Մուտք մանկավարժություն

Մանկավարժի աշխատանքի բարդության, այս աշխատանքում փոփոխությունների անհրաժեշտության մասին հաճախ է խոսվում։ Սակայն մի քանի կարևոր հանգամանք անուշադրության է մատնվում կամ հետևողականորեն շրջանցվում. այն է՝ ինչ անել, որ ուսուցիչը դառնա գործող, ինքնավստահ ու ստեղծագործ, որ հասարակության մեջ ուսուցիչն արժևորվի, ինչպես կազմակերպել մանկավարժի մուտքը դպրոց, ինչ անել, որ այդ գործընթացը լինի օրենքի շրջանակում, արդարացի, բաց ու տեսանելի, ու ինչպես օգնել մարդուն, որ հաջողի։

Այս դաշտում անելիքները շատ են, կոնկրետ ու հետևողական աշխատանքի կարիք կա։ Բախվում ենք մի կարևոր խնդրի ևս. հետզհետե ավելի ու ավելի քիչ երիտասարդներ են ուզում զբաղվել մանկավարժությամբ։ Հնչում են նմանատիպ արտահայտություններ՝ աշխատանքը քիչ վարձատրվող է, անհեռանկարային, սթրեսային, ձանձրալի ու ծանրաբեռնված։ Հնչող անհանգստությունները հանգեցնում են նրան, որ նախապես հայտարարված թափուր տեղերի համար, հատկապես որոշ մասնագիտությունների մասով, երիտասարդներ չեն դիմում։ Լուրջ խնդիր է դառնում մաթեմատիկոսների, ֆիզիկոսների, քիմիկոսների ներառումը մանկավարժություն։ Պատասխանն ակնհայտ է՝ այս մասնագիտներն այլ տեղերում են աշխատանք փնտրում։ Այս լուրջ խնդրի լուծումը՝ պետական ու հայեցկարգային պիտի լինի։

Խրախուսումը պետք է լինի և՛ բարձր վարձատրման, և՛ տարբեր ծրագրերում ներառման միջոցով։ «Մանկավարժները նվիրյալներ են» ոչինչ չասող կոչը վաղուց չի աշխատում. մանկավարժները մարդիկ են, որ աշխատում են կրթության ոլորտում ու երեխաների հետ. մանկավարժներն աշխատողներ են ու աշխատանքային գործունեությունը կարգավորվում է օրենքով։ Պարզ աշխատանքային հարաբերություններ են, ու պետք չէ այս աշխատանքի հիմքում ինչ-որ անհասկանալի ու պաթետիկ արտահայտություններ դնել։

Հնչող մյուս կոչը, որ տարիներ շարունակ փաթաթվում է ուսուցչի գլխին ու որոշակի որակ ստեղծում, այն է, որ ուսուցիչները խեղճ ու անպատասխանատու խումբ են։ Ժամանակն է ազատվելու այս խեղճությունից. խեղճ ու վախվորած մարդը չի կարող ինքնուրույն, ազատ ու մտածող սերունդ կրթել։ Ուսուցիչը պետք է 21-րդ դարի հայ իրականության մեջ դառնա ազատ, ինքնուրույն, մտածող ու ստեղծագործող անհատ, եթե մենք չունենանք դերի բարձրացում, չենք ունենա որակապես նոր ուսուցիչներ։ Անընդհատ խեղդելով մարդկանց անհատականությունը, զրկելով խոսքի ու կարծիքի արտահայտման իրավունքից ու դաշտից, ունենենում ենք այն, ինչ ունենք։

Միջազգային կոնֆերանսներին, սեմինարներին մասնակցող միշտ նույն էլիտար խմբերն են, կրթական համակարգում որոշումներ են կայացնում մարդիկ, որ դպրոց չեն մտել ու կտրված են սովորողից, դպրոցի խնդիրներից, ովքեր իրենց պատվից ու կրթությունից ցածր են համարում դպրոցում աշխատելը, բայց չգիտես ինչու, որոշումներ են կայացնում, ծրագրեր մշակում։ Հենց սա պետք է փոխվի. գործող ուսուցիչն առաջին պլանում պետք է հայտնվի ու դառնա իրոք գործող՝ ավելի ինքնավստահ, իր վրա անընդհատ աշխատող, զարգացող, այս դեպքում և՛ հասարակության մեջ կբարձրանա ուսուցչի դերը, և՛ ուսուցիչ աշխատել ցանկացող երիտասարդների թիվը կավելանա, և՛ ուսուցչի աշխատանքը կդառնա վստահ ու արդյունավետ, որովհետև մարդը դպրոցի չորս պատից դուրս գալու հնարավորությունը կօգտագործի իր աշխարհայացքի, հմտությունների զարգացման համար։ Ուսուցչի՝ չորս պատից դուրս գալը արդյունավետ կդառնա և՛ իր, և՛ սովորողների, և՛ հասարակության համար։ Աշխատել-երևալու, ավելի շատ վաստակելու, հայտնի դառնալու հնարավորությունը վերջ կդնի խեղճ, չեզոք ու անպատասխանատու, անստեղծագործ, անգույն ու անկարծիք աշխատանքին։

Տարիներ շարունակ ուսուցիչները հնարավորություն, աշխատանքային լայն գործունեության դաշտ չեն ունենում՝ իրականացնելու մշակումներ, նոր ու թարմ գաղափարներ, հղանալու, համագործակցելու, ճամփորդելու. էլ ի՛նչ պահանջես նման աշխատողից։

Մեկ այլ հնչող անհանգստություն. դպրոց դիմում են թույլ մասնագետներ։ Էստեղ սկզբունքային անհամաձայնություն ունեմ. ի՞նչ ասել է թույլ մասնագետ, եթե մասնագետ է, ուրեմն մասնագետ է։ Էստեղ բուհի հեղինակաության խնդիր է. բուհը դիպլոմներ է տալիս մարդկանց, ովքեր որոշակի շեմի չեն բավարարում։ Լուրջ անելիք կա բուհական կրթության համակարգում. բուհական դիպլոմը պետք է մասնագետի մասնագիտական հմտությունների մասով կասկած չհարուցի։ Դպրոցը, ինչպես և ինչ-որ այլ կառույց, չեն կարող իրենց վրա որակավորող հանձնաժողովի գործառույթ վերցնել՝ իրավասու չեն։ Իրակական չէ, որ դպրոցում աշխատող նույնիսկ փորձառու մանկավարժը, տնօրենը առարկայական՝ մասնագիտական քննություն են վերցնում աշխատանքի դիմող մասնագետից։

Ի՞նչ կարող է անել և պետք է անի դպրոցը, որի մանկավարժական կազմը համալրման կարիք ունի։ Թափուր տեղի համար պետք է մրցույթ կազմակերպի։ Թե ի՛նչ կարգով են լրացվում թափուր տեղերը, հանրապետության դպրոցներում մանկավարժի ընդունելության ինչ համակարգ է գործել, կլռեմ. բոլորը գիտեն։ Կխոսեմ ավելի կարևոր բանի մասին, քանզի իմ կարծիքով բացի թերությունների մատնանշումից, պետք է նաև լուծումներ առաջարկել։ Այս դեպքում լուծումը մեկն է՝ մանկավարժի՝ դպրոց ընդունելության կարգը դարձնել հնարավորինս պարզ ու հասկանալի, իրավական, ուսուցանող, ներառող ու խրախուսող։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տարիներ շարունակ գործում է մանկավարժական աշխատողի ընդունելության կարգ։ Պարզ է, որ ինչպես յուրաքանչյուր կարգ, տարիների ընթացքում մշակվել ու վերամշակվել է՝ հաշվի է առնվել փորձը, ստացվածն ու չստացվածը։ Այժմ կրթահամալիրում գործող կարգը ամբողջական է՝ կարծում եմ՝ տարածելի։ 

Մանկավարժական աշխատողի ընտրությունը կարևոր է. մասնագետը պետք է հասկանա՝ ինչ աշխատանք է իրենից պահանջվում, հնարավորություն ունենա ցուցադրել-ներկայացնելու իր հմտությունները, աշխատելու թիմում։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский