Գրաբարը կրտսեր դպրոցում

Ինչպես հայերենի և հայոց պատմության ուսումնասիրության համար, այնպես էլ եկեղեցական արարողակարգի ներկայացման և ընկալման համար գրաբարի իմացությունը հիմնաքարային նշանակություն ունի: Ազգային ակունքներն իմանալու,  ստեղծված գրականությունն ուսումնասիրելու համար գրաբարի իմացությունը կարևոր է:

Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ պարզեցի, որ Եվրոպայի 30-ից ավելի երկրների դպրոցներում ուսումնասիրում են հին հունարենը, աշխարհի շատ երկրներում դպրոցների պարտադիր ուսուցանվող առարկաներից է լատիներենը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այս լեզուների իմացության շնորհիվ շատ հեշտ է սովորել այլ լեզուներ, ճանաչել համաշխարհային մշակույթը, արվեստը, տարբեր լեզուների, ազգերի, քաղաքակրթության ծագումն ու զարգացումը։ 
Իսկ մեզ՝ հայերիս համար մեր արմատներին ու մշակույթին հասու լինելու համար կարևոր է գրաբարի դերն ու նշանակությունը կրտսեր տարիքից սերմանելը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գրաբարյան տեքստեր յուրացնելը ամենօրյա գործունեություն է։ Բազմաթիվ են ծեսերի ժամանակ երգվող գրաբար գրված երգերը: Կրտսեր դպրոցում դրանք իրականացվում են անգիր անելով, քանի որ տարրական դպրոցի սովորողները չեն կարող կարդալ գրաբար:

Միտքը՝ 2-րդ դասարանում գրաբարն ավելի հասկանալի դարձնելու, հղացավ «Դյուցազնապատում» նախագծի ընթացքում, երբ սովորողները յուրացրին «Արտաշես և Արտավազդ» առասպելից փոքրիկ հատված: Տեսնելով երեխաների ոգևորությունը նոր նյութի նկատմամբ, կիրառելով խաղային բոլոր հնարավոր մեթոդները (Արտաշեսի և Սաթենիկի զրույցի «կենդանացում», Արտավազդի ու հոր զրույցի քննարկում )՝ սկսեցինք «Գրաբարը կրտսեր դպրոցում» նախագիծը:

Նախապես քննարկեցինք նաև սովորողների ծնողների հետ, ստացանք նրանց ոգևորիչ արձագանքները: 

Մհեր Պետրոսյանի մայրիկ Մարինա Գևորգյանը գրեց․«Իմ կարծիքով  միտքը հրաշալի է,  որ երեխաները լսեն,  ծանոթանան և սովորեն մեր առասպելների, պատմական անձերի մասին վիպական երգերը»: Նանե Գևորգյանի մայրիկ Գայանե Գևորգյանը՝ «Շատ ուրախ եմ, որ այս տարիքում ուսումնասիրում են նաև գրաբարը: Շատ լավ մտահղացում է»: Մարիա Սահակյանի մայրիկ Աննա Ղուկասյանը արձանագրել էր՝ «Հրաշալի գաղափար է»: Պռոշյան Ալենի մայրիկ Նազելի Սամսոնյանը՝ «Մենք նույնպես շատ գոհ ենք, որ այս տարիքում ուսումնասիրում եք գրաբարը: Ալենը մեծ սիրով տանը ասում է»։

 Իհարկե, համեմատելի չեն գրաբարը կրտսեր և ավագ տարիքում սովորողին հասկանալի դարձնելու մեթոդները: Կրտսեր դպրոցում քերականությունը դառնում է երկրորդական, առաջ են մղվում ուղղախոսությունը, բառերի ճիշտ հասկանալը, լսել-«անգիր անելու» փոխարեն ինքնուրույն կարդալու, կարդացածը բառարանի օգնությամբ հասկանալու և մեկնաբանելու կարողությունների զարգացումը: Վաղ տարիքում գրաբարը հասկանալու շնորհիվ ավելի հեշտ կլինի ավագ տարիքում նոր գրականություն ուսումնասիրելը, տեքստերը յուրացնելը, մեկնաբանելը։

Շատ կարևոր է սովորողներին բացատրել գրաբարի ազդեցությունն իրենց վրա։ Նրանք չեն կարող սիրով սովորել մի բան, որն այդքան էլ «իրենցը չէ»:

Հիմա կարդում ենք, վերլուծում փոքրիկ հատվածներ, միացնում գրաբար գրված  երգերին: Նախագծի շարունակությունը եղավ Հյուսիսային դպրոցի երաժշտության մասնագետ Հասմիկ Մաթևոսյանի օգնությամբ փոքրիկ ներկայացումների բեմադրումը (միացնում գրաբարով գրված տեքստն ու ժամանակակից ռիթմերը): 

Այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չհետևեինք մի պարզ մեթոդի. ուսուցչի գործառույթը ոչ թե սովորեցնելն է, այլ նպաստելը, որ երեխան սիրի սովորելը։ Այս դեպքում՝ ուսումնասիրելով գրաբար, երեխան մոտենում է իր ակունքներին, ավելի է ամրապնդվում լեզվի նկատմամբ սերը։

Կրթահամալիրում բազմաթիվ կրթական փոխանակման ծրագրեր են իրականացվում պոլսահայերի հետ։ Գրաբարը, հետագայում նաև արևմտահայերենը հասկանալը ավելի կհեշտացնի արևմտահայերեն խոսող սովորողների հետ շփումը ավելի վաղ տարիքից։ Լեզվի տարբեր փուլերին ծանոթանալը կամբողջացնի մեր լեզվի ու մտածողության շուրջ սովորողի պատկերացումը։

Որպես նախագծի այս տարվա ամփոփում՝ այցելեցինք Մատենադարան՝ ծանոթանալու ամենահին ձեռագրերին։

Տպավորություններն աննկարագրելի են։

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский