Իզմիրյան մտորումներ

Կրթահամալիրի համար ամենամյա դարձած Իզմիրի տիեզերագիտական ճամբարին մասնակցող սովորողների խմբին այս տարի ուղեկցում էինք ես և Մարալ Կարապետյանը։ Ճամբարը միջազգային է, մասնակցությունը՝ ճամբարի տնօրինության հրավերով, որն այս տարվա համար ստացել էինք դեռևս 2017թ․ դեկտեմբերին։ Հրավերքն ստանալուն պես Լուսինե Բուշն առաջարկեց այդ աշխատանքը կազմակերպել, ինչին համաձայնեցի առանց երկմտելու, քանի որ այն հնարավորություն էր տալու զբաղվելու ամենօրյա սովորական դարձած աշխատանքից տարբերվող գործունեությամբ։

Առաջին քայլը սովորողների խումբ հավաքելն էր։ Դե, բնականաբար, սովորողների ոգևորությունը մեծ է լինում ճամփորդության մասին լսելիս, բայց հարկավոր է ծնողների համաձայնությունը։ Առաջին դիմադրությունը եղավ այն, որ ճամբարը տեղակայված է Թուրքիայի տարածքում։ Այս հարցով անընդհատ աշխատանքներ են տարվել ծնողների հետ։ Շատ կարևոր հանգամանք էր այն, որ մենք ունենք նախորդ տարիների հաջողված փորձը և ծնողներին կարողացանք վստահեցնել, որ ապահովության տեսանկյունից անհանգստանալու որևէ առիթ չկա։ Նրանց ներկայացրել ենք նախորդ տարիներին ճամբարին մասնակցած դասավանդողների հաշվետվությունները, ճամբարի պաշտոնական կայքը, Մայիսյան հավաքի օրերին կազմակերպել ենք կլոր սեղան-քննարկում ճամբարին մասնակցած և նոր հայտագրված սովորողների, ծնողների հետ, որի ընթացքում Լուսինե Բուշը մանրամասն խոսեց և՛ ենթադրվող խնդիրների, և՛ առավելությունների մասին։
Չնայած Իզմիրում նկատեցինք, որ մյուս ջոկատների սովորողներն ընտրված են ըստ բնագիտական կողմնորոշման, բայց մեր խումբը կազմելիս՝ այդպիսի խնդիր չենք դրել մեր առջև, այլ փորձել ենք ներգրավել ճամփորդող, աշխատող, հետաքրքրություններ, նախասիրություններ ունեցող, բլոգ վարող սովորողների։
Մինչ ամառային ճամբարում միասին աշխատելը սովորողները փորձեցին Իզմիրի, այնտեղի հայերի, որպես զբոսաշրջության կենտրոնի, պատմամշակութային արժեքների մասին տեղեկություններ հավաքել։ Մի կողմից օգտակար ու մոտիվացնող աշխատանք էր, մյուս կողմից՝ սովորողներն անընդհատ հարցնում էին, թե երբ ենք այցելելու այդ վայրերից որևէ մեկը։ Ցավոք, ծրագիրն այդ հնարավորությունը չտվեց․ սովորողներն անընդհատ ճամբարի տարածքում էին և քաղաքին ծանոթանալու հնարավորություն չունեցան։
Ամառային ճամբարի ընթացքում ամենօրյա հանդիպումներն օգտագործեցինք ելույթի երեկոյին պատրաստվելուն (ներկայացրել ենք «Զար-զընգը» երգը և «Փափուռի» պարը), հուշանվերներ պատրաստեցինք։ Ի դեպ, նվերների հետ կապված՝ մի դիտարկում եմ ուզում անել․ երբ ուսուցիչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ կրթահամալիրը ներկայացնելուց նշեցինք, որ սովորողներն իրենց ձեռքով պատրաստած հուշանվերներն են նվիրելու իրենց, ուսուցիչների արձագանքը շատ բուռն եղավ։
Ճամփորդությունն իրականցավ ըստ նախօրոք կազմած ծրագրի՝ ճանապարհ գնալուն բնորոշ իրադարձություններով, ծիծաղով, հոգնածությամբ, բացահայտումներով։
Այդ մասին պատմում են սովորողները․
 
Որպես ամփոփում-դիտարկում՝ ասեմ, որ ճամփորդությունն օգտակար էր ամեն առումով։ Նախ՝ սովորողների համար գերագույն հաճույք էր շփվել օտարազգի սովորողների հետ․ իսկական հրճվանք էին ապրում իրար մայրենի լեզվով բառեր փոխանակելիս։ Երկրորդ, քանի որ հաղորդակցման լեզուն անգլերենն էր, ուզած-չուզած պիտի կարողանային հասկացնել՝  ինչ են ուզում․ այդպես կոտրվեց սխալ անելուց ամաչելու պատը։ Եվ վերջապես, այն սովորողները, ովքեր այնքան էլ հետաքրքրված չէին տիեզերքի հարցերով, անպայման որոշ բաներ «ստացան», զարմացան, հիացան․․․
Ուսուցիչների համար նախատեսված ծրագիրը նույնպես հագեցած էր առաջին հայացքից։ Միայն թե հաշվի չէր առնվել մի հանգամանք, որ այնտեղ ուսուցիչների մեծ մասը մի քանի տարի շարունակ մասնակցում է այս ծրագրին, որը կարծես թե կրկնվում էր, և փաստացի իրար ասելու նոր բան չունեին, բացի երկու-երեք երկրների ներկայացուցիչներից։ Այդ առումով մեր կրթահամալիրը շահած է դուրս գալիս, քանի որ ամեն անգամ տարբեր ուսուցիչներ են գնում, և կրթահամալիրը տարբեր ձևաչափով և տարբեր մոտեցումներով են ներկայացնում։
Առաջարկություն․ ճամփորդության բաղկացուցիչ մաս դարձնել զբոսանքը Իզմիր քաղաքում, անպայման լող ծովում։ Ծրագիրն ինքնին հագեցած է, բայց քանի որ փակ տարածքից սովորողները դուրս չեն գալիս, գրեթե չի զգացվում, որ մշակութային այլ միջավայր ես ընկել։ Այդ բացը լրացրինք Ստամբուլում. հատուկ շնորհակալություն Կարագյոզյան վարժարանի դասավանդողներին՝  հյուրընկալ ու հոգատար ընդունելության համար։
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский