Երբ գնահատվելն ու խրախուսվելը մոռացության են տալիս գնահատանիշը

«Գնահատվել»-ն ու «գնահատել»-ը՝ ինչպես մնացած գործիքները,  ծնված օրվանից մարդուն ուղեկցում են, բայց ինչ-որ տարիքում, հատկապես դպրոցական, ուսանողական… դրանք ուրիշ կոնկրետություն են ստանում՝ որպես գնահատանիշ, օրագիր, ամփոփաթերթ, քննություն և այլն…

Հայաստանում կրթության բարեփոխումների ծրագրով մասնակցել եմ երկու տասնյակից ավելի մանկավարժական սեմինարների, ինքս եմ եղել սեմինարավար, բայց միշտ հենց հասել ենք գնահատմանը՝ արգելակում... Կրթական համակարգում գնահատման մասին խոսելիս պետք է տարբերել գնահատանիշը, խրախուսումը, ինքնագնահատումը, քննությունը…

Նիշավորված գնահատումը ուսուցչի կողմից օգտագործվող «զենք» է սովորողի համար. այն սյուբեկտիվ է՝ կուզեմ 10, կուզեմ 5 կնշանակեմ… Գնահատանիշը լրացնում է անգիրի դպրոցը՝ այսքան գիտելիք այսքան ժամում, օրում, և ոչինչ, որ դա չի հասցնի գործունեություն դառնալ ու կմոռացվի: Գուցե այսպես հեշտ է ուսուցչի համար։ Ծնողն իրեն ապահովում է. հետևելով գնահատանիշներին՝ իրեն թվում է՝ հետևում է երեխայի զարգացմանը։  Բայց դա ապարդյուն աշխատանք է, որից ոչ ոք հաճույք չի ստանում`ո՛չ ուսուցիչը, ո՛չ սովորողը…

Այսպիսի գնահատումը օր օրի անհնար է դառնում 21-րդ դարի մարդու համար. արդեն բաց համակարգում ավելի հաճախակի ենք հանդիպելու սովորողի կողմից ըմբոստության, ում այլևս չի բավարարելու փաթեթավորված գիտելիքը թևի տակ դնելը, որի ծանրությունը էլ չի ուզում իր հետ տանել… Ի՜նչ անուն ուզում ենք տալ դրան, դա նոր մարդու համար չէ… Քարացած մտածելակերպով դարաշրջանն ավարտված է, որտեղ ինքնաբավություն չկա, որտեղ մարդը սխալվելիս իրեն զգում է թակարդում, որտեղ չկա ստեղծականություն… Քննությունն էլ, բացի լարումից, ոչինչ չի տալիս սովորողին, եթե իր մեջ սովորելու աշխատանք չի ներառում… Այստեղ ուզում եմ ներկայացնել  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրով մշակված՝ 4-րդ դասարանն ավարտողի ստուգման կազմակերպումը՝ որպես այլընտրանք:

Խրախուսող գնահատման դեպքում «չի կարող կամ չի լինի» չկա, կա զարգացող սովորող, որ իր նպատակադրած ուսումնական ձողին հասնում է, որտեղ «Դու կարող ես սովորել՝ ինչ ուզես»-ն է… Սա իր հետ բերում է խնդիրներ, որոնք ինքդ պիտի լուծես. այո, հնարավոր է նաև սխալվես, սակայն սխալվելը թակարդ չէ, այլ լաբորատորիա, որտեղ պիտի ծնվեն հայտնագործություններ, մշակումներ…

Զարգացնող միջավայրում առանձնացված չեն սովորողն ու սովորեցնողը, այլ ավագների ու կրտսերների մի համայնք է, որտեղ առաջնային է «սովորող-սովորեցնող» կարգախոսը: Այս միջավայրում սկսում է գնահատման գյոթեական «գնահատել նշանակում է ստեղծել» կարգախոսը, որը և՛ ինքնագնահատում է, և՛ խրախուսում: Կրթության կազմակերպիչների համար այս գործիքների՝ ինքնագնահատման ու խրախուսման, գործիքների մշակումը պիտի լինի գերակա գնահատման համար: Ինքնագնահատումը մարդուն կտանի ինքնակրթության ճանապարհով, իսկ խրախուսումը սովորողին ուժեղացնող ու ոգևորող գործիք է: Պատահական չէ, որ Սինգապուրի նման կրթական համակարգը հրաժարվել է քննություններից, կրթության գնահատման ուղի է դարձրել  մրցակցությունից  խրախուսումը:

Եթե հավակնել ենք հայտարարել, որ կրթությունն ապրելու գործընթաց է, ապա գնահատումը ոչ թե զուտ կրթական, այլ կյանքի բոլոր բնագավառներին առնչվող խնդիր է. յուրաքանչյուրս ունենք  գնահատման հմտության կարիք:
Գնահատումը մարդուն ապրեցնելու համար է. չվախենանք սխալներից, սխալները համարենք ուսումնական գործիքներ: Բոլորիս միջից հանենք ձախողման տագնապը….

Իր ստեղծման օրվանից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն անընդհատ է զբաղվել գնահատման այլընտրանքային ձևերի ու գործիքների մշակմամբ, որոնք կարող են անցնել երկու-երեք տասնյակը, բայց մեկը, որ ուզում եմ հատկապես առանձնացնել՝ կրթական միջավայրն է, որը խրախուսող է, ներառական, որտեղ իմացումը հրճվանք է, որով սովորողները (և՛ սովորողը, և՛ ուսուցիչը) գնահատված են, որ միասին են… Սա հաստատում են նաև հանրակրթական այլ հաստատություններից կրթահամալիր դպրոցներ տեղափոխված ընտանիքները…
Կրթահամալիրի  ստեղծած ֆիզիկական ու մեդիա բաց ուսումնական միջավայրում փոքր, երբեմն չնկատվող մանկավարժական հնարքները իրենց ազդեցությունն են ունենում կրթության կազմակերպման ու գնահատման վրա, երբ գնահատվելն ու խրախուսվելը մոռացության են տալիս գնահատանիշը, երբ  ուսուցումը պարտադրանքից դառնում է քո՛ նախագիծը, քո՛ պատասխանատվությունը, քո՛ հավեսը, իսկ արձանագրման ձևերը կարող են տարբեր լինել, ինչքան ազատ, այնքան հետաքրքիր, կարևորը մոտեցումն է…

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский