Կրթահամալիրի տարին՝ սեբաստացիական նախաձեռնություններով

2019 թվականը հոբելյանական տարի էր «Մխիթար Սեբաստացու» համար։ Կրթահամալիրը նոյեմբերի առաջին տասնօրյակին նշում էր իր հիմնադրաման 30-ամյակը։ Արդեն նոր ուսումնական տարին սկսելիս կրթահամալիրային միջավայրը ստեղծական գործունեությամբ էր շնչում։ «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագիծը հրաշալի առիթ էր՝ կրթահամալիրի մեծով ու փոքրով, դասավանդողով ու դաստիարակով, սովորողով, խոհարարով, այգեգործով, փականագործով ու տանիքագործով ավարտին հասցնելու բոլոր կիսատ-պռատ գործերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև ամփոփելու 30-ամյա գործունեության արդյունքներն ու ըստ արժանվույն վայելելու տոնի բերկրանքը։
Իբրև կրթահամալիրի երկարամյա ուսուցիչ՝ իմ առջև նպատակ էի դրել իմ «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծով աշխատանքային այնպիսի ուղղություններ մշակել, որոնք կներառեին թե՛ կրթահամալիրային գործունեության հարուստ անցյալը և թե՛ եռանդուն ներկան։ Որոշեցի սեբաստացիական նախագծերս իրականացնել հետևյալ երեք ուղղություններով՝

  • ստեղծել «Սեբաստացիական տոհմածառեր»
  • իրականացնել «Անհատ սեբաստացու նվաճում» նախագիծը
  • գրել այսօրվա սեբաստացի սովորողի ձեռքբերումների մասին

Քանի որ իմ աշխատանքային միջավայրը կրթահամալիրի Քոլեջն է, բնականորեն նախագծային աշխատանքների երեք ուղղություններն էլ պետք է իրականություն դարձնեի այստեղ՝ իմ սիրելի գործընկերների և նույնքան սիրելի սովորողների աշխատանքային խմբի հետ։ Հիմա ավելի հանգամանալից՝ յուրաքանչյուր նախագծի մասին։
«Սեբաստացիական տոհմածառեր» նախագծի հիմնական նպատակը Քոլեջում աշխատող մի գերդաստանի կամ ընտանիքի անդամ ուսուցիչի, դաստիարակի, սովորողի, նաև մանկապարտեզ հաճախող երեխայի սեբաստացիական տոհմածառի ստեղծումն էր, որը ներկայացնում է այդ գերդաստանի անցած կրթահամալիրային ուղին, տարբեր տարիներին ծավալած գործունեությունը, ինչպես նաև հետաքրքիր գրառումներ աշխատանքային գործունեության ընթացքում կատարված անմոռանալի դեպքերի, իրադարձությունների մասին։
Նախագծի նախապատրաստական աշխատանքներն սկսեցինք հոկտեմբերի կեսերին։ Ծրագրել էի, որ նախագծի մեկնարկը տրվի հենց տոնի պաշտանական առաջին օրը՝ նոյեմբերի 4-ին: Նախ՝ հարկավոր էր Քոլեջի սովորողներից առանձնացնել այն ուսանողներին, որոնք ցանկություն կհայտնեին ստեղծելու իրենց իսկ դասավանոդող ուսուցչի կամ Քոլեջում աշխատող դաստիարակի սեբաստացիական տոհմածառը։ Որպես նախագծի հեղինակ ու խորհրդատու՝ մշակեցի աշխատանքների իրականացման հետևյալ հաջորդականությունը․

  • նախագիծն իրականցնող սովորողների ընտրություն
  • Քոլեջի այն աշխատակիցների ցուցակի ճշտում, որոնց ընտանիքի մի քանի սերունդ անցել են կրթահամալիրով և այս պահին կրթահամալիրում են
  • ընտրված մասնակիցներին կատարելիք աշխատանքների քայլ առ քայլ ներկայացնում
  • նախագիծն իրականացնող սովորողի կողմից տեղեկատվության հավաքում, պարբերական զրույցներ և կապ տոհմածառի անդամների հետ, տեղեկության ճշգրտումներ
  • հետազոտական արդյունքների փուլ առ փուլ տեղադրում բլոգներում
  • նկարաշարերի, տեսանյութերի ընտրություն, հղումների տեղադրում, հրապարակվող նյութի վերջնական ամփոփում և դիզայն:

Պիտի խոստովանեմ, որ Քոլեջի՝  նախագծին մասնակից ուսանողները (Անժելա Շամոյան, Մարիաննա Սուլյան, Աննա Պետրոսյան,  Անիտա Գրիգորյան, Մերի Համբարձումյան, Լիլիա Սոսոյան, Քնարա Գրիգորյան, Նինել Աղանյան, Միլենա Կիրակոսյան, Անգելինա Դադյան և Էլեն Աբրահամյան) պատվով հաղթահարեցին ինչ-որ տեղ դժվար և փաստորեն Քոլեջում առաջին անգամ կատարվող այսպիսի  նախագիծը։ Համատեղ հետևողական աշխատանքի, խորհդատվության, անվերջ շտկումների, փոփոխությունների ու ճշգրտումների   արդյունքում ստեղծվեցին Քոլեջի  դասավանդողների և դաստիարակների  հետևյալ տոհմածառերը․

Սեբաստացիական հաջորդ՝ «Անհատ սեբաստացու նվաճում» նախագիծս նպատակ ուներ տեղեկություններ հավաքելու անցած 30 տարիների ընթացքում կրթահամալիրում սովորած սեբաստացիների հետագա կյանքի ու գործունեության մասին, որտեղ են այսօր, ինչ անձնական և աշխատանքային հաջողությունների են հասել, ինչ դեր է ունեցել կրթահամալիրը նրանց կյանքում։
Անշուշտ, այսօր դժվար կլիներ գտնել մեր նախորդ տարիների շրջանավարտներին, եթե չլիներ մեդիան, չլինեին սոցիալական ցանցերն ու ֆեյսբուքը։ Այս ամենով հանդերձ՝ եղան նաև անակնկալներ։ Իհարկե, անսպասելի էր քաղաքային տրանսպորտում հանդիպել 25 տարի առաջ կրթահամալիրի Օրիորդաց վարժարանն ավարտած մեր շրջնավարտին՝ Սյուզան Խաչատրյանին կամ փողոցում պատահաբար բախվել Ավագ դպրոցն  ավարտած մեր մյուս շրջանավարտին՝ Քնարիկ Մարտիրոսյանին։  Շատ ավելի դյուրին էր այն շրջանավարտների հետ հանդիպումը,  ովքեր  այսօր մեր ծնողներն են, ինչպես Սիրվարդ Եղիազարյանը (Քոլեջ) և Օլգա Սարդարյանը (Արևելյան դպրոց), Վարդուհի Օսիպովան՝ Քոլեջում աշխատող մեր դաստիարակը:

«Սեբաստացիական պատումներ» նախագծի մի տարբերակ՝ «Այսօր սեբաստացի, վաղը՝ մասնագետ» առաջին անգամ փորձարկել էի անցյալ ուսումնական տարում՝ Սեբաստացու օրերին, որ տեղ էր գտել «Արհեստագործ» ամսագրում (1, 2, 3, 4):  Այս ուստարում նախագիծը շարունակական դարձնելով՝ նպատակ ունեի  միօրինակությունից խուսափելու համար  ապահովել նախագծային որոշակի զարգացումներ. սովորողները ոչ միայն պատմում, գրում, այլև համեմում են իրենց մասնագիտական աշխատանքները նկարաշարերով ու տեսաֆիլմերով:  Այսպես ոչ միայն ավելի տեսանելի են դառնում  մասնագիտական հմտություններ յուրացնող  ուսանողի ձեռքբերումները, այլև, կարելի է ասել,  մի յուրատեսակ հաշվետվություն է արվում:

Սեբաստացու օրերին Քոլեջում  եղան նաև այլ նախագծեր, որոնք,  ճիշտ է, նախապես պլանավորված էին, բայց իրենց անսպասելիություններով համ ու բույր տվեցին տոնական օրերին։ Ուզում եմ այդ նախագծերի մեջ առանձնացնել կրթահամալիրի տնօրեն Ա․ Բլեյանի ամենշաբաթյա ասուլիսները, որոնց մշտապես մասնակցում էին Քոլեջի՝ մեծ թվով սովորողներ և անմիջապես արձագանքում իրենց կատարած սղագրություններով, պատումներով, նկարաշարերով ու տեսանյութերով։  Հիշարժան էին Քոլեջի թթուդրեքի արարողությունը, խնձորով մրգանուշի պատրաստման ողջ գործընթացը, հանդիպումը թաղիքագործ Լալա Մնեյանի հետ և թաղիքե տիկնիկների պարաստումը, ուսումնական տոնական ժամերգությունները Սուրբ Աստվածածին և Սուրբ Զորավոր եկեղեցիներում  և, իհարկե, տոնը ամփոփող հարիսայի ծեսն ու ուրախ տոնախմբությունը  Սուրբ Երրորդություն եկեղեցում ու Քոլեջում:  Նախագծերի հղումները՝   

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский