Երաժշտությամբ ուսուցումը՝ համընդհանուր ներառականության օրինակ

«Մանուկն ինչ զգացումի տակ որ ըլլա, այդ զգացումը կարտահայտե որոշ երգերով: Երգը ներքին հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձևն է, ուրեմն շարժում մըն է, և պարն էլ ինքնին շարժում մը ըլլալով, երգը կզուգորդի պարին հետ: Զգացումներն ինչ ուղղությամբ որ ընթանան, երգն ու պարն ալ նույն արտահայտությամբ երևան կուգան: Արդ կրնա ըմբռնվիլ, թե որքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ երգեցողությամբ ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը»:

Կոմիտաս

Երաժշտությունը  համամարդկային լեզու է, որը  թարգմանության կարիք չունի: Այս լեզվով  են խոսում և հաղորդակցվում  միմյանց հետ հազարավոր մարդիկ: Երաժշտության դասավանդումը սերտորեն կապված է հայոց լեզվի և գրականության խնդիրների հետ: Որպես երաժիշտ՝  ուզում եմ ներկայացնել իմ մոտեցումները, պատկերացումները և տարիների փորձը  «Երաժշտությամբ ուսուցումը՝  համընդհանուր ներառականության օրինակ» թեմայի շուրջ:

Բոլորը գիտեն, որ երաժշտությունը կրթում և դաստիարակում է մարդուն, հղկում է ճաշակ, ինտելեկտ, օգնում է աշխարհայացքի  կերտմանը և ձևավորմանը:  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժշտության հեղինակային ծրագիր իրագործելու համար ստեղծված  են բոլոր անհրաժեշտ  պայմանները, որոնք նպաստում են սովորողների ինտեգրմանը:

Երաժշտական նախագծերը, որոնք կառուցվում են  խմբային երգեցողության և պարի,  համերգների, ծեսերի և տոների իրականացման,  ինչպես նաև երաժշտատեսական գիտելիքների, երաժշտառիթմիկ ընդունակությունների զարգացման վրա՝  կարևորվում  է անհատի ընդունակությունների բացահայտումը  և թիմային մտածողության ձևավորումը:Անհատի ընդունակությունների բացահայտումը  կատարվում է հատուկ մոտեցմամբ: Քանի որ երաժշտական  արտահայտման ձևերը բազմազան են՝  գեղեցիկ, մաքուր երգեցողություն,  ձայն, զարգացած ռիթմիկա, պարի մեջ ճկունություն, երաժշտական հիշողություն և այլն, սովորողները անկաշկանդ գտնում են  իրենց  հարազատ, մոտ ձևերը և դասապրոցեսում ազատորեն ուղղորդվում են իրենց  ընդունակությունով: Թիմային աշխատանքը նպաստում է, որ բազմաթիվ խնդիրներ ունեցող սովորողները ձերբազատվեն իրենց բարդույթներից:

Դժվարությամբ են ներառվում դասապրոցեսին՝

  • լեզվական խնդիր ունեցող սովորողները՝  արտասահմանից եկած, ընտանիքում այլ լեզվով խոսող, այլազգի, ոչ հայկական դպրոցից տեղափոխված,
  • ներառական կրթություն ստացող սովորողները՝ աուտիզմ, դաունի սինդրոմ, լսողական․․․,
  • ընտանիքում խնդիրներ ունեցող սովորողները՝  նյարդային, հոգեբանական  և այլն:

Կոմիտասյան օրերի շրջանակում 3.1 դասարանում, որտեղ կան շատ սիրիահայ սովորողներ, իրականացրեցի «Մի երգի պատմություն» նախագիծը: Սովորողները պատմում էին  իրենց սիրելի կոմիտասյան երգերի մասին և վերջում  երգում: Նրանց ինքնավստահ և անկաշկանդ պահվածքը  շատ ուրախացրեց  և զարմացրեց ինձ:

Երաժշտական բազմաթիվ նախագծերի շնորհիվ  այս  սովորողների մեծ մասը հաղթահարում է իր բարդույթները, ներառվում  կրթահամալիրի  ուսումնական առօրյային և կյանքին:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2014 թվականից հեղինակային կրթական ծրագրով և հաստատված  ուսումնական օրացույցով իրականցվում է ծեսով ուսուցում: «Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց» նախագծի շրջանակում  Հյուսիսային դպրոցում իրականացվել են  բազմաթիվ ծեսեր: Ծեսը, բացի երաժշտականից՝, իր մեջ պարունակում է բազմաթիվ շերտեր, որոնք պահանջում են տեխնոլոգիական, հայրենագիտական, բնագիտական, մարզական, պատմական, լեզվական  լուծումներ:  Այն իր մեջ ներառում  է խաղ,  թատրոն,  բեմադրություն, իմպրովիզացիա: Այսպիսով՝ ծեսը դառնում է միավորող, համախմբում է մարդկանց, պահանջում իրար կապվող մտքեր, գաղափարներ, միասնական գործողություններ: Ծեսի կազմակերպման նոր և ժամանակակից ձևը գրավում է սովորողներին, հեշտորեն ներգրավում է նրանց, ծնողական համայնքին, նպաստում համատեղ նախագծերի իրականացմանը:

Ծեսերի  և տոների նպատակը այն  սովորողինը դարձնելն է, որ նա իրեն մասնակից ու փոխանցող զգա: Սովորողի համար ծեսը դառնում է իսկական ուսումնասիրության և հետազոտության աղբյուր: Նրանք կարողանում են համացանցից, ընտանիքի անդամներից, գրքերից  տեղեկություններ հավաքել, գրառել, հորինել ասացվածքներ, խոսքեր, հանելուկներ, ստեղծել իրենց  սեփական ներկայանալի  կերպարները, պատրաստել ուտեստներ և այլն:

2018թ. ամռանը Ստամբուլի Գարագյօզէան վարաժարանի  սաները եղան կրթահամալիրում և մասնակցեցին «Հարսանեկան ծեսին»: Իրենց հետ ես  իրականացրեցի  հարսանեկան ծիսական երգերի և պարերգերի ուսուցում: Թվում էր,  ուսուցումը բարդ է լինելու, բայց, ի զարմանս ինձ, ստամբուլահայ սովորողները շատ արագ ներառվեցին և յուրացրեցին ուսումնական նյութը: Ծեսով ուսուցումը կոտրեց մեր միջև եղած բոլոր  լեզվական և մշակութային բարդույթները և համախմբեց բոլորիս:

Սովորողը ներառվում է  դասապրոցեսին  խաղով, խաղերգով, ռիթմիկ վարժություններով: 2017 թ.  Թբիլիսիի  Գլդան համայքի ամենամեծ՝  2օ5  մանկապարտեզի ավագ խմբում իրականացրեցի երաժշտական բաց դաս-պարապմունք: Սաները բացառապես վրացախոսներ էին: Խաղի միջոցով հնարավոր եղավ նրանց վստահությունը շահել և անգամ հայկական ժողովրդական խաղերգ սովորեցնել:

Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանում ներառական կրթություն ստացող սովորողներ շատ են: Այստեղ ևս իրականացրեցի ընկուզախաղեր՝ ինտեգրելով  խաղի մեջ բոլոր սովորողներին:

Դեկտեմբերի վերջին կրթահամալիրի Միջին դպրոցի սովորողների հետ «Ամանորյա ծես» նախագծով եղանք  Ստամբուլի նույն  վարժարանում: Նախատեսված ծրագրից բացի, որը իրականցնում էի  10-12 տարեկան սովորողների  հետ,   տնօրենի  խնդրանքով  5, 6 տարեկանների խմբում իրականացրեցի նաև ամանորյա ընկուզախաղեր: Սկզբում  լեզվական շփումը բավականին բարդ էր:  էլի բախվեցին արևելահայերենը և արևմտահայերենը: Այս անգամ էլ ծիսական խաղը հարթեց այդ բարդությունները: Չնայած ես օտար մարդ էի խմբում՝ սաները արագ կապվեցին ինձ հետ, մի լավ խաղացին ընկույզներով և զվարճացան:

Ծեսերից հետո, համընդհանուր ներառականության առումով, ամենահաջողվածը  մեդիաուրբաթ-համերգներն են: Համերգները ևս   ընդգրկում են ներառվող  բոլոր օղակները, խմբերն ու ակուբները, սովորողներին, դասավանդողներին, ծնողական համայնքին, գործընկերներին: Մեդիաուրբաթ-համերգի մեջ կա մշակված սցենար, գործողությունների շարք, երգ, պար խաղ, ընթերցում, հանդերձանք, սովորողին հետաքրքիր նոր  ուսումնական նյութ, ինչն  էլ շատ է գրավում նրանց: Այստեղ կարևոր է նախապատրաստական փուլը՝  ընտանեկան ֆլեշմոբներ, ծնողական սեմինար-պարապմունքներ, միասնական, ընդհանրական փորձեր, ուսումնական նյութերի ստեղծում, ցուցադրում և տարածում:

«Դյուցազնապատում» և  «Ավանդապատումներ-զրույցներ՝ եռապատում» մեդիաուրբաթ-համերգներին  մասնակցել են  գրեթե բոլոր սովորողները, իսկ  «Դյուցազնապատում» ընտանեկան ֆլեշմոբին՝  բազմաթիվ սովորողներ իրենց ընտանիքներով:

Ծնողների ընդգրկումը մեդիաուրբաթ-համերգներին և մասնակցությունը ծեսերին ևս համընդհանուր ներառականության օրինակ է:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժշտության հեղինակային մանկավարժական ծրագրով իրականցվում է ոչ միայն  ազգային և ժողովրդական, այլև հոգևոր երգերի ուսուցում: Երկու դեպքում էլ երգերը  ուսուցանելուց լեզվական խնդիրներ են առաջանում: Ժողովրդականի դեպքում բարբառն է: Հոգևորի դեպքում՝ գրաբարը:

Սովորողը երգի  բարբառային լեզուն  հաղթահարում է խաղի, վանկատման, կերպարայնության, պարի, մեխանիկական հիշողության շնորհիվ: Ժողովրդական երգերում մեղեդին պարզ է: Հոգևոր երգերի ուսուցանման դեպքում բարդ են և' լեզուն և' մեղեդին:  Եթե մեկ ամսվա ընթացքում կարելի է նրանց  սովորեցնել 8-9 ժողովրդական երգ, ապա հոգևոր երգը չի կարող անցնել 2-ը: Հոգևոր երգը ուսուցանվում է խմբային երգեցողության և ունկնդրման միջոցով:

2018 թվականի փետրվարից կրթահամալիրում իրականaցվում է «Ուսումնական ժամերգություն» նախագիծը: Այս նախագծի գլխավոր նպատակն է հոգևոր մշակույթի յուրացումը և այդ մշակույթի սահուն մուտքը հանրակրթություն, նրա արժանի գնահատումը երաժշտության, առարկայական այլ ուղղություններում, տարածումը: Ամեն ուրբաթ, ժամը` 9.00-9.15, Սբ. Երրորդություն եկեղեցում տեղի է ունենում ուսումնական ժամերգություն, որին մասնակցում են կրթահամալիրի Կրտսեր, Միջին, Ավագ դպրոցների և Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, գործընկերներ: Այս նախագիծը ևս համընդհանուր ներառականության օրինակ է: Սովորողը շփվում է տարբեր խմբերի հետ, յուրացնում է իրեն ծանոթ և անծանոթ հոգևոր երգերը, ունկնդրում է մենակատարներին: Ուրբաթյան ժամերգություններ  են լինում  ոչ միայն Երևանում, այլև՝ Հայաստանի տարբեր մարզերի եկեղեցիներում և նրա սահմաններից դուրս:

Ստամբուլում տեղի համայնքի և  կրթահամալիրի Ավագ, Միջին դպրոցների  սովորողների հետ  իրականացրեցինք  ուսումնական ժամերգություն:

Համընդհանուր ներառականությանն են նպաստում նաև  առավոտյան ընդհանուր պարապմունքները: 15 րոպեանոց տողանին են մասնակցում բոլոր դասարանների սովորողները: Միասին երգում են, պարում, ընթերցումներ կատարում, մարզվում , ծննդյան տոն շնորհավորում, ծանոթանում են իրար հետ: Շատ անգամ պարապմունքներին են միանում  ծնողները, վերապատրաստվող դասավանդողները, գործընկերները: Սովորողը այս միաջավայրում անկաշկանդ ցուցաբերում է իր հմտությունները:

Կրթահամալիրում յուրահատուկ ներառականության հարթակ են ապահովում կոմիտասյան նախագծերը : Ի շնորհիվ իրականացվող նախագծերի՝ Կոմիտասը մտնում է ընտանիք, տարածվում է ավելի լայն շրջանակներում: Կոմիտասյան նախագծային ամփոփումները դառնում են համակրթահամալիրայինհամաերևանյան: Նախագիծը դառնում է միավորող և իր մեջ է ներառում  նաև կրթահամալիրի ծրագրերով հետաքրքված գործընկերներին:

Երաժշտական ինտեգրող  նախագծերից է նաև  «Ռիթմի թատրոնը»Այն փորձարարական է և սովորողին թույլ է տալիս ազատ ռիթմիկ փորձեր, իմպրովիզացիաներ անել: Ելույթների ժամանակ ռիթմիկ երաժշտական համարների մեջ են ներգրավվում բոլորը:

Կրթահամալիրի երաժշտական նախագծերը ոչ միայն միավորում  և ներառում են  սովորողներին, ծնողներին, այլև  դառնում են  Բլեյան կրթական ցանցի  գլխավոր կապող-միավորող հանգույցներից մեկը ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում՝ ընդգրկելով մասնակից բազմաթիվ խմբեր, համույթներ և ներառելով նախկին և նոր գործընկերներին, նորոգելով հին և վերագտնելով նոր կապեր:

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский