Հայոց լեզուն և գրականությունը 9-րդ դասարանում

Առարկայական չափորոշիչ և ավարտական քննություններ. ընդհանուր դիտարկումներ

Վերջին տարիներին դասավանդում եմ նաև 9-րդ դասարանում և տարեվերջին բախվում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության հետ կապված խնդրին: Հասկանալու համար, թե որն է այդ խնդիրը, նախ փորձենք ընդհանուր դիտարկումներ անել` արդյո՞ք ​ավարտական քննությունները արտացոլում են առարկայական չափորոշչի պահանջները: Եվ եթե՝ այո, որքանո՞վ են այդ պահանջները կիրառելի հանրակրթական և հեղինակային կրթական ծրագրերում:

Ընթերցենք Հանրակրթական հիմնական դպրոցի առարկայական չափորոշչի դրույթները. «Սովորողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջները տրվում են ըստ հանրակրթական դպրոցի երկու աստիճանների՝ տարրական և միջին՝ յուրաքանչյուրի համար երեքական մակարդակով՝ որոնք արտացոլում են աշակերտների կողմից գիտելիքների, կարողությունների ու հմտությունների յուրացման տարբեր աստիճանները։ Յուրաքանչյուր հաջորդ մակարդակ հենվում է նախորդի վրա և ներառում է նրանում նախանշված գիտելիքներն ու կարողությունները, հետևապես դրանք նորից չեն նշվում ավելի բարձր մակարդակներում։ Տարրական և միջին դպրոցների առաջին մակարդակը նախատեսում է գիտելիքների, հմտությունների ու կարողությունների այն ծավալը, որը բավարարում է կրթական հաջորդ աստիճանին անցնելու։ Երկրորդ և երրորդ մակարդակները վկայում են սովորողների ավելի բարձր առաջադիմության մասին և ավելի լայն հնարավորություն են ընձեռում շրջանավարտին՝ ուսումը շարունակելու համապատասխանաբար՝ ավագ դպրոցի հատուկ հոսքերում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում»։
Հանրակրթական  հիմնական դպրոցի առարկայական չափորոշչում ձևակերպված են Հիմնական դպրոցի սովորողների պատրաստվածությանը ներկայացվող որակական պարտադիր պահանջները`

  1. գիտելիքների համակարգ
  2. կարողություններ և հմտություններ
  3. համագործակցային կարողություններ և հմտություններ
  4. ստեղծագործական կարողություններ և հմտություններ
  5. ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ։

Հիմա փորձենք հասկանալ, թե որչափով են առարկայական չափորոշչի` սովորողներին ներկայացված պահանջները արտացոլված 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերում:
Եվ այսպես`

  1. Գիտելիքների համակարգ- այս բաժինը ներառում է գիտելիքի տեսական մասը: Թեստերում արտացոլված է ամբողջական և լիարժեք՝  երրորդ մակարդակ:
  2. Կարողություններ և հմտություններ- քերականական և գրականագիտական գիտելիք. գրավոր դաշտում համապատասխանությունն առկա է, մինչդեռ բանավոր դաշտը` հաղորդակցական հմտությունների և կարողությունների մասով ամբողջովին բաց է: Թեստերում արտացոլված է մասամբ` երկրորդ մակարդակ: 
  3. Համագործակցային կարողություններ և հմտություններ- հավաքել-համադրել, վերլուծել- պատճառաբանել, ամփոփել-եզրակացություն անել, միով բանիվ` ցուցաբերել քննադատական մտածողություն: Դաշտն ամբողջովին կամ գրեթե ամբողջովին բաց է: 
  4. Ստեղծագործական կարողություններ և հմտություններ- ստեղծագործական, տրամաբանական մտածողության առկայություն. հեքիաթներ հորինել, բեմական խոսք ստեղծել, դասընկերների հետ ներկայացումներ նախապատրաստել` հորինելով հերոսներ, միջավայր, իրավիճակներ: Դաշտն ամբողջովին կամ գրեթե ամբողջովին բաց է: 
  5. Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ- գիտելիքի գործնական կիրառություն` ձևավորել, նկարազարդել ստեղծած ալբոմներն ու գրքույկները, ստեղծել փոքրիկ բառարաններ ու քարտադարաններ: Դաշտն ամբողջովին կամ գրեթե ամբողջովին բաց է:

Իսկ հիմա փորձենք պարզել, թե որչափով են առարկայական չափորոշիչի պահանջները արտացոլվում Հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում` մայրենիի դասաժամերին:
Եվ այսպես`

  1. Գիտելիքների համակարգ- տեսական գիտելիք, որպես այդպիսին, բացակայում է կամ գրեթե բացակայում է: Բովանդակային նվազագույն պարտադիր մաս` առաջին մակարդակ: 
  2. Կարողություններ և հմտություններ- քերականական, գրականագիտական գիտելիք, ասել է թե` ճանաչողական-տրամաբանական կարողություններ և հմտություններ: Գրավոր դաշտում համապատասխանությունն առկա է մասամբ, բանավոր դաշտում` հաղորդակցական հմտությունների և կարողությունների մասով` նույնպես: Արտացոլվում է մասամբ` երկրորդ մակարդակ: 
  3. Համագործակցային կարողություններ և հմտություններ-հավաքել-համադրել, վերլուծել- պատճառաբանել, ամփոփել-եզրակացություն անել, միով բանիվ` ցուցաբերել քննադատական մոտեցում: Արտացոլվում է ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ:
  4. Ստեղծագործական կարողություններ և հմտություններ-ստեղծագործական, տրամաբանական մտածողության առկայություն` հեքիաթներ հորինել, բեմական խոսք ստեղծել, դասընկերների հետ ներկայացումներ նախապատրաստել` հորինելով հերոսներ, միջավայր, իրավիճակներ, միով բանիվ` ստեղծագործական, տրամաբանական մտածողության առկայություն: Արտացոլվում է ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ: 
  5. Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ- գիտելիքի գործնական կիրառություն` ձևավորել, նկարազարդել ստեղծած ալբոմներն ու գրքույկները, ստեղծել փոքրիկ բառարաններ ու քարտադարաններ: Արտացոլվում է ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ:

Մեկ պարզաբանում: Առարկայական չափորոշիչում ինքնուրույն գործունեության կարողությունների և հմտությունների բացահայտման դաշտը ֆիզիկական միջավայրն է, մեզանում` մեդիան: «Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը՝ ուսուցանվող նյութը ավելի մատչելի ու գրավիչ դարձնելու, յուրացման գործընթացն արագացնելու, սովորողի ինքնուրույն աշխատանք կատարելու ունակությունները զարգացնելու, նոր տեղեկատվություն ստանալու միջոցներին տիրապետելու և առհասարակ ինքնակրթության նախաձեռնությունը խթանելու նպատակով»: (Բ կետ, 2. ենթակետ, Ժ բաժին)

Առարկայական չափորոշչի «Ուսումնական գործունեության տեսակները» (Զ կետ) բաժնում խոսվում է հետազոտական աշխատանքի, կազմակերպման ձևերի,  իրականացման փուլերի մասին: Հետազոտական աշխատանքը ենթադրում է ոչ միայն տեղեկատվության որոնում, կուտակված տեղեկատվության օգնությամբ հիմնահարցի լուծման ուղիների որոնում, որոնողական աշխատանքի արդյունքների ամփոփում և ձևակերպում, այլև խնդիրների և հարցերի ճշգրիտ ձևակերպում, նախագծերի կազմում և քայլ առ քայլ իրականացում, քննադատական մոտեցում ընդունված տեսակետներին, վարկածների առաջադրում և ստուգում, լսարանի առջև փաստերով հիմնավորումն ու իր ասածի ապացուցումը: Պարզից էլ պարզ է, որ ավարտական քննության թեստերում հետազոտական աշխատանքի մասին խոսք լինել անգամ չի կարող: Այն, որպես այդպիսին, ընդհանրապես բացակայում է: Մեզանում հետազոտական աշխատանքի կազմակերպումն առանձին դեպքերում տեսանելի է բլոգավարության, երևում է մասնավորապես նախագծային ուսուցման  և ակումբային գործունեության ընթացքում:

Հետևություն
Ավարտական քննության թեստերում (խոսքը մասնավորապես 9-րդ դասարանի ավարտական թեստերի մասին է) առարկայական  չափորոշչի` սովորողներին ներկայացված պարտադիր պահանջները, մեղմ ասած, արտացոլված չեն: Թեստերում բացակայում է առարկայական չափորոշչի, թերևս ամենակարևոր բաղադրիչը` «Կարողություններ ու հմտություններ» բաժինը, որը, ինչպես նկատեցինք, կազմում է պարտադիր պահանջների գերակշիռ մասը` հինգ կետից չորսը: Թեստերը, ըստ էության, չունեն կամ գրեթե չունեն սովորողի կարողություններն ու հմտությունները ստուգող առաջադրանքներ և հարցադրումներ:

Եզրակացություն
Ավարտական քննության թեստերում, որպես հիմնարար սկզբունք, կիրառված է գիտելիքի տեսական մասը, ըստ էության, բաց է թողնված գիտելիքի գործնական մասը: Հեղինակային կրթական ծրագրերում, որպես հիմնարար սկզբունք, կիրառվում է գիտելիքի գործնական մասը, ըստ էության, բաց է թողնված գիտելիքի տեսական մասը: «Մխիթար Սեբաստացի» կտրթահամալիրում ուսուցումը հիմնականում իրականացվում է նախագծերի միջոցով, և շեշտը կարողությունների ու հմտությունների զարգացման վրա է, մի բան, որը արտացոլված չէ թեստերում:
Համոզված եմ՝  կրթության իրական իմաստը ոչ թե սովորողի գլուխը «շտեմարան» սարքելն է, այլ կարողություններ ու հմտություններ զարգացնելն է: Կրթական հենց այս քաղաքականությունն են իրականացնում Սինգապուրը, Անգլիան, Ֆինլանդիան, այս տարվանից նաև մեր հարևան Վրաստանը: 

Արդյունքների ամփոփումը և գնահատումը

Բնականաբար, հմտությունները թեստեր չեն, որ մեխանիկորեն՝  հիշողության վարժանքի ու անգիրի ճանապարհով կուտակվեն սովորողի գլխում: Հմտությունները նախ պիտի ձևավորվեն, մի սիրուն օր բացահայտվեն ու երևան գան, հետո միայն ստուգվեն և գնահատվեն: Փորձենք հասկանալ` ինչպես է դա իրականացվում կրթահամալիրի 9-րդ դասարաններում` հայոց լեզվի դասաժամերին:

Հասկանալու համար արդյունքների ամփոփման մեխանիզմը, նախ` անդրադարձ կատարենք գործող գործունեության գնահատման համակարգին: Ըստ այս համակարգի` ընդհանուր հանրակրթության համար սովորողին տրվում է նվազագույն գնահատանիշ, իսկ երկրորդ և երրորդ մակարդակների համար` առավելագույն:
Ի տարբերություն ընդհանուր հանրակրթության՝ հեղինակային կրթական ծրագիր իրականացնելու համար, ինչ խոսք, սովորողից և ուսուցչից պահանջվում են հավելյալ ջանքեր և հմտություններ: Սա առարկայական ծրագիր չէ, որ գրես, հարցեր և առաջադրանքներ կազմես և հետևես, որ սովորողները կատարեն հանձնարարությունները: Ցանկացած դեպքում մի բան ակնհայտ է. քանի որ լրացուցիչ կրթություն իրականացնող սովորողից լրացուցիչ ջանքեր և լրացուցիչ ժամանակ է պահանջվում, բնականաբար, այն իրականացնող սովորողի գնահատանիշը պետք է տարբերվի միայն հանրակրթության նվազագույն մասն իրականացնող սովորողի գնահատանիշից:

Եվ այսպես`

  1. ընդհանուր հանրակրթության, ասել է թե` գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասի` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարման համար սովորողը ստանում է 4-6 միրավոր. 
  2. հեղինակային կրթական ծրագրի սովորողը, ասել է թե` գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանք ապահովող սովորողը ստանում է 7-8 միավոր: Իսկ ի՞նչ ասել է խոսքի մշակման աշխատանք:

    Նման ուսումնական աշխատանքը ենթադրում է.

    • նախագծային աշխատանքի մասնակցություն
    • լրատվություն, կայքի, բլոգի համար նյութի ստեղծում
    • ստեղծված այլ նյութ` այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն, ռադիոնյութ, տեսանյութ
    • գրական ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն։
       
  3. Ըստ գործունեության գնահատման այս համակարգի՝ սովորողը ամենաբարձր միավոր վաստակում է ինքնակրթության համար` 9-10 միավոր:

Նման ուսումնական աշխատանքը ենթադրում է`

  • ուսումնական արձակուրդների ժամանակ արված աշխատանք
  • նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակցություն. նախագծի ղեկավարում
  • արդյունավետ բլոգավարություն. ստեղծագործական աշխատանք։

Ենթադրվում է, որ այսպիսի աշխատանքը ապահովելու է.

  • շոշափելի արդյունք կամ դիտարկելի գործունեություն
  • արդյունքների հրապարակում մեդիայում
  • ինքնագնահատում։

Սովորողը բաց, հրապարակային, այն է՝ մեդիայի միջոցով ներկայացնում է իր կատարած աշխատանքը, ամփոփում է աշխատանքի արդյունքները:

Կազմակերպումը
Միանգամայն հասկանալի է, որ ի տարբերություն ամենօրյա դասապրոցեսի՝ այս ամենը պահանջում է ուսուցման կազմակերպման որակապես այլ մոտեցում: Դասարանում միշտ էլ լինում են սովորողներ, որոնք տրված ժամանակահատվածում հասցնում են ավարտել ուսումնական պարապմունքների համար նախատեսված աշխատանքը և դպրոցում կամ տանը ազատ են տնօրինելու իրենց ժամանակը: Բնականաբար, ցանկալի է, որ նրանք զբաղվեն ինքնակրթությամբ՝ ստեղծագործեն, կարդան, թարգմանեն, վերլուծեն, այսինքն՝  ինքնակամ զբաղվեն իրենց նախընտած ուսումնական գործունեությամբ: Փաստորեն, ի տարբերություն ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանքի՝ սա սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք է, որը սովորողի ցանկությամբ և դասավանդողի աջակցությամբ կարող է դառնալ նախագիծ, ուսումնասիրություն կամ հետազոտական աշխատանք:

Եվ եթե ընդհանուր հանրակրթությունը հիմնականում ենթադրում է տեսական գիտելիք և հիշողության վարժանք (համենայն դեպս, դա է ստուգվում պետական ավարտական քննությունների ժամանակ), ապա հեղինակային կրթական ծրագիրը, ըստ էության, ենթադրում է ինքնուրույն գործունեություն և ստեղծագործական կարողություններ: 

Օգտագործված գրականություն

  • Հանրակրթության պետական չափորոշիչ
  • Հանրակրթական հիմնական դպրոցի «Հայոց լեզու, գրականություն» առարկայի չափորոշիչ և ծրագիր
  • Հիմնական դպրոցի մայրենի լեզվի ծրագիր, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский