Ուղեկցող մասնագետի դերը ներառական միջավայրում

Յուրաքանչյուր սովորողի ներառումը ուսումնական գործընթացում, շփումը դասընկերների հետ ուսուցչի առաջնային խնդիրներից է։ Դա հնարավոր է կազմակերպել միայն առավելագույն ջանքեր գործադրելու դեպքում։ Ներառման խնդիրները տարբեր են՝ հոգեբանական խնդիրներ, լեզվի չիմացություն, ֆիզիկական խնդիրներ։ Ցանկացած իրավիճակում լուծումը հնարավոր է գտնել անհատական մոտեցման շնորհիվ։ Սովորող-ուսուցիչ-ծնող կապը կարող է դառնալ երեխայի ներառման առաջին նախապայմանը։

Եթե խոսեմ իմ դասարանի՝ ֆիզիկական կամ հոգեբանական խնդիր ունեցող սովորողների մասին, ապա պետք է փաստեմ, որ առանձին սովորողների ներառումը հնարավոր դարձավ չորրորդ անձի՝ ուղեկցող մասնագետի ներգրավմամբ։ Ի սկզբանե որոշվեց սովորողին չառանձնացնել դասարանից, փորձել առավելագույն ջանքեր ներդնելով աշխատել նրա հետ դասարանում, ընթացող ուսումնական գործընթացին զուգահեռ։ Այժմ իմ դասարանում սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով երեք երեխա, որոնցից երկուսը հաճախում է ուղեկցող մասնագետի հետ, առանց որոնց անհնար կլիներ կազմակերպել այդ երեխաների ներգրավումը։

Որքան էլ գեղեցիկ հնչեն ներառական կրթության մասին գաղափարները, փորձը ցույց տվեց, որ միայն անհատական մոտեցմամբ է հնարավոր հասնել լիարժեք ներառմանը։ Շատ դեպքերում հնարավոր չէ արդյունք ակնկալել, եթե չկա ուղեկցող մասնագետ։ Խոսքը չի վերաբերում ուսուցչի օգնականին, որն իր անհատական պլանով օրվա ընթացքում լինում է տարբեր դասարանների հետ։ Նա չի կարող լինել օգնական միայն մեկ սովորողի համար։ 

Ուղեկցող մասնագետը սովորողին դիմավորում է դպրոցում կամ ուղեկցում է տնից, օգնում, որ սովորողը ներառվի՝ առավոտյան ընդհանուր պարապմունքից սկսած: Այժմ չունենք սովորող, որը չի ուզում մասնակցել ընդհանուր պարապմունքին:

Ուսումնական պարապմունքի ժամանակ մասնագետը փորձում է հնարավորինս մատչելի երեխային փոխանցել ուսուցչի սովորեցրածը: Եթե սովորողի հոգեբանական վիճակը որոշակի պահի չի համապատասխանում ընդհանուր վիճակին, մասնագետը նրա հետ դուրս է գալիս զբոսնելու, զբաղեցնում ամենատարբեր միջոցներով՝ մինչև երեխայի հուզական վիճակը կարգավորվի:

Ուղեկցող մասնագետի շնորհիվ ոչ մի սովորող բաց չի թողնում ուսումնական ճամփորդությունները։ Եվ ընկերները մենակ չեն թողնում իրենց ընկերոջը ուղեկցողի հետ։ Ճիշտ է, երբեմն դժգոհում են, թե շատ դանդաղ են քայլում, ուզում են սլանալ, բայց չեն էլ ուզում հաջորդ ճամփորդությանը առանց այդ ընկերոջ գնալ. սովորել են օգնել մասնագետին, ուղեկցել, աջակցել ընկերոջը:

Ուղեկցող֊մասնագետներն իմ դասարանում ինքնաբերաբար ստանձնեցին իմ օգնականի դերը, սովորողներն այնքան ընտելացան նրանց ներկայությանը, որ սկսեցին իրենք էլ տարբեր հարցերով դիմել նրանց։ Դժվարության հանդիպելիս առաջին օգնության խնդրանքով միանգամից դիմում են նրան: Ուղեկցողի ներկայությունը «առաջին օգնություն» է նաև դասվարի համար. լողի ճանապարհն ապահով է, որովհետև վստահ ես, որ 20 հոգիանոց խմբի առջևից գնալիս շարքի վերջից ուղեկցող ընկեր կա, որ վերահսկում է անվտանգությունը։

Պետական հանրակրթական ծրագրի դեպքում, մեղմ ասած, ուրախ չեն, որ դասարանում սովորի ներառական խնդիր ունեցող երեխա, որովհետև ուսուցչի համար դժվար է 30 սովորողի հետ զուգահեռ անհատական ուշադրություն ապահովել մեկ սովորողի համար։ Ուստի, երբ խոսվում է հատուկ դպրոցները փակելու և երեխաներին սովորական դպրոցներ տեղափոխելու հարցի մասին, առաջինը բողոքում են ուսուցիչները. այո, երբեմն անհնար է նման իրավիճակում ապահովել 30 սովորողի գիտելիքների ձեռքբերումը։ Արդյոք այն գումարը, որը տալիս է պետությունը հատուկ դպրոցին՝ մեկ սովորողի հաշվով, հնարավոր չէ՞ ուղեկցող֊մասնագետներին վճարել և աջակցել բոլորի ներառմանը։

Բազմաթիվ են դեպքերը, երբ հատուկ կարիքով երեխան պարզապես չի հաճախում դպրոց՝ ծնողի անվճարունակ լինելու կամ զբաղվածության պատճառով։ Հորինել ենք «տնային ուսուցում» տերմինն ու սովորողին փակել տանը, իսկ ո՞վ ասաց, որ դպրոց գնալու միակ պատճառը տառերն ու թվերը յուրացնելն է։ Ի՞նչը կփոխարինի ճամփորդություններին, ընկերների հետ խաղին, ծննդյան օրը բոլորի հետ նշելուն, միասին սնվելուն՝ բրդուճն իրար հետ կիսելով։

Հարցերի տեղատարափ է լինում ոչ մասնագետի կողմից. ինչու՞ չի կարող ուսուցիչը ներառել, ինքը մանկավարժ է, պարտավոր է… Այո, պարտավոր է, բայց ինչպե՞ս վարվի, երբ սովորողը դասարանից դուրս է թռչում, թողնի նրան ու շարունակի աշխատանքը դասարանու՞մ, թե՞ վազի նրա ետևից ու թողնի դասարանը։ Այստեղ է, որ ուղեկցող֊մասնագետը դառնում է ուսուցչի օգնականը։

Նարինեն և Վանուհին ինձ համար լավագույն ուղեկցող֊մասնագետների օրինակներն են, որոնք կարողացան դառնալ ամբողջ խմբի օգնականները, իսկ նրանց հոգածության ներքո գտնվող սովորողները շատ արագ հարմարվեցին միջավայրին ու ընկերացան բոլորի հետ։ Մենք ժամանակ առ ժամանակ քննարկումներ ենք անում, փոխանակում մասնագիտական հմտություններ, խորհուրդներ, գրականություն, ֆիլմեր: Մասնագետի ներկայությունը դասարանում երբեմն հանդիպող բարդ իրավիճակներում իսկական աջակցություն է, որ համբերատար ու հանդուրժող լինեմ, դժվարությունից մանկավարժորեն դուրս գամ:

Ուղեկցող մասնագետներն իրենք էլ մասնագիտական աճ են ունենում, կրթահամալիրում փոխվում են նրանց ձգտումները: Նարինեն այս տարի աշխատում է որպես երկարացված օրվա կազմակերպիչ և հոգեբան: Քիչ թե շատ դժվար ներառվող սովորողները Նարինեի խմբում ներառվում են լիարժեք: Վանուհին էլ նպատակ ունի հետագայում աշխատելու մասնագիտությամբ: Նրանց համար էլ է միջավայրը զարմանալի և զարգացման լայն հնարավորություններով:

Ուսուցման երկրորդ տարում դասարանը դարձել է մի հավաքանի, որտեղ յուրաքանչյուր սովորող իրեն լիարժեք է զգում, չկան տարբերվողներ, բոլորս հավասար ենք: Եթե նախորդ տարի ծնողների կողմից երբեմն հնչում էին դժգոհություններ, թե երեխաները կարող են յուրացնել միմյանց վարքը՝ նկատի ունենալով ֆիզիկական խնդրով երեխաներին, ապա այս տարի այդպիսի մտահոգություն այլևս չկա. ծնողները տեսնում են, որ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովրողների ներառումը՝ ուղեկցող մասնագետների օգնությամբ, նպաստեց, որ սովորողները դառնան ավելի մարդակենտրոն, աջակցող, հոգատար:

Ուղեկցող մասնագետի ընտրությունը կատարվում է դպրոցի ղեկավարի համաձայնությամբ, ուսումնասիրվում են հնարավոր բոլոր թեկնածուները, դիտարկվում է մասնագետի համապատասխանությունը սովորողի կարիքներին: Մասնագետներն ի սկզբանե գտնվում են դպրոցի ուշադրության շրջանակներում, քանի որ նրանց շնորհիվ է ամրապնդվում սովորող-դպրոց կապը:

Առանձնահատուկ պայմաններով սովորող երեխաներին փորձելով ներառել սովորական հանրակրթական դպրոցներում, ցավոք, հաշվի չի առնվում միջավայրը, դասարաններում սովորողների քանակը, մանկավարժի տրամադրվածությունը, առավել ևս՝ ուղեկցող մասնագետի լինել-չլինելու հարցը: Իսկ ուղեկցող մասնագետին վճարելու հարցը շարունակում է լուծել ծնողը. դե, պետությունը դրա փոխարեն հովանավորում է, որ այդ երեխաներին պահեն «հատուկ դպրոցներում»՝ «հատուկ պայմաններով», «հատուկ վերաբերմունք»ցույց տալով, իսկ երբ դռները բացվում են ու երեխան հայտնվում է ոչ«հատուկ» պայմաններու՞մ, ո՞վ է պատասխանատու նրա ներառման համար:

Երբ ծնողն ընդունում է երեխային ուղեկցողով դպրոց ճանապարհելու անհրաժեշտությունն ու համագործակցում ուսուցչի հետ, արդյունքը հնարավորինս շուտ կլինի, իսկ եթե չի ընդունու՞մ, չի գիտակցու՞մ… Իսկ ո՞ւր մնաց՝ «Երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո» օրենքը, թղթի վրա՞… Թղթի վրա։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский