայն կարդացին իրար համար, որպեսզի որոշեն սկիզբն ու ավարտը:

Աշխատանքի հաջորդ փուլում հանձնարարեցի  ամբողջական տեքստից իրենց բաժինը բարձրաձայն կարդալ ընկերների համար:

Այսպիսով, սովորողները տարբեր հանձնարարություններ կատարելու համար մի քանի անգամ վերադարձան իրենց կտորին և վերընթերցեցին:

Երբ բոլոր խմբերում բարձրաձայն ընթերցանությունն ավարտվեց, ես սկսեցի տեքստերի մասին նախապես պատրաստված հարցեր տալ: Պայմանը հետևյալն էր. պատասխանում էր նա, ում  բաժին էր ընկել հարցի պատասխանը, եթե դժվարանում էր, օգնում էին խմբի անդամները:

Այսպես, սովորողները կարդացին, իրար պատմեցին, ապա հարցերին պատասխանելով՝ յուրացրեցին երեք նյութ:

Ի՞նչ տվեց այս հնարը սովորողներին։

  • Բոլորը ներգրավվեցին ընթերցանության գործընթացի մեջ:
  • Բոլորը հնարավորություն ունեցան իրենց բաժին նյութը մենակ, լուռ, ինքնուրույն կարդալու (ընկալելու):
  • Քանի որ կարդացել էին կոնկրետ հատված, նախադասություն, ավելի վստահ կարողացան խմբին իրենց կարդացածը վերարտարդել, պատմել, բարձրաձայն կարդալ:
  • Սովորողները դարձան խմբի անդամ, ունեցան խմբում իրենց աշխատանքի մասը և միևնույն ժամանակ գիտակցեցին իրենց նշանակությունը խմբում:

Ի՞նչ տվեց այս հնարի կիրառումը ինձ։

  • Նյութերը պատրաստելիս փորձում էի ստանալ ավելի մատչելի, պարզ և միևնույն ժամանակ բովանդակալի ձևակերպումներ:
  • Ձևակերպումներ անելիս ուշադրություն էի դարձնում բառապաշարին. ընտրում էի նոր բառեր, մտածում աշխատանք այդ բառերով  (մասուրի թուփ՝ մասրենի, ընկույզի ծառ՝ ընկուզենի, հավաքած խոտ՝ դեզ, լեռան ստորոտ, լանջ, գետի ակունք, հուն):
  • Նյութերը պարբերությունների, նախադասությունների բաժանելիս ևս մեկ անգամ գնահատում էի յուրաքանչյուր սովորողի կարողությունները:

Ինչպե՞ս եմ զարգացրել այս հնարը։

Այս հնարը կիրառել եմ նաև հաջորդ ճամփորդությանը նախապատրաստվելիս, ինչպես նաև կենդանիների մասին տեղեկատվական նյութեր ընթերցելիս: Ավելացրել եմ նաև էլեկտրոնային տարբերակով ողջ տեքստի հետ աշխատանքը՝ կցելով նշված աղյուսակը:

Կարդա՛ տեքստը և ընդգծի՛ր նշված գույնով:

Հաջորդ անգամներին հարցուպատասխանը իմ փոխարեն կանեն սովորողները՝ նախապես իրենց նյութի մասին հարցեր պատրաստելով:

Որպես լրացուցիչ աշխատանք կարող է լինել  էլեկտրոնային հարցաշարը (ինչպես ms word ծրագրով, այնպես էլ  google տարբերակով), որին պատասխանելով սովորողները կստուգեն իրենց:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский