Գրքեր։ Իմացություն։ Խնդիրներ

Ընտանեկան դաստիարակության արվեստը

Մանկավարժական էսսե

Սկիզբը
Նախորդ հատվածը

Դպրոցական օրերը ուրախացնում էին քեզ։ Կյանքը փոխվել էր, նոր ընկերներ էին հայտնվել, նոր հոգսեր։ Ընտանիքում էլ էր քո կարգավիճակը փոխվել․ դու դպրոցական էիր, դու արդեն մեծ էիր։ Քո կարգավիճակը փոխվել էր ոչ այնքան պաշտոնապես, որքան իրապես. մենք կարևորում էինք այն փաստը, որ դու արդեն դպրոցական ես, և քեզ վերաբերվում էինք որպես լուրջ տղայի, որն ունի իր պարտականությունները։

Դպրոցում տոնի «նախապատրաստություններ» են։ Դու մեզ ես բերում գեղեցիկ ձևավորված հրավիրատոմս, որով տեղեկացնում ես. «Իմ սիրելի՛ մայրիկ ու հայրիկ, մենք ավարտել ենք տառուսուցումը։ Այժմ ես կարող եմ գրքերն ինքնուրույն կարդալ և պետք է շատ կարդամ։ Հրավիրում եմ ձեզ մեր Այբբենարանի տոնին»։

Տոնը փառահեղ ստացվեց։ Շատ մայրիկներ, հայրիկներ, տատիկներ ու պապիկներ, քույր ու եղբայրներ կային։ Ձեր պարերը, երգերը, ելույթները կախարդել էին մեզ, և մենք հիացմունքով ծափահարում էինք։

Տանը հանդիսությունը շարունակվեց։ Բոլոր հարևաններն իմացան, որ մեր Պաատան գրել-կարդալ է սովորել, նրանք շնորավորեցին և՛ քեզ, և՛ մեզ։ Մենք երախտագիտությամբ ընդունեցինք շնորհավորանքները, և դու տեսար, զգացիր, թե մենք որքան հպարտ ենք, որ մեր որդին քայլ է արել դեպի իմացության առաջին կարևոր, գուցե ամենակարևոր ոլորտը։

Ի՞նչ է նշանակում գրել-կարդալ կարողանալ։ Չի կարելի մարդկության այս մեծագույն հայտնագործությանը մատների արանքով նայել։ Գիրն ու ընթերցանությունը հորինվել են ոչ զվարճանքի համար։ Նրանք նույնպիսի զենք են մարդու կյանքում, ինչպիսին առաջին կրակը, առաջին քարե մուրճերը, առաջին փայտե գութանը, առաջին անիվը, առաջին շոգեքարշը, առաջին էլեկտրական լամպի լուսարձակումը, առաջին տրակտորը, առաջին հեռուստացույցը, առաջին ատոմային սառցահատը, Երկրի առաջին արբանյակն ու առաջին տիեզերանավը։

Գրագետ լինելուն տիրապետելը բոլոր գիտություններին հասնելու համընդհանուր կարողություն է, այն գիտություն է` ուղղված մշակույթի և քաղաքակրթության պահպանությանն ու հարստացմանը։ Գրագետ լինելը թևեր է մարդու համար, որ օգնում է նրան թռչելու դեպի անցյալ ու ապագա, հարաբերվելու անցյալի և ապագայի սերունդների հետ։ Այն մարդու աչքն է, որն ուղղված է սեփական հոգուն, սեփական «ես»-ին հասնելուն։ Ընթերցանությունը մարդկանց հոգևոր կյանքի հիմքն է, գիրը՝ ապագա սերունդների հանդեպ հոգատարության դրսևորման ձև։

Ժամանակակից մարդը, որ ապագայի մարդն է, չի կարող ապրել առանց գրքի։ Ընթերցանությունը նրա կյանքում վերածնվելու կարևորագույն միջոցն է, ինքնակատարելագործում և ինքնակրթություն։

Այսպիսին է իմ վերաբերմունքը կարդալու և գրելու կարողությանը, դրա համար էլ ուրախանում էի, որ դու տիրապետում ես մարդկային բնույթի այդ կախարդական շնորհին։ Բայց շնորհին տիրապետելը դեռ ամեն ինչ չէ, պետք է կարողանալ օգտվել դրանից, պետք է կարողանալ սիրել և գնահատել այն։ Եվ մեր ընտանիքում առանձնահատուկ հոգատարություն ձևավորվեց՝ քեզ ընթերցանությանը, գրքերին ընտելացնելու, թողնելու, որ ընթերցանության միջոցով իմացության հրճվանք զգաս, շփվելու երջանկություն՝ ընթերցանության միջոցով, քո մեջ գրքերի նկատմամբ կիրք ձևավորելու և նրանց հետ բարեկամանալու։

Ինչպե՞ս դա անենք։
Քեզ շրջապատենք բազմաթիվ նկարազարդ գրքերո՞վ։
Պահանջենք քեզանից, որ դու պարտադիր հերթականությամբ ամեն օր մի քանի էջ կարդա՞ս։
Բերենք քեզ միանշանակ, վախեցնող մի քանի օրինակ, թե տարիներ հետո ինչի կհասցնի քեզ գրքերի հանդեպ անբարյացակամ վերաբերմո՞ւնքը։
Բացատրենք քեզ, որ ընթերցանությունը քո մտավոր զարգացման համար անհրաժեշտությո՞ւն է։

Դա ճիշտ է. կայացող անձի լիարժեք, բազմակողմանի զարգացումն անհնար է առանց հոգևորը հարստացնող գրքերի ընթերցման։

Գուցե դիմենք այսպիսի հղկված, ավանդական մեթոդների՞. սկսենք կարդալ հետաքրքիր պատմություն և ընդհատենք ընթերցանությունը «ամենահետաքրքիր տեղում» այն հույսով, որ գոնե հիմա ինքդ կձեռնարկես ընթերցումը։

Մեր դաստիարակչական պրակտիկան չի կարողացել մերժել ընթերցանության հանդեպ հետաքրքրության և պահանջմունքի այս բոլոր դաստիարակչական ուղիները։ Մենք այդպիսի նպատակ էլ չունեինք։ Գուցե արժե արդարացնել ցանկացած մեթոդ, որն ընդունակ է ինչ-որ չափով կապել երեխային ընթերցանության հետ։ Բայց մենք նախընտրեցինք օգտվել դրանցից միայն այն չափով, ինչ չափով դրանք ընդհանուր համակարգում օգտակար կլինեին։ Իսկ այդ ընդհանուր համակարգում ընթերցանության հանդեպ հետքարքրությունների և պահանջմունքների դաստիարակության այդ կարևորագույն մեթոդին ենթակա դարձրինք ընթերցանության ընտանեկան մթնոլորտը, ընտանեկան կյանքում գրքի պաշտամունքի մթնոլորտը։

Ես համոզված եմ․ երեխան հեշտորեն է տարվում ընթերցանությամբ, եթե ամբողջ ընտանիքը, ընտանիքի բոլոր ավագ անդամները տարված են լինում դրանով, եթե ծնողները մշտապես բացահայտում են նոր գրքեր, ուրախանում՝ հետաքրքիր գիրք ձեռք բերելով, զրույցներ են վարում կարդացած գրքերի մասին, հոգում իրենց տրամադրած գիրքը ժամանակին վերադարձնելու մասին, անհանգստանում են այն գրքերի համար, որոնք տվել են ուրիշներին՝ կարդալու, պահպանում են գիրքը, սիրում են կանգնել գրապահարանի առջև և նորից անդրադառնալ դրանցից մի քանիսին, կազմակերպում են գրքերի ընտանեկան ընթերցումներ։ Ընթերցանությունը պետք է թագավորի ընտանիքում, և շնչելով այդ մթնոլորտը՝ երեխան, առանց հատուկ ջանքերի, առանց հիվանդագին ապրումների, հակվում է ընթերցանությանը։

Ինչո՞ւ այդպես անզուսպ դպրոց գնալու ձգտող, իր կրթության գրեթե միակ մոտիվը կարդալն ու գրելը հայտարարելող երեխան, գրագիտությանը տիրապետելով, հանկարծ սկսում է հրաժարվել գրքից։ Մայրիկներն ու հայրիկները վհատվում են․ «Երեխան կարդալ չի սիրում»։ Կիրառվում են ստիպողական միջոցներ։ Եվ հաճախ պատահում է, որ երեխան ամբողջ կյանքում թշնամաբար է տրամադրվում գրքին։

Սրա պատճառը շատ պարզ է. երեխան դեռ չի զգացել կարդալու համը, նա գիտի տառերը, բայց կարդալ չի կարողանում։ Նա կարող է կարդալ բառը և նախադասությունը, բայց չի հասկանում կարդացածը։ Տառերի հնչունավորումը նրա համար իմաստ դեռ ձեռք չի բերել։

Եվ ահա այս ընդհանուր ընտանեկան, ընթերցողական միջավայրում մայրիկն ու հայրիկը պետք է ժամանակ գտնեն, որ իրենց զավակի հետ մի տասնհինգ րոպե նստեն ու հանգիստ իրավիճակում օգնեն նրան մեկ-երկու էջ կարդալ մանկական գրքերից, հեքիաթների գրքերից։ Ընդգծում եմ՝ հանգիստ իրավիճակում, քանզի այնքան էլ դժվար չէ կորցնել ինքնատիրապետումը՝ լսելով, թե որքան դանդաղ է կարդում երեխան, ինչպիսի «տարրական» սխալներ է անում, ինչքան «անընդունակ» է՝ հասկանալու կարդացածը։ Եվ որքան շատ կկորցնեն մայրիկներն ու հայրիկներն իրենց հավասարակշռությունն ու որքան շատ կթափեն իրենց զայրույթը, այնքան շատ կհեռացնեն ընթերցանությունից իրենց զավակներին։ Չի կարելի երեխային կարդալ սովորեցնել՝ միաժամանակ կշտամբելով նրան, որ չի կարողանում կարդալ։

Ընտանեկան ընթերցանության միջավայրում, ծայրահեղ բարյացակամ մթնոլորտում մենք կարողացանք դաստիարակել քո մեջ գիրք կարդալու պահանջմունք։ Իսկ գրքերի ընտրության շնորհիվ քո մեջ ճաշակ զարգացրինք բարձրաժեք գեղարվեստական գրականության հանդեպ և ձևավորեցինք իմացական տարբեր հետաքրքրություններ գիտահանրամատչելի գրականության հանդեպ։

Դրա համար պետք եղան տարիներ։

Մենք ուրախանում էինք, երբ դու նախընտրում էիր մնալ առանց խաղալիքի՝ մի հետաքրքիր գիրք գնելու համար. մենք ուրախանում էինք՝ տեսնելով, թե ինչ ուշադրությամբ ես դու գրախանութներում ուսումնասիրում գրքերը, ինչ զգուշությամբ ես դրանք ընտրում։

Դու ստեղծել ես քո գրադարանը և թանկ ես գնահատում այն։

Մարդիկ շատ բաների վրա են ուրախանում, և շատ բան նրանց տխրեցնում է։ Նրանք ուրախանում են՝ տեսնելով սրտակից ընկերոջը, ուրախանում են՝ հաջողության հասնելով, ուրախանում են իրենց բարի գործերով։ Նրանք տխրում են իրենց անհաջողությունից, ընկերոջ կորստից, հարազատի հիվանդությունից։

Գրքին միայն մի բան կարող է ուրախացնել. երբ իրեն կարդում են. և մի բան կարող է տխրեցնել. երբ իրեն չեն կարդում։ Գիրքն անսահման ուրախ է, երբ ձեռքից ձեռք է անցնում։ Գիրքն ուրախանում է իր մասին, իր հեղինակի մասին բարի կարծիքից, իր միջոցով բարձացված հարցերի բանավեճից։ Նշանակում է՝ ինքն օգուտ է բերում մարդկանց, օգնում է նրանց՝ կյանքում ամրապնելու հավատն ու սեփական դիրքորոշումը։

Անսահման է գրքի ցավը, երբ իրեն մոռանում են գրադարակում, մնում է նա դեռ իրարից չանջատված էջերով ու իզուր սպասում, թե ով կբացի իրեն, կկարդա, կթափանցի իր հոգին, կգտնի իր մեջ իմաստնության գանձերը, գիտելիքը և սերունդների փորձը։

Այդպիսի գիրքը մնում է մոռացված դարակի վրա և աստիճանաբար մահանում է։

Գիրքը կյանք է ստանում, երբ իրեն կարդում են մինչև ուշ գիշեր, դնում բարձի տակ, գրասեղանի վրա․ երբ իրեն դնում են գրպանը, հանում ու բացում են ցանկացած ազատ ժամանակ, կարդում են մետրոյում, տրամվայում։ Նա ուրախանում է, որ ուղեկցում է քեզ, լրացնում քո հոգևոր կյանքը։

Գիրքը տխրում է, երբ իրեն անփույթ են նայում, մակերեսորեն են գնահատում, չեն թափանցում էության մեջ, չեն հետևում նրա բարի խորհուրդներին։ Տխրում է և այն ժամանակ, երբ դու չես ուզում իր բովանդակությունից առանձնացնել այն, ինչի համար լույս աշխարհ է եկել։

Գիրքն ուրախանում է, երբ իր վրա աշխատելով՝ էջերին նշումներ են անում, մատիտով ընդգծում տողերը, վերցնում դրանք իբրև վկայություն, որ հաստատեն կամ զարգացնեն այս կամ այն միտքը, գաղափարը։

Գիրքը ցավը սրտում անհանգստանում է իր անկիրթ տիրոջ համար և հպարտանում կրթված ու կարդացած տիրոջով։

Գիրքը նախընտրում է ծերանալ ու մաշվել կարդալուց, քան մեռնել գեղեցիկ դարակի վրա՝ ապրելով շատ տարիներ ու սպասելով իր ընթերցողին։

Գրքերը՝ որպես նվիրյալ զինվորներ, միշտ պատրաստ են պայքարելու մարդկանց բարի գաղափարների հաղթանակի համար, պայքարելու խավարի ու տգիտության դեմ։ Բայց բոլոր այս զինվորներին պայքարի պետք է առաջնորդի այնպիսի մեկը, որ ձգտում է հասնելու գիտության բարձունքներին և տիրապետելու «մտքերի արքայությանը»։

70-ական թվականների սկզբներին մեր կյանքում դեռ համակարգիչներ չկային։ Այսօր համակարգիչը մանկավարժական հատուկ ոլորտ է։ Այն սկսում է մտնել ամեն ընտանիք, ավելի շատ է անհրաժեշտություն դառնում մարդու աշխատանքային գործունեության մեջ։ Համակարգչի և համացանցի միջոցով մարդը կարող է մտնել համամարդկային տեղեկատվության և տարածության վրա մարդկանց հետ հարաբերվելու ասպարեզ։ Իհարկե, դա հզոր առավելություն է։

Բայց առավելություն կլինի՞ արդյոք, եթե համացանցից ու համակարգչից օգտվել սովորած երեխան օգտագործի այդ տեխնիկան հիմար զվարճությունների, կեղտոտ հետաքրքրությունների տեղեկատվության համար։

Այժմ համակարգչային և համացանցային մանկավարժությունը միտված է դրանց գործածության կարողությունների պատրաստմանը։ Բայց մոռացվում է ամենակարևորը՝ այդ ամենի գործածության մշակույթը։ Այն մարդուն ժամանակակից հզոր տեխնիկայի կիրառումից կարող է տանել դեպի հենց իրեն ու իր նմաններին վնասելը։

Ամեն ինչի հետ հարաբերվելու մշակույթը մեզ համար մեր որդու դաստիարակության ամենակարևոր խնդիրն է եղել։

- Ի՞նչ բերենք քեզ համար Գերմանիայից,- ասացի տղայիս, երբ կնոջս հետ մեկնում էինք գործուղման Մայնի Ֆրանկֆուրտ։ Մեր որդին արդեն 25 տարեկան էր։
- Համակարգիչ գնեք, եթե հնարավոր կլինի,- ասաց նա։

Մենք գնեցինք ամենաէժան համակարգիչը։

Իմիջիայլոց, զվարճալի պատմություն տեղի ունեցավ․ գերմանական մաքսատան աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ ԳՖՀ-ից ԽՍՀՄ համակարգիչ տանելն արգելված է։ Մինչ աշխատողներին կհարցնեինք այդ մասին, ուղեբեռների բաժնի աշխատակիցը, համակարգչի հետ ուղղակի վերցնելով երկու չգրանցված արկղ, նետեց հոսքագծի վրա։ Մենք մտածեցինք, թե արկղերը բռնագրավեցին։ Եվ տխուր-տրտում շարժվեցինք դեպի ինքնաթիռը։ Թռիչքից տառացիորեն մի քանի րոպե առաջ ինքնաթիռի սրահ մտան հատուկ ծառայության երկու աշխատակիցներ և կանգնեցին մեր նստատեղերի կողքին։ Պահանջեցին մեր տոմսերն ու անձնագրերը և երկար ուսումնասիրում էին։ Ապա վերադարձրին և դուրս եկան։

Իսկ երբ ժամանեցինք Մոսկվա, տեսանք, որ մեր արկղերը համակարգչով հանդերձ տեղ են հասել մեզ հետ միասին։

Մեր որդին մեզ դիմավորեց Շերեմետևո օդանավակայանում։

Իրերի հետ վարվելու մշակույթը, որ դաստիարակել էինք նրա մեջ, իրենն արեց․ համակարգիչը նրան՝ երիտասարդ մասնագետին, օգնեց մշակելու իր հարցումների և հետազոտությունների արդյունքները, կառուցելու տարբեր մոդելներ, պատրաստելու տեքստեր։ Համակարգչով նա սկսեց գրել իր վիպակները, վեպերը, ֆանտաստիկ պատմվածքները։

«Դեդա էնա»1

Դու բացում ես քո առաջին դասագիրքը՝ «Դեդա Էնա»-ն («Մայրենի լեզուն»)։ Ի՞նչ ես դու նրանից սպասում։ Ո՞ւմ պետք է փնտրես այնտեղ։ Քիչ է ասել՝ դու նոր կյանք ես սկսում։

Քո առաջին դասագիրքը բացելով՝ դու սկսում ես մտնել գիտելիքի մի անեզր աշխարհ, հրաշքների աշխարհ։ Ինչ լավ է ապրել աշխարհում, երբ գիտես՝ ինչ ես ուզում իմանալ, ինչին ես ձգտում, ինչ ես անում։

Իսկ դու գիտե՞ս, թե ով է ստեղծվել քո առաջին գիրքը։ Այո, իհարկե։ Յակով Գոգեբաշվիլու մասին մենք քեզ շատ ենք պատմել, նրա մասին քեզ ասել են նաև մանկապարտեզում։ Վրաստանում նրան բոլորը գիտեն։ Նա՝ այդ մեծ մանկավարժն է անցկացրել անքուն գիշերներ, որ քեզ համար արարի հրաշք՝ դասագիրք, որ քեզ կնվիրի իմացության հրճվանք, քո մեջ կբորբոքի սեր մայրենի լեզվի և ուսման հանդեպ։

«Դեդա էնա»-ն քեզ մեծ ճանապարհ դուրս կբերի, դու կթափանցես անցյալի խորքերը, կճանաչես այսօրը, քայլ կանես դեպի մեր վաղը։

Մենք՝ մեծերս, թերթելով «Դեդա էնա»-ն, միշտ զմայվում ենք այն արահետներով, որով մեծ մանկավարժը արդեն հարյուր տարի է, ինչ առաջնորդում է պատանի սերունդներին դեպի մտքի արքայություն, զմայլվում ենք բնության և մարդկային հարաբերությունների երանգապնակի այն հարստությամբ, որ դու պիտի ագահորեն ճանաչես։

Այդ «արահետներով» դու կանցնես քո հայրենիքի անտառներով, գետերով, դաշտերով ու լեռներով։ Դու կտեսնես, թե ինչպես են աշխատում մարդիկ՝ կառուցելով նոր տներ, կամուրջներ, գործարաններ, ֆաբրիկաներ, աճեցնելով խաղող, հավաքելով թեյի տերևներ։ Ու քո մեջ էլ կբռնկվի ցանկության կայծը՝ կանգնելու քո մտերիմների, հարազատների, աշխատավոր մարդկանց կողքին, աշխատելու ու սովորելու, օգնելու իրար։

Այդ ճանապարհին դու կհանդիպես փոքրիկ Նուցային, որ նստեցրել է իր տիկնիկներին, ինչպես դպրոցում աշակերտներն են նստում, և նրանց կարդալ է սովորեցնում։ Դու գովի՛ր նրան, բարի խոսքեր ասա, նա կուրախանա։

Դու կտեսնես բարի Սանդրոյին, որն ուզում է, որ իր հիվանդ քույրը, որքան հնարավոր է, շուտ հաղթահարի հիվանդությունը, և ամեն ինչ անում է նրա առողջացման համար։

Դու կտեսնես Գիգլիին, ում արեգակը համոզում է դասերը թողնել ու դուրս գալ բակ՝ խաղալու։ Բայց նա հավատարիմ է իրեն և մերժում է առաջարկը։ Նշանակում է՝ կա մեկը, որից կարող ես օրինակ վերցնել։

Քեզ հանդիպում է Վանոն, որ տանջում է բռնած թռչունին ու անգամ ուզում է սպանել։ Զայրացի՛ր, խնդրում եմ, նրա արարքների վրա, ազատությո՛ւն տուր թռչունին։

Դու կկարդաս չար տղայի մասին, որ նեղացնում է փոքրիկներին։ Պաշտպանիր նրանց չար տղայից։

Ինչ-որ տեղ՝ դաշտում, դու կտեսնես ոչխարների հոտը ու կլսես փոքրիկ հովվի ձայնը, որ կատակի համար ձայնը գլուխն է գցել, իբր գայլերը շրջապատել են իրեն։ Բայց երբ գայլերն իսկապես հարձակվեցին նրա հոտի վրա և նա գյուղացիներին օգնության կանչեց, չհավատացին հովվին։ Դու, տղա՛ս, իհարկե կքննես և նրա արարքը։

Ջանասիրաբար հետևի՛ր «Դեդա էնա»-ի էջերին։ Այն իմաստուն դասագիրք է, որովհետև մեծ մանկավարժն այն ստեղծել է «խելքով ու սրտով․․․»։

Ես այդպես էլ մտածել եմ այն ժամանակ՝ տասը տարի առաջ՝ հետևելով, թե դու ինչպես առաջին անգամ սկսեցիր պատմվածքների ու ոտանավորների ընթերցումը քո առաջին դասագրքում։

Քեզ համար դժվար էր կարդալը, դու կարդում էիր վանկերով, դանդաղ, հաճախ չհասկանալով քո կարդացած բառի և նախադասության իմաստը։ Դա վախեցնում էր քեզ, և դու դեմ չէիր մի կողմ նետելու ինտելեկտուալ արկածների հմայքները և տրվելու խաղերի ուրախությանը։ Բայց մեծերի՝ գործը մինչև վերջ հասցնելու համբերատար պահանջներն ու կարդացածի հանդեպ հասկանալուն ուղղված օգնությունն վերջիվերջո արդյունք տվեցին։

Դու գտար ոսկե բանալին նույնքան դժվարությամբ, ինչքան՝ Բուրատինոն, և մտար զարմանալի իրականության աշխարհը նույնպիսի անհամբերությամբ ու ուրախությամբ, ինչպիսին էր Բուրատինոյինը։

Իմացություն

Մինչ դու սովորում էիր կրտսեր դասարաններում, քեզ հետ պարապելով՝ մենք ավելի շատ հոգում էինք քո ընդհանուր զարգացման խնդիրների համար։ Միտքը, սիրտը, ձեռքերը նույն բանն են, ինչ որոշելը, զգալը և անելը։ Այս եռանկյունու մեջ է, մեր կարծիքով, ամփոփված ընդհանուր զարգացման էությունը, բայց, ենթադրվում է, որ դրանով չեն անտեսվում քո անձի ձևավորման մյուս կողմերը, որոնք նույնպես մեր դաստիարակության տեսադաշտում էին։

Քո «ինչու»-ները և «ինչ կլինի, եթե»-ները դպրոցական առաջին իսկ դասերից հետո բազմապատկվեցին։ Մենք դա ընդունում էինք որպես հետաքրքրասիրության դրսևորում, որոնք ոչ միայն պետք է բավարարել, այլև զարգացնել։ Բայց ես, ճիշտն ասած, չեմ կարող հաստատել, որ մեր բոլոր «որովհետև»-ները իսկապես ծառայել են «ինչու»-ների հաջորդ սերիաների առաջացմանը։

- Ինչո՞ւ մարդը մի գլուխ ունի։
Ի՞նչ պատասխանեմ քեզ։
- Իսկ ի՞նչ է, քեզ մի գլուխը հերիք չէ՞։ Ուզում ես երկու-երեք գլո՞ւխ ունենալ։
Իհարկե, դա պատասխան չէ։ Եվ դու շարունակում էիր․
- Իսկ ինչո՞ւ ոչ։ Երբ մի գլուխը սկսում է կարդալ, մյուսը այդ ժամանակ կարող է երգել, երրորդը խնդիրները կլուծի։ Շատ լավ կլինի։
-Բայց այդ տարբեր գլուխները մի մարմնի վրա կլինեն տարբեր մարդի՞կ։ Մեկը ուրախանում է, մյուսը լաց լինում․․․։ Դու նկարի՛ր, խնդրում եմ, մի տղայի՝ մի քանի գլուխներով։ Եվ երևի ամեն գլուխ կուզենա ունենալ իր սեփական ոտքերն ու ձեռքերը։ Հետաքրքիր է, ի՞նչ կստացվի, եթե մի գլուխը հրամայի ոտքերին գնալ դպրոց, մյուսը ուզենա ծառ բարձրանալ, իսկ երրորդը այդ ժամանակ խոր քնով քնի։

Քեզ զվարճացնում է այդպիսի անհեթեթությունը, և դու սկսում ես ինքդ պատկերացնել ավելի կոնֆլիկտային իրավիճակ․
- Նրանք կարող են պատառ-պատառ անել քո մարմինը, եթե մեկն ուզի աջ վազել, մյուսը՝ ձախ, երրորդը ուզենա թռչել, իսկ չորրորդը չուզենա շարժվել։
- Իսկ դու գիտե՞ս, աշխարհում դեռ չի հայտնաբերված այնպիսի արարած, որ ունենա երկու կամ ավելի գլուխներ, եթե չհաշվենք առանձին շեղումները։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ։
Քո «ինչու»-ն հիմա ես վերադարձնում եմ քեզ, և դու կբացատրես ինձ․ «Գուցե գիտնականները դեռ կգտնեն… Բայց ոչ, այդպիսի արարածներ չեն լինի, երկգլխանի՝ ո՞ր ինչ»։
Սրանով մենք բացառեցինք հարցը, թե՝ խելքի մոտի՞կ է մի քանի գլուխ ունենալը։ Դու մի անգամ էլ վերադարձար դրան, որպեսզի վերջնականապես պարզաբանես քեզ համար․ նկարեցիր զվարճալի մի արարած՝ մի մարմնի վրա տղայի երեք գլուխ, վեց ձեռք և վեց ոտք, ոտքերն ու ձեռքերը շարժվում են իրար մեջ, մի գլուխը ուրախություն է արտահայտում, մյուսը արցունքների մեջ է, երրորդը լեզու է ցույց տալիս։ Մենք միասին մի լավ ծիծաղեցինք այդ ֆանտասմագորիայի վրա։

- Դպրոցում մի աղջիկ ասաց, որ կան գիշատիչ բույսեր։ Ես պատասխանեցի, որ այդպիսի բույսեր չեն կարող լինել։ Ինչպե՞ս կարող են բույսերը բռնել ինչ-որ մեկին և հոշոտել։
Դու գոհ ես քո տրամաբանությունից և ուզում ես, որ ես հաստատեմ քո փաստարկը՝
- Ճիշտ է, չէ՞։
Բայց, որ ճիշտն ասեմ, ես չգիտեմ՝ իրականում գոյություն ունե՞ն այդպիսի բույսեր։ Ես չեմ կարող ամեն ինչ իմանալ։
- Բայց գուցե իսկապես այդպիսի բույսեր գոյություն ունեն։ Ինչո՞ւ, քո կարծիքով, դրանք չեն կարող լինել։
- Չեն կարող լինել, որովհետև բույսերը ձեռքեր չունեն, որ ինչ-որ բան բռնեն, և հետո նրանք ատամներ չունեն, որ բռնածը ուտեն։ Չեն կարող, չէ՞, բույսերը սլանալ նապաստակների հետևից, որ բռնեն ու ուտեն նրանց։
- Դու այդպես էլ ապացուցո՞ւմ էիր քո ընկերուհուն։
- Այո՛, և նա համաձայնեց, ասաց, որ երևի սխալվում է։
- Գուցե լավ կլինի ստուգե՞լ դա։ Հանկարծ ու ճիշտ լինի նա։
- Իսկ ինչպե՞ս ստուգեմ։
Մենք դպրոցից էինք գալիս։ Ճանապարհին մանկական գրադարան կար։ Մտանք գրադարան ու նրա բարի աշխատակցուհուն բացատրեցինք, թե մեզ ինչ հարց է հետաքրքրում։ Նա առաջարկեց մեզ պատասխանը փնտրել «Ի՞նչ է, ո՞վ է» մանկական հանրագիտարանում։ Երրորդ հատորում մենք գտանք, թե «ինչ են գիշատիչ բույսերը»։ Պարզ դարձավ, որ ինչ-որ մեկը աղջկան այդ հատորից կարդացել կամ պատմել էր այն բույսերի մասին, որոնք իսկապես կարողանում են բռնել ու որսալ մոծակներ ու մժեղներ և կերակրվել դրանցով։

Ես ու դու մեծ հետաքրքրությամբ կարդացինք գիշատիչ բույսերի մասին հոդվածը, երկար նայեցինք այդ բույսերի գունավոր նկարները։
- Բա հիմա ի՞նչ անենք։ Չէ՞ որ աղջիկը ճիշտ էր։
Դու լռում ես։
- Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կվարվեի ես քո փոխարեն։
- Վաղը, երբ տեսնեմ նրան դպրոցում, կասեմ, որ ինքը ճիշտ էր։ Նա դեռ ամեն ինչ չգիտի գիշատիչ բույսերի մասին, և ես կպատմեմ։
Ես հավանություն եմ տալիս որդուս որոշմանը։

Քո «ինչու» -ների և «իսկ եթե»-ների դիմաց դու հազվադեպ էիր ուղիղ պատասխան ստանում։ Մենք կա՛մ ուղղորդում էինք քո դատողությունները, որ դու ինքդ գտնեիր դրանց պատասխանները, կա՛մ էլ սովորեցնում էինք քեզ օգտվել տեղեկատու գրականությունից։

Դու շատ էիր սիրում ծովամարտ խաղալ։ Ինձ դուր էր գալիս այդ խաղը․ այն զարգացնում էր քո մեջ ճշգրտություն, դատողականություն, զարգացնում էր քո զգացմունքները։ Մենք տետրի երկու վանդակավոր թերթիկ էինք վերցնում, և դրա վրա յուրաքանչյուրս մեզ համար գծում էինք մեր նավերի ջրային սահմանները 10 х 10 վանդակներով։ Ուղղահայաց ուղղությունը 1-ից 10 թվերով էինք համարակալում, հորիզոնականը՝ Ա-ից ժ տառերով, ներսում նկարում էինք նավերը, ջրատարողությունը, որը նախապես պայմանվորվում էինք և սկսում ռմբակոծել։
- Բ4,- քո «ռումբը» դատարկ տեղում պայթեց, չկպավ։
- Դ8,- իմ «ռումբը» նույնպես պայթեց՝ պայթեցնելով քո նավակը։
Աստիճանաբար մենք բացահայտում ենք «հակառակորդի» նավերի տեղակայվածությունը և ռումբերի ճշգրիտ հարվածներով խորտակում դրանք։ Բայց հաճախ պատահում էր, որ դու մեկ կրակոցով առաջ էիր անցնում ինձնից ու տոնում քո հաղթանակը։ Այս խաղը նաև համբերատարություն ու կենտրոնացում էր զարգացնում քո մեջ։ Մի ժամից ավելի դու խաղի մեջ էիր լինում՝ չհոգնելով և չթուլացնելով ուշադրությունդ․․․

Խնդիրներ

Մենք առաջարկում էինք քեզ ճանաչողական տարբեր խնդիրներ՝ հանելուկներ, ռեբուսներ, խաչբառեր, ժամանցային օրինակներ լեզվից ու մաթեմատիկայից։ Ես փնտրում էի դրանք մեթոդական գրքերում, մանկական ամսագրերում, ինքս էի հորինում։ Դասարանից դասարան խնդիրները դժվարանում էին։ Ահա դրանցից մի քանիսը։

Մենք անտառում ենք։ Աշուն է, արև։
- Արի՛ ամեն մեկս մեզ համար չափենք, թե քանի ոտնաչափ հեռավորություն կա այս ծառերի միջև։ Իսկ հետո կասենք, թե ինչքան է չափել ամեն մեկս։
Դու համաձայնում ես։ Մենք ընտրում ենք՝ որտեղից որտեղ չափենք, ու սկսում ենք չափագրել։
Իմ չափածը տասը ոտնաչափ էր, քոնը՝ տասնհինգ։

Դու նախապատրաստական դասարանում ես, վեց տարեկան լրանալուդ դեռ երեք ամիս կա։ Դրա համար էլ քո պատասխանը չի զարմացնում ինձ․
- Դու երևի սխալվել ես․․․։ Ահա, նայի՛ր։
Դու սկսում ես քայլել և բարձրաձայն հաշվել․
- Մեկ, երկու․․․ տասը․․․ տասնհինգ։ Տեսա՞ր։
Ես էլ եմ նույն կերպ վարվում․
- Մեկ, երկու, երեք․․․․տասը։ Տեսա՞ր։
Դու մտքերի մեջ ես ընկնում.
- Արի՛ միասին չափենք։
Մենք կանգնում ենք կողք կողքի՝ ծառի մոտ, և սկսում ենք միաժամանակ քայլել։ Դու հաշվում ես բարձրաձայն․
- Մեկ, երկու, երեք, չորս․․․։
Բայց ստացվում է, որ ես առջևում եմ, իսկ դու հետ ես մնում, և երբ դու ասում ես «տասը», ես արդեն երկրորդ ծառի մոտ եմ։
- Ինչո՞ւ ես դու վազում։ Ինձ հետ հավասար քայլիր։
Փորձը կրկնվում է մի քանի անգամ։
- Ինչո՞ւ ես դու այդպիսի երկար քայլեր անում։
- Իմ քայլերն այդպիսին են։
- Ես հասկացա․․․ դու չափում ես երկար, իսկ ես կարճ քայլերով, դրա համար էլ այսպիսի խառնաշփոթ է ստացվում։
Դու ուրախանում ես քո կռահողունակությամբ։
- Բայց որքա՞ն է այս ծառերի միջև եղած հեռավորությունը, մի՞թե հնարավոր չէ որոշել։
Ես դեռ լրիվ «չեմ հասկանում», թե որն է խնդիրը։
Դու բացատրում ես․
- Իմ քայլերով այս ծառերի միջև եղած հեռավորությունը տասնհինգ ոտնաչափ է, քո քայլերով՝ տասը ոտնաչափ․․․ քո քայլերը մեծ են, հասկանո՞ւմ ես։
- Հա՜, այո՛, այո՛, հասկացա։
Եվ իսկույն առաջարկում եմ քեզ չափել նույն հեռավորությունը տարբեր չափիչներով՝ փայտերով, որոնց երկարությունը տարբեր է։

Դու ընդամենը վեց, թե յոթ տառ գիտիր, երբ քեզ առաջարկեցի հետևյալ տեսակի խնդիրները։ Թերթիկի վրա նկարեցի երկու շրջանակ, իսկ դրանց ներսում գրեցի 10-15 տառ, որոնոցից 3-4-ը քեզ ծանոթ էին, մնացածը դեռ չէիք սովորել դպրոցում, իսկ հետո տալիս էի տարբեր խնդիրներ։

«Ահա քեզ մատիտ։ Ընդգծիր այս շրջանակներում քեզ անծանոթ բոլոր տառերը»։ Կամ թե․ «Կարմիր գծերով միացրու այն տառերը, որոնք քեզ ծանոթ են առաջին շրջանակում, և նույնը արա երկրորդ շրջանակում»։

Քեզ գրավում էին այսպիսի խնդիրերը։ Դու սկսեցիր ինքնուրույն գլխի ընկնել անծանոթ տառերի իմաստները կամ էլ ստիպում էիր մեզ՝ բոլոր տանեցիներիս, քեզ սովորեցնել տառերը, և ստացվեց այնպես, որ դու կես տարի շուտ գրագետ դարձար, քան նախատեսված էր դպրոցական ծրագրով։

Գրավորների հետ կապված՝ զվարճալի պատմություն ստացվեց մեզանում։ Մենք պայմանավորվեցինք քեզ հետ, որ շրջանակը պետք է նշանակի ցանկացած տառ, իսկ բարակ քառակուսի գծերը՝ ցանկացած բառ։ Եվ հենց որ դու արդեն տիրապետում էիր բառը հեգելուն, միանգամից տիրապետեցիր նաև բառը գրելուն։ Դու կարողանում էիր բառը դանդաղ ասել, առանձնացնել իրար հաջորդող հնչյունները, և բառերի փոխարեն գրել շրջանակը (քանի դեռ դրանք չգիտեիր)․ աստիճանաբար դու սկսեցիր գրել բառեր՝ խառնելով դրանց մեջ անծանոթ տառեր նշանակող շրջանակները և այն տառերը, որոնք դու գիտեիր։ Շատ շուտով մենք նկատեցինք, թե ինչպես շրջանակները սկսեցին դուրս մղվել քո գրած բառերի միջից, նրանց տեղը զբաղեցրին տառերը։

Նույն ձևով դու «գրում էիր» նախադասությունները․ դու թերթիկի վրա հորիզոնական ուղղությամբ գծում էիր նեղ քառակուսիներ, միաժամանակ ներկում տարբեր գույներով դրանցից յուրաքանչյուրը և ասում այն բառը, որ դրանք էին նշանակում։ Բայց հաճախ դու ինքդ էիր կարդում քո բառերը և նախադասությունները, քանի որ բացի քեզանից ուրիշ ոչ ոք չէր կարող դրանք գուշակել։

Ինձ մոտ պահպանվել են այդ թերթիկներից մի քանիսը։ Դրանցում գրված են բառեր և նախադասություններ․ դրանց մի մասը ես եմ թելադրել, մեծ մասը դու ես հորինել ու գրի առել։ Ինչ ասես՝ չես գրել դու տետրից պոկած, արդեն դեղնած այդ էջերի վրա։ Ամեն մի խնդրի բովանդակությունը ես անմիջապես գրի էի առնում, երբ դու ինձ «կարդում էիր» դրանք։ Դրանցից բացի՝ քո նկարներն էլ էին ինձ օգնում գուշակել ռեբուսներդ, որոնք արտացոլում էին բառերի և նախադասությունների առարկայական իմաստը։

Իմ հորինած խնդիրների միջից քեզ ու քո ընկերներին հատկապես զվարճացրել էր մեկը, որը դու լուծեցիր մի քանի օրվա ընթացքում։ Դու այն ժամանակ երկրորդ դասարանում էիր։ Քեզ հյուր եկան քո երկու համադասարանցիները՝ միասին խաղալու։ Ես էլ ձեզ հետ սեղանի ֆուտբոլ էի խաղում։ Տանը այնպիսի աղմուկ էր, ինչպես լինում է ստադիոնում, երբ «հակառակորդի» դարպասին գոլ են խփում։ Ընդմիջման ժամանակ ես ձեզ մի պատմություն պատմեցի, այն գրավեց ձեր ուշադրությունը, և դուք բոլորդ մատիտ ու թուղթ պահանջեցիք, որ զբաղվեք հաշվարկով։
- Գիտե՞ք, որ որդին կարող է հորից մեծ լինել։
Այսպիսի բան դուք անգամ հեքիաթներում չեք լսել։ Դրա համար էլ իմ հայտարարությանը անվստահորեն վերաբերվեցիք։
- Այդպիսի բան երբեք չի կարող լինել։
Ես պիտի երկմտանքի վերածեի ձեր հաստատակամությունը։
- Լավ էլ կարող է լինել։ Երեկ տրոլեյբուսում հանդիպեցի մաթեմատիկոս ընկերոջս, Պաատան նրան գիտի, և նա ինձ պատմեց, որ մի մաթեմատիկոս գիտնական հաշվարկների միջոցով եկել է այն եզրակացության, որ որդին տարիքով կարող է հասնել և գերազանցել իր ծնողներին։ Այնպես որ, կարող են ի հայտ գալ փոքր հայրիկներ և մեծ որդիներ։

Դուք արդեն հետաքրքրված եք։ Ես լրիվ լուրջ էի պատմում՝ անցումներ անելով գիտությանը և ընկերոջս հեղինակությանը։ Իմ խնդրին ուղղված այս ճշմարտանման ներածականը լարեց ձեր ուշադրությունը։ Դուք մոռացաք, որ մեր խաղադադարների ընդմիջման ժամն անցել է։ Օգտվելով դրանից՝ ես շարունակում եմ․
- Ահա, տեսեք․ եթե հայրը 19 տարեկան է, իսկ որդին՝ մեկ, ապա դուրս է գալիս, որ հայրը իր որդուց 19 անգամ մեծ է։ Ճի՞շտ է։ (Դուք, բնականաբար, համաձայն եք)։ Մի տարի հետո հայրը կլինի 20 տարեկան, իսկ տղան՝ երկու։ Հայրն արդեն 10 անգամ մեծ կլինի որդուց, ոչ թե 19 անգամ։ Դարձյա՞լ ճիշտ է։ (Ձեր մեջ, իհարկե, կասկած չի առաջանում, որ դա այդպես չէ, բայց ես նկատում եմ, թե որքան զարմացած եք դուք)։ Անցնում է ևս մի տարի, հայրը 21 տարեկան է, որդին՝ երեք։ Նշանակում է՝ հիմա քանի՞ անգամ հայրը մեծ կլինի որդուց։ (Յոթ անգամ։ Դուք արդեն մտել եք հաշվարկի մեջ)։ 15 տարի հետո քանի՞ տարեկան կլինի հայրը։ (36 տարեկան)։ Իսկ որդի՞ն։ (18 տարեկան)։ Ուրեմն ինչքա՞ն անգամ մեծ կլինի հայրը իր որդուց։ (Երկու անգամ։ Դուք արդեն հավատում եք իմ խնդիրին)։ Տեսնո՞ւմ եք, թե որդին ինչպես է առաջ անցնում։ Հիմա հարկավոր է հաշվել, թե երբ նրանք կհավասարվեն տարիքով, և երբ որդին կգերազանցի հորը։
- Իսկ ի՞նչ ասաց քեռի մաթեմատիկոսը, դա քանի՞ տարի հետո կսկսվի։
- Նա չհասցրեց դրա մասին մինչև վերջ պատմել. տրոլեյբուսից շուտ իջավ։

Դուք նետվում եք դեպի թուղթ ու մատիտը ու սկսում հաշվել։ Կառուցում եք հաշվարկի երկար աղյուսակներ։ Ակնհայտորեն տեսանելի է․ տարիքների միջև եղած անջրպետը կատաստրոֆիկ կերպով նվազում է։ Դուք սկսում եք խճճվել ձեր հաշվարկների մեջ, փորձում եք ամեն ինչ նորից սկսել և հրաժեշտ եք տալիս իրար այն որոշմամբ, որ տանը կշարունակեք խնդիրը։

Այս ամբողջ ժամանակ ես ձեզ հետ հաշվում եմ հոր և որդու տարիքների միջև եղած անջրպետը, ես էլ խճճվում եմ թվերի մեջ և նույնպես վճռականորեն բարձրաձայնում, որ երեկոյան կաշխատեմ խնդիրի վրա։

Դու և ընկերներդ զբաղված էիք հաշվարկով և՛ հաջորդ, և՛ երրորդ օրերին, այդ գործին ներառեցիք նաև մյուսներին ձեր դասարանից։ Եվ, հասկանալի է, որ վերջիվերջո բոլորը եկան այն եզրակացության, որ պետք է հաշվել ոչ թե քանի անգամ է «երիտասարդանում» հայրը, այլ թե քանի քանի տարով է նա մեծ իր որդուց։ Այ, այդ տարբերությունը ոչ մի դեպքում չի փոխվում։

Այս ամբողջ պատմությունը, իմ դիտարկմամբ, լարեց քո մտավոր ունակությունները, և քեզ ևս մի հնարավորություն տվեց՝ ապրելու իմացության հրճվանքը։

Իսկ երբ դու արդեն երրորդ դասարանում էիր, ես քեզ հերթական խնդիրը տվի բավական հայտնի հետաքրքրաշարժ մաթեմատիկայի ձեռնարկից։ Դու, իհարկե, այն չգիտեիր։
- Մի խնդիր կա, որ, գրազ կգամ, չես լուծի։
Դու այդ ժամանակ զբաղված էիր նկարչությամբ։
- Իսկ ի՞նչ խնդիր է։ Ինչո՞ւ չեմ կարող գլուխ հանել։
- Դե, որովհետև մեծ համբերություն, ճշգրտություն և ուշադրություն է պահանջում։
- Ասա՛, խնդրում եմ, ո՞ր խնդիրն է։
- Լսի՛ր։ Գնացքում մի հարուստ մարդ հանդիպեց մի աղքատ մաթեմատիկոսի և սկսեց գլուխ գովել, թե ինչքան փող ունի։
- Չնայած ես այնքան գիտելիք չունեմ, որքան դու, բայց ի՞նչ օգուտ քեզ քո մաթեմատիկայից, եթե այդքան աղքատ ես,- ասաց նա գիտնականին։- Ես հարստացել եմ՝ միայն հասարակ թվաբանություն իմանալով՝ գումարել-հանելով։
- Իսկ Դուք վստա՞հ եք, որ գումարել-հանել լավ գիտեք,- հարցրեց մաթեմատիկոսը։
- Բա ո՜նց,- պատասխանեց հարուստը։
- Իսկ Դուք կուզե՞ք, որ ես մի ամիս՝ ամեն օր, Ձեզ բերեմ հարյուր հազար ռուբլի, և փոխարենը Դուք ինձ հաջորդ օրը տաք մեկ կոպեկ, երկրորդ օրը՝ երկու կոպեկ, երրորդ օրը՝ չորս կոպեկ, չորրորդ օրը՝ ութ կոպեկ․․․․
- Այսինքն՝ դու ամեն օր պիտի բերես հարյուր հազար ռուբլի և փոխարենը պիտի վերցնես ինձնից կոպեկնե՞ր,- զարմացավ հարուստը։
- Այո՛, պիտի բերեմ հարյուր հազար, և Դուք փոխարենը կտաք ինձ երկու անգամ ավելին, քան նախորդ օրը։
Հարուստը չէր ուզում փող դիզելու առիթը բաց թողնել, ուստի անմիջապես պայման կապեց.
- Արի սկսենք մարտի մեկից, - ասաց մաթեմատիկոսը։
- Համաձայն եմ։
- Պայմանը պիտի պահենք մինչև մարտի վերջը ներառյալ,- ագահություն արեց հարուստը։
- Համաձայն եմ։
Եվ նրանք սկեցին իրագործել իրենց խոստումը, ինչպես պայմանվորվել էին։

Քեզ հետաքրքրեց այս պատմությունը․
- Հետո՞։
- Դե, ի՞նչ հետո։ Ի՞նչ ես կարծում, ո՞վ կդառնա այդ պայմանի հաղթողը։
- Իհարկե, հարուստը․․․ Չէ՞ որ նա ամեն օր ստանում էր հարյուր հազար ռուբլի և փոխարենը տալիս կոպեկներ։
Բայց խնդիրն այն է, որ մինչև վերջին կոպեկը հաշվարկվի՝ ով որքան ստացավ, ինչքան տվեց, և ինչքան մաքուր օգուտ մնաց։

Անցավ մի շաբաթ, և դուք համադասարանցիներով վերջիվերջո լուծեցիք խնդիրը։ Դու կոկիկ կերպով արտագրել էիր թվերի երկու աղյուսակ։ Թերթիկի վերջում քո խոշոր ձեռագրով գրված էր․ «Կեցցե՜ մաթեմատիկոսը։ 31 օրվա ընթացքում նա տվեց 3100000 ռուբլի, ստացավ 20774836 ռուբլի 47 կոպեկ։ Մաքուր օգուտը կազմում էր 17574836 ռուբլի 47 կոպեկ։ Կեցցե՜ մաթեմատիկոսը»։

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից 
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի


1Վրացերենի առաջին ընթերցարան, որ գործել է շուրջ 150 տարի։ 2013 թվականից այն ընդգրկված է Վրաստանի ոչ նյութական մշակութային արժեքների շարքում (ծանոթագրությունը՝ թարգմանչի)։

 

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский