Առցանց ուսուցման երկու շաբաթ. պատրաստվում ենք հաջորդին

Կորոնավիրուսը չշրջանցեց նաև մեր հանրապետությունը: Առաջին վարակակրի մասին պաշտոնական տեղեկությունից հետո սկսեցին տարատեսակ քննարկումներ կրթական հաստատությունները փակել-չփակելու մասին: Այս հարցի լուծումը կրթահամալիրում տրվեց ու գտնված էր: Դեռ տարիներ առաջ, կրկին գրիպի համաճարակով պայմանավորված, տանը մնալու որոշում կայացվեց, որն էլ դարձավ կրթահամալիրի առցանց ուսուցման առաջին փորձը: Չդարձավ փորձանք և հաջողությամբ կրկնվեց (առիթը այնքան էլ ոգևորող չէ, բայց…) նաև այս անգամ, երբ «մոլեգնում» էր կորոնավիրուսիով վարակվելու խուճապը (ընթերցեք կրթահամալիրի տնօրենի պարզաբանումը նրա բլոգում

Մինչ հանրապետության այլ կրթական հաստատություններում սովորողները 2020թ. մարտի 2-6-ը ԿԳՄՍՆ որոշման համաձայն արձակուրդում էին, կրթահամալիրի սովորողներն ստանում էին իրենց ամենօրյա առցանց նախագծային աշխատանքները:

Տանը մնալու որոշումը արագ կայացվեց, ուստի շատ ծնողների համար այն գուցե առաջացրեց որոշ անհարմարություններ, սակայն շատերի համար դարձավ ընտանեկան ջերմ մեկշաբաթյակ:

Առցանց ուսուցման դրական-բացասական, թերի ու առավելություն ունեցող կողմերի մասին փորձեցի ճշտել ծնողներից՝ խնդրելով այս մասին գրել, իրենց կարծիքը հայտնել. ծանոթացեք (նշված են ծնողների անունները).

Առցանց ուսուցումը իսկապես 21-րդ դարի պարգևն է մեզ ու լայն տարածում է գտնում օրեցօր զարգացող, արդեն թվայնացված մեր կյանքում:

Իհարկե, առցանց ուսուցումը իր հետ բերում է նաև որոշակի բարդություններ: Ոչ միշտ, ոչ ճիշտ ժամկետներում էին սովորողները ուղարկում աշխատանքները, շատ դեպքերում դասավանդողներն արձագանք, բլոգի հղման էին սպասում, բայց սովորողից արձագանք չկար:

Շատերը աշխատանքին մասնակից էին դարձնում ծնողներին: Մի մասի համար դա հաճելի ընտանեկան աշխատանք էր, ինչպես մեր կենցաղ մտած ամենամսյա ֆլեշմոբը, մյուս մասի համար էլ՝ պարզապես դժվար կազմակերպվող աշխատանք, որովհետև իրենք արձակուրդում չէին։

Սովորողներից մի քանիսի դեպքում կարիք եղավ հեռախոսազանգով ճշտել՝ ինչու գործուն չեն, պարզաբանում-բացատրություն ստանալ, մի քանիսին անհատական նամակներով զգուշացրեցինք պասիվությունն ու ծուլությունը հաղթահարելու կարևորության մասին:

Դժվարությունները հեռավար-առցանց ուսուցման առաջին շաբաթվա ընթացքում.

  • Ժամանակի ու պատասխանատվության զգացումի պակասը.
    • սովորողներն ուշացնում էին աշխատանքները.
    • պարտաճանաչ չէին արձագանքում դասավանդողներին,
    • չէին խմբագրում իրենց աշխատանքները:
      Դասավանդողները կարող էին իրենց դիտարկումներն ուղարկել, բայց այդպես էլ սովորողի բլոգում դրանք չարտացոլվեին:
  • Աշխատանքների ծավալային ընգրկում:
    • Սովորողների համար շատ էր միանգամից բոլոր դասավանդողներից ստացած առաջադրանքների ծավալը։
    • Դասավանդողի համար էլ հեշտ չէր։ Պատահում էր, որ երկու օր սպասում էիր, չէիր ստանում արձագանք, և հանկարծ շաբաթ-կիրակի օրերին, հատկապես երեկոյան ժամերի, տարօրինակ ակտիվություն էր զգացվում: Դասավանդողը պիտի այդքան աշխատանք միանգամից նայեր, դիտարկումներ աներ, խմբագրեր և ուղարկել սովորողներին:

Յուրաքանչյուր առարկայական դասավանդող իր ամենօրյա հաշվառումն էր անում ու հաջողված նյութերի ընտրանին հրապարակում: Ինքս էլ որպես կազմակերպիչ՝ շատ հաճախ, գրեթե ամեն օր, սովորողների բլոգներով շրջայց եմ արել ու առանձնացրել այս ընտրանին: Սուբեկտիվ չլինելու համար, այս ընտրանուց հետո, թողեցի դասավանդողներն իրենք ընտրեն աշխատանքները ու հրապարակեն ենթակայքում, ես էլ հետևում էի առցանց աշխատանքը շրջանցող, պասիվ սովորողներին ու կապ հաստատում՝ պարզելու համար չաշխատելու պատճառները:

Որպես դասավանդող՝ առաջին առցանց շաբաթվա ընթացքում սովորողների հետ աշխատել եմ հեռավար հայրենագիտական նախագծերով (սովորողներին առաջարկվող աշխատանքները՝  այս հղումով)։ Տարածքում կողմնորոշման ձևեր նախագծային աշխատանքի արձագանքները ներկայացնում եմ մեկ հղումով՝ բլոգում:

Առցանց աշխատեցին նաև այն սովորողները, որ պիտի կարծիքներ գրեին պարոն Տիգրանյանի և ավագ դպրոցի սովորողների հետ «Կրթական ինքնավարություն» հանդիպումներից: Ուղարկեցին իրենց աշխատանքները, քննարկեցինք, որոշ հստակեցումներից հետո հրապարակեցինք: Ընթերցեք սովորողների բլոգներում.

«Ճամփորդությամբ ուսուցում» նախագծով, Արևմտյան դպրոցի 4.2 դասարանի սովորողների հետ հետևյալ  թեմաները հայրենագիտության պարապմունքների ժամանակ քննարկելուց, ուսումնասիրելուց հետո, այցելեցինք Մատենադարան: Հետճամփորդական տպավորությունները ֆիզիկական միջավայրում քննարկելու հնարավորություն չունեցանք, ցավոք, բայց, ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ բլոգներում պատմեցին տպավորությունները առցանց քննարկում-խմբագրումից հետո. դասավանդողի բլոգից հղումներով կարող եք ընթերցել ճամփորդապատումները։

Մարտի 16-20

Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը Կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ։

Ահա և վերջ: Այսպես մտածեցին շատերը: Մնա տանը կոչը, դարձավ բոլորի ամենօրյա բառապաշարի շուտասելուկ, համացանցում զանազան կոչեր հայտնվեցին՝ բժիշկներին սատարող, հումորային, խուճապային և այլն…: Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությունն ու խուճապը, եղան առաջին բանը, որ աշխարհում երկրաչափական պրոգրեսիայով սկսեցին աճել: Այս խառնաշփոթի մեջ, երբ զուգահեռաբար երկրում հայտարարվում է արտակարգ իրավիճակ, կրթական դաշտը մի առանձին անորոշ վիճակում է հայտնվում: Երեխան ունի սահմանադրորեն հաստատված կրթություն ստանալու իրավունք: Ուրեմն ի՞նչ, արտակարգ դրությամբ պայմանավորված, նրանք զրկվո՞ւմ են իրենց այդ իրավունքից: Կրթության ձախողումը՝ երկարաժամկետ հեռանկարում, առաջ է բերում սոցիալական և ֆինանսական շատ ավելի մեծ ծախսեր պետության համար: Այս դեպքում ի՞նչ անել:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում և այլ սոցցանցերում ստեղծվում են տարբեր խմբեր, հանդես են գալիս անհատներ, որ հեռավար ուսուցման փորձ են փոխանցում միմյանց, առաջարկում տարբեր հավելվածներ, հայտնի վլոգերներ իրենց խորհուրդներն են տալիս հեռավար ուսուցման կազմակերպման մասին: Չի ուշանում նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հեռավար ուսուցման հարթակներում աշխատելու որոշումը:

Ինչպես արդեն նշել եմ, կրթահամալիրն ունենալով հեռավար ուսուցման փորձ, հանդես եկավ իր փորձը փոխանցելու առաջարկներով, իսկ մենք՝ դասվանդողներս, այդ ընթացքում սկսեցինք տարբեր հեռավար հավելվածների ու գործիքների կիրառման արդյունավետությունը փորձել: Կային գործիքներ, որոնք մինչ այժմ այքան լայն կիրառության չենք դրել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել, բայց արտակարգ պայմաններում ենք ապրում և աշխատում: Ինքնակրթության ու ճկունության լավ հարթակներ են ստեղծվել, չնայած առիթը կրկին լավերից չէ, բայց պետք է պահը բաց չթողնել:

Այստեղ համացանցից հավաքել եմ հեռավար աշխատանքի ընթացքում բոլորիս անհրաժեշտ մի քանի քայլեր, որոնց հետևելը ավելի կհեշտացնի աշխատանքը.

  • Սենյակում մի փոքրիկ անկյուն առանձնացրեք աշխատելու համար, որը ավելի կոկիկ ու «գրասենյակային» կլինի. նույնիսկ Forbes-ն է ասում, որ թափթփված միջավայրում կամ անկողնում աշխատելը չի խրախուսվում արդյունավետ աշխատանքի համար։
  • Օրը բաժանեք համապատասխան ընդմիջումների, ինչպես աշխատավայրում կանեիք. օրինակ՝ վիրտուալ լանչի և սուրճի ընդմիջում գործըներկներիդ հետ։
  • Առցանց կապ պահպանեք գործընկերների (սովորողների) հետ աշխատանքային առցանց գործիքների միջոցով՝ Slack, Asana, Skype, Zoom, Whatsapp, Facebook, Micorosoft Teams, բայց մի՛ շեղվեք ընկերական շատախոսությամբ:
  • Հենց զգում եք, որ հոգնեցիք և չեք կարողանում կենտրոնանալ, թեթև մարզանք արեք, զբոսնեք տնամերձ այգում, պատշգամբում։
  • Հստակ սահմանեք աշխատանքային ժամեր։
    Երբեմն տնից աշխատելիս կորցնում ենք ժամանակի զգացողությունը, որը հանգեցնում է գերհոգնածության։

Մինչ կուսումնասիրեի նոր գործիքները, որոնք առաջարկել էր գործընկերս, ժամանակի խնայողություն արեցի ու սովորողների հետ տեսակապով սկսեցինք հեռավար հայրենագիտության դասը անցկացնել skype ծրագրի (հավելվածի) միջոցով: Այս շաբաթվա համար առաջարկվող նախագիծը հրապարակել էի բլոգում: Պարզաբանումներ արվեցին իմ կողմից, սովորողների հետ հետաքրքիր քննարկում ունեցանք:

Skype-ը բոլորիս հայտնի գործիք է, բայց սահմանափակ հնարավորություննեով, ուստի այստեղ ստիպված եղա 24 հոգիանոց դասարանը բաժանել 7-8 հոգիանոց խմբերի, որպեսզի արդյունավետ դարձնեմ աշխատանքը: Այսպիսով ստացվում էր, որ օրվա մեծ մասը համակարգչի առաջ եմ, իսկ ես նաև ունեի օրվա այլ անելիքներ:
Ուստի, որոշեցինք անցնում կատարել Microsoft teams ծրագիր-հավելվածին, որը տեսակապում ավելի մեծ մասնակիցներ ընդգրկելու հնարավորություն էր տալիս և բազմազան գործիքներ է առաջարկում:

Այստեղ էլ իհարկե առկա են որոշակի բարդություններ: Այն սովորողների համար նոր գործիք է, հարկավոր էր նաև սահմանել որոշակի կարգ՝ հեռավար դասարանում սովորելու, միմյանց խոսքը լսելու ու հարգելու համար: Այո՛, դժվար է դասապրոցեսը հեռավար հարթակում, երբ կա 20+ սովորող, ու բոլորն էլ ուզում են լսելի լինել, հատկապես թվային հարթակում ձայներն ավելի զգալի են, ու հերիք է միարժամանակ խոսի երկու հոգի, աղմուկը պատրաստ է: Սահմանեցինք հեռավար դասարանից օգտվելու կանոնակարգ՝

  • հստակեցվում է հեռավար պարապմունքի ժամը.
  • չենք ուշանում հեռավար դասից, միանում ենք ճիշտ ժամանակին.
  • երկխոսության մեջ չենք մտնում նամակ գրելու դաշտում, եթե դրա կարիքը չկա.
  • միացված է դասավանդողի տեսագրող սարքը, բարձրախոսը.
  • մասնակիցների մոտ անջատված է բարձրախոսը (սա արվում է հարակից աղմուկը բացառելու, միմյանց հերթ տալու համար).
  • դասավանդողը կատարում է մասնակիցների ներկա-բացակա.
  • ում ուղված է խոսքը, նա միացնում է բարձրախոսը, պատասխանում է և հետո նորից անջատում.
  • տրվում է հարց տալու հնարավորություն, մտածելու ժամանակ.
  • հարց ունեցող մասնակիցը նշան է անում, միացնում է բարձրախոսը, խոսում։

Սրանք այն կետերն են, որոնք արդյունավետ ու հնարավոր դրաձրեցին 20+ սովորողով տեսակապի միջոցով անցկացնել մայրենիի, հայրենագիտության, անգլերենի, մաթեմատիկայի, ռուսերենի, բնագիտության պարապմունքները:
Երգուսուցման համար նույնպես տեսակապը փորձեցինք, բայց ոչ նույն արդյունավետությամբ: Տեսադասի տարբերակը արադարացված էր նաև մարմնամարզության դեպքում:
Որպես կազմակերպիչ՝ մասնակցել եմ բոլոր հեռավար տեսակապով պարապմունքներին, փոքրիկ զվարճալի հոլովակ պատրաստել՝ որպես շաբաթվա ամփոփում:

Թե ինչ հմտություններ, առավելություններ ու թերություններ գրանցեցի այս ծրագրով հեռավար ուսուցում անելու ընթացքում, կգրեմ հաջորդ հրապարակման մեջ՝ ավելի մանրամասն: Ի՞նչպես եմ հավեսի գցում սովորողներիս, որ մասնակցեն այս կամ այն ֆլեշմոբին: Շատ պարզ՝ սեփական օրինակով:

Այս հեռավար ուսուցման շաբաթվա համար էլ առաջարկեցի ՝ «Իմ այգին», «Իմ պատշգամբը» ֆլեշմոբը, որը մեծ զվարթություն առաջացրեց՝ և՛ գործընկերներիս և՛ սովորողներիս շրջանում: Մեզ միացան նաև Վանաձորի Գուգարք համայնքի դպրոցի սովորողները, իրենց դասվար Լուսինե Հարությունյանի օգնությամբ:
Հայրենագիտության առցանց նախագծի այս շաբաթվա արդյունքներից կառանձնացնեմ Արևմտյան դպրոցի 4.1 դասարանի սովորող Գալստյան Տիգրանի և հայրիկի բացառիկ լավ աշխատանքը, որը նկարահանել ու մոնտաժել էր մայրիկը: Իսկական ընտանեկան նախագծային-թիմային աշխատանք:
Այս տեսակ աշխատանքները գալիս են ապացուցելու, որ ամեն ստեղծված իրավիճակում, մարդուն կփրկի իր ճկուն միտքը՝ առօրյան լեցուն դարձնելու համար:

Իհարկե, այս ողջ աշխատանքային առցանց անընդհատության սարդոստայնում, չպետք է մոռանանք մեր ու սովորողների առողջության մասին:
Գործընկերներիս ու սովորողներիս առաջարկում եմ՝

  • հաճախ օդափոխել աշխատասենյակ դարձած հարթակը.
  • աչքերի վարժություններ անել, թոթափելու համար լարվածությունը.
  • մրգեր ու բանջարեղեն շատ օգտագործել ամենօրյա սննդի մեջ.
  • գոլ ջուր, թեյ, թարմ քամած հյութեր օգտագործել.
  • հաճելի գործով զբաղվել՝ թոթափելու աշխատանքային լարվածությունը։

Առցանց ուսուցման հարթակները շատ են։ Ինքնակրթվել ցանկացող մարդու համար, բոլոր միջոցներն էլ ընդունելի են ու օգտակար: Ցանկություն է պետք:
Առողջություն բոլորիս։

 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский