Շարժական բացիկներ և նոր մեդիահմտություն
Primary tabs
Կրտսեր դպրոցականին ներկայացվող ՏՀՏ պահանջները հայտնի են: Երրորդ դասարանցին պիտի կարողանա աշխատել ms office word, power point, movie maker խմբագիրներով, ունենա բլոգ ու վարի այն հրապարակված պահանջներին համապատասխան, գործածի էլեկտրոնային փոստը, օգտվի առցանց բառարաններից ու քարտեզից: Իհարկե, այս հմտությունները սովորողը ձեռք է բերում աստիճանաբար՝ նախագծային-բլոգային ուսուցման շրջանակներում:
Երրորդ դասարանում «Ամանոր» նախագծի շրջանակում սովորողների հետ քննարկեցինք ու որոշեցինք, որ այս տարի սովորական, «անշարժ» տոնական բացիկների փոխարեն պատրաստելու ենք շարժական բացիկներ: Մեզ անհրաժեշտ էր ի մի բերել մեր մեդիաիմացություններն ու սկսել աշխատանքը: Շարժական բացիկ պատրաստելու համար հարկավոր է տիրապետել նկարչական և մոնտաժային որևէ խմբագրի, բլոգավարությանը:
Շարժական բացիկները պատրաստելիս աշխատել են paint, autodesk sketchbook նկարչական, movie maker և այլ մոնտաժային խմբագիրներով: Իրենց ստեղծած նկարներում դետալների աստիճանաբար ավելացումը իրական իմացումի հրճվանք էր, փոքրիկ հայտնագործություն, որը ոգևորեց շատերին, ու նրանք մեկից ավելի բացիկներ պատրաստեցին: Շարժական բացիկներ պատրաստելու ընթացքում սկսեցին սովորել մոնտաժային խմբագիրներով աշխատել, պատրաստված տեսաֆիլմը թողարկել youtub-ում, իսկ հղումը հրապարակել բլոգում: Իհարկե, այս ընթացքում առանց իմ օգնության չէր ստացվի: Եվ առանձին սովորողների հետ աշխատել եմ անհատապես՝ օգնելով ամբողջացնել ու հրապարակել իրենց աշխատանքները:
Շարժական բացիկ պատրաստելու քայլաշար
- Որոշել բացիկի թեման, պատկերացնել, թե ինչ բովանդակություն է ունենալու։
Ամանորյա բացիկն արդեն հուշում է թեման, հիմնական դետալները տոնածառը, ձմեռ պապը, ձնեմարդուկն ու ձմռան տեսարաններն էին: Սկզբնական շրջանում այդ ուղղությունը պահպանվում էր բացիկների բովանդակության մեջ, բայց հետո սովորողները ներմուծեցին պարային, ժամանակակից ձմեռ պապի կերպարը, ամանորի հյուրասիրության, լույսերի միացումն ու անջատումը:
Դիջիթեքյան բացիկ-գովազդները պատրաստելիս նպատակ ունեինք պատկերների միջոցով պատմել, գովազդել դիջիթեքյան ստուգատեսը: Նախապես ուսումնասիրեցինք ստուգատեսի կայքը, հիշեցինք, որ մրցանակներ ենք շահել նախորդ տարիներին, փորձեցինք պատկերացնել, թե ինչ պատկերաշարով ներկայացնենք ստուգատեսը:
- Որևէ նկարչական խմբագրի կիրառությամբ ստեղծել պատկերաշար։
Սովորողները որևէ նկարչական խմբագրի կիրառությամբ ստեղծում են պատկերաշար՝ աստիճանաբար դետալներ ավելացնելով նկարի վրա: Սովորողները 10-30 նկար են ստեղծում, որոնք հավաքվում-պահպանվում են նախապես ստեղծված թղթապանակում:
- Երաժշտության, տեքստի (վերնագրի) ընտրություն
Սովորողների հետ քննարկել-առանձնացրել ենք երաժշտության փաթեթ, որը նպատակահարմար է, որ հնչի շարժական բացիկներում, թեև սովորողները նաև ընտրելու հնարավորություն են ունեցել: Շարժական բացիկներում հնչում են ծրագրային (ամանորյաի) երգեր, դասական երաժշտություն:
Տեքստը (վերնագիրը) կիրառել ենք որպես պատկերաշարը ամբողջացնող դետալ: Բացիկներում մուտքագրել ենք շնորհավորանք, ստուգատեսի անվանում: Բառերի դեպքում էլ փոձել ենք կիրառել աստիճանաբար ավելացող պատկերների, այս դեպքում՝ տառերի, վանկերի հնարքը:
- Որևէ մոնտաժային խմբագրի կիրառությամբ շարժական բացիկի պատրաստում
Movie maker մոնտաժային խմբագրից բացի սովորողները կիրառել են տարբեր մոնտաժային ծրագրեր: Նկարները դասավորել են ըստ ստեղծման հերթականության, ավելացրել են տեքստն ու երաժշտությունը: Ֆիլմը պատրաստելուց հետո հրապարակել են youtub-յան հարթակում, իսկ հղումը հրապարկել են բլոգում:
Այս աշխատանքները ոգևորել էին բոլորը: Այս ուսումնական տարում մեզ միացած սովորողները արագ յուրացրել են մեդիահմտությունները ու հետաքրքիր մոտեցումներ էին ցուցաբերել իրենց աշխատանքերում:
Այս աշխատանքը, բացի ՏՀՏ հմտությունները ու կարողությունները զարգացնելուց, լուծում է մի շարք մանկավարժական-հոգեբանական խնդիրներ՝
- ապահովում է համագործակցության, հաղորդակցության ակտիվ միջավայր. սովորողներին երկար ժամանակով կենտրոնացնում է որևէ աշխատանքի վրա, նրանք օգնում, բացատրում են իրար, քննարկում են միմյանց հետ,
- սովորողները սկսում են ավելի մանրակրկիտ աշխատել՝ կենտրոնանալով դետալների վրա,
- ձևավորվում են կենտրոնացած, համբերատար աշխատանքի հմտություններ, զարգանում է պատկերային ու ստեղծագործական մտածողությունը:
Այս աշխատանքը շարունակական է. բացիկներն իրենց զարգացումը կունենան հաջորդ նախագծերում: Ահա, Հանրակրթական Դիջիթեքին ներկայացնում ենք շարժական բացիկների երկու փաթեթ, որոնք դեռ համալրվում են՝
- Բացվել է 1952 անգամ