Հեղինակային կրթական ծրագրով պարսկերեն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդվող օտար լեզուներից է պարսկերենը, որը որոշակի դադարից հետո կրկին շարունակեց ուսուցանվել միջին և ավագ դպրոցներում 2018թ․ մարտի 1-ից՝ որպես լրացուցիչ կրթություն։ Իսկ արդեն 2018 թ․-ի սեպտեմբերից կրթահամալիրի սովորողները կարող են ընտրել պարսկերենը՝ որպես հանրակրթական լեզու։

Ամեն տարի Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնը կազմակերպում է պարսից լեզվի դասավանդողների վերապատրաստում, որը հարմար առիթ է հանդիսանում շփվելու Հայաստանի տարածքում գործող այլ դպրոցների դասավանդողների հետ և տարածելու կրթահամալիրում այլընտրանքային ուսուցումը։

Կրթահամալիրում, որտեղ ուսուցումը կազմակերպվում է ուսումնական նախագծերով, պարսկերենի դասավանդման նպատակն է ծանոթացնել սովորողներին մեր հզոր հարևան պետության հետ, ծանոթանալ հայկական և պարսկական ընդհանրություններ ունեցող և իրար հետ կապող մշակութային արժեքներին, հաստատել կապեր իրանցի մեր գործընկերների, Երևանում Իրանի մշակույթի կենտրոնի հետ։ Առաջնային նպատակ է համարվում ամրապնդել և զարգացնել հայ-իրանական կապերը, փոխայցելությունների կատարումը։ Սովորողները շփման և լեզվի փորձառության հնարավորություն են ունենում։

2018 թ-ից առ այսօր իրականացվել և իրականացվում են պարսկերենին և պարսկականին առնչվող բազում նախագծեր, որոնց միջոցով տարատարիք սովորողները բացահայտում են Իրանը, իրանական խոհանոցը, ճարտարապետությունը, գրականությունը։ Նախագծերին կարող են մասնակից դառնալ տարբեր առարկաների դասավանդողներ, իրականացնել համագործակցային նախագծեր և տարածել այն։

Մեր ուսումնական նախագծերը լինում են տարբեր․ սովորողները կատարում են թարգմանություններ, ընթերցում իրանական գրականություն, կատարում համեմատություններ, իրականացնում ճամփորդություններ, պատրաստում իրանական ուտեստներ։ Կատարվում են թարգմանություններ՝ հայերենից պարսկերեն, պարսկերենից հայերեն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքի պարսկերեն էջը գործուն է, մշտապես թարմացվող:

Կրթահամալիրում պարսկերենի դասավանդման և իրականացվող նախագծերի նպատակն է ընդլայնել հարևան երկրի քաղաքացիների, բարեկամ ժողովուրդների հաղորդակցումը, փոխադարձաբար ավելի լավ ճանաչել ներկայիս Իրանը, բարքերը, յուրային դարձնել հայերենը և պարսկերենը, ծանոթանալ միմյանց մշակութային արժեքներին, յուրացնել միմյանց երգ ու պարը, կարդալ միմյանց գրականությունը:

Հատուկ ցանկանում եմ նշել կրթահամալիրի համագործակցությունը Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի հետ: 2018 թ. տեղի ուենցավ Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյեդ Մոհամադ Ռեզա Հեյդարիի և դպրոցների հարցով պատասխանատու Փարվին Քազեմիի հետ հանդիպումը: Դա հրաշալի հնարավորություն էր, որ սովորողները ցուցադրեն մի քանի ամսում իրենց ձեռք բերած հմտությունները և լեզվական կարողությունները: Այս հանդիպումը համարվում է հայ-իրանական բարեկամության և համագործակցության սկիզբը:

Այս հանդիպումը հնարավորություն տվեց մեզ ցուցադրել կրթահամալիրում պարսկերենի և, ինչու ոչ, մյուս օտար լեզուների դասավանդման յուրահատուկ մեթոդները, այն նախագծերը, որոնց շնորհիվ սովորողները ծանոթանում են իրանագիտությանը, իրանական կենցաղին և մշակույթին:

Հաջորդ հանդիպումը Թեհրանի Սանաթ տեխնոլոգիական համալսարանի դասախոս և «Lecocup» կազմակերպության անդամ պարոն Յասեր Խոդադադինի հետ էր, որը կազմակերպել էր ԻԻՀ Մշակույթի կենտրոնը: Պրն Յասեր Խոդադադին ներկայացրեց իրենց համալսարանում մշակվող խաղերը, բացատրեց կանոնները և հնարավորություն տվեց, որ սովորողներն օգտվեն խաղերից:

Պարոն Յասեր Խոդադադին նշեց, որ իրենք ցանկություն ունենք մեզ հետ այնպիսի համագորձակցություն սկսել, որը հնարավորություն կտա ժամանակ առ ժամանակ այցելելու դպրոց և երեխաներին ծանոթացնելու ոչ միայն ինտելեկտուալ և տրամաբանական, այլ նաև պարսկերեն սովորեցնող խաղերին: Այս նախագիծը ևս փայլուն առիթ էր, որպեսզի սովորողներն իրենց զգան իրանական մշակույթում և օգտագործեն լեզուն:

Իրանական ճարտարապետությանը և մշակույթին ծանոթանալու նպատակով պարսկերենի ընտրության խումբը ժամանակ առ ժամանակ այցելում է Երևանի Կապույթ մզկիթ, որը հարմար առիթ է լեզվի փորձառության համար: Սովորողները ուսումնասիրում են մզկիթի ճարտարապետական կառուցվածքը, երկար ժամանակ անցկացնում մզկիթի գրադարանում, ծանոթանում գրքերին:

Իսկ ապրիլի սկզբին պարսկերեն սովորողները դասավանդողների մի խմբի ուղեկցությամբ եղան Կոնդ թաղամասի հայտնի մզկիթում, որը երկար տարիներ է, ինչ վերածվել է բնակարանի: Սովորողները նախապես պատրաստել էին ուղերձներ, որոնք պետք է ուղղված լինեին մզկիթի վերականգնմանն ու օգտագործմանը:

Կրթահամալիրում պարսկերենի դասավանդման նախագծերից է համարվում նաև իրանական տոների ուսումնասիրությունը և համապատասխան շնորհավորանքների պատրաստումը:

Առաջին տոնը, որ սովորողների հետ ուսումնասիրվեց և նշվեց կրթահամալիրում, Տրնդեզն էր, որը համարվում է միասնական տոն հայերի և իրանցիների միջև: Կրթահամալիրի ավագ և միջին դպրոցների պարսկերենի ընտրության խմբերի ջանքերով կրթահամալիրում նշվեց տարածաշրջանային Տրնդեզ՝ հայկական, իրանական, վրացական և թուրքական հետքերով:

Հաջորդը իրանական նոր տարին էր՝ Նովռուզը: Սա այն նախագծերից էր, որի հիմքում ընկած էր աշխատանքի բաժանումը: Սովորողները պատրաստեցին նովռուզյան խորհրդանշական սեղանը և շնորհավորանքներ հղեցին իրանցի ժողովրդին:

Կրթահամալիրում  սովորողները տոնեցին նաև Իրանի իսլամական հեղափոխության քառասունամյակը, պատրաստեցին պաստառներ և շնորհավորեցին Իրանին:

Մեր օրակարգում է իրանական պոեզիայի մրցույթ-փառատոնի վերաբերյալ նախագիծը, սովորողները կարդում են իրանական էպոս «Շահնամեն», որի արդյունքները կհրապարակվեն Խնկո Ապոր անվան գրադարանում հոկտեմբերին կայանալիք մրցույթ-փառատոնից հետո:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский