Մուտք մանկավարժություն

Ասում են՝ երազանքները երբեմն մնում են երազանք, բայց իմ դեպքում դրանք դարձան իրողություն: Պիտի պատմեմ իմ մուտքի մասին. մուտք մանկավարժություն։ Կրթահամալիրում հայտնվել եմ որպես Քոլեջի «Նախադպրոցական դաստիարակություն» բաժնի ուսանող, ապա համատեղել եմ Հյուսիսային դպրոցի տնտեսության պատասխանատուի աշխատանքի հետ:  Դպրոցի առօրյան, մանկավարժական հավաքանին, ամենատարբեր նախագծերը, սովորողները այնքան զորեղ ու գրավիչ էին, որ չէի կարող մասնակիցը չդառնալ թե՛ ուսումնական նախագծերին, թե՛ կրթական անցուդարձին, և օր առաջ ուզում և ջանում էի դառնալ այդ հավաքանու անդամը:

Առաջին գրավիչ ազդեցությունը դպրոցում առկա անկեղծության մթնոլորտն էր: Սովորող-ուսուցիչ-տնօրեն- ծնող հարաբերությունները անկեղծ ու շիտակ են: Սխալվելու, փորձելու, ընկնելու, ձախողելու, կասկածելու, գտնելու ու բացահայտելու մանկավարժության դպրոց է՝ իր բոլոր հնարավորություններով:
Մարդը սովորաբար ունենում է անպետք, երևակայական բազում վախեր: Ինձ պատած բոլոր վախերը հաղթանակած՝ օգտվեցի  մանկավարժությունում հայտնվելու, ինձ փորձելու՝ կրթահամալիրի ընձեռած հնարավորությունից:  Ես ստանձնեցի ուսուցչի օգնականի աշխատանքը, որը նաև տրիաթլոնի կազմակերպման պատասխանատուն է Հյուսիսային դպրոցում: Ունենալով հավաքանու աջակցությունը, նաև ճանաչելով սովորողներին, որոնց համար շուրջ մեկ տարի է, ինչ ընկեր Անուշն էի,  արդեն ավելի վստահ էի, և կային նպաստավոր, աշխատանքում հաջողելու պայմանները:
Աշխատանքը 1-3-րդ դասարանների հետ, նրանց ուղեկցելը լողի, միասին լողալը, օգնելը հանդերձարանում, հեծանիվ վարելը դպրոցի հեծանվաուղիներով, ավելի ու ավելի էր ստիպում բերել կազմակերպման  այնպիսի ձևեր, որոնց միջոցով ավելի արդյունավետ  կլիներ  սովորողին ինքնակազմակերպման հմտությունների փոխանցումը, կլիներ անվտանգ, կլիներ մոտիվացիա և հաջող փորձ, որը կապահովեր մանկավարժության զարգացումը:
Լողը սովորողների ամենասիրելի գործունեություններից մեկն է:Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:
Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության  ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռքբերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են.Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը, լողից հետո արագ հագնվելը, իսկ արդեն ամռանը՝ բացօթյա լողափին  ավելանում է լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը, այդ թվում՝ հարմարավետ, հիգիենիկ, գեղեցիկ լողափի ստեղծումը, լողավազանի մաքրման և սպասարկման աշխատանքները:

Հեծանվային պարապմունքներ 1-ին դասարանում և 5 տարեկանների խմբում: Հեծանվային պարապմունքների ընթացքում սովորում ենք ճանապարհային երթևեկության կանոնները, հավասարակշռության պահպանման, ղեկը ճիշտ բռնելու, արգելակելու, դիմացը նայելու հմտությունները, որոնք անհրաժեշտ են հեծանիվ վարելիս: Ամենակարևոր փուլը հոգեբանական պատրաստվածության և վախի հաղթահարման փուլն է: Հմտությունները զարգացնելու, տեխնիկան յուրացնելու, ամրապնդելու, փոխանցելու համար լրացուցիչ օգտագործում ենք համապատասխան ուսումնական ֆիլմերը, հոլովակները: Ինչպես լողափի սպասարկումն է կարևոր տեխնոլոգիական հմտություն, այնպես էլ հեծանվաուղիների մշակումը, հեծանիվների նորոգումը: Շատ ոգևորիչ է, երբ սովորողների հետ մեր ձեռքն ենք վերցնում գործիքները և անցնում նորոգման: Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ հեծանվարշավներ գնալիս հնարավոր  է, որ ինչ-որ պահի գործիքի աշխատանքը խափանվի՝ դողը վնասվի կամ արգելակը....կարևոր է ինքնավար լինելը:

Սովորողներն ունեն լողի քայլուղին։ Հյուսիսային դպրոցից Մայր դպրոց ճանապարհն անցնում ենք մարզական թեթև վազքով, վերնանցումով հատում ենք փողոցն ու գնում դեպի Յուրի Բախշյանի այգի: Մարզական քայլքը ևս կարևոր է, քանի որ այդ ժամանակ տեղաշարժման արագությունը երկուսուկես անգամ (14 կմ/ժ) մեծ է սովորական քայլքից (5-6 կմ/ժ)։ Մարզական քայլքի տեխնիկայի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ քայլելիս անընդհատ մեկ կամ զույգ ոտքով պահպանվի շփումը գետնի հետ: Մարզական քայլքը ֆիզիկական ունակությունների զարգացման միջոց է:

Կրթահամալիրում, ըստ 4-րդ դասարանի ուսումնական պլանի, ուսումնական տարվա վերջում յուրաքանչյուր սովորող պարտադիր պետք է յուրացրած լինի հեծանիվ վարելու և լողալու կարողությունները: 4-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, տրիաթլոնի երեք բաղադրիչ՝ լող, վազք, հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի: 5-րդ  դասարանում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքներն են և մրցումները:Սովորողին առաջարկվող մարզաձևերն են նետաձգությունը, սուսերամարտը, մարմնամարզությունը, ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, ձեռքի գնդակը: Սովորողն անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի ուսումնական նախագծերի, քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ:Որպես լրացուցիչ կրթություն՝ սովորողը կարող է ընտրել լող, հեծանիվ, սեղանի թենիս, ձիասպորտ: 

Վրանային ճամբարներից մեկի ընթացքում՝ Արատեսի հարթակում, Հյուսիսի 5-րդ դասարանի սովորողները եկան առաջարկով, հարցադրմամբ, թե ինչու  է տրիաթլոնը լրացուցիչ կրթություն,այլ ոչ անհատական սպորտաձև: Ինչու՞ իրենք չեն կարող օգտվել եռամարտից: Հարցադրումը ուղղված էր կրթահամալիրի տնօրենին: Մարտ ամսին ուսումնական պլանների քննարկման ժամանակ, որին նաև մասնակցում էր կրթահամալիրի տնօրենը,  այդ հարցը նորից սովորողներն ուղղեցին տիար տնօրենին: Դրան հետևեց բարեխիղճ հետևողականությունը կրթահամալիրի տնօրենի կողմից, և ես ստանձնեցի նաև 4-5-րդ դասարանցիների տրիաթլոնի մարզիչը լինելու պատասխանատվությունը:  Սովորողների այն ոգևորությունը, որ իրենք բարձրացրել են իրենց հուզող մի շատ կարևոր հարց, և այն ստացել է լուծում, իրական մանկավարժական օրհնանք էր՝ հաղթանակ:  Երկուշաբթի և հինգշաբթի օրերին իրական ծես է՝ ինչպես են իրար գլխի հավաքվում, նախորդ օրը ինչպես են պայմանավորվում, ճանապարհը, զրույցները դեպի լողավազան և եռամարտի դպրոց... որպես կազմակերպիչ շատ լավ եմ զգում այդ միջավայրում:

-Հարգելի տիար Բլեյան, հայտնում եմ շնորհակալություն մեր խնդրանքով 5-րդ դասարանի ուսումնական պլանում տրիաթլոնը ներառելու համար: Այսօր մեր խմբի առաջին պարապմունքն էր:

Պարապմունքի մասին կպատմենք մեր բլոգներում։

Իրականում սովորողների բաձրացրած հարցը շատ կարևոր եմ համարում, տրիաթլոնի պետք է տիրապետեն բոլոր սովորողները, թեև դա արտացոլված  է նաև ուսումնական պլանում, սակայն եթե կան այլ դպրոցներից տեղափոխված սովորողներ, ի՞նչ անել այդ դեպքում, կամ  եթե բա՞ց է մնացել այդ հմտությունների ձեռքբերումը: Այս իրական դիպվածով առաջնորդելով, կարծում եմ, որ մյուս սպորտաձևերը ևս կարող են լինել լրացուցիչ կրթության հարթակում:
4-5-րդ  դասարանցիների ընտրությամբ գործունեության մեջ լողի պարապմունքի ներառումը խրախուսվեց սովորողների, ծնողական համայնքի կողմից։ Սովորողներն իրենց բլոգներում մեծ սիրով պատմում են այդ մասին։
Փորձը ցույց տվեց, որ նախաձեռնությունը հաջողված է, կարելի է կիրառել նաև կրթահամալիրի մյուս դպրոցներում՝ թույլ տալով սովորողին որոշում կայացնել, թե ինչպես են ուզում կազմակերպել իրենց  ընտրությամբ գործունեության ժամերը։ Շարունակությունը կլինի մյուս դպրոցների հետ համատեղ փորձերը, ստուգատեսներ կազմակերպելը, մրցելը։

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский