Լողափնյա խաղադարան

Հեղինակ: 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամռանը գործում է «Ամառային պարտեզ», որտեղ սաների հետ կազմակերպում ենք ամառային տարատեսակ, բազմազան, գունագեղ, ի վերջո, այլընտրանքային ուսումնական գործունեություն։ Ամառային պարտեզն ունի գեղատեսիլ ու մաքուր բնություն, զմրուխտե լանջեր, դրախտային գեղեցկություն: Ամառային պարտեզում սաներն ունեն մեծ, հավաքովի լողավազան, որտեղ սովորում են լողալ, ջրային ու բակային խաղեր խաղալ՝ զարգացնելով տարբեր կարողություններ ու հմտություններ։ Լողավազանի ջուրը թափանցիկ է, զուլալ, արցունքի պես ջինջ:

Առավոտյան պարտեզ գալուց հետո սաների հետ միասին բացում ենք լողավազանը, նկուղից հանում ամառային զարգացնող խաղերի համար մեր ստեղծած փայտե գլորակները։ Դրանք սաները ոչ միայն խաղերի համար են օգտագործում, այլ նաև որպես աթոռակներ և փոքրիկ սեղաններ, գլորում են, ցատկոտում վրայով։ Լողավազան մտնելուց առաջ կարևորում ենք լողափնյա հիգիենան ու լողի կազմակերպումը։ Այս ամենն իրականացնում ենք որպես խաղ, որպես ուսուցման հետաքրքիր ձև, և սանը չի զգում՝ ինչպես է սովորում: Անցնում ենք ինքնաստեղծ շատրվանների միջով, ուրախ թռչկոտում, թրջում միմյանց, ապա մտնում լողավազան։ Լողավազանում խաղում ենք ջրի հետ, զրուցում նրա հետ, ծիծաղում, երգում, պարում՝ կարծես անձնավորելով նրան, համարելով մեր ամենաջինջ ու լուսավոր ընկերը։ Լողավազանից դուրս գալուց հետո նույնպես անցնում ենք շատրվանների միջով և կազմակերպում զգեստափոխումը: Գովազդում ենք մեր ամառային լողափը՝ պատմելով ջրի ջերմաստիճանի, մաքրության, լողավազանից օգտվելու կանոնակարգի մասին և այլն, այսպիսով էլ՝ իրականացնում «լողի ծես»:

Կազմակերպում ենք լողափնյա բակային խաղեր՝ է՛լ ցամաքային, է՛լ ջրային, է´լ ավազային, է՛լ ցեխային․․․ Ամեն շաբաթ նախապես հավաքում եմ հաջորդ շաբաթվա ամենօրյա խաղերի ցանկը, հետո ծրագիրս իրագործում սաների հետ։ Ամեն խաղի արդյունքում մի ուրիշ հրճվանք են ապրում սաները՝ իսկական իմացումի, որը նրանցից արագ փոխանցվում է ինձ։ Խաղերն ստեղծվում են, օրինակ, էնպիսի մտքերից, որոնք հանկարծակի հայտնվում են գլխումս: Լինում են դեպքեր, երբ շրջապատումս տեսնում եմ իրեր՝ պետքական, թե ոչ պետքական, սկսում եմ մտածել, թե ինչ խաղեր կարելի է կազմակերպել, ինչպես կարելի է այդ իրի միջոցով խաղ ստեղծել, զարգացնել և ներառել սանին։ Ամեն խաղի ստեղծման մեջ իրենց դերն ունեն ծնողները, ովքեր հենց իրենք են առաջարկում (օրինակ՝ դատարկ շշերով և գուլպաներով խաղը, ձմերուկներով խաղը)։ Արդեն սովորել են սաները, որ ամեն օր պետք է մի լողափնյա խաղ խաղան, և ամեն օր կա նույն հարցը․ «Ընկե՛ր Տաթև, այսօր ի՞նչ ենք խաղալու․․․»:

Այս կերպ ստեղծվում են մեր խաղերը։ Կազմակերպման ընթացքում ինձ օգնում են սաները՝ բերելով իրերը, որոնցով պետք է խաղանք, սոսնձում են, ամրացնում, կտրատում․ մեծ ոգևորվածությամբ են կատարում ամեն աշխատանք։ Իսկ խաղի ստեղծումը, կարող է անհավանական թվալ, բայց աննկարագրելի բավականություն է պատճառում ինձ։ Ամեն օր տուն գնալուց հետո արդեն մտածում եմ՝ վաղն ինչ խաղ կազմակերպել, որը և՛ կզարգացնի, և՛ հրճվանք կպատճառի իմ սիրելի սաներին։ Անգամ մի քանիսն եմ մտածում ու հարցնում, թե այսօր որ խաղը կցանկանան խաղալ: Նույն խաղը տարբեր օրեր խաղալիս տարբեր է ստացվում. ընթացքում միշտ ինչ-որ բան ավելանում կամ դուրս է գալիս, այլ ձևով է իրագործվում, այլ նպատակ է դրվում և այլն: Յուրաքանչյուր խաղի կազմակերպման համար համագործակցում ենք ծնողների հետ՝ այսպիսով ապահովելով ծնողի ամենօրյա ներառվածությունն ուսումնական գործընթացին։ Նրանք նախապես տեղեկանում են, թե ինչ խաղ պետք է խաղանք։ Տանից բերում են զանազան իրեր՝ պլաստմասե շշեր, խցաններ, փայտիկներ, թերթեր, գուլպաներ, կոճակներ, ոչ պետքական թվացող իրեր, այն, ինչն անհրաժեշտ կլինի սանի բազմակողմանի զարգացման համար։ Սաներն արդեն ոգևորված տնից գալիս են՝ սպասելով այդ օրվա գործունեությանը։ Ջրային մշտական սիրելի խաղ է դարձել, օրինակ,  լողավազանում օղակների միջով անցնելը՝ մեջքի և փորի վրա պտտվելով, ու բռնվելով լողավազանից՝ ոտքերով «հեծանիվ վարել» սովորելը։

Ամառային պարտեզի լողափնյա գործունեության ընթացքում կազմակերպած և իրականացրած խաղերը փորձել եմ խմբավորել չորս մեծ «զամբյուղներում», չնայած նրան, որ շատ դժվար է դրանց տարբերակումը՝ կապված առաջադրած խնդիրների  բազմազանության և նպատակների հետ, ու ամառային ուսումնական գործընթացի արդյունքում ձևավորվել է մի մեծ փաթեթ, որն անվանել եմ «Լողափնյա խաղադարան», դե  խաղերն էլ փորձել եմ պայմանականորեն բաժանել չորս հետևյալ խմբի՝ մրգային, տեխնոլոգիական, այլընտրանքային-նկարչական, ջրային։ 

Մրգային խաղեր։ Լողափնյա զվարճալի խաղերը խաղացել ենք ամառային մրգերով՝ կազմակերպելով «Ջրային մրգաորս»։ Մեր ջրային «որսորդները» ջրով լի տարայի մեջ լցրած մրգերը փորձում էին կապված ձեռքերով բերանով որսալ, անցնել գունավոր փայտերի արահետը և դնել այլ տարայի մեջ։ 

«Հունիսյան մրգառոդարիկներ»։ Ծառերից պարան կապեցինք, մրգերը կախեցինք պարանից։ Հրճվանքով որսացինք պարանից կախված մրգերը ու համով-համով կերանք։ «Մրգառոդարիկներ»։ Սաների ձեռքերը կապեցինք, առանց ձեռքերի կարողացան որսալ մրգերն ու արագ ուտել։ Այս երկու խաղերը թեև սկզբունքորեն նույնն են, սակայն տարբերությունն այն է, որ առաջին խաղի դեպքում սաները առանց ձեռքերի որսում են մրգերը գետնին դրված տարաների միջից, իսկ երկրորդ խաղի դեպքում կարողանում են որսալ մրգերը, որոնք կախված են պարաններից։ Այստեղ նրանք ավելի ջանք են խնայում՝ փորձելով օդում որսալ մրգերը։ Ռոդարիկ եմ անվանել սաներին՝ իբրև իտալացի հայտնի մանկագիր Ջաննի  Ռոդարիի՝ կրթության վերաբերյալ այլընտրանքային մոտեցումները կրողների և իրագործողների։

Հունիսին սկսեցինք «Ծիրանածես» նախագիծը։ Մի ամբողջ շաբաթ զբաղվեցինք ծիրանով տարբեր աշխատանքներ կատարելով։ Արևելյան մեր կողմերում ծիրանաթափ արեցինք, և՛ ծիրանի չիր պատրաստեցինք, և՛ ծիրանաջեմ, և՛ ծիրանադիմակներ դեմքի համար... Այդ ամենն ամփոփեցինք, և ձևավորվեց ամբողջական նախագիծ։

«Մրգային պաղպաղակ»։ Պատրաստեցինք մրգային պաղպաղակ, հինգ տարեկաններն ինքնուրույն կտրատեցին մրգերը։ Կտրատում էին՝ ասելով, որ արդեն մեծ են ու կարողանում են դանակը ճիշտ օգտագործել։ Մրգերը դասավորեցին բաժակների մեջ, վրան լցրեցին դեղձի հյութը և դրեցին սառնարան։ Լողացին, ուրախ-ուրախ քնեցին, որ արթնանան և ուտեն մրգային պաղպաղակը։ Կերան, ապա պատմեցին, թե ինչ համ ունի պաղպաղակը․․․

«Ձմերուկածես»։ Հինգ տարեկաններն իրենց հետ բերել էին ձմերուկ, որ սկսենք «Ձմերուկածեսը»: Ձմերուկների մի մեծ շարան… Սկսեցինք ձմերուկների վրայով թռչկոտել ու Կասկադի զմրուխտե լանջերից գլորել։ Հետո հինգ տարեկանները բաժանվեցին զույգերի, մեկի աչքերը փակեցինք, իսկ մյուսն սկսեց ձմերուկ կերակրել։ Տեսանք, թե ով է կարողանում ավելի արագ ուտել ձմերուկը։ «Ձմերուկե պատկերներ»։ Հինգ տարեկանները կարողացան ձմերուկից տարբեր պատկերներ ստեղծել՝ աստղեր, շրջանակներ, լուսիններ, ծաղիկներ․․․ «Ձմերուկամրգային յոգուրտ»։ Հուլիսյան վերջին ուրբաթն ավարտեցինք կրկին ձմերուկով․ փորեցինք ձմերուկի միջուկը, հինգ տարեկանները կտրատեցին մրգերը, լցրեցին ձմերուկի մեջ։ Վերջում հյութ ավելացրինք ու դրեցինք սառնարան։ Շատ համեղ ձմերուկամրգային յոգուրտ ստացվեց։ Այսպես ավարտեցինք «Ձմերուկածեսը»… 

Մրգային մեկ այլ խաղ։  Ընտրեցինք ճիշտ կեղևը․ առանձնացնելով բանանի, կարմիր ու կանաչ խնձորների, սալորի, դեղձի, ծիրանի, ծիրանասալորի կեղևները՝ հինգ տարեկանները կարողացան են տարբերել, թե որ կեղևը որ մրգինն է... 

«Համի զգայարան»․ Փորձեցինք մրգերով զարգացնող խաղ խաղալ՝ զարգացնելով համի զգայարանը։ Փակեցինք աչքերը, սաները սկսեցին հերթով տարբեր մրգեր համտեսել՝ այսպիսով կարողանալով գուշակել մրգերը, հիշել, վերհիշել, սովորել։ Հետաքրքիրն այն էր, որ կիտրոն ուտելու ժամանակ բոլորն արագ բացում էին աչքները ու «թթու դեմքերով» ծիծաղում։

Տեխնոլոգիական։ Կրթահամալիրի հարսանեկան ծեսի օրերին լողավազանում հինգ տարեկանների հետ շատ սիրուն ու հավես «Հարսանյաց ծես» իրականացրինք։ Սաներից երկուսը դարձան հարս ու փեսա, կատարեցինք «հարսանեկան» տեխնոլոգիական աշխատանք։ Մեր խմբում ունեինք հյուր՝ Սասունիկի Գ․ Չաուշի անվան դպրոցից կամավոր մեզ հետ աշխատող Էմման, ում հետ միասին պատրաստեցինք հարսանեկան-ջրային հագուստներ։ Զարդարեցինք մեր Արևելյան լողափը, թխեցինք հարսանեկան ավանդական գաթան, պատրաստեցինք հարսանեկան տարոսիկներ, զարդարեցինք հարսանեկան ափսեները, մի սիրուն մրգափունջ հարսի համար, և ․․․ահա, հարսանիքն սկսված էր․․․ Հարսանեկան երգեր երգելով խաղացինք «աղջիկ փախցնոցի», իրականացրինք իսկական «Հարսանյաց ծես»։

Հաջորդ լողափնյա խաղը, որ մեծ հրճվանքով խաղացել ենք, անվանել ենք «Արահետ սավանի վրա։ սպիտակ սավանի վրա փորձեցինք արահետ նկարել։ Սաները օղակով շրջան նկարեցին սավանի վրա, հետո ոտնաթաթիկները ներկեցին ու կանգնեցին սավանի վրա։ Մի լավ ներկոտվելուց հետո սաները վազեցին դեպի շատրվաներրը, ապա՝ լողավազան՝ մաքրվելու գույներից, գունավորելու լողավազանի ջուրը։ Արդյունքում ստացվեց ինքնաստեղծ արահետ ճերմակ սավանի վրա։  Այս խաղի արդյունքում նախ կարողացան սիրուն շրջան նկարել, հասկանալ՝ ինչ է շրջանը, էությունը, հեշտ կարողացան հաղթահարել իրենց առաջ դրված խնդիրը։

«Փայտե կետ-խաչ» կոչվող խաղի ընթացքում լողափի խոշոր ու ներկած քարերով նախ՝ սանդղակ սարքեցինք, հետո մեր իսկ կտրած ու գունավորած փայտե շրջանակներով խաղացինք «կետ-խաչ» հայտնի խաղը։

Հաջորդ՝ «Գունափայտե արահետ» խաղի էությունը հետևյալն է՝ փայտե շրջանակներով արահետ շարեցինք, որի միջոցով հինգ տարեկանները, պետք է նախընտրած գույնի վրա կանգնելով, պետք է կարողանային մինչև վերջ անցնել գունավոր արահետը։ Այս խաղերի միջոցով կարողանում ենք զարգացնել սաների՝ գույները ճանաչելու, տարբերելու կարողությունները։

«Մանր մոտորիկա»։ Պլաստմասսե շշերով ու խցաններով խաղացինք մանր մոտորիկայի զարգացման խաղ։ Կտրեցինք շշերը, խառնեցինք խցանները, շշերը սոսնձեցինք պատին։ Սաները կարողացան ճիշտ տարբերակել, թե որ խցանը որ շշինն է։ Ձեռքի մատների շարժումները զարգացնելով՝ կարողացան պտտել ու ամրացնել շշին։ 

«Սպունգանավակներ»։ Գունավոր տարատեսակ սպունգներով ու թղթերով նավակներ պատրաստեցինք ու դրեցինք լողավազանի մեջ։                                 «Այլընտրանքային ջրիմուռներով Վարդավառ»։ Երգերի մի մեծ շարանով կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։ Պատրաստեցինք այլընտրանքային ջրիմուռներ, կախեցինք ծառերից ու սկսեցինք Վարդավառի ծեսը․․․ 

«Հինգ տարեկան ձկնիկներ»։ Այլընտրանքային տեխնոլոգիաները, աշխատանքներն ու նկարչությունները շարունակական են։ Հյութի ձողիկներից պատրաստել ենք ձկնիկներ, տերևներով նկարչություն ենք կատարել։ 

«Ձգողական ուժ»։ Սաները կարողացան գլխի վրա կապված մագնիսի միջոցով արագ հավաքել ամրակները․․․

Այլընտրանքային-նկարչական։ «Մատներով նկարչություն»։ Երկար պաստառի վրա մատներով սկսեցին նկարչություն անել՝ նկարելով է՛լ տուն, է՛լ ծաղիկներ, է՛լ աղջիկ, իսկ ամենակարևորը՝ կապույտ լողավազան․․․

Այլընտրանքային նկարչություն՝ «Ստվերանկարչություն»։ Սաներից մեկը կանգնեց գետնին, մյուսն սկսեց կավիճով նկարել նրա ստվերը։ Շատ հավես այլընտրանքային նկարչություն ստացվեց՝ ծիծաղախառն, հրճվալից։ Ես նույնպես կանգնեցի ուրախությամբ, ու սաները մեծ ոգևորությամբ նկարեցին իմ ստվերը․․․

«Հինգ տարեկան հրացանակիրներ»։ Հինգ տարեկանները բերել էին իրենց ջրային հրացանները, որոնց մեջ լցրեցինք գունավոր ներկեր և ջուր։ Պատին սոսնձեցինք սպիտակ թղթեր և հեռվից տարբեր նշանակետեր բռնելով՝ փորձեցինք գունավորել թղթերը․․․

«Գունավոր շշաբոուլինգ»։ Պլաստմասսե շշերի մեջ գունավոր ներկեր լցրեցինք, սաները կարողացան գնդակը գլորել դեպի շշերը, այստեղ երևաց յուրաքանչյուր սանի ուժը, թե ով ինչքան ուժեղ կկարողանա գլորել գնդակը, և քանի շիշ կընկնի․․․

«Կպչուն ժապավենով կապված»։ Կպչուն ժապավենով կապեցինք սաների ոտքերը, որպեսզի փորձեն կապված ոտքերով քայլել ու բաժակի ջուրը լցնել դույլի մեջ։ Երկու դույլ վերցրինք, մեկի մեջ լցրեցինք կարմիր ներկ, մյուսի մեջ՝ կապույտ։ Բաժանվել էին կարմիրների և կապույտների։ Դժվարությամբ քայլելով՝ զույգերը կարողացան ջուրը բաժակից տեղափոխել դույլի մեջ․․․ 

«Հինգ տարեկան կենգուրուներ»։ Հինգ տարեկանները դարձան ցատկող կենգուրուներ։ Ցատկելով կարողացան առաջ գնալ, վերցնել գնդակը, դնել պարկի մեջ ու փոխանցել հաջորդ խաղացողին։ 

«Զգույշ, թե չէ կընկնի»։ Շշի վրա գնդակ դրեցին, սկսեցին քայլելով կամաց իջնել ու բարձրանալ աստիճանները։ Խաղի ճանապարհին էլ կարողացան հաղթահարելով անցնել նաև պարանի տակով։ 

«Այլընտրանքային ճոճանկարչություն»։ Սաները պառկեցին ցանցաճոճերի վրա, ընկերները սկսեցին օրորել, իսկ հինգ տարեկանները փորձեցին օրորվելով նկարել… 

«Զգույշ՝ չընկնի»։ Հաստ թղթերի վրա սոսնձեցինք սաների հողաթափերը, կպցրեցինք կպչուն ժապավեն։ Քայլելով կարողացան առաջ գնալ, փոքր գնդակները դնել կպչուն ժապավենի վրա և վերադառնալ։ Ողջ ընթացքին հետևեցին Ֆրանսիայից Հայաստան եկած կամավոր երկու քույրերը։ 

«Մագնիսանկարչություն»։ Թղթերը ներկոտեցինք, դրեցինք աթոռի վրա, մագնիսներ վերցրինք, դրեցինք ներկոտ թղթի վրա, իսկ մյուս մագնիսով կարողացանք աթոռի տակից ձգողականությամբ շարժել թղթի վրա գտնվող մագնիսը… 

«Զգույշ՝ չթափվի»։ Հինգ տարեկան սովորողները որոշեցին բաժակներով ջուր լցնել շշերի մեջ այնպես, որ չթափվի այն մասնակցի վրա, ով ձեռքերով բռնել էր շիշը։ Ապա հերթը մերն էր․ երկու դաստիարակներով պառկեցինք, սաները հրճվանքով մի լավ ջրեցին մեզ։ 

«Փրփրամարդուկներ»։ Հինգ տարեկանների երևակայությունը սահմաններ չի ճանաչում… Այս անգամ որոշեցին փրփուրով խաղալ։ Ամեն մեկն իր գլխին փրփուր քսեց, բաժանվեցին խմբերի։ Դիմացի կանգնած մասնակիցը կարողացավ ադիբուդին այնպես նետել, որ ընկնի փրփուրի վրա։ Վերջում հաշվեցին, թե որ մասնակցի գլխին կա թվով ավելի շատ ադիբուդի… 

Նկարչական գունավոր ուրբաթ։ Այս տարվա ամռան վերջին ուրբաթը հինգ տարեկաններն ավարտեցին նկարչությամբ… Առջևում սեպտեմբերի մեկն է, ու նոր հինգ տարեկանները…

Ջրային։ «Անձրևաբեր ծեսն Արևելքում»։ Մարինե Մկրտչյանի հետ իրականացրինք իսկական Անձրևաբեր ծես։ Հինգ տարեկանների հետ երգեցինք, ջրին բարևեցինք, շոյեցինք ջուրը, դարձանք ձկնիկներ ու ծաղիկներ, լողացինք, անձրևին կանչեցինք, գովեցինք Անձրևաբեր ծեսի տիկնիկին…

«Սպունգախաղ»։ Որոշեցինք գունավոր խաղ խաղալ։ Ամեն մեկը վերցրեց մի սպունգ, դույլերի մեջ ջուր լցրեցին, բաժանվեցին երկու խմբի՝ կանաչների և դեղինների։ Արագ-արագ սպունգները մտցնելով ջրի մեջ՝ տարան ու քամեցին իրենց խմբի դույլի մեջ։ Վերջում տեսանք, որ կանաչների խմբի դույլի ջուրը դեղինների խմբի ջրից շատ է… 

«Այնպես դատարկիր, որ չթափվի»։ Բաժակները կապեցինք ոտքերից, ադիբուդի լցրեցինք։ Պետք է քայլելով գնային ու դատարկեին տարայի մեջ։ Վերջում տեսանք, թե որ խմբի տարայի մեջ է ավելի շատ լցվել։ 

«Թղթափաթաթուկ»։ Օգոստոսյան այս երկուշաբթին սկսեցինք զվարճալի խաղով։ Պետքարանի թղթերով սաները սկսեցին միմյանց փաթաթել։ պատկերացնո՞ւմ եք՝ անգամ «զուգարանի» թուղթն է մեզ մոտ խաղ ու խաղալիք… 

«Փրփրապղպջակներ»։ Հինգ տարեկաններից ամեն մեկը տանից բերել էր պլաստմասե շիշ և գուլպա։ Շիշը կտրեցինք միասին, գուլպան ամրացրինք շշին, հեղուկով փրփուր սարքեցինք, ու փրփրապղպջակնե՜ր․․․ Ուրի՜շ ուրախություն, ուրի՜շ հրճվանք․․․

«Լողափնյա ջրախաղ»։ Սաները վերցրին դույլերը, հերթով կանգնեցին ու սկսեցին առանց հետ նայելու՝ փոխանցել դույլի ջուրը մյուսի դույլ։

«Ճիշտ նշանակետին»։ Դարձանք «ջրային հրացանակիրներ»։ Օգտագործեցինք պլաստմասե շիշը, կապեցինք սանի գլխի վրա, և ճիշտ նշանակետին․․․

«Դույլերով խցանախաղ»։ Օգտագործեցինք դույլերն ու շշերի խցանները։ Դույլերը կապեցինք պարանից, հինգ տարեկանները կարողացան հեռվից խցանները նետել դեպի դույլերը․․․

Ավելացնեմ, որ գրեթե ամեն ուրբաթ իսկական «Լվացք» ենք անում, լվանում ենք մեր լողազգեստները, մեր հագուստները, մեր գուլպաները, ինչ պատահի։ Լվանալուց հետո ամրակներով ամրացնում ենք պարանի վրա, չորանալուց հետո՝ հավաքում։

Այսպիսով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սաներն ունեն իսկական ազատություն, պաշտպանվածություն, ապրում են իսկական հրճվանք, արտահայտում են իրենց ազատ միտքը, չեն կաշկանդվում, չեն վախենում սխալվելուց: Ներկայացնելով խաղերի այսպիսի զանազան-զարմանազան ներկապնակ՝ նպատակ ենք դնում ուսուցումը կազմակերպել խաղի միջոցով, խաղի մեջ այնպես, որ սանը չզգա՝ ինչպես է սովորում, ինչքան է սովորում, երբ է սովորում։ Այս ամենով փորձում ենք զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, ստեղծագործական երևակայությունը, իրար հետ շփվելու, իրար ճանաչելու, իրար հետ սովորելու և միասին բազմաթիվ խնդիրներ լուծելու հմտություններն ու կարողությունները, ինչն էլ անվանում ենք «Իմացումի հրճվանք» կրթական այլընտրանքային ծրագիր։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский