Հեղինակային կրթական ծրագիր. խոհանոց-լաբորատորիա
Primary tabs
Ես՝ Մարիետա Թադևոսյանս, աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզում։ Արդեն 17 տարի աշխատում եմ որպես ավագ խոհարար:
Ինչպես կրթական ծրագրերն են հեղինակային և նախագծային, այնպես էլ խոհանոցային գործընթացն է այդպիսին։ Խոհանոցը կարծես մի անծայրածիր, երևակայական աշխարհ լինի, բայց չմոռանանք ամենակարևորի՝ սիրո մասին, առանց որի ոչինչ չի ստացվի:
Խոհանոցային աշխարհը համագործակցություն է թե՛ դասվարների, թե՛դաստիարակների, թե՛ սաների և թե՛ վերապատրաստվողների հետ: Միմյանցից սովորելով և միմյանց սովորեցնելով, իրար լսելով, զրույցներով, սոցցանցերից հետաքրքիր բաղադրատոմսեր հայտնաբերելով՝ ստեղծագործում ենք, «արարում» նորանոր ճաշատեսակներ՝ շատ կարևորելով գեղագիտական մոտեցումը, որն էլ ավելի ախորժելի է դարձնում ուտեստը։ Եվ այս ամենը ներկայացնում ենք որպես խոհանոցային ուսուցում և ներկայանում մեր հեղինակային - խոհանոցային նախագծերով։ Կրթահամալիրում ճաշացանկը միասնական է, որը նախօրոք մեզ է ուղարկվում: Ճաշացանկը գրվում է առողջագետի կողմից՝ համաձայնեցնելով խոհարարի և ծրագրի ղեկավարների հետ: Մթերքը ստանում ենք մրցույթով շահած կազմակերպություններից շաբաթական երկու անգամ թարմ վիճակում: Նախ՝ ստուգվում են քաշը և որակը, որից հետո տեղավորում ենք համապատասխան տարաների մեջ:
Մեր առավոտյան գործունեության նկարագիրը
Սնունդը ստանում ենք երեխաների թվով՝ ըստ օրվա ճաշացանկի։ Օրն սկսվում է առավոտյան ժամը 08։00-ից: Սեղանները մաքրում ենք ախտահանիչ լուծույթով, օդափոխում տարածքը։ Միացնելով համակարգիչը՝ ծանոթանում ենք օրվա ճաշացանկին: Նախակրթարանը և դպրոցը 09:15-ին տեղեկություն են տալիս տվյալ օրվա սովորողների մասին: Գրասենյակի ղեկավարի ներկայությամբ կշռում և սնունդը տեղափոխում ենք խոհանոց, և սկսվում է խոհանոցային եռուզեռը առավոտյան պարապմունքի ելևէջների ներքո:
Նախակրթարանի սաները սնվում են օրը 3 անգամ՝
- նախաճաշ՝ 09։30-10։00
- ճաշ՝ 12։00-12։30
- հետճաշիկ՝ 15։00-15։30 ընկած ժամանակահատվածներում:
Երկարացված օրվա կազմակերպում
Ժամը 11։00-ից սկսվում է բրդուճների պատրաստումը, իսկ 14։00-ին ճաշի ժամն է: Սպասարկումը կատարում են օրվա հերթապահները խոհարարի օգնությամբ։ Ճաշին միշտ ունենք փլավ և աղցան, որոնք լինում են սեզոնային և բազմազան: Խոհանոցը բաց է և թափանցիկ և միևնույն ժամանակ շատ հիգիենիկ։ Թափանցիկությունը ծնողին թույլ է տալիս տեսնել և վստահել մեզ։ Թաքցնելու ոչինչ չունենք, քանզի աշխատում ենք թարմ և որակյալ մթերքներով։ Ճաշացանկում լինում են նաև թխվածքաբլիթներ, որոնք պատրաստում ենք տեղում սաների հետ։
Կրթահամալիրում շատ են ազգային ծեսերը։ Ծիսական նախագծերի ժամանակ պատրաստում ենք ազգային ուտեստներ՝ հարիսա, ղափամա, զատկական փլավ, գաթաներ: Միասին Թթուդրիկի ծես ենք իրականացնում, Լավաշթխիկի ծեսին էլ լավաշ ենք թխում։ Ծիսական խոհանոցային գործունեությունն իրականացնում ենք դաստիարակ-դասվար, սան-ծնող միասնական համագործակցությամբ, երգ ու պարով։
Իսկ ամռան բերքահավաքի ժամանակ սովորողների հետ մեր այգու ծառերից հավաքում ենք մրգեր և պատրաստում ենք հյութ, չիր, թթու լավաշ: Խոհանոցային գործունեության մեջ շատ կարևոր է սիրով պատրաստելը:
Խոհարարի գլխավոր խորհուրդն է՝ լինել համեղ և անբիծ, ստեղծական ու մոբիլ, ինչպիսին մեր հեղինակային կրթական բաց խոհանոց-լաբորատորիան է:
- Բացվել է 865 անգամ