Սովորել սովորեցնել. կյանքում և կյանքի համար
Primary tabs
Ասել, որ ժամանակակից դպրոցը սովորողի կյանքում այդքան էլ կարևոր դեր չունի, ճիշտ չի լինի։ Դպրոցը բոլոր ժամանակներում, նաև՝ այսօր, վաղը, առանցքային դերակատարում ունի երեխայի, պատանու կրթական գործի կազմակերպման, ուսուցման գործընթացում։
Պարզ է, որ դպրոցը միակ կառույցը չէ, որը կազմակերպում է երեխայի կրթությունը. այսօր հմտությունների փոխանցման տարբեր հաստատություններ-ենթակառույցներ-ծրագրեր կան՝ լուծումներ ու նորարարություն առաջարկող։
Խոսենք դպրոցի մասին։
Առանձնացնենք՝ դպրոցն ու կրթական համակարգը ժամանակավրեպ չպետք է լինեն։
Այն միֆը, որ կրթական համակարգը կայուն է, ունի դարերով մշակված-կարծրացած մոտեցումներ, ծրագրեր, պետք է կոտրել։ Էստեղ չենք խոսելու կրթությամբ զբաղվող մարդկանց՝ նախորդների փորձին ծանոթանալու, կարևոր մանկավարժական մշակումներն ընթերցել-յուրացնելու, փորձն ու դիտարկումները հաշվի առնելու մասին։ Կարծում ենք՝ ակնհայտ է. ոչ մի նոր բան չենք կարող կառուցել առանց հիմքի՝ այն է՝ անցյալի փորձի ուսումնասիրման, մշակման։ Սակայն կարևոր մի հանգամանք անտեսում-շրջանցում ենք։ Փոխվում է մարդը՝ իր մտածելակերպով, պահանջներով, կրթական ակնկալիքներով, փոխվում է մարդուն շրջապատող աշխարհը, ու այս փոփոխությունները տեղի են ունենում ամեն օր ու ամեն ժամ։ Նոր մարդուն չի կարող սպասարկել հին կրթական համարգը. այստեղից էլ՝ կրթության և մարդու, կյանքի անջրպետը, որը երբեմն անհաղթահարելի է թվում։ Կրթությունը ծառայություն է, որը մատուցվում է մարդուն ներկա ժամանակով, որի և՛ փաթեթավորումը, և՛ բովանդակությունը, և՛ մատուցման ձևն ու չափը պետք է բավարարեն ներկայիս մարդու պահանջմունքներին, այն չի կարող բխել անցյալ մոտեցումներից։ Կրթությունն աշխատում է ներկայի համար ու անընդհատ նայում ապագային. սա անվիճելի է։ Կրթությունը չի կարող լինել անդեմ՝ այն պետք է ուղղված լինի կոնկրետ մարդուն՝ ծառայություն մատուցի կոնկրետ մարդու համար, բավարարի նրա պահանջմունքներին։
Կրթական ծառայություն իրականացնող ինստիտուտը չի կարող կտրված լինել սոցիումից։ Կրթությունը մարդու՝ անհատի, ուսումնասիրման ամենակարևոր ինստիտուտներից է։ Կրթություն իրականացնող մարդիկ գործող հոգեբաններ և մարդասերներ են։ Կրթական գործընթաց կազմակերպող մարդու հայացքը չի կարող անցյալին ուղղված լինել. այդ դեպքում կրթական գործընթացը ձախողելու վտանգը անխուսափելի է։ Անցյալի նոստալգիկ հուշեր կարող են ունենալ ծնողը, այլ շահառու, բայց ոչ կրթական գործընթաց իրականացնող անձը, որովհետև նոստալգիան հնարավորություն չի տա տեսնելու, կարևորելու ու ճանաչելու ժամանակակից մարդուն՝ իր կրթական պահանջմունքներով։
Ժամանակակի՛ց ուսուցիչն է կազմակերպում ժամանակակից կրթական գործընթացը. ժամանակակից բոլոր առումներով՝ մտածելակերպի, աշխարհայացքի, ապրելակերպի։
Հաջորդ կարևոր ընդգծումը. կրթությունը կազմակերպվում է ապրող՝ կենդանի, մարդու համար։ Սրա մասին չպետք է մոռանալ. այս դեպքում արդեն հետին պլան կմղվեն «սա ի՛նչ երեխա է», «մեր դասատուները», «ա՛յ, մեր ժամանա՜կ» պատումները... Վերջացել է ձեր այդ ժամանակը, կան հիմա-ն ու ներկայում ապրող երեխան, կաս դու՝ նույն ներկայում ապրող ուսուցիչդ։ Եվ կրթությունը ներկա մարդկանց համար է՝ ներկա մարդկանց ներկա կյանքի համար է։ Սա կարևոր է հասկանալ և կրթության կազմակերպման հիմքում հենց այս բովանդակությունը դնել։
Կրթությունը կյանքի համար. այս հենքի վրա էլ պետք է հավաքել համակարգային դրույթները։ Ինչ ասել է՝ կյանքի համար։ Կրթությունը պետք է օգնի ժամանակակից մարդուն ապրելու՝ կողմնորոշվել այս մեծ ու անընդհատ զարգացող աշխարհում, չկորչելու զարգացումների արագընթաց հոսքում, ունենալու դեմք ու ասելիք։ Մարդը պետք է հասկանա՝ ինչու է սովորում, ինչի համար և որտեղ կարող է օգտագործել իր սովորածը։ Կրթությունը պետք է հասանելի ու մատչելի լինի մարդու համար։ Այն չի կարող անընկալելի ու բարդ մի համակարգ լինել, որի շահառուն այդպես էլ չհասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կրթություն ասվածը։ Կրթությունն օգնում է ձեռք բերել ապրելու հմտություններ։ Կարևոր է, որ սովորողը գործելով սովորի՝ կարևորի իր շուրջը նայելը, տեսնելը, միջավայրը իրեն ու իր առաջադիմությանը հարմարեցնելը, ակտիվ ներգործի իր միջավայրի վրա։ Ապրի։ Կրթական կառույցը չի կարող դռները փակել ու մեջքով շրջվել մարդուն, չի կարող չերկխոսել սովորողի հետ։ Կրթությունը՝ մարդուն անհատ դարձնելու գործն է․ սովորողի, ով պատասխանատու է հասարակության մեջ իր դերի, խոսքի համար, կարևորում է հասարակության հետ ու հասարակության մեջ ապրելը, մասնակից է հասարակական գործընթացներին ու իրեն չի օտարում իր՝ քաղաքացի լինելու իրավունք-պարտականություններից։
Երեխան սովորում է, որ ապրի։ Սա է սկզբունքը. մնացյալ ամեն ինչը ստորադասվում է սրան։ Ապրելու հմտություններն ամենակարևորն են։ Բոլորս ենք հասկանում, որ մարդ ամեն ինչ չի կարող իմանալ ու հիշել, բայց մարդը կարող է իմանալ իմանալու սկզբունքն ու սովորել մտածել, տրամաբանել։
Մտածող մարդու դպրոց։ Սովորողին մտածել սովորեցնել. հենց սա է կրթության հիմնադրույթներից մեկը։ Ամենադժվարն ու պատասխանատուն մտածել սովորեցնելն է, իսկ մտածող մարդը կկարողանա սովորել, ընտրել, թե ինչ և ինչպես սովորի։ Պետք չի լինի հիշել ավելորդ տեղեկատվություն՝ գիտելիք, որի մեծ մասը տարիների ընթացքում մոռացվում է, որովհետև անպետք է, կամ որովհետև պարզապես անգիր է արված, հիմքում միտք ու տրամաբանություն չի դրվել։ Գիտենք, որ այսօր մի հրահանգով ցանկացած տեղեկույթ կարող ենք ստանալ, և հնարավոր էլ չէ ամեն ինչ մտապահել. անգիր իմանալն ու իմանալը տարբեր բաներ են։ Կարևորը նյութի տրամաբանությունը հասկանալն է, նյութի բովանդակության մասին մտածել՝ վերլուծել-համադրել-քննարկել սովորելը, կարծիք ունենալ-արտահայտելը, ուզածը որոնել-գտնելու, արտահայտվելու (խոսքային) հմտությունների ձեռքբերումը: Տրամաբանական մտածողության զարգացում. սա է ժամանակակից դպրոցի ծրագրային-մեթոդական ուղղվածությունը։
Սովորելը սովորություն դարձնել։
Հենց դպրոցում պետք է ձևավորվի աշակերտի մոտ սովորելը սովորություն դարձնելու մշակույթը՝ սովորել ողջ կյանքում և կյանքի համար։ Սրա լավագույն օրինակն անընդհատ սովորող ուսուցիչն է. ինչ և ինչպես սովորել՝ ընտրում է ուսուցիչը։ Կարևորը, որ աշակերտը տեսնի ոչ թե ավարտված, փակ մարդու, որն ինչ-որ ժամանակ ինչ-որ կրթություն է ստացել, այլ մարդու, ով ապրելով սովորում է ու աշխատում ինքն իր վրա։ Կարևոր է, որ սովորողը հասկանա՝ անհնար է սովորել ամեն ինչ և պետք էլ չէ, բայց սովորել ասվածը չի ավարտվում ինչ-որ հաստատությունում անցկացրած ժամանակահատվածով՝ սովորում ես անընդհատ, որպեսզի չկորցնես նաև երբեմնի սովորածն ու չկարծրանաս։ Գլխապտույտ տեմպը մարդուն ստիպում է անընդհատ շարժվել. կանգնեցիր, վերջ, կարծրացար, հետ մնացիր։ Ժամանակի հետ պետք է քայլել՝ մեր ժամանակներում՝ վազել։
Կրթությունը միշտ նորարար է, միշտ ներկա մարդուն ուղղված, անընդհատ ու մտածող-տրամաբանող։ Սովորելը սիրելի սովորություն դարձնելը՝ ժամանակակից ուսուցչի առաջնային գործառույթներից։
- Բացվել է 2127 անգամ