Վարագա Սուրբ խաչի ուխտագնացություն Երուսաղեմ

Հեղինակ: 

…. Ես ի՞նչ գիտեմ՝ ինչ ընթացք կունենա ուխտավորի ճամփեն, պատումը…
Աշոտ Բլեյան

Կրթահամալիրի տնօրենի օրագրից
P
DF

Մասնակցությամբ Ս. Երրորդություն եկեղեցու հովվի եւ հավատացյալների

Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 11. 2016թ.

Ծրագիր

Սեպտեմբերի 30, ուրբաթ – ժամանում Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան, ապա մեկնում Երուսաղեմ:
Տեղավորում Jerusalem Tower հյուրանոցում:
18.00 – Սուրբ Հարության Տաճար:

Հոկտեմբերի 1. շաբաթ – 08.00-ին այց Սրբոց Հակոբյանց Մայրավանք, ուխտի աղոթք և խոնարհություն Սուրբ Հակոբոս Գլխադիր առաքյալի և Սուրբ Հակոբոս Տյառնեղբոր շիրիմներին և մասունքներին, Սուրբ Պատարագ Սուրբ Հակոբյանց տաճարում:
Սուրբ Հրեշտակապետաց վանք, Քրիստոսի Առաջին Բանտ:

Հոկտեմբերի 2. կիրակի – 04.00-ին Սուրբ Պատարագ Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա:

Հոկտեմբերի 3. երկուշաբթի – 08.00-ին մեկնում Սուրբ Աստվածածնի Տաճար: Սուրբ Պատարագ Սուրբ Կույսի Գերեզմանի վրա: Այց Գեթսեմանի Պարտեզ, Բոլոր Ազգերի եկեղեցի: Համբարձման լեռ՝ Քրիստոսի Համբարձման սրբավայր, «Հայր Մեր» եկեղեցի: Հորդանան գետ՝ Տիրոջ մկրտության վայր: Ճաշ: Մեռյալ Ծով:

Հոկտեմբերի 4. երեքշաբթի – 08.30-ին այս Սիոն լեռան Սրբավայրեր՝ Ս. Փրկչի Հայոց վանք, Վերնատուն, Դավիթ Մարագարեի գերեզման, Սուրբ Աստվածածնի Ննջման եկեղեցի, Սուրբ Պետրոս Առաքեյալի զղջման եկեղեցի:

Հոկտեմբերի 5. չորեքշաբթի – 07.00-ին մեկնում Թաբոր լեռան Պայծառակերպության եկեղեցի: Նազարեթի Սուրբ Աստվածածնի Ավետման և Սուրբ Հովսեփ եկեղեցիներ Կանայի Հրաշքի եկեղեցի:
Տեղավորում Տիբերիա քաղաքի Ron Beach հյուրանոցում։

Հոկտեմբերի 6. հինգշաբթի – 08.30-ին Ուխտագնացություն Քրիստոսի հետքերով, Գալիլեայի ծովակի սրբավայրեր. Երանիների լեռան եկեղեցի Տաբղա՝ 5000-ի կերակրման եկեղեցի, Կափառնայում նավով շրջապտույտ: Ճաշ:

Հոկտեմբերի 7. ուրբաթ – 09.00-ին մեկնում Լոդ՝ Սուրբ Գևորգի գերեզման, Հոպպե (Յաֆա) հին քաղաք, այց Սուրբ Նիկողայոսի Հայոց վանք: Թել Ավիվ, Միջերկրական ծով:

Հոկտեմբերի 8. շաբաթ – Տոն Սուրբ Գևորգ Զորավարի:
09.30-ին Սուրբ Պատարագ Ղպտիների Սուրբ Գևորգ եկեղեցում:

Հոկտեմբերի 9. կիրակի – Տոն Վարագա Սուրբ Խաչին:
09.30-ին Սուրբ Պատարագ Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա:

Հոկտեմբերի 10. երկուշաբթի – 08.00-ին մեկնում Բեթղեհեմ, Սուրբ Պատարագ Սուրբ Ծննդյան Մսուրում

Հոկտեմբերի 11. երեքշաբթի – 06.00-ին մեկնում օդանավակայան:

Սա ուխտ է, ո՛չ փորձառություն, այլ որպես իմ ու Դավթի մանկավարժական փորձություն․․․

 Մենք Սուրբ քաղաքում ենք՝ Երուսաղեմում, ամբողջական ներառված, և ժամանակն է ուղիղ կամուրջ հաստատելու կրթական կենտրոն Բանգլադեշի, նրա ուխտի-շրջագայության մեջ գտնվող տնօրենի, նրա օրագրի ընթերցողների հետ։

Կրթահամալիրը կշահի, բոլորս կշահենք, եթե ես ուխտի այս հագեցած ծրագրում կարողանամ շարունակելի պայմանավորվածությունների բերել կրթահամալիրի գործընկերությունը հայոց Երուսաղեմի հետ։ Սուրբ Երրորդություն եկեղեցու հովվի և հավատացյալների մասնակցությամբ մեր Վարագա Սուրբ խաչի ուխտագնացությունը Երուսաղեմում, որը սկսվել է սեպտեմբերի 30-ից ու կտևի մինչև հոկտեմբերի 11-ը, շատ հագեցած ծրագիր ունի ու ժամանակ չի թողնում նրա ընթացքի կանոնավոր, այնպիսի մեկնաբանման համար, ինչպիսին կուզեր Յուրա Գանջալյանը։ Արմինեի հնարավոր աջակցությունը «հաջողությամբ» չեզոքացվում է  յուրօրինակ ուխտավոր Դավիթ Բլեյանի կողմից։

Սեպտեմբերի 30․ ժամանում Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան օդանավակայան, ապա մեկնում Երուսաղեմ։ Տեղավորում  Jerusalim Tower hotel հյուրանոցում, իսկ 18։00-ից մինչև ուշ գիշեր ապրում ենք Ս․Հարության տաճարում․․․ Ապրում բառիս բուն իմաստով, մինչև կեսգիշերին մոտ առյուծ Դավթի հոգնատանջ մարմինը ուխտավորի համբերատարությամբ, Անդրանիկ սարկավագի աջակցությամբ հասցնում եմ հյուրանոց։ Այդ ընթացքում Դավիթը հասցնում է քնել Սուրբ տաճարի, հայկական Երուսաղեմի բոլոր գավիթներում, անկյուններում, հրապարակներում․․․ խորաններում, գահակալական աթոռակներին․ պատմելու բան չէ։ Պիտի ապրել` ապրում ենք, և լուսանկարները ընդունեք որպես սոսկ փաստեր, մեր ուխտի վկայություններ։

Կորզեցինք մեկ ժամ` Երուսաղեմի մարդկային դեմքը Դավթին ներկայացնելու համար։ Հատկապես որ Դավիթը շարունակ պնդում է, որ ինքը որևէ մեղք չի գործել, և զարմանում-բողոքում է, թե ինչու ենք իրեն Սրբազան քաղաք բերել մեղքերից իր համար այսպիսի չարչարանաց եղանակով ազատելու համար։ Արդեն ուխտավորների հետ քննարկում է օր առաջ Երևան՝ իր դպրոց վերադառնալու հնարավորությունը։ Ես էլ առաջարկում եմ, որպես այլընտրանք, մեր այստեղի Ժառանգավորացի «բողբոջ» կամ «կոկոն» կրթական հաստատությունները, հատկապես որ Հայր Սուրբը, ով այնքան սիրալիր, բանիմաց, հոգատար է Հայաստանից ժամանած բոլոր ուխտավորներիս նկատմամբ, և Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կրթական տեսուչն է։

Իսկ այն լանջաշատ այգին, որ դուք տեսնում եք, հիշեցնում է մեզ կառուցվող կրթական պարտեզը Բանգլադեշում` հուշելով մեզ առվակի ստեղծման հրաշքի անհրաժեշտությունը։

Հոկտեմբերի 1

08։00` այց  Սրբոց Հակոբյանց Մայրավանք․ ուխտի աղոթք և խոնարհություն Ս․Հակոբոս Գլխադիր առաքյալի  և Սուրբ Հակոբոս Տեառնեղբոր շիրիմներին և մասունքներին, Սուրբ Պատարագ Սուրբ Հակոբյանց տաճարում։ Ս․Հրեշտակապետաց վանք, Քրիստոսի առաջին բանտ։

04։00` գիշերային պատարագ Քրիստոսի Սուրբ գերեզմանի վրա։

Ինչպե՞ս է, որ երկու աշխարհակալ՝ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների հետ, մենք՝ ոչ աշխարհակալ Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցով ունեցանք Սուրբ հողում հավասար ներկայություն․․․ հասկանալ է պետք։ Ես նկարներով, տեքստերով գիտեի, կարդացել էի սոսկ այս մասին, իսկ հասկանալ ուզում եմ. և շարքային ուխտավորի իմ կարգավիճակը ամենահարմարն է սրա համար։ Ես եմ ընտրել այն և ճիշտ եմ արել։ Օգնե՛ք ինձ, սեբաստացիներ բոլոր կարգի, այս ուխտը մինչև վերջ իր առաքելությանը ծառայեցնելու։

Սա Երուսաղեմն է, բայց ոնց որ Հայաստանը լինի…

Սպասված՝ հոկտեմբերի 2-ի գիշերը-օրը մենք անցկացրինք Սուրբ Հարության տաճարում․․․ Կարելի է պատկերացնել խոշտանգվող տիարին, կեսգիշերին՝ ժամը 00։00, երկրորդ Գողգոթայում` Սրբ․ Հարության տաճարի հայկական բաժնում, գիշերային ժամերգությունում և 04:00-ին՝ Հիսուսի Սրբ․ Գերեզմանի դիմաց՝ Սուրբ Պատարագում․․․ Եվ լավ է, որ Դավիթ Բլեյանը կարգապահ քնեց․․․ Տեսնել էր պետք սեփական աչքերով, որպես մասնակից, թե ինչպես են Տիրոջ գերեզմանը տնօրինում Հայ առաքելական, հույն Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները․․․ Մինչ մենք պատրաստվում էինք մեր ժամերգությանը, աշխարհից փակված Սուրբ Հարության տաճարում, հանկարծ բարձր դռները բացվեցին և հարյուրավոր բազմալեզու ուղղափառ ուխտավորներ շրջապատեցին Քրիստոսի գերեզմանը․․․Իսկ գերեզմանը վերցված է տախտակամածի մեջ. նորոգվում է ամիսներ, համատեղ․․․Ներքևում Պատարագն է ուղղափառ քրիստոնյաների, վերևում՝ ժամերգություն հայերեն լեզվով․․․Ժամը 04։00, մեր Պատարագը չավարտած, երկրորդ հարկի մի թևում սկսվեց նաև Կաթոլիկ եկեղեցու ժամերգությունը...Իսկ Սուրբ Հարության դռներով՝ հրապարակի կողմից՝ անընդհատ ուխտավորներ ու ուխտավորներ․․․

Օրագրի ընթերցողները գիտեն․ ես քիչ քնով իմ քունն առնող եմ, բայց իմ ուխտի առաջին երեք օրերին իմ քունը խառնվել, չի առնվում․ ես ես չեմ․․․ Երուսաղեմի հայոց վանքի տեսուչ հոր, լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի Ս․ Աթոռի հետ հանդիպումը կայացավ այսօր, Դիվանում, որ Սրբոց Հակոբյանց մայրավանքին կից է․․․ Լավ նվեր եղավ մեր ընդհանուր երկարատև ու իմ կարճատև առանձնազրույցը Ամենապատվելի պատրիարք հոր հետ․․․ Մենք իրար հասկացանք։ Պատրիարք հայրը տվեց բոլոր իրավունքները Ընծայարանի ու Ժառանգավորաց վարժարանի տեսուչ հայր սուրբի՝ Թեոդորոս վարդապետ Զաքարյանի հետ գործընկերության բանակցությունները վարելու, իսկ առաջիկայում նշանակեց հանդիպում Դիվանում՝ մեր զրույցը շարունակելու համար․․․ Անձամբ հրավիրեց մեր պատանեկան, ուսուցչական երգչախմբերին Հայոց Երուսաղեմ․․․ Ես, իհարկե, հրապարակավ հանձնեցի երգչախմբի հատուկ պատրաստած սկավառակը, Դավիթն արժանացավ օրհնված հացի․․․

Սրբ․ Հարության Մայրավանք տաճարում, նրա կրթարանում, ես նորից կլինեմ, երկարատև, բայց Պատարագը, ընծայարանի ու վարժարանի սաների մասնակցությամբ ժամերգությունը այնքա՜ն անմիջական-հուզիչ են, իսկ Մայրավանքն իր քսաներկու խորաններով՝ ուրիշ աշխարհից․․․

– Սա Երուսաղեմն է, բայց ոնց որ Հայաստանը լինի, միայն մարդիկ այստեղ անգլերեն են խոսում,- եզրափակեց օրը Դավիթը։
Հայերենը, եբրայերենը, արաբերենը, գրաբարը, անգլերենը, այլ օտար լեզուներ՝ աջ ու ձախ հնչող, որ խառնես, Դավթի բանաձևը դուրս կգա․․․ Պետք է ժամանակ գտնել վաղվա՝ Սրբ․ Հորդանան գետ՝ Տիրոջ մկրտության վայր պատրաստվելու․․․

Տոնավաճառում գտանք մեզ պակասող ճերմակ շապիկները՝ գետը մտնելու․․․ Այնքա՜ն հագեցած են առաջիկա օրերը, որ առյուծ Դավիթն ու ես նորից մեծ դժվարությամբ ժամ կորզեցինք՝ մեր պարտեզ մտնելու համար․․․ ու հրաշք կատարվեց․․․ Գաղտնիք՝ կասի Դավիթը․․․

Մեռյալ ծովն արդեն կենդանի է

․․․ Սարկավագ Վոլոդյան և Հայաստանից մի խումբ ուխտավորներս կարողացանք այս ծովի լուրջ ու արագ մահացման ընթացքը փոխել, դեմն առնել․․․ Բազմազգ ու տարատարիք ուխտավորներ-ճամփորդողներ, հավատալով սև ցեխի և խիտ աղի ուժին, անընդհատ ցեխն են հանել մինչ մեզ, պրտել-ցեխել ողջ մարմինը․․․ Մենք ասացինք՝ դու ծով ես, սովորական ծով, և ուրախացանք-լողացինք, ինչպես կլողանք, վստահ եմ, ասենք՝ Միջերկրականում․․․

Շուրջպար կազմեցինք, երգեցինք-պարեցինք-լողացինք ու գոռացինք, ծափահարեցինք՝ Հայաստան-Արմենիա․․․ Ես նորից Հորդանանի սահմանն անցա․ ծով է, չէ՞, ի՞նչ կարմիր գծով չխեղդելու սահման, երբ այս ծովում սուզվելը խնդիր է․․․ Դավիթը մի լավ տզզաց աղի առաջացրած մրմուռից. որքան լվացինք, չօգնեց, պաղպաղակ-հյութն էլ ազդեցություն չունեցավ, վերջը մի պաղեստինցի կրթված արաբ լուծումը գտավ․ նստեցրեց Դավթին ակվարիումի վրա, ոտքերը ջրի մեջ։ Ակվարիումի շերեփուկները հավաքվեցին, ոտի աղերը կերան-մաքրեցին․ պը՜րծ․․․

Իսկ Մեռյալ ծով մենք եկանք Հորդանան գետից, որը թափվում է այդ ծովը․․․ Գետն էլ գետ չէ․․․
– Բա ինչո՞ւ է անունը Հորդանան, ու հորդառատ չի,- հաշիվ է պահանջում Դավիթ Բլեյանը, ով ի պատիվ իրեն՝ Քրիստոսի ուրախությունն ունեցավ գետում լողալիս․․․ Տեսարա՜ն․ մենք ճերմակ-երկար շորերով զուգված հարյուրավոր ուխտավորներ՝ Քրիստոսի մկրտության ջրի զորությամբ․․․ Ես չէի կարող դիմանալ Հորդանանի գայթակղությանը, ինչպես 1989-1990-ին Արաքս գետի, ու սահմանախախտ չդառնալ՝ արժանանալով հորդանանցի սահմանապահների հատուկ վերաբերմունքին․․․ Մկրտության ինչպիսի՜ ծեսեր են կատարվում մեկ օրում, մեկ շաբաթում Հորդանան գետում, քանի՜ լեզվով, անվերջ, անթիվ ուխտավորներ․․․

Հաջի դառնալու մի պարզ բանաձև

Երուսաղեմը սպիտակ քաղաք է՝ կառուցված համարյա միևնույն սպիտակ քարից․․․ նշանավոր պարիսպը, բնակելի, թե վարչական շենքերը, պաշտամունքի, մշակութային հուշարձանները․․․ Այս սպիտակ տիրապետող գույնի հետ քաղաքի ծաղկոցները՝ ծաղկային թմբերը, թփուտները՝ վառ գույներով, թավ կանաչով, խիտ բարձրացող, տպավորիչ են, չէ՞․․․Քաղաքի բնակիչները շուտ են արթնանում․ առավոտ 6-ին մեքենաների, մարդկանց, բացվող խանութների, սրճարանների աշխույժ է։ Կլինե՞նք մենք հրեական Երուսաղեմում չգիտեմ, որքան էլ ջանքեր գործադրում եմ. առայժմ մենք շարժվում ենք Հիսուսի հետքերով․․․ Համբարձման լեռան` Քրիստոսի` որպես մասունք պահպանված ոտնահետքը Դավիթը հանկարծ կռացավ և համբուրեց։ Այսօր մեր առաջին կես օրվա՝ առավոտ 08-ից 14։00, քայլուղին, հայր սուրբ Թեոդորոսի առաջնորդությամբ, դեպի Սիոնի սրբավայրեր էր` Սուրբ Փրկչի հայոց վանք, Վերնատուն, Դավիթ Մարգարեի գերեզման, Սուրբ Աստվածածնի Ննջման եկեղեցի, Սուրբ Պետրոս Առաքյալի զղջման եկեղեցի։

– Մարդիկ Քրիստոսի հետքերի վրա սալիկներ են շարել, որ մեզ համար հեշտ լինի՞ գնալը,- հարցնում է Դավիթ Բլեյանը։
– Ուխտագնացությունը, հայր մեր, երբ ուղտերը շարժվում են խմբո՞վ, իրար հետևի՞ց, Քրիստոսի հետքերո՞վ․․․ բա մենք ե՞րբ ենք ուղտերը բարձրանալու։
Այստեղ մենք նոր հասկացանք, որ Դավթի համար կա մի ուխտ՝ «ղ»-ով, թե «խ»-ով գրվող։

Մեր՝ ուխտագնացներիս մեջ շատ են տատիկները՝ իրենց աղջիկների ուղեկցությամբ և առանց նրանց, միայնակ։ Քաղաքը ողողած ուխտագնացների մեջ էլ տարեցների թիվը զգալի է։ Դավիթը՝ բոլորի սիրելին, անունից եկող աստղով, իրեն այնքա՜ն լավ է զգում։ Իրեն բնորոշ հումորով, ծռություններով, առաջից։ Ճանապարհին դժվարությունները ծագում են մեզ հետ։ Դե, մենք էլ` որքան հեռու, այնքան լավ մեր ուխտի համար։ Տատիկների մեջ է, ուշադիր, կրթահամալիր, մի ուղտաբեռ նորություն եմ հայտնում, ձեզ քաջածանոթ, նախկին դատավոր Իսկուհի Վարդանյանը․․․ էստեղ են ասել՝ բոլորիս ուխտը ընդունելի լինի․․․

Մեր հյուրատունը մի հայի սեփականություն է՝ պուճուր սենյակներով, այնքան պուճուր, որ ես, Արմինեն, Դավիթը երբեք այսքան մոտ չենք եղել։ Մաքուր-մատչելի-ազատ, ընդարձակ ընտրությամբ է խոհանոցը․ համեղ են պատրաստում։ Այսքան հիմնավոր վաղուց կերած չկանք, որքան էլ Արմինեն Դավթի սննդից մի ուղտաբեռ բողոքում է ամեն անգամ։ Ես կարծես գիրանում եմ․ ավելացրեք ջրի, օդի, տարածքի փոփոխությունը ու սովորական ուխտավորի երկար քունը։ Մեր երեսունյոթ հոգիանոց խմբում քիչ չեն նաև միջահասակ ու երիտասարդ, հեշտ շփվող զույգերը։ Իրար և՛ չենք ճանաչում․ մեզ չեն ներկայացրել, ինչպես հայտնի անեկդոտում կնկատեր անգլիացին, բայց անքա՜ն համերաշխ ենք, ընդառաջող, հետաքրքրասեր, բարեպաշտ․ Դավիթն ասում է՝ հայերով Քրիստոսին ենք հետապնդում։ Առավոտյան 6-ին 2 օրով-մեկ գիշերով կթողնենք Երուսաղեմը, Թաբոր լեռով կշարժվենք դեպի Նազարեթ։ Վաղը երեկոյան համեցեք Տիբերիա քաղաքի Ron Beach հյուրանոց՝ ընթրիքի։ Ես կլոր սեղանի շուրջ կամփոփեմ մեր ուխտի առաջին կեսի արդյունքները․․․ Կարելի է և առցանց․ թող Թոփչյան Արմինեն որոշի։

Մինչև մեկնելը չունեի պատկերացում․ ո՛չ հարց, ո՛չ փորձ․․․ վեր կացա ու հայդե՝ Քրիստոսի հետքերով Ավետյաց երկիր։ Այնքա՜ն լավ որոշում էր։ Կեցցե՛մ ես։ Ուխտն իհարկե՛ ինձ կփոխի, փոխում է, որն այնքա՜ն կարևոր է, նույնքան կարևոր որոշումներից առաջ։ Երկարատև կապվածությունը կաշկանդել է ինձ, իմ գործողությունները, ինքնիրացման խնդիրներ առաջացրել։ Ձե՛զ է թվում, թե ես եմ թելադրողը․ իրականում ես գալիս եմ ամեն մեկիդ ետևից՝ ամենավերջում։ Առաջ չընկնեմ, բայց ինքնուրույնություն, ազատություն եմ վերագտնում։ Մեզանից յուրաքանչյուրը պիտի ստուգի կրթահամալիրում աշխատանքի իր կարևորությունը։ Ե՛վ բեռով, և՛ ընթացքով հարկ է անցնել այդ ճանապարհը, եթե միասին ենք անցնելու։ Քարավանատո՞ւն է կրթահամալիրը, վերջնական հանգրվա՞ն․․․ ի՞նչ։

Որքան կարողացա պարզել, Երուսաղեմի հայոց Պատրիարքության ենթակայությամբ գործում է 12 եկեղեցի։ Դրանց թվում՝ և այլ եկեղեցիների հետ համատեղ տնօրինմամբ, ինչպես նաև Սուրբ Աստվածածնի, Սուրբ Հարության, նրանց թվում և Սուրբ Փրկչի հայոց վանքը, որտեղ այսօր եղանք, որը հայտնի գործարար Սամվել Կարապետյանի հատկացումներով մասամբ նորոգվել է, բայց չի օրհնվել, չի գործում։ Սա չխանգարեց, որ այսօր մենք այստեղ աղոթենք և տպավորիչ շարական երգենք։ Այնքա՜ն, որ Դավիթը խորան բարձրանա։

Իսկ Սիոնի սրբավայրերով մեր երթը  պարզապես թափառումի ախորժակ առաջացրեց։ Քրիստոսին վերագրվող արահետով, Սիոնի գագաթից վար, հետո՝ վեր, մինչև Ձիթենյաց բարձունքներ․ իսկական խառնարան։ Դավիթ մարգարեի նշանավոր արձանի մոտ, թե Սուրբ Պետրոսի զղջման նշանավոր աքաղաղականչի հուշարձանի մոտ, խառնվում են, ու թվում է,  ողջ  Իսրայելով տարածվում հրեական հնգամատյանի կանչերը, Պաղեստինի արաբների մինարեթի նամազները, լատինների բազմալեզու աղոթքները, հայ ուխտավորներիս համերաշխ «Հայր մեր»-ի կանչերը։ Այս ամենը կարծես ցուցադրվում-մատուցվում է որպես հրեական պետության կողմից խրախուսվող զբոսաշրջային փողաբեր բրենդ։ Քաղաքական հարցը, որ հետապնդում եմ ես ուխտի ընթացքում, ինչպե՞ս են Քրիստոսի ժողովուրդների մնացորդները՝ հայեր, հույներ (այլ ուղղափառներ), լատիններ (կաթոլիկ այլ համայնքներ), հարազատ եղբայրներից սերած հրեա և արաբ ժողովուրդներ, Քրիստոսին խաչին հանած Իսրայել պետության մեջ ապրում, ապրելու այս տարածքում։ Սրա պատասխանը ո՛չ միայն չկա մեր ուխտի ակնկալվող արդյուքներում, այլև ուխտի ծրագիրը հետևողականորեն շրջանցում է այն։ Մենք պատմության հետևից ենք եկել, ո՛չ այսօրվա մեր կյանքի։ Երևի ես էլի ագահ եմ իմ տենչի մեջ։

Հայոց Երուսաղեմի երախտահիշատակ Պատրիարք Թորգոմ Մանուկյանը այս առիթով է ասել՝ հաջի դառնալու համար յոթ անգամ ուխտի պիտի գաս Երուսաղեմ։

– Ինչի՞ եք մեզ փորձության տանում։ Մի՛ տարեք մեզ փորձության, այլ փրկեք մեզ չարից,- հաճախ լսվում է Դավթի սթափեցնող ձայնը, որպես բողոք, երբ ուխտի հագեցած ընթացքը սկսում է ճնշել մեր ազատամիտ Դավիթ հրաշալիին։

Իսկ Դավիթ Մարգարեի ու հրաշալիի հանդիպման մասին՝ առաջիկայում։

Իմ անձը երկրի պես ծարավ է քեզ, լսի՛ր ինձ․․․

Մենք օրվա վերջում Գալիլեայի Տիբերական լճի ափին ենք, ինչպես պայմանավորվել էինք երեկ՝ Տիբերիա քաղաքի հարմարավետ հյուրանոցներից մեկում․․․ Հիմա ժամը 21.00-ն է: Հասցրել ենք տեղավորվել, լողալ լճում, որի ջրերի վրայով Հիսուսն է քայլել․․․ Ընթրել ենք իսկական ծովափի այս իդիլիայում, երբ Դավիթը ջրում է, նորից խաղերի-գամակների վրա։

 Վատ ինտերնետը Արմինե Թոփչյանին կխանգարի․ գիշերը ո՞ր ժամին օրագրի նյութերը տեղ կհասնեն։ Այսպիսի օգնականին տնօրեն պետք չէ։

Գևորգ անունով հայր սուրբը, 27 տարեկան, Երուսաղեմի Պատրիարքարանից, որ օգոստոսի 4-ի ուխտի ծրագրի հոգևոր սպասարկուն է, առավոտ 7։00-ից մեզ ուղեկցում է Քրիստոսի հետքերով Թաբոր-Գալիլեա․․․ Ահա ծրագիրը, ու չպատմեմ ոչինչ իմ տեսածի մասին․․․ Ժամը 8-ին՝ մեկնում Թաբոր լեռան Պայծառակերպության եկեղեցի։ Նազարեթի Սուրբ Աստվածածնի Ավետման և Սուրբ Հովսեփի եկեղեցիներ, Կանայի Հրաշքի եկեղեցի։ Երեկոյան տեղավորում Տիբերիայի Ron Beach հյուրանոցում։

Նունե Մովսիսյանն ու իր «Կանթեղ» բլոգ-ակումբ-խմբագրության նախագիծը, ունենալով 10-օրյա ուխտի մանրամասն ծրագիրը, կարո՞ղ է ստեղծել ուխտադարան-փաթեթ, որ օգտակար կլինի մեր ուխտին հետևողին, մեր ուխտով իրենց ուխտին նախապատրաստվելու համար։ Կարող է։ Հետո Արմինե Աբրահամյանից կվերցնեն ֆոտոդարանը, մեծ ֆոտոդարան կհավաքվի մեր ուխտի մյուս անդամներից՝ սկսած հայր Զենոնով, ավարտած սարկավագ Վոլոդյայով, որ ոչ միայն շնորհով ու սիրով երգում է, այլև լուսանկարում․․․ Ու կստեղծվի ուսանելի ուսումնական ժողովածու։ Ինձ էլ կազատագրի, ու ես կգրեմ իմ հերոսի՝ Օրագրի ընթերցողի համար․․․ Շիտակ լինենք, ընթերցողը ինձնից հենց այդ ուրիշ բանն է սպասում, ոչ այս վերապատմելը-հավաքելը-գրադարան ստեղծելը, ինչը ինձանից շատ ավելի լավ կանեն, ասենք՝ Նունեն ու ընկերները։ Կտեսնե՛ք։

Ահա Գևորգ սուրբ հայրը ամոթխած հայտարարեց, հրավիրեց երեկոյան 8-ին, 9-ին հոգևոր զրույցի․․․Կհավաքվե՞ն, քանի՞սը, կստացվի՞ այդ զրույցը։ Ստացվե՛ց։ Ժամից ավելի մեկ ու կես տասնյակ ուխտավոր այնքա՜ն կարևոր զրուցում են․․․ Ուխտագնացությունների կարևորության մասին դեռ կլսեք ինձ, կկարդաք իմ գրում․․․ Ես, Անդրանիկ ու Վոլոդյա սարկավագները հիմա տարված ենք Տիբերական լճի խոշոր ձկներով, որոնց, չեք հավատա, գիշերով քշում են հյուրանոցի տեսանելի ափ, որ թվում է մերկ ձեռքերով կվերցնես 3-4 կիլոգրամանոց տեսիլներին․․․ Խաչը վկա։

Երուսաղեմից ավտոբուսով Գալիլեա ուղևորությունը ինքնին հետաքրքիր է, իմ առաջին շփումը Իսրայել պետության շրջանների հետ․․․ Այնքա՜ն բան կուտակեցի պատմելու, որ հիմա տեսնում եմ՝ օրվա գրի համար քիչ տեղ մնաց․․․

Ի՜նչ ճանապարհներ են «красавец», անցումներ-կամուրջներով, անցումներ-թունելներով․․․ Ե՜րբ են հասցրել այսպիսի ճանապարհային բարձրակարգ ցանց ստեղծել, համոզված եմ, ողջ Իսրայելով մեկ ընդգրկելով բոլոր մեծ ու փոքր բնակավայրերը․․․ Բնակավայրերը՝ նորաշեն, բլուրներ գրաված ճերմակ քաղաքների տեսքով, առած սպիտակ պարիսպների մեջ, արդիական գործարան-հանգույցներով․․․ Չէ, Իսրայելը Եվրոպա չէ, լիքը անմշակ-փնթի հողակտորներ կան, լիքը տգեղացրած շենքերով բլրակներ, ողջը շինարարական հրապարակ է, հարավ-արևելք, թե հյուսիս-արևմուտք ուղղություններով, վերամբարձ կռունկների անվերջանալի սլաքներով, մշակվող գյուղատնտեսական գոտիներով, ջերմոցներով, ձիթենու այգիներով․․․ Ի՜նչ թափով է Իսրայելը բնակեցվում-խնամվում-յուրացվում․․․ Պետական ծրագիր է, իհարկե, բայց ավտոբուսում, մենք Նարեկացի ենք լսում, Գևորգ հայր սուրբի արժեքավոր եկեղեցական մեկնաբանությունները, ինչպես երեկվա իմ գրում էի շեշտել՝ ուղղությամբ դեպի պատմություն, ո՛չ ներկա ու ապագա, ո՛չ այսօրվա փաստացի Իսրայել․․․ Անկեղծ, աստվածաբանության համար պատրաստված հայր սուրբը խոստովանեց, որ ճանապարհներից-շուրջը կատարվողից ինքը քիչ է գլուխ հանում․․․ չգիտի՞, չկա՞․․․ ափսո՜ս։ Այսպես մենք անհաղորդ ենք մնում մեր ժամանակին, ինձնից ու իրենից, մեր ուխտագնացության խմբից աջ ու ձախ փռվող-բարձրացող իրականությանը․․․ Իսկ ավտոբուսում, ողջ ճանապարհին Սոս Սարգսյանի ընթերցմամբ Նարեկացին է ու Տաթևացու աստվածաբանությունը․․․

– Իմ անձը երկրի պես ծարավ է քեզ, լսի՛ր ինձ․․․
– Ճշմարիտ եմ ասում, չեմ ճանաչում ձեզ․․․
– Խիստ է խոսքդ, ո՞վ կարող է լսել․․․

Եթե բանտ եք, ապա ոչ ցմահների․․․

Օրագրի իմ երևանյան ժամն է․ էլի ես պատշգամբում եմ, բայց հռոմեացիների կառուցած և իրենց կայսեր անունով Տիբերիա կոչած քաղաքի հյուրատան, դեպի Տիբերական լիճ նայող․․․ Հոկտեմբերի 6-ը՝ առտու 5-ը․․․ Էլի ես պատմում եմ, որպես օրագիր, թվով 810-րդ։ Ի՞նչ պիտի անեմ ուխտագնացության առաջին երկու օրերի հետ․․․

Հյուրատան մեր սենյակն ընդարձակ է, ու լիճը, ափը, այս մեկ օրը ծովափնյա դադարի, սպասված էր բոլորիս համար․․․ Առաջ չընկնեմ, դեռ Գալիլեայով չենք շրջել, Լեռան բլուրից Ուսուցչի հայացքով իր սիրած վայրերին չենք նայել, բայց․․․ Դավիթ Բլեյանի երեկվա լողը և՛ լճում, և՛ լողավազանում մնա՜ց․․․ Տաթև լողի մարզիչին բոլ հիշեցինք-օրհնեցինք։ Դավթի լողը, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը․․․ այս ե՞րբ, այս ո՞նց մեծացավ մեր «Աշոտիկը»․․․

Թաբոր կլոր սարը տպավորվեց, մնաց ու լեռան բարձունքից մեր առջև բացված, Սուրբ Պայծառակերպության եկեղեցու հարթակից փռվող, քրիստոնյա աշխարհի հայտնի Հեզրայելի դաշտը՝ գունեղ-խնամված․․․ Մեկ էլ երեկ՝ մութին, դեպի ափ եկող խոշոր ձկների երթը․․․ Դեպի Գալիլեա այսօրվա ճամփորդությունից առաջ, երբ Գալիլեայի կտակարանային լճի ալիքներն իմ առաջ-ինձ հետ, ինձ համար այնքա՜ն հարազատ խաղում են, ես ականջներս եմ մաքրում ձայներից… նոր տպավորությունների համար տեղ եմ ազատում․․․ Եթե բանտ եք, ապա ո՛չ ցմահների․․․

Հարավ-արևմուտքում փռված արդիական գործարանների-ֆիրմաների-արհեստանոցների, նոր-գրավիչ բնակավայրերի, հարավ-արևելքում՝ ջերմոցների, տարատեսակ՝ մանգոյի, բանանի, արմավի և այլ այգիների-դաշտերի շքերթ, իսկ մեր ավտոբուսի մեջ Սոս Սարգսյանի ինադու ընթերցմամբ Նարեկացին է․․․

– Նմանվելով մարգարեից ամբաստանված Իսրայելին․․․
– Զի դու ինձնից խաղող սպասեցիր, ես քեզ փուշ ընծայեցի․․․
– Կառուցեցի շենք հիմարության․․․

Դավիթն ու Արմինեն այնքա՜ն համոզիչ-խաղաղ-վաստակած քնել են․․․ Վաստակել այնքա՞ն, որ բաց թողնեն Գալիլեայի ծովի այս լուսաբացը․․․ Խոստացի՛ր, սեբաստացի ուխտավոր, Իսրայելի, Պաղեստինի, Հայոց Երուսաղեմի, որ դու Գալիլեայում կլինես ու նրա ծովի հետ այսպիսի մի հանդիպում կունենաս․․․ Այսքա՜ն գույներ, ձայներ, մեղմություն, խաղաղություն․․․

– Հայրի՜կ, գիտե՞ս, մայրիկը Սուրբ Մարիամ Աստվածածինն է։
– Հայրի՜կ, մայրի՜կ, ես ձեզ պաշտում եմ։
Ահա, մեր ծինը գրավել է արշավախումբը՝ իր անմիջականությամբ, ուժով․․․ Առյուծ Դավիթ․․․
Սուրբ Աստվածածնի Ննջման եկեղեցում՝
– Սոված եմ, հիմա ինձ կերակրեք առյուծի նման,- ու իր բրդուճը կերավ։
Նազարեթի Սուրբ Աստվածածին մե՜ծ, շատ մեծ եկեղեցում պնդեց աղոթքի ժամանակ՝ չիշ ունեմ․․․ Կանայի հրաշքի եկեղեցում ոտքի վրա քնեց-նստեց․․․ բոլոր խորանները հաղթահարեց, բոլոր «չի կարելի»-ներով անցավ մեր Դավիթ հրաշալին ու կանգնեց անվանակից մարգարեի կողքին։ Խեթ նայեց պատվանդանին, բարձրացավ-իջավ, ուզեց մագլցի. շրջապա՞տը սաստեց-հաղթեց, թե՞ արձանն էր առայժմ բարձր, մեկ էլ․․․
– Պա՜պ, գիտե՞ս, ես մարգարեին ոչ մի վատ բան չեմ ասի, իր անունն էլ է Դավիթ։ Ինչի՞ համար են իր անունը Դավիթ դրել, էդ ի՞նչ մեծագործություններ է կատարել․․․
– Պա՜պ, հիմա չէ, գլուխս պայթեց իր մասին լսելուց, հետո կպատմես, հա՞․․․

Ցանկապատերը, պարիսպները բոլոր տեսակի, շատ են Երուսաղեմում, ոչ միայն Երուսաղեմում։ Ահա ողջ ճանապարհին դեպի Գալիլեա, աջից ու ձախից, փշալարերով ու առանց փշալարերի, քաղաքը երիզող ու պարզապես․․․ Այնպիսի տպավորություն է, օդանավակայանից սկսած, որ կամուրջները-անցումները-կառույցները բոլոր այնպես են կառուցված՝ ամուր-ամուր-ամուր, որ պաշտպանված լինեն ահաբեկչությունից-պայթյունից մահապարտի, որևէ ռումբից, պայթուցիկից․․․ Այդպե՞ս է․․․

Սոսը հարգելի, երջանկահիշատակ, շարունակվում է իմ ականջներում․․․կտորներ-պատառիկներ․․․

– Իմ այս… աղերսը… դառնա մի պատճառ քո մեծ փրկության․․․
– Գրի առնելով մաղթանքներ պես-պես․․․

– Էսօր նա՜վ ենք նստելու…,- Դավիթն արթնացավ։ Ես գրկում, ներկայացնում եմ Գալիլեայի լճի արշալույսը․․․
– Իսկ վաղը ո՞ւր ենք գնալու․․․
Ուխտավորն ու իր ճամփան…

Արաբո քաջ ֆիդայապետի ու խոնարհ Հիսուսի միջև․․․ընտրությո՜ւն եմ ասել․․.

Երուսաղեմում, ողջ ուխտում այս, Պաղեստինի բոլոր ուղտերից ամենահետաքրքիրն, իհարկե, Դավիթ Բլեյանն է․․․ Որքան էլ ավտոբուսային ճամփորդությունը երկար` Թաբոր-Գալիլեան Դավթի հասունության ցուցադրման-հայրացման հարթակը դարձավ։ Ես Դավթով այսպիսի հիացում ապրած չէի։ Հասուն է մեր տղան․ փաստ է։ 

Առավոտ 7-ին եկավ, պատշգամբում կանգնեց Տիբերական ծովի լուսաբաց-արևածագով հիացող, ներկայացնող հոր կողքին, հետո․․․
– Պա՜պ, լիճը ներքևում ա, մարդ, խանգարող չկա, գնացինք լողալու․․․
Լողաց ծովում, ավազանում․․․ Սրանից մեծ ուրախությո՞ւն մեծացող տղայի․․․ Լողազգեստով, ոտաբոբիկ անցավ ողջ ճանապարհը․․․ Ձայնագրիչ էր պետք այս մեծախոսին փաստագրելու համար․․․ Հետո ամենուր ծովն է փնտրում․․․Երանիների բարձունքի վրայից, լսելով իմ ընթերցմամբ լերան քարոզը՝ Ուսուցչի ուղեցույցը, որ ես փոխանցեցի մի գողտրիկ անկյունում Լերան, նավի վրա զբոսանքի ընթացքում, նավահանգստում․․․ մտքում ծովն է, ջուրն է, լողը․․․ գցվելը, լողալով ծովը կտրել-անցնելը․․․ Կտրեց, անցավ Հորդանան գետը նրա սկզբնավորման տեղում՝ ակունքում․․․ Դուք գիտեի՞ք, որ Հորդանան գետը սկիզբ է առնում Գալիլեական լճից (Սինարա լճից, որ եբրայերեն կոչվում է Քնար) ու գնում, թափվում է, մեռնում է հե՛նց Մեռյալ ծովում՝ չփրկելով ծովին․․․ Դավթի հետ լողալով անցանք Հորդանանի աջ ափից ձախը ու միասին Ուխտի մեր ծրագիրը կազմեցինք, այսպես, լողալով աջ ու ձախ ափ անցումներով, ափամերձ ապրելով Հիսուսի հետքերով մինչև Մեռյալ ծով․․․ Ինձ մնար, հե՛նց երեկ Հորդանան գետով կիջնեի Մեռյալ ծով, այնտեղից ջրանցք կգտնեի-կփորեի մինչև Միջերկրական ծով, այնտեղից էլ՝ Սև ծով, Սև ծովից էլ Բանգլադեշ ոտի ճանապարհ է։ Ես չգիտեմ, այսպիսի շարունակությունը որքան ցավոտ կհնչի Արմինեի ու Դավթի համար, համ էլ ուխտը ընտանեկան է և պիտի ի կատար ածվի։ Իսկ Դավիթը շարունակ հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին մենք պիտի լինենք Բեթղեհեմում։

– Պա՜պ, գնանք Շուշոյին տեսնենք, հետո նոր․․․
– Պա՜պ, Շուշոն լավ քույրիկ է, իմ մասին Վիեննայից հոգ է տանում․․․
– Պա՜պ, ինձ չի մոռացել, որ տեսնենք` կփաթաթվենք, լա՞վ, պապ, հետո մետրո կնստենք, գնացք, տրամվայ․․․
– Ես առաջին անգամ նավ նստեցի․․․ Ես ուզում եմ իսկական գնացքով ճամփորդեմ․․․

Էս քաղցր-մեղցրը ինձ «ոչ»  ասողն է, իմ զոռի-բռնության դեմն առնողը․․․ Տեսե՜ք, ոնց է նմանակում, ծալած ցուցամատը զայրույթով կծում-ցուցադրում, խեթ նայում ու աննահանջ կանգնում իմ դիմաց․․․
– Ի՞նչ ես բարկությունդ տարածում բոլորի վրա․․․ քեզ պահի պա՜պ, մի՛ բարկացի․․․

Խոնարհության-հեզության (առաքինության) մյուս ծայրը, որպես հականիշ` բարկությունը, այս ուխտով կկարողանա՞մ հաղթահարել` ունենալով այսպիսի՝ տղայական-որդիական աջակցություն․․․ Ճանապարհին, դադարին, բլրի վրա երեք լուսավոր հարթակներ էին երևում, անապատում Քրիստոսի հայտնի փորձության երեք կանգառները։

Ուղտը ճանապարհին մեզ էր սպասում, իսկ Դավիթը, երեկոյան ութն է, խորը քնած է․․․ հոր նման հանգած․․․ Առավոտ 7-ից` որպես հեղեղ հորդել է․․․ ու հիմա հանգել է․․․ Ո՜նց էի ուզում` ուղտ հեծներ․․․ Հետո, երբ արթնացավ, պատմեցինք. լսեիք, թե ինչ համբերությամբ նետեց՝
– Պա՜պ, ոչինչ, Բեթղեհեմում ուղտեր մենք կտեսնենք․․․ Ասում եմ քեզ, պա՜պ․․․ Ինձ տատիկներն են խոստացել․․․
– Ուզում ես` արագ լինի, պա՜պ, պիտի ցնցուղի տակ հագնվեմ, լողալով հագնվեմ․․․
– Ես Հիսուս Քրիստոսն եմ,- ծիծաղում է․․․
– Ի՞նչ է, ուզում եք Արաբո, Արաբո քաջ ֆիդայապետ դառնա՞մ․․․,- սարկավագ Վոլոդյայի հրամցմամբ ուխտավորների սիրելի երգի տողերն են․․․

Դավիթ Բլեյանը, իհարկե, սիրահար է․ Մարիամ անունով ուխտավորը հրեշտակի է նման, բա մազե՜րը․․․ Բոլորիս, իհարկե, հատկապես Դավթի ուշադրության կենտրոնում է․․․
– Մարիամին ոչ թե սիրում եմ, այլ շա՜տ եմ սիրում, պա՜պ․․․Մարիամը որ դառնա 3 տարեկան, ես կդառնամ 6 տարեկան, որ դառնա 4 տարեկան, ես կդառնամ 7 տարեկան։
Էսպես, Մարիամով հասանք մինչև իր 55 տարեկանը․․․ Սա դեռ ոչինչ, եղել է, որ Դավիթը հաշվել է տվել մինչև մեկ հազար ինը հարյուր իննսունինը․․․ Իսկ Մարիամը, որի մազերի հետ Դավիթը խաղում էր Երանիների եկեղեցում, ողջ ժամերգության ընթացքում, մեր ուխտի ամենակրտսեր մասնակիցն է՝ յոթ տարեկան Արմենի քույրիկը․․․
– Պա՜պ, տեսա՞ր Մարիամին ներքևում, հագնվել էր, էլի սիրո՞ւն էր, պա՜պ․․․ Դե ես էլ լողանամ, հագնվեմ։ Ի՞նչ եմ հագնելու, մա՜մ․․․
– Պա՜պ, որ ես Հորդանանն անցա, Մարիամը ո՞ւր էր, ինձ տեսա՞վ․․․
– Պա՜պ, Հորդանանը ոնց որ Հրազդանը լինի, Գալիլիայի լիճն էլ` Սևանը․․․
– Պա՜պ, Կասպից ծովը Հայաստանում չի՞։ Ադրբեջանը պետությո՞ւն է․․․
– Հա, Դավիթ, Հայաստանի նման պետություն է, մեր հարևան․․․
– Պա՜պ, բա ինչո՞ւ պիտի կործանվի․․․
Ուխտավորներն են ասում․․․, հա՜յ, ուխտավո˜ր․․․

Մնաց Նունեն Մովսիսյանի` Հայոց Երուսաղեմ ուխտի նախագծի գրադարանի հոկտեմբերի 7-ի ծրագիրը հրապարակեմ, ինչը անում եմ սիրով։

Հոկտեմբերի 7․  
Լոդ՝ Սուրբ Գևորգի գերեզման, Հոպպէ (Եաֆֆա) հին քաղաք, Սուրբ Նիկողայոսի հայոց վանք։
Թել Ավիվ, Միջերկրական ծով։

Հայկական Միջերկրականում մեդուզաները չեն խանգարում․․․

Ինչպե՞ս ենք իմանում մեր ուխտի օրագրությունը․ քանի՞ օր ենք հայոց Երուսաղեմում․․․ Ախր ուխտի օրերը, որքան էլ մեկը մյուսից տարբեր, նման են այնքա˜ն, որ ստեղծել են մի երանելի վիճակ՝ ազատ մեր իրականությունից՝ իր միլիոն կապերով-լարումներով-բարկություններո՞վ․․․

Հոկտեմբերի 8-ն է, մեր ուխտի 9-րդ օրը․ իմ օրը ես դիմավորում եմ արդեն երևանյան սովորությամբ-ժամին-աշխատանքային վիճակով։ Երուսաղեմի հյուրանոցի ճաշարանում ժամը 5-ն է, այնքա՜ն հարմար mskh-ում երկար լինելու, իմ օրագիրը 811-րդ անգամ հրապարակելու համար․․․ Ամեն անգամ ես ավելորդ եմ համարում (ինչո՞ւ) ու իմ շնորհակալությունը չեմ հայտնում Արմինե Աբրահամյանին՝ երուսաղեմյան, և Արմինե Թոփչյանին՝ երևանյան անփոխարինելի գործակցության համար։ Հայտնում եմ և ողջ սիրով։

Դավիթ Բլեյանը ութ ձու-ձու կակայից բաղկացած տուփի վերջինը կերավ․․․
– Պա՜պ, Շուշոն թող ուրիշ տուփ պատրաստի ինձ համար․․․ Հիշո՞ւմ ես, պա՜պ․․․,- ու երկա՜ր պատմում է մի հուզիչ պատմություն ձու-ձու կակայի առատ շրջանի մասին, որ Շուշանի հետ է կապվում․․․ Հավաքել է իր խաղադարանը` ութ ձու-ձու կակայի միջից դուրս եկած անակնկալ խաղալիքներից կազմված, որոնք անբաժան են իրենից։ Իր աշխատած տուփը․․․

Վրաստանի օդանավակայանում, մինչ մենք սպասում էինք, Դավիթը մոտենում է սպասասրահի բաց խանութներից մեկի ցուցասրահին, վերցնում դարակներից մեկին դրված ձու-ձու կակաների տուփերից մեկն ու անձայն տեղավորում ձեռքի պայուսակում․․․
Հետո, ինքնաթիռում, երբ իմացանք, ծիծաղեցինք, իհարկե․ ձևակերպեցինք իբրև վրաց մաքսավորների հետ փոխանակում մեր վեցաստղանի կոնյակի դիմաց, որ Արմինեն անփութորեն թողել էր ձեռքի պայուսակում․․․ Ոգելից խմիչք ինքնաթիռ բերել չի կարելի. ընդունեցինք, բայց Դավթի լուծումով․․․

Թշնամին գալիս է նախ և առաջ երաժշտությամբ․ վերջին անգամ՝ Հակոբ Մովսեսի ձևակերպմամբ… Լավ է, որ ուխտագնացների մեր խումբը  շարականներ է երգում․․․ Այս օրերի մեր ձայնադարանը սարկավագ Վոլոդյան է ու եկեղեցական երգեցողությունը տասնյակ ու տասնյակ տաճարներում․․․ Որքա՜ն բազմազան, արդիական և ավանդական լուծումներով տաճարներով անցանք․․․ Երեկ և՛ հունական կաթոլիկ տաճարում եղանք Թել Ավիվի ճանապարհին, և՛ հայկականում՝ Միջերկրականի ափին․․․ Եկեղեցու բաց գավթից ի՜նչ տեսարան էր բացվում դեպի ծով․․․ Ծովն ի՜նչ զորություն էր հաղորդում եկեղեցուն, որ իր օժանդակ շինություններով այնքա՜ն հարմար էր ուխտագնացության համար․․․ Թել Ավիվին կպած՝ Եաֆֆա (եբրայերեն՝ գեղեցիկ) նշանավոր հին քաղաքում․․․ Արժե վերադառնալ։

Կարճատև-տպավորիչ զրույց ունեցանք Տիրան հայր սուրբի հետ, որ սովորում է Երուսաղեմի հրեական համալսարանում, ազատ, որպես ուսուցման լեզու, տիրապետում է եբրայերենին, արաբերենին, անգլերենին, ականջդ շոյող հայերենն ավելացրեք ու բարեկրթությունը․ ժպտացող-եռանդուն․․․ Ճանաչում-հարգանք հրեա ժողովրդի ու նրա պետության, նրա կրոնի-լեզվի, նրա հասարակության նկատմամբ․ առանց սրա ի՞նչ ներառում, ի՞նչ ապագա հայկական Երուսաղեմ․․․ ժողովուրդների հայր Աբրահամի հետ, նրան ուղեկի՞ց, քանի՜ դար, մինչև Հոր որդու՝ Մարդու որդու՝ Քրիստոսի գալուստը-ծնունդը-հայտնությունը, միաստվածության որոնումի, թե՞ հեթանոսության հաղթահարման ճանապարհը չե՞նք անցել․․․

Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա, այլ՝ լրացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ․ մինչև որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ,- որ մի նշանախեց է,- Օրենքից և մարգարեներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի։

Հին Աստվածաշունչն ու մենք․․․ թեմա է։ Թողնենք Արաքս Պողոսյանի հետ կլոր սեղանից հետո սրան անդրադարձը։ Օգնե՛ք ինձ կլոր սեղանին պատրաստվելու։

Թել Ավիվ այդպես էլ չմտանք․․․ Երկար լողացինք Միջերկրականում․․․ Դավիթ Բլեյանի ու իմ ծովի համատեղ վայելքը ունեցանք․ ի՜նչ եղանակ էր։

– Պա՜պ, գիտե՞ս, ես վախենում էի, որ մեդուզաները մեզ ծովում կխանգարեն․․․
– Չէ, պա՜պ, ոչինչ չխանգարեց Միջերկրականում․․․ Սա Հայաստանի ծո՞վն է, պա՜պ․․․
– Հրեաների ծովը՝ Մեռյալը, շատ աղի էր, պա՜պ․․․ Մեր Միջերկրականի ալիքների հետ ես խաղացի։ Թվերի նման անհամար են ալիքները․․․ Ես կարո՞ղ եմ հաշվել․ այդքան ժամանակ ունե՞նք մենք, պա՜պ։
– Պա՜պ, բա Երուսաղեմը ծով չունի՞։
– Ինչո՞ւ հայերը միշտ Միջերկրականի ափին չեն ապրում․․․
– Սևանա լճի ալիքները ավելի քիչ են, պա՜պ․․․ մեր այս ծովը մեծ է․․․
– Բա ե՞րբ ենք գնալու եկեղեցում աղոթելու․․․ պա՜պ, հայր սուրբը չնեղանա․․․

Լուծումներով արդարացված գոյություն տուր մեզ այսօր․․․

Այսօր երկու պատարագների արանքում, մեկը՝ առավոտ 09։30, Երուսաղեմի ղպտիների եկեղեցում, մյուսը՝ 15։00, որպես հայոց Երուսաղեմի հոգևոր դասի շքերթ-հրավառություն Սուրբ Հարության տաճարում,  Արմինեի ու Դավթի հետ հասցրեցինք Սիոնում Դավիթ Մարգարեի քաղաքային թանգարան դարձած ապարանքը գրավել․․․ Սա այն Սիոնն է, որի նվաճումը այդքա՜ն փառքի արժանացրեց Դավիթ թագավորին․․․ Լավ շրջեցինք, դիտարան-աշտարակներից հիացանք Երուսաղեմի թաղերով, կտակարանային բարձունքներով, վայրերով․․․ Ամրոց-ապարանքն այնքա՜ն դիտարժան-ծավալուն է, որ փոխեց Դավիթ Բլեյանի սառը վերաբերմունքը մարգարե իր անվանակցի նկատմամբ․․․

– Պա՜պ, ուզում եմ իմանամ, ո՞նց նվաճեց Սիոնը, ո՞նց հա՛մ մարգարե դարձավ, հա՛մ թագավոր, հա՛մ երանելի․․․

Շատ բան ես էլ կուզեմ իմանալ, և ոչ միայն հայտնի մարգարեների մասին․․․ Նրանք ուսումնասիրված են իրենց գործած-չգործածով, իսկ, այ, Գրիգոր Շղթայակիր Երուսաղեմի պատրիարքի մասին, որ 18-րդ դարում հրաշագործ եղավ, փրկեց կորստից, իր նմանը չունեցող հանգանակությամբ պարտքերի տակից հանեց Երուսաղեմի հայոց կալվածքները-սրբավայրերը․․․ Կա՞ սրան հավասար մեկը և դեռ՝ շղթայակիր․․․ Սուրբ հայրերից այսօր հետաքրքրվեցի-իմացա, որ Երուսաղեմը Շղթայակրից հարյուր տարի առաջ ունեցել է նմանատիպ մի պատրիարք։ Թող հետաքրքրասեր ընթերցողն արձագանքի։

Կուզեմ իմանալ՝ ինչո՞ւ հայոց պատրիարքարանի տասներկու եկեղեցիները օտարների առաջ բաց են-մատչելի  միայն ընթացող ծեսերի (պատարագ, ժամերգություն, արարողակարգ) ընթացքում․․․ Այս ինչո՞ւ-ն ես փոխանցեցի Երուսաղեմի Հայոց Պատրիարքին․․․ Պատասխանի հանգստությունն ինձ անհանգստացրեց․․․ Մեզ նմանների գոյությունն արդարացված է լուծումներով, ոչ Դավիթ Բլեյանի ասած «պա՜պ, հավեսդ չունեմ» շարքի։

Իսկ հանրային-մտավոր մակարդակում ծանո՞թ ենք հայոց Երուսաղեմի խնդիրներին։ Իմ կենսագրությամբ մեկի համար անգամ հայոց  Երուսաղեմը հայտնագործություն է, իսկական արտասահման։ Գիտե՞նք, գործո՞ւմ ենք մեր անելիքով։ Ինչպե՞ս մասնակիցը դառնանք Հայոց Երուսաղեմի վերածննդին, նրա այսօրվա համազգային առաքելության կատարմանը․․․ Հայոց Երուսաղեմը դրա համար պիտի բացվի, ճանաչելի դառնա իր ուխտավորներին, որոնք կփոխանցեն հայրենակիցներին ո՛չ միայն հիացումը, իրենց տեսած-բացահայտածը, այլև խնդիրները։ Ուրիշ ինչպե՞ս դրանց լուծումը կարող է ձեռք բերել համազգային նշանակություն։

Օսմանցիներն իշխել են ամբողջությամբ Երուսաղեմում-Իսրայելում-Պաղեստինում,  ուշադիր՝ ամբողջ չորս դար 1517-1918թթ․, ու մենք չե՞նք կորել, պահպանել ենք մեր հոգևոր արժեքների զգալի մասը։ Մեր կորուստները նկատելի եղան 1917-ից հետո, երբ Երուսաղեմում տիրում էր բրիտանական իշխանությունը։ Մեր կորուստները չեն պակասում նաև այսօր․ խնդիրը միայն նյութական-գույքայինը չէ։ Շատ ավելի զորավոր, այսօր կարելի է լինել նաև ունեցածով։ Սա արդեն ուրիշ թեմա է, որը ես իմ օրագրում չեմ շրջանցի։

– Վաթսունմեկ թիվը ուշ է գալի՞ս, պա՜պ․ քոնը շուտ եկավ` չիմացա՞ր․․․
– Ոչի՜նչ, պա՜պ, թվերն անվերջ են։ Ի՜նչ լավ է, պա՜պ, որ անվերջ են։
– Ուզում եմ թվերի մասին էլի խոսեմ։ Արի հաշվենք ու խոսենք, հա՞, պապ…
Իմ պատասխանների կարիքը, հասկանալի է, Դավիթը չունի, չի էլ սպասում։
– Վաթսունմեկից հետո ո՞ր թիվն է գալիս, պա՜պ։

Չե՛ք հավատա, ես եղա Քրիստոսի բոլոր չորս բանտերում. չգիտեի-ուշադիր չէի եղել, որ չորս բանտերում նա անցկացրել է մինչև խաչելությունը մի օրից էլ պակաս ժամանակ։ Շտապում էին։ Չգտան-չտեսա՞ն Մարդու որդուց ազատվելու այլ ուղի, քան անմահությունը․․․ Այնքա՜ն կույր, որ չտեսան ցնցոտիների մեջ Աստծու որդուն։ Իսրայել կառավարող թագավորը՝ շրջապատված բազում իմաստուններով-գուշակներով-դատավորներով, ու այսքա՜ն կույր՝ դահճի նման։

Մի հարց հնչեց այս օրերին․ իմ ճամպրուկում եղած գրքերի մասին էր հարցը․․․ Հայտնի դարձնեմ․ իմ հատուկ ընտրությամբ՝ Նոր կտակարանը՝ արևելահայերեն, Հարություն Թոփիկյանի նվիրած ճամփորդական «Նարեկ»-ը և «Հեքիաթների աշխարհում» մի ժողովածու։ Ուխտի օրերին ես սկսեցի կարդալ Դավթի համար՝ քնելուց առաջ, առանց որի, մեր հերոսը չի քնում, մի էջ Կտակարանից, մի հեքիաթ, մի պատմություն, արանքում՝ հարցե՜ր-հարցե՜ր․․․ մինչև աչքերը փակվելը։ Նարեկի հերթն էլ կգա։ Տեսե՞լ եք` ոնց է քնում․ նայելու տեսարան․ ֆսսոցը չի լսվում՝ մեծի պես․․․

Վերջում՝ մեր ուխտի վերջին օրվա՝ հոկտեմբերի 10-ի ծրագիրն եմ հրապարակում․
08:00` մեկնում Բեթղեհեմ․ Սուրբ Պատարագ Սուրբ Ծննդյան Մսուրում։
Այցելություն Հայոց վանք, Կաթի քարայր։

Հիսուսի մի սիզիփոսյան աշխատանքի մասին է իմ գիրը․․․

Գիտնակա՞ն էր պետք լինել եզրակացնելու համար, որ մարդու համար հաջող է այն օրը, որում արդարացել են նրա սպասելիքները։ Արդարացա՞ն իմ սպասելիքները ուխտից․․․ իսկ ունեի՞ ես դրանցից։ Այնքա՜ն տարածված-չարչրկված «ուխտդ ի կատար»-ը տոնական «շնորհավոր»-ի կամ «ողջույն-բարի օր»-ի նմա՞ն։ Ասենք այսպես` մեր ուխտը ծրագրով, որ ես մաս-մաս հրապարակել էի, կայացավ, ու այսօր Բեթղեհեմ մեր այցով, Մայրավանքում պաշտոնական ամփոփումով ավարտվեց։ Մենք հոկտեմբերի 11-ին` առավոտ շուտ, Թել Ավիվի օդանավակայանից թռչում ենք Թբիլիսի, հետո ավտոբուսով մեկնում ենք Երևան։

Բեթղեհեմ` Հիսուսի մսուր,  մեր այցին մենք պատրաստվել ենք հուզմունքով։ Երեկոյան սենյակում ընթերցանության նյութը Դավթի հետ հե՛նց Հիսուսի ծնունդն էր․․․ մանուկների կոտորածը Բեթղեհեմում, Հիսուսի ընտանիքի փախուստը Եգիպտոս։ Ինչո՞ւ շրջանցենք, երբ հասուն է մեր Դավիթը, ուխտով այսպիսի՝ տասնօրյա, բազում նոր մարդկանոցով, տպավորություններով հասունացած, մի կյանքի դպրոց, իսկական ուսուցում անցած։

Սիրեցինք Սուրբ Հարության տաճարի հրապարկը  այս միշտ մարդաշատ հավաքատեղին՝ նախամո՞ւտքը, գավի՞թը... Երկու կողմից հյուսիս-արևմուտով ձգվող երկու երկա՜ր, սատանան գլուխ կհանի, տոնավաճառային սոդոմ-գոմորից հետո` երկու անսպասելի դռներ, մուտք, ու Քրիստոսի գլխավոր տաճարի (քրիստոնյա աշխարհի բոլոր տաճարաներն են Հիսուսինը) լուսավոր հրապարակը․․․ Նստի՛ր, մի՛ շտապիր․․․ Աշխարհի ժողովուրդների հավաքատեղի՝ մշտական ինտերնետ կապով․․․ Ինձ հայտնի ամենախիզախ հեղափոխական, արդյունավետ գործող մարդու` եկեղեցու շրջակայքը առևտրից ազատելու ջանքերը  սիզիփոսյան աշխատա՞նք դուրս եկավ։

Առավոտյան մենք սուրբ հայրերից մեկի առաջարկով ու նրա ուղեկցությամբ, Դավիթ Բլեյանի հետ այս հրապարակից անցանք տոնավաճառի հազարամյա սալարկներով․․․ Հայր Սուրբը խաղաղ պատմում էր․ այս տեղերով անցել-քայլել-տարածել է Քրիստոսը․․․ մինչև հասանք Մայրավանք, ուր հավաքվում է Երուսաղեմի Պատրիարքարանի միաբանությունը առավոտյան Պատարագի, ու հատուկ կարգով, թափորով, հրեա գավազանակիրները` առջից, ոստիկանները՝ առջևից-ետևից, երկա՜ր քայլում ենք, ուխտի ենք գալիս Սուրբ Հարության տաճար՝ Առավոտյան Պատարագի՝ նվիրված Վարագախաչի տոնին։ Նկատեցի՞ք, մենք Սուրբ Պատարագի մեջ անցկացրեցինք ուխտի տասն օրերը․․․

– Հայրի՜կ, բա Շուշանիկի մայրիկն ո՞վ է․․․
Ու հրապարակում ես հասունացած իմ տղային ներկայացնում եմ իր քույրերին ու նրանցով ձգվող հարազատական բոլոր կապերը։ Ճշտեց, հաստատեց, պարզից պարզ դարձրեց իր համար մեր ուխտի հերոսը։ Իսկ արանքում մենք ուղիղ միանում ենք քույրերից յուրաքանչյուրին՝ Երևանում, թե Վիեննայում։ Դավիթը մեկ էլ հանկարծ՝
– Պա՜պ, հետո անհավատները, որ Հիսուսին չէին հավատում, բայց նրա կողքին էին, ի՞նչ եղան․․․
Հետին թվով չստացվի… եթե ուխտից սպասելիք եմ ունեցել, ամեն ինչը հիմա կա, այստեղ է՝ Սուրբ Հարության այս հայտնի հրապարակում, Դավիթ Բլեյանի հետ։

Օրվա մեջ մի քանի անգամ ես շփոթեցի Բիթլիսն ու Բեթղեհեմը։ Ով եղել է երկու քաղաքներում էլ, թող սկսի թվարկումը իմ այսպիսի զգացողության հիմքերի, իսկ ես րոպե առաջ ուզում էի թողնել Հիսուսի ծննդավայրը։ Բեթղեհեմը, որ հացի երկիր է նշանակում, որ Դավիթ մարգարեի բնակավայրն է, Սուրբ Ծննդյան եկեղեցու ներքին ծավալը ամբողջությամբ, վերանորոգման մեջ էր՝ տախտակամածներով պատած՝ ինչպես Սուրբ Հարության տաճարը։ Վերանորոգումները կավարտվեն։ Իսկ ի՞նչ անենք Բեթղեհեմը օղակած խուլ, բարձր պարիսպների ու անճոռնի մուտքի թողած տպավորությունը։

Հայոց պատրիարքարանի Մայրավանքի դպրատանը երկա՜ր հանդիպում ունեցանք սուրբ հայրերի հետ։ Հանդիպում, որին մասնակցում էր հայագիտական դասարանների առաջին շրջանավարտ Արշակ Բանուչյանը, ով երեկ է այցելել Երուսաղեմ՝ Ժառանգավորաց վարժարանում գրաբար ու մատենագիտություն դասավանդելու։ Սուրբ Թեոդորոսի գողտրիկ եկեղեցում, որ կապվում է Հեթում թագավորի հետ, մի քանի հազար կտոր մատյանի ներկայությունը հնադարյան պահարանների մեջ դրված, խորանի երկու հարյուր տարեկան արժեքավոր վարագույրը, որ բացվում է տարին մեկ անգամ, բաց չէին թողում մեզ։ Ի՞նչ եկեղեցի է, շատերին անհայտ, դարձած ավելի անհայտ մատենադարան․․․ Որքան էլ տպավորիչ է Մայրավանքը՝ իր ներկայով, այն մեծ խնամքի, էական թարմության ու հեռանկարային զարգացման պահանջ ունի։ Այս ամենը պահպանելը հիմա թվում է անհնար` առանց եղածի շուտափույթ արդիականացման-կենդանացման։

Օրվա ավարտը սպասված էր։ Տեր Զենոն քահանան յուրաքանչյուր ուխտավորի հանձնեց Երուսաղեմի պատրիարքարանի վկայագիրը։

Դավիթ Բլեյանը սույնով Երուսաղեմի պատվավոր ուխտավոր է․ սպասեք վկայագրերի հրապարակմանը իմ բլոգում։

Գիր ճանապարհի. ամեն ինչ լավ է, երբ չի ավարտվում, շարունակվում է…

«Անհաղթ» բառը Դավիթ Բլեյանն ընկալեց-ստուգաբանեց որպես առանց հաղթանակի մնացած, հաղթանակ չճաշակած… Իմ այս գիրն ընկալեք որպես ճանապարհին գրվա՞ծ գիր, ճանապարհի՞ց վերադարձողի, թե՞ «գիր ճանապարհի»՝ ճանապարհ գնացողի գիր։

Հորդանան գետը, արդեն գիտեք, ստուգաբանվում է՝ իջնող, ահա իջնում է Տիբերական կամ Գալիլեայի կամ Սինարի՝ քնար իմաստով լճից, մնաց իմ ուխտի խորհրդանիշ… Նունե Մովսիսյան, ձեր նոր նախագծում ինչպե՞ս անդրադառնաք ուխտի այդ և մյուս խորհրդանիշներին, ուխտավորի՝ ուխտից բերվող արժեքներին։ Իջա Սիոնից դաշտ Արարատյան, թե՞ բարձրացա լյառը վեհանիստ, փառավորվեցի… Ի՜նչ խիզախ մեկնարկ է ուսումնական նախագծի։ Ես էլ, տեր Զենոնն էլ, տո, Դավիթ Բլեյանն էլ՝ բոլոր ուխտավորների հետ պատրաստ ենք ուխտը հեղինակային կրթական ծրագիր բերելու։

Հորդանան գետի սկզբնավորումից սկսած՝ ուշադիր հետևում էի նրա ընթացքին, աչքիս առաջ Հրազդանն ունենալով, Սևանա լճից սկիզբ առնելը… Մեկը մյուսին հաջորդող, կպած հանգստի գոտի-լողափերի շարան… համեստ, հարմար, մատչելի, տասնյակ ու տասնյակ… Ուխտավոր-ոչ ուխտավոր, պաղեստինցի-իսրայելցի կանգնեցնում են իրենց մեքենաները գետափի կայանատեղիում, մեկ-երկու-երեք ընտանիքի համար, Թել Ավիվ-Երուսաղեմ մայրուղուց պարզ երևացող… Որևէ մեկն անցե՞լ է Հրազդան գետի սկզբնավորումից մինչև… ուզում եք՝ Քանաքեռ, ուզում եք՝ Երևանյան լիճ, թե Արաքս գետ թափվելու ճանապարհը։ Չի անցել՝ ինչո՞ւ. ասել է թե՝ անմատչելի է Հրազդանը յուրաքանչյուրիս համար կամ մատչելի է այնքան, որ դարձել է այսքա՜ն անխնամ-անտեր-անհոգի… Հորդանանը, տեսե՛ք, սուրբ գետ է յուրաքանչյուր ուխտավորի համար, այդ թվում՝ մեր՝ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու երեսունյոթ ուխտավորից յուրաքանչյուրի համար։ Այնպես որ եղանք և՛ ակունքում, և՛… , հատուկ շապիկներ առանք, հագանք, մտանք… Ինչո՞ւ սրբացված չէ Հրազդանը, երբ Արևելահայաստանը՝ այսօրվա Արարատի երկիրը, կա նախ և առաջ Հրազդանով։ Լսում եմ ընդդիմախոսին՝ ողջ քրիստոնյա աշխարհում Երուսաղեմն ու Հորդանանը սրբացնում են Քրիստոսի հետքերը… Հենց սկսեցինք մենք էլ սրբացնել Արարատի երկիրը, հյուսեցինք պատմություն առ պատմություն, տարբեր պաշտամունքային կոթողներ, իրադարձություններ, հաղթանակներ, գյուղ առ գյուղ, շեն առ շեն… կկենդանանա Հրազդանն էլ, ոգի կառնի, կմաքրվի, կդառնա մեր հայաստանցու կնքատեղի, սուրբ ավազան։ Համայն հայությունը թող և՛ Երուսաղեմ գնա Քրիստոսի հետքերով, և՛ գա Հայաստան՝ Հրազդան… Հորդանան գետը՝ վերևից ցանցապատ մանգոյի պլանտացիաներով, աչք շոյող հանգստյան գոտիներով, այգիներով, սրբազան գետ, որ թափվում է Իսրայելի ամենացածր կետում։ Գալիլեայի շուրջը Երանիների բարձունքով, նավապտույտով, Տիբերիա ափամերձ քաղաքով… սրա զուգահեռը ո՞ւր տարավ, Սևանա լի՞ճ ու Սևան քաղա՞ք։ Զբոսնե՞լ եք Սևան քաղաքում, անցկացրե՞լ եք ձեր ամառը, ձեր ընտանիքով ծովամերձ այս քաղաքում… Ինչո՞ւ։ Ես չտեսությունից կամ ընթերցողին զայրացնելու համար չէ, որ պատմեցի ափին անվախ մոտեցող, աչքով պարզ տեսանելի ձկների, Դավթի ու մեր՝ լճով հիացումի մասին։ Ջուրը, ափը այնքա՜ն մաքուր էին Գալիլեա-Հորդանանի իմ տեսած ափերով, մարդկային, ձգող, պարզ, այդպես՝ տասնյակ ու տասնյակ կիլոմետրեր… կանաչ, ծաղկի ու այգիների ու հանգստի գոտի լողափերի մեջ կորած, Քրիստոսի հետքերով սրբացած։

Այո՛, ձեզ պատմում եմ ուխտի, իմ սարսուռների մասին ու սկսում եմ Գալիլեա-Հորդանանով։ Մենք՝ հայաստանցիներով, ուխտավորի աչքով, սրտով, մտքով չենք անցկացրել մեր երկիրը՝ իր Սևանով ու նրանից սկիզբ առնող Արաքս թափվող Հրազդանով։ Առանց այսպիսի ներքին ուխտագնացության՝ ի՞նչ քաղաքական ծրագիր պիտի կարգավորի մեր կյանքը։ Այո՛, ուխտագնացություն Հայաստանով, նրա ամեն մի բնակավայր մեր սրբացման, արժևորման պահանջն ունի, որ հրեաները, արաբները, ուղղափառ, թե կաթոլիկ դավանանքի քրիստոնյա ժողովուրդները գան ուխտի մեր երկիր… Քրիստոսի, Նոյ նահապետի հանգրվան։

Եթե ասում ես՝ սիրում եմ քեզ, դրա պատասխանն էլ կա, հայր սուրբ Թեոդորոսի խոսքերը արդարացան՝ եթե սիրում ես, արի իմ հետևից, պիտի գնա՞ս իր հետևից…

Սա թող մնա, որպես մի խոստովանություն, թվով 816-րդը

Հայոց Երուսաղեմն ինձ համար Մայրավանքն է՝ իր Սրբո Հակոբյանց տաճարով ու նրան կից- շրջակա տարածքով։ Այս ամբողջին անվանում ենք Մայրավանք, ու որքա՜ն ջանքեր գործադրենք, որ այն գործի որպես վանական համալիր՝ վանքապատկան բոլոր ծառայություններով, գիշեր-ցերեկ բաց եկեղեցիներով-աղոթատեղիներով, ժամերգություններով, ուխտավորներով... Հայկական Երուսաղեմի ուխտավորը հենց վանքում պիտի ապրի-մաքրվի, որ Հաղորդություն ստանա... Մայրավանքը ինձ համար եղավ ու մնաց․ տեսե՛ք՝ կա․ գիշերը, առտու ժամը 5- ին, ես նրա կարոտը քաշեցի... Առանց վանական կյանքով առանձնացումի-ապրումի մի տևական շրջան` ի՞նչ ուխտ... իսկ Մայրավանքի` Սրբ․ Հակոբյանցի 22 խորաններով տաճարում, Ժառանգավորացի-Ընծայարանի ուսանողների մատուցած պատարագը (իսկական պատարագամատույց), մեխվեց-մնաց... Պատարագին ներկա բոլոր ուխտավորներով, Դավիթով ու յոթ տարեկան Արմենով, դարձանք Պատարագի մասնակիցներ, ստեղծող-արարողներ՝ շարժում կար սրահում, որպես գեղարվեստ... Պատարագը, գիտե՞ք, որ Հիսուս Քրիստոսի զոհաբերության խորհուրդն է, նրա անսահման սերը մարդկանց հանդեպ, որոնց համար ինքը զոհվեց․ Սուրբ պատարագը Սիրո Խորհուրդն է... Դպիրները ներկայացնում են ժողովուրդը, և այն, ինչ երգում են, արվում է ժողովուրդի անունից... Կկարողանա՞նք միշտ ուխտի մեջ գտնվող սեբաստացի ուսուցիչ-սովորող-ծնող- բարեկամներով ակումբ հաստատել` որպես Հաղորդություն՝ շարունակելով քայլել միասին Քրիստոս Ուսուցչի հետքերով...

Այն էլ այսպես, ապրելով…

Այ, այսպես, ապրելով՝ թափառումով-համերգով-հայրենաճանաչումով շաբաթ օրը մեր եղավ բոլորը մեկում՝ աշխատանք, հանգիստ, իմացում, վայելք, ճամփորդություն, ասել է թե կյանք: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը՝ իր մաեստրո Թոփիկյանով, տնօրեն Բլեյանով, նախաձեռնող-ավագ Թոփչյանով, հներով-նորերով, Արամուս-Ակունք-Կաթնաղբյուր-Հատիսի լանջեր ուղևորությամբ ցուցաբերեց բնորոշ-հատուկ հեղինակայինը, որ բարեխիղճ ջանքերով ստեղծվել է հինգ տարի… Մոբիլ ու ստեղծական ներխուժում անծանոթ-հայրենի-մայրենի միջավայր՝ առավոտյան ընդհանուր համատեղ պարապմունք Ակունքի գյուղի դպրոցի հարմարավետ սրահում, հոգևոր երգեր գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում, Հատիսի լանջերին, Պողոս-Պետրոս վերակառուցվող եկեղեցու բակում տոնախմբություն-բրդուճներով, Կաթնաղբյուրի բարձունքի նվաճում-համերգ, հոգևոր երգեր գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում, գյուղական դպրոցի հեղինակային նախագծի առաջարկ-ներկայացում (մերժո՞ւմ) ոտի վրա, Արամուսի նշանավոր գազարի խրթխրթոց… Պայծա՜ռ աշուն, ախր, երկար ժամանակ միասին այսպես չենք եղել՝ որպես մեկօրյա ուխտագնացություն, մեր սիրելի մեներգչուհի Թամար Մոսինյանի պարգևած «Կռունկ»-ով ու «Ուր ես, մայր իմ» շարականով… Իսկ ուխտը՝ ակնհայտ ի կատար… Այսպիսի շաբաթից հետո կարելի՞ է Հին Կտակարանի պատվիրանի վեցօրյա արարումի կիրակին ինձ համար որպես ետուխտյան ջանքերի միքս ներկայացնել՝ անխուսափելի-սպասված գործ ու թափառում տեսչական՝ արձակուրդի մեջ գտնվող տնօրենի զգուշավորությամբ…

Ուխտով հայտնագործած՝ Աստծո հետքերով… Կրկնո՞ւմ եմ. հայրենի-մայրենիի՝ իր լեզվով-մշակույթով-ավանդույթով-կրոնով-աշխարհագրությամբ, փոխանցումը ընտանիքի անօտարելի առաքելությունն է: Ահա ինչու՝ ուխտը առանց Դավիթ Բլեյանի կկորցներ իր նշանակությունը, կդառնար զբոսաշրջային մի տուր, իսկ դրա համար ավելի հարմար երթուղի կարելի էր մտածել: Ո՛չ, մենք քայլում էինք մեր Ուսուցչի կյանքով ու առաքելությամբ սրբագործված զարմանահրաշ ճամփաներով և վկան եղանք Ս. Երուսաղեմի մեջ պատմական և մնայուն հայկական ներկայության: Մենք հաստատում, փոխանցում էինք մեր որդուն մեր Աստծուն… Քրիստոս Աստված մեր՝ մեծ, խիզախ, կենսական հավերժի ուղեցույցով… Հիսուսի հետքերով իրական Ուսուցչի՝ հորից որդուն հաստատում-փոխանցումը՝ անշտապ, քայլ առ քայլ, կյանքով, ծեսով, հիացումով-ապրումով: Շողոքորթելը-իմ անելիքից խուսափելը երբեք իմը չի եղել…

Այսպիսով, ուխտի-ետուխտի իմ գրերում Երուսաղեմի մեջ հայկական ներկայության մնայունությանն ուղղված իմ պատկերացումների, առաջարկների, մեր, բոլոր կարգի սեբաստացի-ոչ սեբաստացիների անելիքների անդրադարձը, ներկայացումը մնաց… Թե չէ ես կմնայի ոգևորված մի ուխտավորի-ազգայնականի կարգավիճակում… Իմը չէ:  Իմը այսպես, ապրելով իմ ուխտը շարունակելն է, իմ ու ձեր ներառումը հայոց Երուսաղեմի այսօրվա մեջ….

 

Հոկտեմբեր, 2016թ.

 

Համար: 
Բաժին: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский